Առաջաձոր․ Կորսված երկրի գանձերը

  • 11:27 23.02.2024

Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղը հարուստ պատմական անցյալ, պատմամշակութային ժառանգություն ու չբացահայտված առեղծվածներ ունի։ Իսկ դրա հետ մեկտեղ հիանալի բնաշխարհ։

Գյուղի արեւելյան մասում, երկինք խոյացող ժայռերից մեկի ստորոտին մի մեծ ժայռաբեկոր է ընկած, որ հեռվից անցորդներին  թվում է սովորական մեծ քար, որից քարաթափման արդյունքում շատ են տարածքում։ Սակայն մոտենալուց նկատում ենք, որ այդ մեծ ժայռաբեկորը պատմական կարևոր տեղեկություններ ունի որ կրում է դարերով։

Ժայռաբեկորի հարավ-արևելյան և արևելյան երեսներին առկա է 22 տող արձանագրություն բազմաթիվ խաչապատկերներ։ Գրելու համար քարի երեսները չեն հարթվել, գրչության արվեստը և լեզուն նույնպես ցածր որակի են։ Այդ պատճառով էլ վերծանողների մոտ երկար ժամանակ շատ էին տարբերությունները։ Սակայն Ալեքսան Հակոբյանն իր «Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում և Հայոց Արեւելից կողմանքում անտիկից մինչև ԺԳ դար» գրքում անդրադառնալով սույն արձանագրությանը, ամբողջացրել է այն։

Մեջբերում գրքից․  Քարաժայռի հյուսիս-արեւմտյան գրությունն է՝ «Յորժամ նկարեցան / Հզարահանքս թիւն .ՈՂԸ. էր [=1249 թ.]…»։ ժայռաբեկորի հարաւ-արեւմտեան մասում «ՏԷՐ ԵՂԻԱՅ ՇԻՆԵՑ ԶՍՈՒՐԲ ԱՆԱՊԱՏՍ … ԱՅԼ ԱՒՐՀՆԵԱԼ ԵՂԻՑԻ՜Ն ՄԻԱԲԱՆ») այն բաժանված է կրկնաշրջանագծի մեջ ոճավորված հավասարաթեւ խաչի պատկերով եւ, ի տարբերություն նրանց՝ չունի տողատման գծեր: Իսկ այդպիսի գծերով են օժտված նաեւ նույն կողի ամենավերեւի  1-2-րդ տողերը «ԳՐԵՑԱՆ, ՆԿԱՐԵՑԱՆ, ԿԱՏԱՐԵՑԱՆ … ԲԱՐԵԽԱՒՍ ՀՈԳՈՅ ԵՒ ՄԱՐՄՆՈՅ ԵՒ Ի ՊԱՐԾԱՆՍ»), ինչպես նաեւ հարավ-արեւելյան կողի 10 տողերը «ՈՐ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ ԱՐՔԱՅ ՋԱԼԱԼՍ ԴԱՒԼԱՅ ԵՒ ԱԹԱԲԱԿ ՈՐԴԻՆ ՆՈՐԱՅ, ԻՇԽԱՆ ԽԱՉԻՆՈՅ / և ԸՌԱՆԱՅ ՈՒ ՔԱՆ, ՄԱՆՈՒԿՆ ՀԱՍԱՆԱՅ, ՍԱՂՄ՝ ԱՊՐԱԾ ԱՌ ՄԵԾ ՓԱՌՇԱՅ ԱՍԼԱՆ ՊԱՐՈՆ ՀԱ/ՅՐ ՄԱՄՔԱՆԱՅ … ՏԱՑԷ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ԶԲԱՐԵՄՏՈՒԹԻ[ՒՆ] / ՀՈԳՈՅ և ՄԱՐՄՆՈՅ ԻՐԱՑՆ … ԱՄԷՆ»): Մեզ հետաքրքրող երեք տողերից առաջինը շեղութեամբ իջնում է ժայռաբեկորի եզրին զուգահեռ գծով եւ ուղղվում հավասարաթեւ խաչի տակ, իսկ մյուս երկու տողերը փորագրված են միայն առաջինի ուղղված կեսի տակ․  «ՄԱ՜ՅՐ Տ[ԵԱՌ]Ն, ՈՂՈՐՄԵԱՅ ՄԱՒՐՆ ԻՄ՝ ՅՈՒՍԱ/ՑԵԱԼ Ի ՄԻԱԾԻՆԴ ՔՈ, ԼՈՒՍ/ԱՒՈՐԵԱՅ ԸՆԴ Ս[ՈՒՐ]ԲՍ ՔՈ»:

Ալեքսան Հակոբյանի կարծիքով, սա Իվանե Աթաբակի յուրօրինակ որդիական մաղթանքն է, մի շատ ծանր քաղաքական պահի (երբ հայրը բանտարկված էր Թավրիզում ու սպասում էր իր՝ ուխտադրուժ մոնղոլների պարագայում անխուսափելի մահկանացուին), ստիպված էր թաղել իր վաղամեռիկ բարեպաշտուհի մորը Առաջաձորի այս ժայռի տակ եւ թողնել նման համեստ տապանագիր՝ անգամ առանց հանգուցյալի անվան հիշատակման։

Ըստ հեղինակի, ժայռաբեկորի մոտ ընկած է միջին չափերի մի տապանաքար՝ բարձրաքանդակ, բայց անշուք մշակված մեծ խաչապատկերով, որը ենթադրաբար կարող է լինել Մամքանի համեստ գերեզմանաքարը:

Սակայն մեր այցելության ժամանակ այդ տապանաքարը չի հանդիպել, միգուցե մենք ուշադիր չէին, սակայն Ալեքսան Հակոբյանը միաժամանակ կասկած ունի, արդյո՞ք իշխանուհու մարմինը թողնվել էր այդտեղ հետագա տարիներին։ Պատասխանը կարող ենք իմանալ միայն Հայրենիքն ազատագրելուց ու տարածքը պեղելուց ու մանրազնին ուսումնասիրելուց հետո։

Իսկ ժայռաբեկորից քիչ վերեւ Հարվա կամ Անապատ ժայռափոր եկեղեցին է։

Արմինե Հայրապետյան

f