Սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ:
Խոսքը սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին է, որից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները, եթե բռնի տեղահանված ամուսնական զույգերից մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, առկա է ամուսնական վկայական, ինչպես նաև ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք կամ ունեն կիսակառույց շինություն, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ և նախահաշիվ:
Պետության աջակցությունն այս ծրագրի շրջանակում կազմում է մինչև 16 մլն դրամ, այսինքն՝ նախահաշիվը, եթե չգերազանցի 16 մլն դրամը, ապա ամբողջ հիփոթեքային վարկի մարումը կիրականացվի պետության կողմից: Ծրագրից կարելի է օգտվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը: Ծրագրի մյուս կետով օտարերկրյա պետությունում գրանցված ամուսնական վկայականը նույնպես ուժ ունի, եթե այն հյուպատոսական վավերացում ունի և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանություն կա: Ծրագրին դիմելու առաջին քայլը ծրագրի գործընկեր բանկերից մեկին դիմելն է: Գործընկեր բանկերն են՝ Կոնվերս բանկը, Էվոկա բանկը, Ամերիա բանկը և Ակբա բանկը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: