Ալֆայի պատմությունը՝ արցախյան դրամայի ոլորաններում

  • 21:35 25.02.2024

Արևիկի ընտանիքում Ալֆան հայտնվել էր 2020 թվականի պատերազմից վեց ամիս առաջ։ Ասում է, որ շունիկի հայտնվելը նրանց ընտանիքում պատահական չէր․ ամուսինը Արցախի եզակի անասնաբույժներից է, և հերթական բուժզննման ժամանակ նրանց մոտ նորածին Ալֆան էր հայտնվել, որին պետք է ուղարկեին այլ վայր։ Հենց այդ ժամանակ աղջիկը պինդ գրկեց Ալֆային և փակվեց սենյակում, եւ այդ օրվանից Ալֆան նրանց ընտանիքի անբաժան մասն է։

Երեք ամիս Ալֆան մեծանում էր տան երեխաների հետ, երբ սկսվեց 2020 թվականին պատերազմը։ Արևիկը երեխաների հետ Արցախում մնաց մինչև հոկտեմբերի 10-ը, հետո ստիպված մեկնեց ՀՀ, բայց ամուսինն ու սկեսրայրը խոստացել էին հոգ տանել Ալֆայի մասին։

Ալֆան այգում էր, երբ արկ պայթեց, որից վնասվածքներ էր ստացել։ 2020 թվականին հասել էր Երևան, ապա դեկտեմբերի մեկին ողջ ընտանիքով նորից վերադարձել Արցախ։

Շրջափակման ժամանակ ամսուսնու հետ միասին շարունակում էին հոգ տանել Արցախի կենդանիների մասին՝ փորձում էին որոշ չափով կերակրել արդեն հյուծված կենդանիներին։

Ալֆան կարծես հասկանում էր, որ ուտելիքը քիչ է, որոշ դեպքերում նույնիսկ բացատրում էր՝« սօր էլ առանց նախաճաշ մնացինք»‎ խոսքերից հետո մոտենում էր և սկսում լիզել տերերին, կարծես ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին երեխաները պատերազմից մի քանի րոպե առաջ էին տուն մտել, և հենց այդ ժամանակ Ալֆան չթողեց, որ նրանք 2-րդ հարկ բարձրանան, այլ քաշքշելով տարավ դեպի 1-ին հարկ։ Սկզբում զարմացան, բայց երբ սկսվեց պատերազմը՝ հասկացան ամեն ինչ։

Պատերազմի օրերին նրանք նկուղում էին, իսկ Ալֆան տանը, ամեն հարմար առիթի փորձում էին տուն գնալ Ալֆային տեսնելու։

Արևիկը հիշում է, որ այդքան խեղաթյուրված ճակատագրերի, Արցախի անորոշ ապագայի մեջ փորձում էր չմտածել շան մասին, չբարձրաձայնել։ Վերջին օրերին եղբայրն ասաց, որ իր ընտանիքի հետ կարող է նրանց ընտանիքից երեք հոգի տանել իր հետ, եւ որոշվեց, որ պետք է գնա ինքը, աղջիկը և փոքր տղան։

Մի քանի օր անց ավագ որդին նամակ է գրում, որ նրանք արդեն ավտոբուսի մեջ են և պատրաստվում են ճանապարհվել։ Վախենում էր հարցնել շան մասին, բայց որդին, գուցե հասկանալով չհնչած հարցը, գրեց, որ «հա, հա սվըթաթախը էնա վներիս տակին պարկած»։

Այդպես Ալֆան հասավ Երևան, և քանի որ բարեկամների տանը շանը պահել չէին կարող, ժամանակավոր տարան կինոլոգիական կենտրոն։ Ալֆան մեկ շաբաթ անց փախավ։

Արևիկը ոտքի կանգնեցրեց բոլոր կենդանասերներին, և մեկ ամիս հետո նրան նկարներ ուղարկեց մի ռուս աղջիկ:

Արևիկը հիշում է, որ սկզբից Ալֆային չէր ճանաչել, քանի որ նա 26 կգ էր, իսկ նկարի շունը ահավոր նիհար էր: Ստացվեց այնպես, որ Ալֆան գտնվեց 1 ամիս 2 օր հետո Դավթաշենից, Աննայի և Դավիթի օգնությամբ: 

Քրիստինա Ալավերդյան

f