Այս մարդկանց հարցերին ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում

  • 20:44 21.02.2024

Արցախցիները պատրաստվում են սեպտեմբեր ամսվա չստացած թոշակների հարցով դիմել դատարան։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի պահեստազորի սպա Արթուր Ստեփանյանը։

«Սեպտեմբեր ամսվա իրենց թոշակները չստացած արցախցիները հավաքվելու են, պատրաստվում ենք դատարան հայց ներկայացնել, որպեսզի հասկանանք՝ մեր թոշակներն ի՞նչ են եղել։ Մենք չգիտենք՝ Արցախի իշխանությունների մոտ է խնդիրը, թե՞ Հայաստանի։ Արցախի իշխանություններն ասում են՝ մենք այդ գումարը եւ ձեր անուններով ցուցակը փոխանցել ենք Հայաստանի իշխանություններին։ Ուզում ենք հասկանալ՝ որտե՞ղ է այդ խնդիրը թաքնված»,- ասաց նա։

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ արցախցիները մի շարք խնդիրներ ունեն Հայաստանում, օրինակ, զոհվածների ընտանինքերը մինչեւ օրս Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու չեն դարձել, 2020 թվականի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված արցախցիները չեն ստանում իրենց սոցիալական աջակցության գումարները։ Բայց այս հարցերի վերաբերյալ պարզաբանում չեն ստանում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի կառավարությունների պաշտոնյաներից։

«Ինչ հարցով դիմում ենք Արցախի իշխանություններին, ասում են՝ ոչ մի լիազորություն չունենք։ Բայց պարզվում է, որ իրենք նախագահ են, պատգամավոր են, հավաքվում են Արցախի ներկայացուցչությունում։ Ինչո՞ւ են հավաքվում այնտեղ, եթե ոչ մի հարց չեն կարողանում լուծել»,- նշեց նա։

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ զարմանալի է, որ Արցախի իշխանությունները ասում են, թե լիազորություններ չունեն արցախցիների խնդիրները լուծելու համար։ «Իրենք այնպես են ներկայացնում, որ անգամ քննարկումներ էլ չեն իրականացնում Հայաստանի իշխանությունների հետ։ Մեզ այնպես են ներկայացնում, որ Հայաստանի իշխանություններն իրենց չեն էլ ընդունում, կապի դուրս չեն գալիս։ Ամեն անգամ մեզ այս պատասխանն են տալիս»,- հավելեց նա։

f