Սիմոնյան․ Արտահերթ ընտրություններ չեն լինելու, մենք մինչեւ վերջ գնալու ենք

  • 12:39 27.02.2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 28-29-ին՝ Բեռլինում։

Հարցին, որ Ադրբեջանը մի շարք պահանջներ է առաջ քաշում, այս հանդիպման շրջանակներում ի՞նչ է քննարկվելու, Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր այն պահանջները, որոնք Ադրբեջանը շարունակաբար հնչեցնում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մշտապես ասել եմ, որ բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային։ Եվ պահանջ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ հռետորաբանություն չէ, առավել եւս, երբ մի քանի օրից մենք հանդիպումներ ունենք։ Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիեւը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, մշապես հարձակումներ էին գործում, դրանով փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել։ Ես ձեզ խնդրում եմ՝ որպես ՀՀ ժողովուրդ, եկեք իր այն փորձերը, որպեսզի ինքը մեր երկրում օրակարգ թելադրի, թույլ չտանք, որ իրականություն դառնան։ Տեսեք, դուք միջանցքի օրինակը բերեցիք, միջանցքի օրինակը բերելով հանդերձ՝ դուք ապացուցում եք այն բանը, որ ինքը բերեց, շրջանառության մեջ դրեց միջանցքը, մենք շատ դժվարությամբ այդ միջանցքի խոսույթը հանեցինք, իրենք հիմա սկսել են ասել՝ մենք հո չենք ասում միջանցք, մենք ասում ենք՝ միջանցք էլի։ Հիմա էլ ասում են՝ դե որ դուք չեք ուզում, մենք Իրենով կանցկացնենք այդ միջանցքը։ Տեսեք՝ ոնց են խաղում։ Խնդրում եմ ձեզ՝ մի մտեք այս տրամաբանության մեջ, որն ինքը փորձում է ներդնել հայկական իրականության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը երբ կորոշի, որ իր Սահմանադրության կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ կփոխի։ Իրենք հիմա այս ամեն ինչը նստած նայում են, վերլուծում են, թարգմանում են, քննարկում են, խաղում են այդ ամենով։ ՀՀ-ն կանի այն քայլերը, որոնք բխում են իր շահերից»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ 2020 թվականի սկզբին իրենք սահմանադրական փոփոխությունների գործընթացն սկսել են․ «Այն ժամանակ ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան»։ Հարցին, եթե Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու որոշում կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ, ոչ մի որոշում չկա։ Մենք ինչո՞ւ ենք այս խոսակցությունն սկսել, մենք այս խոսակցությունն սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, որ մեզ հարց տան, մենք դրա մասին խոսենք, հասկանանք՝ հասարակության որ մասն ինչ է կարծում»։

Նա նաեւ հարցադրում արեց․ «Ի՞նչ սահմանադրական հանրաքվե, մենք ասել ենք, որ ապագայում սահմանադրական հանրաքվե՞ է լինելու։ Կարող է այդ փոփոխությունը, ենթադրենք, լինի 2030 թվականին։ Կա քննարկում, ես կարծում եմ, որ, այո, շատ բաներ պետք է փոխվեն եւ համապատասխանեցվեն։ Այդպես էր կարծում ՔՊ թիմը նաեւ 2020 թվականի հունվարին»։

Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում․ «Նոր ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է։ Եվ ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում եւ չի քննարկվել։ Մենք վերցրել ենք պատասխանատվություն, մինչեւ վերջ կտանենք,  մենք առաքելություն ունենք՝ դա Հայաստանի Հանրապետությանը եւ մեր տարածաշրջան խաղաղություն բերելն է»։