Դիզակ ԱՐՏ. «Ես շուռ եմ տալիս աշխարհը»

  • 15:37 26.02.2024

Փետրվարի 25-ին Իրիքնակը (արևը), մի քիչ ուշ մայր մտավ ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնում, մեկ տասնյակից ավելի հույսի ու լույսի շողերով լուսավորեց ու ջերմացրեց ներկաների սրտերը։ Իսկ Իրիքնակը թատրոն էր բերել «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնը։ Ավելի կոնկրետ` այդ օրը «Դիզակ Արտ» կենտրոնի ԻՐԻՔՆԱԿ խորագրով հաշվետու համերգն էր, որին թե’ կազմակերպիչները և թե’ մասնակիցները պատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ։ Ղարաբաղի բարբառը թևածում էր դահլիճում, որը ստեպ – ստեպ միախառնվում էր զսպվող հեծկլտոցների հետ։

Ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ երաժշտական ու թատերական։ Առաջին մասում հիմնականում արցախյան բանահյուսական երգերն էին, որոնք ուղեկցվում էին ազգագրական պարերով, iսկ բեմում, ինչպես ասում են, մի մատ էրեխեք էին` հասուն հայացքներով։ Ավագ սերունդը նրանց ուսերին ծանր ժառանգություն է թողել ու կարծես թե նրանք դա գիտակցելով են այդպես ժամանակից շուտ հասունացել։ Նրանք քաջ գիտեն, որ նախ և առաջ պատասխանատու են հիշողության պահպանման համար, այն հիշողության, որը տունդարձի ճանապարհը լուսավորող կանթեղն է լինելու։ Իսկ կրակը անմար պահելը դեռ է՜ն, շատ հեռավոր նախապատմական ժամանակներից, թե’ պատասխանատու, թե’ պատվախնդիր պատգամ է եղել։

Երկրորդ մասը մշակութային միքս էր։ Լեռ Կամսարի «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ստեղծագործությունն ու ժամանակից շուտ հասունացած երեխաների հիշողությունները միախառնվել ու դարձել են  ընդհանուր բեմականացում։ Ու այդ միաձուլումն արված էր ամենայն խնամքով։ Դերակատարների հիշողությունները կապված էին հայրենի տան հետ, այն վերջին օրվա հետ, որը ստացավ 44-օրյա պատերազմ անվանումն ու փակեց հայրենի տան ճանապարհը։

Աղջնակներից մեկը հիշեց, որ այնտեղ, ՏԱՆը, թողել է իր երկու փափուկ արջուկներին, վերջին պահին նրանց խոստացել է վերադառնալ, իսկ կարևորը՝ նա դրան հավատում է։ Մյուսը հիշեց, որ քաղած խնձորներից գոնե մեկը չի հասցրել վերցնել, մյուսը կիսվեց իր հիշողություն դարձած ուրախությամբ, երբ հայրն ու եղբայրները ողջ ու առողջ վերադարձան։ Մի փոքրիկ աղջնակ հուսավառ ձայնով պատմում էր, որ հայրիկը չի կարողացել իր խաղալիքները բերել, բայց փոխարենը բերել է տան բանալիները։ Երեխաների հետ մեզանից յուրաքանչյուրը վերապրեց իր այն վերջին օրը, երբ հրաժեշտ տվեց ՏԱՆը։

Մենք երբեմն կյանքի այս ծանր, հոգսաշատ օրերին, չենք նկատում այն մեծ ողբերգությունը, որ ապրում են երեխաները, մեզ թվում է նրանք շատ բան չեն հասկանում, բայց դա այդպես չէ։ Պարզապես նրանք սովորել են մեծավարի ցավը տանել։

Իսկ մեծերս պարտավոր ենք  օգնել նրանց, որ շուռ տան աշխարհը ու միգուցե հենց նրանց է վիճակված Փոքր Մհերին հանելու քարանձավից։ Պարզապես պետք է դառնանք նրանց համար այն կարևոր հենման կետը։

Արմինե Հայրապետյան

f