Կրեմլը արյունահոսում է «Խաղաքարտերի տուն» վերջին սեզոնի պրոմոում
Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի սպանությունը հասկանալի պատճառով քիչ-ինչ ստվերեց այլ խորհրդավոր մահեր՝ Z-բլոգերի, Ռոսնեֆտ խոշորագույն պետական նավթային կորպորացիայի ղեկավար Սեչինի որդու եւ այլն։ ՌԴ-ում նախագահի ընտրության շեմին տեղի է ունենում վերնախավային ներքին խմբերի արյունալի պայքար իշխանության ու սեփականության համար, որն ավելի է սրվելու ընտրություններից հետո։
ՌԴ Պետդուման ընդունում է օրենքներ, որոնք ենթարկած են Ռուսաստանում առաջիկա զարգացումների այս միտումներին։ Սահմանափակվում են մարդկանց իրավունքներն ու ազատությունները, գրաքննությունն ու մատնագրերը աննախադեպ ծավալներ են ստացել։ Երկրում խորանում է տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արժեքային անկումը ռեպրեսիաների ու մառազմի ծավալման ֆոնին։
Ընտրությունից առաջ երկու հանգամանք ուշադրություն են գրավում։ Առաջինը նախագահի թեկնածու Նադեժդինի շուրջ տեղի ունեցած աղմուկն էր։ Կրեմլի քաղտեխնոլոգիական հնարքը՝ «հակապատերազմական թեկնածու», որի օգտին ստորագրահավաքի ժամանակ հերթեր էին գոյանում, իսկ այսպես կոչված լիբերալ շրջանակները խոսում էին «հույսերի ու հնարավորությունների պատուհանի» մասին, ի վերջո ավարտվեց այդ թեկնածուին չգրանցելով։ Թեկնածուն էլ պատահական չէր ընտրված՝ Նադեժդին ազգանունով, այսինքն՝ հույս, այսինքն՝ հույսեր չունենաք, հույսերն ավարտվեցին։ Բացի այդ, Նադեժդինի օգտին ստորագրահավաքը հատուկ ծառայություններն օգտագործեցին «հակապատերազմական» անձանց տվյալների հավաքագրմամբ։
Նավալնիի կարգախոսը, ինչպես գիտենք, հետեւյալն էր՝ «ապագայի հրաշալի Ռուսաստան»։ Նրա սպանության ուղերձն էլ հետեւյալն էր՝ ոչ մի այդպիսի ապագա, հույսեր չունենաք։
Չնայած ռուսական ինտելիգենցիայի ու ռոմանտիկների ձգտումներին ու հույսերին, Ռուսաստանն իրականում վերադառնում է իր բնական վիճակին։ Ինչպես ասում է ռուս հայտնի հետազոտող Բորիս Պաստուխովը, ռուսական հասարակությանը պարբերաբար, ինչպես շնիկի, հանում են դուրս զբոսանքի՝ մի քիչ շնչելու արեւմտյան քաղաքակրթությամբ ու նվաճումներով, հետո կրկին փակում տանը։
Ռուսաստանն իր ներկայիս տեսքով այլ կերպ չի կարող գոյություն ունենալ, քան որպես «ժողովուրդների բանտ ու գուլագ», որը պատրաստ է ոչնչացնել իր հարեւաններին։ Դա պարզապես ռուսական պետության իրար հաջորդող ռեժիմների վարած քաղաքականություն չէ, այդ քաղաքականությունը բխում է ռուսական հանրության ներքին համոզմունքներից ու պահանջներից։ Ըստ վերջին անկախ հարցումների տվյալների, ռուսաստանցիների 83 տոկոսը աջակցում է Պուտինին ու գտնում է, որ խաղաղություն կարող է լինել միայն Ուկրաինայում Կրեմլի նպատակների իրագործումից, այսինքն՝ Ուկրաինայի ոչնչացումից հետո։
Այս միակամությունը հատկապես դրսեւորվում է Հայաստանի պարագային։ Եվ եթե Ուկրաինայի դեպքում ռուսական հանրության ինչ որ մի փոքր մասը դեմ է Ուկրաինայի ոչնչացմանը, Հայաստանի պարագային կատարյալ կոնսենսուս է «լիբերալ-հակապուտինյան» շրջանակներից մինչեւ Z շրջանակներ ու ֆաշիստներ՝ Հայաստանը պետք է ոչնչացվի, իսկ «ադրբեջանի» բոլոր գործողությունները արդարացված են ու ճիշտ։ Նման կերպ էր մտածում նաեւ հանգուցյալ Նավալնին։
Հայ ժողովուրդը մինչեւ վերջին կաթիլը «վայելելու» է իր ռուսասիրության բաժակը․ ներկայիս «դժգոհությունը» Մոսկվայի քաղաքականությունից հեշտ շտկելի է նետված մի քանի ժանգոտ զինատեսակներով ու եղբայրության մասին խոսքերով, իսկ առաջիկայում՝ նաեւ «փրկչության» նոր օրինակներով՝ մինչեւ վերջին հողակտորը։