Սեփականության վերաբաշխումը սկսված է՝ Արցախ, Հայաստան, Ռուսաստան և այլ

  • 11:03 27.02.2024

Աշխարհակարգի փոփոխությունը, որպես կանոն, ուղեկցվում է սեփականության կոշտ վերաբաշխմամբ, հատկապես այն երկրներում, որոնք ազգային արիստոկրատիա, այսինքն “տեր” չունեն։ Եվ այս գործընթացը ակտիվ փուլ է մտել Հայաստանում և Ռուսաստանում, որոնց տնտեսությունները կապված են մեկ թելով։ Ռուսաստանն իր ակտիվները «փոխանցում» է հիմնականում Չինաստանին, իսկ Հարավային Կովկասում՝ Թուրքիային։

Հայաստանում գույքի վերաբաշխումը հատկապես նկատելի է բանկային հատվածում։ Բրիտանական HSBC բանկի հեռանալը նշանավորեց Ռուսաստանից Հայաստանի «հարաբերական անկախության դարաշրջանի» ավարտը։ Բայց Ամերիաբանկի հետ կապված պատմությունը կդառնա դասագիրք, որով հնարավոր կլինի հետևել ռուսական կայսրության վերջնական փլուզման շրջանում սեփականության վերաբաշխման գործընթացին։

Ամերիաբանկի հիմնական սեփականատեր Ռուբեն Վարդանյանին, ով հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և մշտական ​​բնակութուն հաստատել Արցախում, ռուսական զորքերը նետել են Բաքվի բանտ։ Նրա ձերբակալությունից հետո 5 ամսվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ոչինչ չեն արել ռուսահայ միլիարդատիրոջը ազատելու համար։ Սակայն վրացական բանկը, որի բաժնետերերը կարող են լինել թուրքական ծագում ունեցող գործարարներ, հաճույքով «գնեց» Ամերիաբանկը։ Հայաստանում իշխանամետ գործիչները համոզում են, որ դա «փրկագին չէ»։ Իրոք, փրկագին չէ, դա բիզնեսի “քաղաքացիության” պարզ փոփոխություն է։

Մինչ այս վերաբաշխում էր տեղի ունենում Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններում, այդ թվում՝ Լիդիանը, որը համառորեն ցանկանում է արդյունահանել Ամուլսարի ոսկին, անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո դա կլինի։

Փաստորեն, այն ամենը, ինչ տեղի ունեցավ, սերտորեն կապված է Արցախի հետ։ Ռուս-թուրքական «մոնիտորինգի կենտրոնը» Ակնայում «ընդունման-հանձնման» կետ է, և պատահական չէ, որ Արցախի ցեղասպանության վերջին ակտը սկսվեց Արցախի հանքային ռեսուրսների սեփականության մասին «վեճով»:

Սեփականության վերաբաշխումը Հայաստանում տեղի է ունենում Ռուսաստանի հետ զուգահեռ, որտեղ միանգամից մի քանի խոշոր ձեռնարկություններ անցան պետական ​​վերահսկողության տակ։ «Գործարանները դառնում են ազգային սեփականություն»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։

Դատարանի որոշումներ են կայացվել Չելյաբինսկի էլեկտրամետալուրգիական կոմբինատի, Սերովի ֆերրոհամաձուլման գործարանի և «Կուզնեցկի ֆերոլալյուզ» ԲԲԸ-ի պետությանը փոխանցելու մասին: «Անբարյացակամ երկրների» ժամանակակից ձեռնարկությունները նույնպես ենթակա են ազգայնացման։ Ուլյանովսկի հաստոցաշինական գործարանը, որը պատկանում է գերմանական Gildemeister Beteiligungen GmbH-ին (ճապոնա-գերմանական DMG Mori-ի դուստր ձեռնարկություն), արդեն փոխանցվել է Գույքի կառավարման դաշնային գործակալության ժամանակավոր կառավարմանը: Իվանովոյի ծանր հաստոցների գործարանը եւս ազգայնացվեց:

Փաստորեն, Ռուսաստանում սկսվել է սեփականության վերաբաշխման, այլ կերպ ասած՝ կուլակաթափման գործընթացը, որը միշտ ուղեկցել է այս երկրում քաղաքական գործընթացները։

Առայժմ խոսքը «երկրորդ կարգի» գործարանների մասին է, բայց վտանգի տակ են նավթի և գազի, միջուկային, ադամանդի և այլ խոշոր ձեռնարկությունները։

«Կուլակաթափման» առաջին ցուցակներում՝ հայկական ազգանուններով օլիգարխներն են։

Ֆրանսիական դատարանը կալանք է դրել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի վիլլայի վրա, հայտնում է Le Monde-ը։Հրապարակման համաձայն՝ գույքը պաշտոնապես պատկանում է Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը պնդում է, որ իրական շահառուն «Գազպրոմ նավթ» դուստր ձեռնարկությունն է:

Իր հերթին, Ռուսաստանում արդեն սկսվել է հայ գործարարների ձեռնարկությունները հօգուտ «բարեկամ երկրների» «քամելու» գործընթացը։ Հայկական «անբարյացակամ» ձեռնարկությունների ջարդերը չեն ուշանա, ինչպես նաև Հայաստանում ռուսական ակտիվների փոխանցումը «բարեկամ» թուրքերին։

f