Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Առաջիկա հանդիպման մասին ավելի վաղ պաշտոնական Բաքուն էր հաղորդել։ Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, փակագծեր չէր բացել, թե կոնկրետ որտե՞ղ է կայանալու այդ հանդիպումը, ի՞նչ ֆորմատով` երկկո՞ղմ, թե՞ միջնորդի մասնակցությամբ։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր հիշեցրել էր, որ մյունխենյան համաժողովի ժամանակ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո էր որոշում կայացվել վերսկսել խաղաղության գործընթացը։
«Առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի շուրջ նախատեսվում են բանակցություններ հայաստանյան պատվիրակության հետ։ Ինչպես գիտեք, թեև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի չէին ունենում, բայց տեքստի շուրջ քննարկումները շարունակվում էին», – ասել է Բայրամովը:
Նա ընդգծել է, որ թեև վերջին հինգ ամիսների ընթացքում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն Հայաստանի հետ սահմանին խաղաղություն էր և անդորր։ Ընդ որում՝ առանց անուններ տալու մեղադրել է «որոշ շրջանակների» լարվածություն հրահարելու համար։
«Անցած հինգ ամիսները եղել են ամենահանգիստ շրջանը Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին։ Երբ մենք դիտարկենք այդ ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որոշ շրջանակներ անհանգստացած են այդ հանգամանքով և անում են հնարավորը իրավիճակը փոխելու և լարվածություն առաջացնելու համար», – ասել է Բայրամովը: