Փետրվարի 20-ը Հայաստանում հայտարարվել է «Արցախի օր»։ Չհնչեցված ու հրապարակային արգելքներից, 5-ամսյա ամնեզիայից հետո թույլատրվեց հիշատակել Արցախը։ Մոռացությունից դուրս եկած արցախցի պատգամավորները հայտարարություններ արեցին՝ կենդանության նշաններ ցույց տալով, իսկ երեկոյան Ազատության հրապարակում փոքրիկ հանրահավաք էր։
Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի իրադարձությունները չհեռարձակվեցին կառավարության կողմից վերահսկվող ալիքներով, իսկ մյուս ալիքները փորձեցին շատ չանդրադառնալ թեմային՝ սահմանափակվելով մի երկու տեղեկություններով։ Հայաստանի եւ Արցախի քաղաքական գործիչների մասնակցությամբ համատեղ միջոցառումներ չեն եղել։
Մինչդեռ մամուլում տեղեկություններ են հայտնվում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության և Արցախի ղեկավարության ներկայացուցիչների «գաղտնի» հանդիպումների մասին։ Թե ինչու ընդդիմությունը չի կարող բացահայտ հանդիպել Արցախի ղեկավարության հետ, պարզ չէ։ Բայց ակնհայտ է, որ Արցախի ղեկավարությունը դրվել է ոչ միայն օրենքից, այլեւ չգծված սահմաններից դուրս։ Արցախի ներկայացուցչությունը դարձել է միակ վայրը, որտեղ շողշողում է Արցախի քաղաքական կյանքը, բայց ներկայացուցչությանը վերաբերվում են ինֆեկցիոն հիվանդանոցի պես։
Արցախյան հասարակության շատ ներկայացուցիչներ իրավացիորեն կարծում են, որ ո՛չ պատգամավորները, ո՛չ Արցախի նոր նախագահը չեն կարող պարծենալ լեգիտիմության և քաղաքական լրջության բարձր մակարդակով։ Բայց ակնհայտ է, որ խնդիրը լեգիտիմության մեջ չէ․ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում ընդդիմութունը ցանկանում են վերջնականապես փակված համարել ղարաբաղյան շարժման 36-ամյա էջը։ Ոմանք ցանկանում են դա որպես նոր սկզբի նախադրյալ, մյուսները՝ իրենց ագենտուրային առաքելության համաձայն, ուզում են վերջ դնել ամեն ինչին:
Երեկ հնչած հրապարակային հայտարարություններն ու բոցաշունչ կոչերը քաղաքական գնահատականներ կամ քաղաքական հավակնություններ չէին պարունակում։ Եռաբլուրում Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակցի հայտնի խոսքը սիմվոլի պես հնչեց։
Արցախցի որոշ պատգամավորներ, սովորության պես շուրջը լրտեսներ փնտրելով, կրկնեցին, որ Ռուսաստանը մեղավոր չէ, և կոչ արեցին չանել հայտարարություններ, որոնք կարող են «վնասել Հայաստանին» կամ «զայրացնել ռուսներին»։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնպես էր, ինչպես միշտ:
Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում նույնպես քաղաքական իրավունքի վրա կառուցած պահանջներ չկային՝ միայն իշխանությունը տապալելու կոչեր։ Բայց այդպես չի լինում. նրանք, ովքեր պատրաստվում են տապալել իշխանությունը, պետք է ասեն, թե դրա դիմաց ինչ են առաջարկում։ Իսկ առաջարկներ ու հարցեր չհնչեցին անգամ տարվա մեջ միակ «Արցախի օրը»։
Իսկ հարցերը շատ կոնկրետ են.
Արդյո՞ք ուժի մեջ է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը։
Արդյո՞ք վավերական է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե այո, ապա ինչու՞ Արցախում հայեր չկան, եթե ոչ, ապա ի՞նչ են անում այնտեղ ռուսական զորքերը։
Արդյո՞ք վավեր է Մինսկի խմբի մանդատը, որը Ալիևը պահանջում է չեղյալ համարել, իսկ Փաշինյանը վարկաբեկում է՝ հայտարարելով, որ ՄԽ առաջարկները վերաբերում էին Ադրբեջանի կազմում ինքնավարությանը։
Արդյո՞ք ուժի մեջ է այն որոշումը, որ Հայաստանն իրավունք չունի հայտարարություններ և որոշումներ ընդունել, որոնք ենթադրում են Արցախը Ադրբեջանի կազմում։
Արդյո՞ք ուժային լուծման անթույլատրելիության սկզբունքը դեռ ուժի մեջ է, թե՞ հայաստանյան քաղաքական ուժերը օրինական են համարում ուժային լուծումը և կոչ են անում ենթարկվել ուժին։
Պատրա՞ստ են հայաստանյան քաղաքական ու հասարակական ուժերը պայքարի ու դիմադրության։ Կարո՞ղ է Թատերական հրապարակը նորից լցվել, ինչպես 1988 թվականին (տես լուսանկարը):
Նաիրա Հայրումյան