Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար առողջապահության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններում արդեն հաշվառվել է 70 495 մարդ: Այս պահին առողջության առաջնային պահպանման օղակում առաջարկվող բոլոր բուժծառայությունները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է երեխաների պատվաստմանը, հղիների հաշվառմանը, քրոնիկ հիվանդների հաշվառմանը, դեղերի հետագա ապահովմանը, ինչպես նաև հատուկ դժվարամատչելի հետազոտությունների և հիվանդանոցային բուժման պարագայում ամբողջը պլանային ձևով կազմակերպմանը: Այս պահին հաշվառված է 639 հղի, եղել է 374 ծնունդ:
Առողջապահության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներից 209 ավագ և 516 միջին բուժաշխատողի պետական պատվերի շրջանակում տրամադրվել է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված միջոցառումներ: Արդեն իսկ 216 բուժաշխատող անցել է աշխատանքի հանրապետությունում, որից 34-ն աշխատում են մարզերում: Այս 34 աշխատողը՝ որպես մարզերում աշխատող, օգտվում է նաև լրավճարի ծրագրից:
Արտակ Ջումայանը նշել է, որ 2024 թվականի մարտից որոշ խմբերի դեղեր տրամադրվելու են էլեկտրոնային դեղատոմսով, հետևաբար՝ տեղամասային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում հաշվառված հայրենակիցները, համապատասխանաբար, էլեկտրոնային դեղատոմսով և անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենան այն դեղատներին, որոնց հետ պայմանագիր ունեն պոլիկլինիկաներն ու գյուղական ամբուլատորիաները, և ստանան դեղերը:
Առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ 77 000 հիվանդանոցային դեպք է սպասարկվել այս ամբողջ ժամանակահատվածում, որից 2192-ը՝ 2024 թվականի ընթացքում: Նշվել է, որ խոսքը պլանային և անհետաձգելի բուժօգնության մասին է:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: