2020 թ. ի վեր Արցախում մշակութային ժառանգության դեմ իրականացվող վանդալիզմի մասին Step1.am –ը զրուցեց Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ:
«Հստակ է, որ 1994 թ. մինչ օրս պատերազմը չի դադարել, այլ ուղղակի իր բնույթն է փոխվել: Պատերազմի առաջին իսկ վայրկյանից սկսած ադրբեջանական զինված ուժերի թիրախում եղել են քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքները, պատմամշակութային ժառանգությունը և մշակութային արժեքներ ներկայացնող տարբեր կառույցներ: Կարելի է նշել Ստեփանակերտին բավականին մոտ գտնվող Քարաշեն գյուղը, որտեղ տեղադրված խաչն անմիջապես տապալեցին:
Ադրբեջանցիների հիմնական թիրախում են 90-ականներից սկսած մինչև 2023թ. կառուցված պատմաճարտարապետական մշակութային արժեքները: Վանդալիզմի բոլոր դեպքերն ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվում են թե’ տեսանյութի, թե’ լուսանկարների տեսքով: Բոլոր այդ հրապարակումներին զուգահեռ ադրբեջանցիներն հենց իրենք են նշում, որ հատկապես այդ ժամանակաշրջանի ընթացքում կառուցված ցանկացած կառույց քանդելու են: Ընդ որում սա արվում է պետական մակարդակով, քանի որ նմանատիպ տեղեկատվությունը առանց պետական թույլտվության չէր հրապարակվի պետական լրատվամիջոցներում: Ադրբեջանի ամբողջ մեդիադաշտը գտնվում է պետական կառույցների հսկողության ներքո: Նմանատիպ հրապարակումները հայտնվում են ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում:
Ադրբեջանին հատուկ է նաև աղվանացման քաղաքականությունը: Մեր կողմից կառուցված հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական մշակութային արժեք: Անթիվ են հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողների նկատմամբ վանդալիզմի դեպքերը: Նման դեպքեր մենք արձանագրեցինք և’ Մարտակերտում, և’ այլ բնակավայրերում: Վերջին շրջանում մենք ականատես եղանք օկուպացված Հադրութի, Հաթերքի շրջաններում գերեզմանաքարերի ոչնչացմանը: Այնուհետև տեղեկատվություն հրապարակվեց Ստեփան Շահումյանի, Զինևիչի, Իսակովի, Ալեք Մանուկյանի արձանների ապամոնտաժման մասին: Դրան հետևեց Հեքիմյանի Սուրբ Հակոբ եկեղեցու խաչի հեռացումը:
Նմանատիպ դեպքերն ամենօրյա պարբերականությամբ են կատարվում: Դժվար է հաշվել, թե 2020 թ. մինչ այսօր քանի հուշարձան է ոչնչացվել: Մշտադիտարկումների արդյունքում նոր փաստեր և թվեր են ի հայտ գալիս: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ուզում է իսպառ ոչնչացնել հայկական հետքը…Սա արվում է այն պատճառով, որ Ադրբեջանը չունի սեփական պետություն, պատմական կենսատարածք և հենց այդ յուրացման քաղաքականության միջոցով է փորձում ստեղծել իր պատմությունը:
Այնքան են կորցրել ժամանակի և տարածական զգացումները, որ վերջին ժամանակահատվածում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին են ներկայացնում որպես աղվանական: Դրան զուգահեռ նրանք ապօրինի շինարարություն են իրականացնում Ամենափրկիչ եկեղեցում: Անկախ նրանից, թե վերջում ինչ տեսք է ունենալու եկեղեցին, դա մշակութային վանդալիզմ է, մշակութային ցեղասպանություն է:
Այս ամենի հետ կապված միջազգային տեսանկյունից հայտարարություններից այն կողմ բան չի կատարվում: Տարբեր ձևաչափերով հայտարարություններ կան, տարբեր բանաձևերում ընդգծվում և դատապարտվում է Ադրբեջանի քաղաքականությունը: Դա չի կանգնեցնում վանդալիզմը, քանի որ չկան հստակ պատժամիջոցներ և չի կիրառվում որևէ մեխանիզմ: Միջազգային հանրությունը և համապատասխան կազմակերպությունները պետք է հստակորեն հասկանան, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ միայն հայկական ինքնության դեմ է, այլ նաև համաշխարհային քաղաքակրության: Առաջնային մանդատ ունեցող կազմակերպությունները հստակ քայլեր չձեռնարկելու դեպքում դառնում են հանցակիցներ”:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: