Անդրանիկը մեծ հարգանքի է արժանի, բայց նա մի սխալ է թույլ տվել․ Վովա Վարդանով

  • 23:09 25.02.2024

Զորավար Անդրանիկի ծննդյան 159-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը ազգ-բանակ ստեղծելու կոչով հանդես եկավ։

«Ամենամեծ սխալը, որը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին մեր ժողովրդի ինքնապաշտպանության հարցում, դա հայդուկական խմբերի վրա ժողովրդի պաշտպանությունը կառուցելն է եղել։ Պաշտպանությունը պետք է լինի համապարփակ, բոլորը պետք է դրա մեջ ընգրկված լինեն, երկիրը պետք է լինի ամրոց, եւ ազգը պետք է լինի բանակ։

Փաստորեն, մենք սիրում ու հարգում ենք Անդրանիկ Օզանյանին, բայց նաեւ հաշվի ենք առնում, որ այդ ժամանակ տեղի է ունեցել մեր քաղաքական մտքի ու ռազմական գործիչների ամենամեծագույն սխալը՝ նրանք չեն նախապատրաստել ժողովրդին։ Նույնիսկ իրենց ոգով հայտնի սասունցիները չեն կարողացել հաղթական ապստամբություն անել։ Միակ հատվածը, որտեղ հաջողել է ժողովուրդը, դա Վան քաղաքում քիչ թե շատ նախապատրաստված համընդհանուր ապստաբությունն է եղել, որը թույլ է տվել մեկ ամսից ավելի ինքնապաշտպանություն իրականացնել»,- ասաց Վարդանովը։

Վովա Վարդանովը նշեց, որ հասարակությունն այսօր ակտիվ չէ ինքնապաշտպանության հարցում։ «Մենք չենք կարողանում ժողովրդին բացատրել՝ ժողովուրդ ջան, եկեք մարզվեք։ Եկեք իրար հետ պարապենք, իրար հետ էլ մարտի դաշտ դուրս կգանք, եթե պետք լինի, մենք դա ցույց ենք տվել եւ 2020, եւ 2022 թվականին։ Միակ ծրագիրը, որն ստացավ ժողովրդի լայն զանգվածերի օժանդակությունը, դա «Գմբեթ-2» ծրագիրն էր, բայց ես կույր լավատեսությամբ չեմ տառապում եւ չեմ կարող ասել, որ ժողովուրդը դա գիտակցեց։ Դա ավելի շատ համընկավ Արցախի կորստի հետ։

Անկախ նրանից, թե մեր ժողովուրդն ինչ քաղաքական ուղղվածություն ունի, ցանկացած ոք հասկանում է, որ մեր մեջքին կապված վահան կար։ Եվ երբ մեջքից թրով խփում էին, վահանին էր կպնում՝ դա Արցախն էր։ Հիմա այդ վահանը մեզանից խլել են։ Այդ գիտակցությունն էր, որ ժողովրդականացրեց «Գմբեթ» ծրագիրը։

Ցանկալի է 6, մինիմում 2 պարապած ու վարժված անձ գմբեթում նստած լինի, որպեսզի «Գմբեթ» ծրագիը հաջողության հասնի»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ այսօր իշխանության ներկայացուցիչները մակարդակով փորձում են հասարակությանը ապացուցել, որ թույլ ենք, որ ռեւանշ չի լինելու, Վովա Վարդանովը պատասխանեց, որ «կարող է մենք ռեսուրս ունենանք, բայց հրաժարվենք ռեւանշից, դա ժողովրդի կամքով պետք է լինի»։

«Կարող է մենք շատ հզոր լինենք, բայց ասենք՝ լավ, եկեք Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ գանք ինչ-որ պայմանավորվածության եւ թողնենք Թուրքիայի տիրապետության ներքո։ Դա դարձյալ մեր ժողովրդի կամքով պետք է լինի, ոչ թե թելադրված այսպես կոչված, հաղթողի, իսկ իրականում ցեղասպանի կողմից»,- ասաց նա։

Վարդանովը նաեւ կոչ արեց սեփական ուժերի վրա հույս դնել․ «Ռուսը, լինելով մեր դաշնակիցը, իր դաշնակցային ոչ մի պարտավորություն չի կատարում, որպես դաշնակից՝ բավական սրիկայաբար է վերաբերվում մեզ։ Արեւմուտքից ոչ ոք չի գալու մեզ օգնության, եւ, հետեւաբար, մեր միակ հույսը վարժված, պարապած հայ ժողովուրդն է՝ ազգ-բանակ, երկիր-ամրոց»։

f