«Այն, ինչ կատարվել է Սումգայիթ քաղաքում, դա ընդամենը ադրբեջանական ԽՍՀ տարածքում հայերի ցեղասպանության դրվագներից մեկն է»,- այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Նրա խոսքով՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցածը ջարդեր չէին, ցեղասպանություն էր, որը համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայի դրույթներին։ «Դա կազմակերպել են ոչ թե, ինչպես ժամանակին ասաց Գորբաչովը, խուժանները, այլ դա Ադրբեջանի խորհրդային հանրապետությունում պետական մակարդակով էր կազմակերպվել։ Ադրբեջանական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հուշեր կան, համաձայն որոնց՝ ի սկզբանե ծրագրվում էր այդ ցեղասպանությունը կատարել 1988 թվականի այդ օրերին Բաքու քաղաքում։ Եվ կորուստները կլինեին տասնապատիկ ավելին, քանի որ Բաքվում հայ բնակչության թիվն ավելի մեծ էր։ Պարզապես Բաքվի խորհրդի առաջին քարտուղարը ժամանակին որոշակի գործողություններ ձեռնարկեց, որպեսզի ջարդարարներով լի ավտոբուսները չմտնեին Բաքու քաղաք։ Եվ նրանք հետ էին վերադարձել ու իրենց սեւ գործը Սումգայիթում էին կատարել։
Իրենք ունեին բոլոր ցուցակները, բոլորի տվյալները։ Մարդիկ ահազանգում էին ոստիկանություն, շտապ օգնություն, բայց ոչ ոք չէր արձագանքում։ Բացի դրանից, պետք է հիշենք, որ այս ամբոխին առաջնորդեց Մուսլիմզադեն՝ Սումգայիթի քաղխորհրդի առաջին քարտուղարը՝ վերցնելով ադրբեջանական դրոշ եւ առաջնորդելով այդ գազազած ամբոխին»,- ասաց Գրիգորի Այվազյանը։
Նա հիշեցրեց, որ 1988 թվականի փետրվարի 26-ին եւ 28-ին Ադրբեջանի պատվիրակությունը գնացել էր Արցախ, ամենաբարձր մակարդակով սպառնացել էին հաշվեհարդար տեսնել։ «Ասել էին, որ Աղդամում կանգնած են 100 հազարավոր ադրբեջանցիներ եւ կմտնեն Արցախ, սպանդ կկազմակերպեն։ Զգուշացրել էին, բայց հարվածը հասցրել էին ոչ թե Արցախում, այլ Սումգայիթում, որտեղ մարդիկ ավելի անպաշտպան էին։ Ադրբեջանի ամենաբարձրաստիճան ղեկավարությունը Աղդամում անընդհատ խորհրդակցություն էր անցկացրել այդ ժամանակահատվածում՝ ինչպես հայերին ահաբեկել, պատժել եւ ստիպել արտագաղթել, որովհետեւ նրանք իրենց համար համարվում էին որպես պետության գոյության սպառնալիք նաեւ Արցախի հարցի համատեքստում։ Խորհրդային միությունում ԿԳԲ-ն չէր կարող տեղյակ չլիներ այդ իրադարձությունների նախապատրաստություններին եւ կատարմանը։ Անշուշտ՝ Կրեմլը գիտեր, թե ինչ է կատարվում Սումգայիթում։ Ես հեռու եմ այն մտքից, որ հենց Կրեմլն էր կազմակերպիչը, բայց Կրեմլի թողտվությամբ դա տեղի ունեցավ, վերեւից չեն ճնշել այդ իրադարձությունները, որովհետեւ նրանք նույնպես կարծում էին, որ հայերին պետք է իրենց տեղը ցույց տալ»,- ասաց Այվազյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ցեղասպանական գործողությունների հետեւանքով զոհերի թիվն իրականում ավելի մեծ է, քան պաշտոնական աղբյուներով են ներկայացվել։ Ըստ նրա՝ ադրբեջանիցները հատուկ են հորինել «Խոջալույի դեպքերը», որպեսզի ստվերեն Սումգայիթի իրադարձությունները։ «Ամբողջ աշխահում ոռնում են՝ Խոջալու, բայց ադրբեջանական լրագրողները, երբ նկարել են, թե որտեղ են հայտնաբերվել մարմինները, դրանք հայտնաբերվել են ադրբեջանական վերահսկողության տարածքում։ Եվ այստեղ որեւէ համեմատություն չի կարող լինել Սումգայիթի հետ, որովհետեւ այն, ինչ կատարվեց Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, եղել են նախքան ռազմական խոշոր բռնկումները եւ բախումների գոտուց շատ հեռու՝ խաղաղ բնակչության նկատմամբ, որոնք որեւէ կապ չունեն հակամարտության հետ։ Այստեղ որեւէ հակադարձում չի կարող լինել»։
Գրիգորի Այվազյանն ասում է, որ տարիների ընթացքում ոչ Սումգայիթում ու Բաքվում հայերի ցեղասպանության դրվագը, ոչ Կիրովաբադ-Գանձակի հայաթափումը չեն ստացել իրավաքաղաքական պատշաճ գնահատական։ Եվ դա բերեց անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանն Ադրբեջանում։ Դա համաշխարհային հանրության հայացքի ներքո հանգեցրեց Արցախի հանդեպ լայնածավալ ագրեսիային, էթնիկ զտումներին, բռնագաղթին։ Փաստացի Արցախի տարածքում տեղի ունեցավ ցեղասպանություն, որին ոչ ոք չի միջամտել, չի տվել իրավաքաղաքական գնահատական։ Անգամ կասկածի տակ են դրել՝ դրանք էթնիկական զտումներ են, թե՞ ոչ։
«Արցախցիների հետ կատարվածը կասկածի տակ է դրվում թե եվրոպական երկրների, թե մեր այսպես կոչված դաշնակից երկրների կողմից։ Այնպես որ, մենք ունենք պատմության չսերտված դասեր։ Իսկ մենք գիտենք, որ պատմությունը չի սովորեցնում, ինքը պատժում է իր դասերը չսերտածներին։ Մենք չենք սերտել ոչ Սումգայիթի, ոչ Բաքվի ցեղասպանության դրվագների դասերը, ոչ «Կոլցո» օպերացիայի դասերը։ Եվ, ահա, արդեն 21-րդ դարում ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ ականտես եղանք ցեղասպանության կրկնությանն Արցախում, որը մինչ օրս դատապարտված չէ։ Մենք քաղում ենք մեր սխալի դառը պտուղները։ Իսկ սխալն ավելին է, քան հանցանքը, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր արդեն դամոկլյան սուրը կախված է Հայաստանի Հանրապետության վրա։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն արդեն շրջանառության մեջ մտցրել է «հայ-ադրբեջանական պայմանական սահման» խոսույթը։ «Եվ ուրեմն, մենք պետք է հասկանանք, որ հիմա արդեն Ադրբեջանն իր ցեղասպանական մեքենան պատրաստում է ամբողջ ծավալով՝ խոսույթի մեջ մտցնելով «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը։ Ֆիլմեր են նկարում, Ադրբեջանի չակերտավոր պատմամշակութային ժառանգության, Սյունքիում «ադրբեջանական ավանների» մասին՝ նախապտրաստելով ու գազազեցնելով ամբոխին՝ հայերի նոր ցեղասպանություն կատարելու համար՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որն ամենեւին չի սահմանափակվելու Սյունիքի տարածքով»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է դիմակայել թշնամու ծրագրերին, Այվազյանն ասում է․ «Համենայնդեպս այդ հրեշավոր ծրագրին դիմակայելու մեկ ճանապարհ կա։ Եվ դա բոլորին այն չէ, որ մենք պետք է հրաժարվենք մեր Սահմանադրությունից եւ Ադրբեջանին չգրգռելու համար այնտեղից հանենք հղումն Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին։ Ադրբեջանն արդեն իր որոշումը կայացրել է՝ նոր ցեղասպանություն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իրենք ուղղակի սպասում են իրենց համար առավելագույն նպաստավոր ռազմաքաղաքական իրավիճակի ստեղծմանը, որպեսզի ամբողջ ծավալով հարձակման անցնեն։ Դրա մասին են նաեւ հուշում Ադրբեջանի կողմից նոր զենքերի ձեռք բերումը։ Մենք պետք է փորձենք դիվանագիտական դաշտում անել առավելագույնը, միավորվել, ոչ թե միմյանց բզկտել։ Այնպիսի մթնոլորտ են ստեղծել մեր երկրում, որ տպավորություն է, թե Հայաստանում իրար ավելի են ատում, քան թշնամուն։
Մենք պետք է միավորենք մեր բոլոր ուժերը՝ Սփյուռքը, Հայաստանը, արցախցիները։ Մենք չպետք է մոռանանք, որ Արցախի պաշտպանության բանակն իր մարդկային ներուժով հիմա Հայաստանում է գտնվում։ Մենք միայն մեր միասնականությամբ կարող ենք դրան հակադրել, մեր ուժը կենտրոնացնենք ընդդեմ ընդհանուր թշնամու։ Եթե հիմա հանկարծ սկսենք իրար կոկորդ կրծել ու ներքաղաքական հաշվեհարդարներով զբաղվել, ապա, ինչպես Հայաստանի վերջին վարչապետը՝ Սիմոն Վրացյանն էր ասում՝ մենք կթերթենք Հայաստանի պատմության վերջին էջը։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդն ինքնապաշտպանության բնազդը դեռ չի կորցրել, ողջախոհ կգտնվի ու կմիավորվի մոտալուտ ցեղասպանության վտանգին ընդառաջ, որը սպառնում է նաեւ երեւանաբնակներին»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: