Բորելը հայտարարեց Արևմուտքի գերակայության ավարտի և Գլոբալ Հարավի ազդեցության աճի մասին

  • 22:20 26.02.2024

Եվրամիության երկրները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ լարվածության երկար ժամանակաշրջանին, որը կարող է ցանկանալ «առաջիկա ամիսներին ակտիվացնել իր քաղաքական և ռազմական սադրանքները ՆԱՏՕ-ի երկրների դեմ»։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 25-ին, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք պետք է էապես ուժեղացնենք մեր անվտանգությունը և պաշտպանական կարողությունները», – գրել է Բորելը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովն ամփոփելով իր բլոգում:

Միաժամանակ նա եվրոպական երկրներին կոչ է արել մշակել Գլոբալ Հարավի հետ հարաբերությունների ռազմավարություն։ Եթե ​​ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի զարգանալ «Արևմուտքն ընդդեմ մնացած աշխարհի» ուղղությամբ, «Եվրոպան կկանգնի մռայլ ապագայի առջև», զգուշացրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն իսկապես ավարտվել է։ Թեև սա տեսականորեն հասկանալի էր, մենք միշտ չէ, որ գործնական եզրակացություններ էինք անում այս նոր իրականությունից»,- ասել է Բորելը: Նրա խոսքով, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան և Գազայի հատվածում պատերազմը «էականորեն մեծացրել են Արևմուտքի և Գլոբալ Հարավի միջև առճակատման այս ռիսկը, որն արդեն «կարելի է տեսնել Սահելում և Աֆրիկայի այլ մասերում»:

Դիվանագետը նշել է, որ Գլոբալ Հարավի շատ երկրներ մեղադրում են Արևմուտքին «երկակի ստանդարտների» մեջ, և «Ռուսաստանին հաջողվեց օգտվել ստեղծված իրավիճակից»։ «Մենք պետք է պայքարենք այս խոսույթի դեմ և դա անենք ավելի քան պարզապես խոսքերով: Առաջիկա ամիսներին մենք պետք է հսկայական ջանքեր գործադրենք մեր գործընկերների վստահությունը վերականգնելու համար»,- ընդգծեց նա։

f