Հայոց ազգային գվարդիայի խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանն Ազատության հրապարակում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը եղել է նախօրոք նախապատարստված, կազմակերպված եւ ճիշտ ժամանակին իրականացված։
«Ուզում եմ, որ դուք հասկանաք այն հանցակազմը, որն իրականացվեց հենց պատերազմի ժամանակ։ Չեմ ուզում ասել այն մասին, որ փորձ ունեցող, քառօրյա պատերազմի ժամանակ իրենց լավ դրսեւորած սպաներին հանեցին սահմանից դեռ սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից 2 օր առաջ։ Պատերազմը բավական ծանր էր, որովհետեւ ուժերի հարաբերակցությունն ի օգուտ Ադրբեջանի էր։ Սակայն մեր տղաները կանգնած էին եւ կռվում էին հերոսաբար։ Ես այդ պատերազմում եղել եմ եւ կռվել եմ մեր ժամկետային զինծառայողների հետ, որոնից յուրաքանչյուրն ինձանից ավելի ուժեղ ու համարձակ էր։ Ի՞նչ է կատարվել այս պատերազմի ժամանակ։ Նույնիսկ ամենահայտնի ռազմական փորձագետներն ասացին, որ հայկական զորքերը պարտվեցին պասիվ պաշտպանության գործընթացի պատճառով»,- ասաց նա։
Չոբանյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի Շուշին գտնվում էր հայկական զորքերի պաշտպանության տակ։ «Եթե այս գերագույն թշնամին թույլ տար, որպեսզի զինվորականներն իրականացնեին շատ պարզունակ ռազմավարական քայլեր, մենք այդ պատերազմը ամենավատագույն դեպքում չէինք պարտվի։ Մի տեղ կա, որտեղ Ադրբեջանը որեւէ առաջընթաց չի ունեցել, ավելին, նահանջ է ունեցել, եւ դա եղել է Քարվաճառի հատվածում։ Մատաղիսը դիմադրում էր, Աղդամն ու Ասկերանը դիմադրում էին։ Եվ ուժերի հարաբերակցությունն այնտեղ այնքան հավասար էր, որ թուրքերն այս գերագույն թշնամու հետ համագործակցության հետեւանքով իրենց ամբողջ ուժերն իջեցրեցին ներքեւ եւ ներքեւից հատուկ պետական գործողությունների շնորհիվ նախապատրաստված ճանապարհով Հադրութի կողմից հասան Շուշի։
Եթե նոյեմբերի 4-ին զինվորականներին թույլ տային, որպեսզի Զինված ուժերի մի մասը Քարվաճառից իջեցնեին ներքեւ, դեպի Շուշիի առաջնագիծ եւ փակեին Շուշիի մուտքը, հայկական ուժերն ունեին բավարար միջոցներ, որպեսզի 3200 հոգի արդրբեջանցուն մինչեւ վերջին մարդը սատկացնեին»,- ասաց նա։
Տիգրան Չոբանյանի խոսքով՝ Ադրբեջանը սպառվել էր, զինամթերքը սպառվել էր, ուղղակի 3-4 օրվա ընթացքում այդ նեղոցով ադրբեջանիցներին ջարդելով հնարավոր էր դուրս գալ Հադրութի գծի վրա։ Եվ ադրբեջանցիները հեռանալու էին Հադրութից, որովհետեւ շրջափակման մեջ էին ընկնելու։ «Նույն ժամանակահատվածում Երրորդ բանակային կորպուսը խնդրում-աղաչում էր, որպեսզի իրեն թույլ տային մտնել ու ադրբեջանիցների սպառազինությունների մատակարարման գիծը կտրել։ Նույնպես թույլ չտվեցին, եւ թող որեւիցե մեկն ասի, որ սա պայմանավոված ու կազմակերպված գործողություն չէր»,- հավելեց նա։
Ըստ փոխգնդապետ Չոբանյանի՝ այսօր սկուտեղի վրա ամբողջությամբ հանձնվում է Հայաստանը։ Եթե արցախցիները տեղ ունեին փախնելու, Հայաստանի բնակչությունը փախնելու տեղ չունի։ «Մեզ մենակ մի բան է մնացել՝ գալ այստեղ, համախմվել ու միասին իրականացնել այս իշխանության հեռացումը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: