Սիրուն կար. Արցախից` Հայաստան

  • 19:54 22.02.2024

Արցախից բռնի տեղահանված Կարինե Պետրոսյանը չի սահմանափակվել միայն տնտեսագետի մասնագիտությամբ, այլ որոշել է տեսք տալ իր համարձակ պատկերացումներին՝ զբաղվել հագուստի կարով, ձևավորմամբ, մոդելավորմամբ։

Առաջին փորձը ձեռք է բերել համալսարանի առաջին կուրսում, ընկերուհու առաջարկությամբ հաճախած կարի խմբակում։ Մեկ ամսվա ընթացքում իսկույն «լեզու գտավ» կարի մեքենայի հետ, ուսուցչի օգնությամբ կարեց առաջին կիսաշրջազգեստը։ Նրա խանդավառությունը և աշխատասիրությունը աննկատ չմնացին ընտանիքի անդամների կողմից։ Շուտով նվեր ստացավ երազանքի կարի մեքենան։

2016թ. Արցախի Պետական  համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվեց մագիստրատուրայի բաժին։ Ավարտելուց հետո գտավ համապատասխան աշխատանք և ամուսնացավ։ Այդ տարիների ընթացքում սիրած հոբբին մոռացության տրվեց և իր մասին հիշեցրեց միայն դստեր՝ գեղեցկուհի Միայի ծնվելուց հետո։

Նրա ծննդյան տարեդարձի առիթով մայրիկին այցի եկավ մուսան և ձեռքերը կյանքի կոչեցին մուլտֆիլմի փոքրիկ հերոսուհու հեքիաթային հագուստ: Արդյունքը բոլորին հիացրեց, և սկսվեցին մանր-մունր պատվերները։

Այն գիտակցումը, որ գործը սիրով է արվում ու շատ լավ է ստացվում, Կարինեին դրդեց մտածել կատարելագործվելու, հմտանալու ուղղությամբ։ Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում դասավանդող Անահիտ Մնացականյանի մոտ ուսանելուց հետո մասնագիտական գիտելիքների պաշարը համալրված էր և արդեն կարելի էր լուրջ մտածել սեփական արտադրանքի մասին, մանավանդ որ Կարինեի ցանկություններից մեկն էր՝ թուրքական արտադրանքի կարիքը չզգալ հայկական շուկայում։

«Միշտ մտածում էի, թե ինչու մենք, լինելով տաղանդավոր, չունենք սեփական արտադրությունը, այլ գնում ենք թուրքական հագուստ։ Պատերազմից հետո որոշեցի լրիվ հրաժարվել թուրքականից։ Դա անելու համար պետք է առաջարկել, ապահովել ավելի բարձր որակի ու մակարդակի այլընտրանք»,- ասում է նա։

Դրական արձագանքներից ոգևորված 2022թ. նոյեմբերի սկզբին Կարինեն որոշեց հիմնադրել իր բիզնեսը։ Հասցնում էր համատեղել փոքրիկի խնամքը, հաշվապահի աշխատանքը, իսկ երեկոյան  ժամանակ էր գտնում ստեղծագործելու: Անհրաժեշտ էր մտածել գեղեցիկ և հիշվող լոգո, բրենդի անուն: Այն պետք է պարտադիր լիներ հայկական և հեշտ արտասանվեր օտար լեզուներով:

«Աշխատանքը իր հունով ու եռանդով առաջ էր գնում, բայց սկսված շրջափակումը խոչընդոտներ առաջացրեց` կար թելերի, կտորների պակաս: Մայրիկները բողոքում էին տակդիրների պակասից: Ես որոշել էի բազմակի օգտագործման տակդիրներ կարել: Սեպտեմբերի 18-ին կայքում հայտարարություն տեղադրելուց հետո տասնյակ պատվերներ ստացա։ Սեպտեմբերի 18-19-ի գիշերը չեմ քնել։ Ուզում էի գոնե 3-4 հոգու պատվերները հասցնել կատարել: Ցավոք սրտի, չեն հասցրել վերցնել, քանի որ սեպտեմբերի 19-ի կեսօրին վերսկսվեց պատերազմը։ Պատսպարվեցինք նկուղում և այդ տակդիրները տվեցի այնտեղ գտնվող երեխաներին»։ 

Ներկայումս Երևանում Կարինեն չի աշխատում մասնագիտությամբ, այլ միայն զբաղվում է հագուստի մոդելավորմամբ։  Ֆինանսավորման  հարցում օգնել է Եվրասիա բարեգործական հասարակական կազմակերպությունը:

2024թ. փետրվարի 18-ին  պրոֆեսիոնալ մոդելավորող Անահիտ Մնացականյանի և դիզայներ Արինա Ավետիսյանի համատեղ ջանքերով «Սիրուն կար» ՍՊԸ ընկերությունը  բացեց իր դռները հայկական արտադրանքը գնահատողների առջև: Պատվերները երկար սպասել չտվին: Մի ամսվա ընթացքում հասցրել են արտադրել անկողնային պարագաներ, սփռոցներ, կանացի և մանկական հագուստի տեսականի: Խանութում ցուցադրված են նաև Արցախից բռնի տեղահանված կանանց ձեռագործ աշխատանքները:

Տաթև Ազիզյան

f