Երեկ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման ենթարկված Լեռնային Ղարաբաղի նախագահի թիկնապահ Աշոտ Դանիելյանը գտնվում էր Երևանի ոստիկանությունում։ Նա ազատ է արձակվել այսօր երեկոյան։ Նրան մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ պատասխանատվության ենթարկելու որոշում չկա, ասաց Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշեց, որ «այսօր կեսօրին այն տանը, որտեղ ապրում է Աշոտ Դանիելյանն իր ընտանիքի հետ, իրավապահ մարմինները կոպիտ խախտումներով խուզարկություն են կատարել»։ Նա հավելել է, որ «խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, թմրանյութեր կամ դրանց հետ կապված որևէ բան չի հայտնաբերվել»։
Փաստաբանը նաև նշեց, որ Աշոտ Դանիելյանը մարզիկ է և վարում է բացառիկ առողջ ապրելակերպ։
«Նրա ձերբակալությունն իրականացվել է հակաահաբեկչական միջոցառումների սցենարով՝ դիմակավորված անձինք կանգնեցրել են Դանիելյանին, ձեռնաշղթաներ հագցրել ու նրա մեքենայով տարել ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժանմունքում նրա մեքենան մի քանի ժամ մնացել չկնքված։ Իսկ ըստ եզրակացության՝ քննիչի կողմից ներկայացված դեղնականաչավուն զանգվածը, որը հայտնաբերվել է ո՛չ Դանիելյանի մոտ, ո՛չ նրա ունեցվածքի մեջ, կազմում է 0,44 գրամ, ինչը բավարար չէ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց փաստաբանը։
Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Համաշխարհային մրցումներին նա հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։ Արայիկ Հարությունյանի օրոք նշանակվել է կրթության նախարարի սպորտի գծով տեղակալ և հետո ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Սամվել Շահրամանյանի իշխանության գալուց հետո Դանիելյանը գլխավորել է նրա անվտանգության ծառայությունը։ Արտաքսումից հետո հասարակական հիմունքներով կատարել է թիկնապահի պարտականությունները։
Ուշագրավ է, որ Դանիելյանի կալանավորումը տեղի է ունեցել Եռաբլուրում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Դանիելյանի նվիրվածությունը Շահրամանյանին հստակ արտահայտվեց անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց բողոքի ցույցի ժամանակ։ Ցուցարարների բացականչություններին ի պատասխան հնչել են պատասխան հայհոյանքներ։
Դանիելյանի ձերբակալությունից հետո նախագահ Շահրամանյանը փետրվարի 21-ին հրավիրվել է Հակակոռուպցիոն հանձնաժողով։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով, Սամվել Շահրամանյանը հրավիրվել է համապատասխան բացատրություններ տալու ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած իրեն իսկ գրության՝ սոցցանցերում արցախյան որոշ պաշտոնյաների կողմից իբր թույլ տրված խախտումների մասին հաղորդագրությունները ստուգելու խնդրանքով։
Փաստաբանի խոսքով՝ այս գրության հիման վրա քրեական գործ է հարուցվել, իսկ Շահրամանյանը պահվում է որպես վկա։
Ակնհայտ է մի բան՝ Արցախի ղեկավարությունն այլևս «անխոցելի» չէ, և Հայաստանում ոմանք խիստ նյարդայնացած են դրանց իշխանության իմիտացիայից։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: