«Խոսքը գնում է այն մասին, որ վարչապետը փաստացի արձանագրել է՝ մեր չմասնակցությունն իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ։ Եվ, այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով՝ ո՞ր սահմանով է անդամագրվել։ Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, իմ անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է եւ չի աշխատում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Ուզում եմ մի փոքր վստահեք մեր քաղաքական դիրքորոշմանը եւ մարտավարությանը։ Շատ բաներ կան, որոնք չեմ կարող բարձրաձայն ասել»։ Ըստ նրա՝ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է, եւ ամբողջը մեկ զամբյուղի մեջ չդնելը։
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ տեղեկությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս կբերվեն։ «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ իրենք այնտեղից պետք է դուրս գան։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք վստա՞հ եք, ես վստահ չեմ։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին։ Հլա էլ չեմ ասում, որ հաճախ նաեւ ձեւ արեցին, ամեն ինչ արեցին, որ էդ սահմաններն ավելի խոցելի լինեն։ Եկան Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Հետո էլ իրադարձություններից 5 ժամ հետո հինգ հոգի մարդ ռուս խաղաղապահներից մահացան, ասացին՝ տեսաք, մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան։ Այսինքն՝ եկան ուղեկցեցին հայերին դուրս, դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան Զվարթնոցից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասաց նա։
Հարցին, թե ռուսական ռազմաբազան Հայաստանի կհանվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Շատ եք շտապում, շատ եք գնում առաջ, կքննարկենք կհասկանանք։ Այդպես չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն գնալ»։
Հարցին՝ «ՀՀ իշխանություններն ասում են՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ սահմանները, իսկ դուք ճանաչո՞ւմ եք ՀՀ սահմանները, երբ ասում եք՝ «կադաստրի թուղթ» չունենք», Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այո՛, մենք նախ ճանաչում ենք, մենք կարող ենք մետր առ մետր ցույց տալ Հայաստանի Հանրապետության սահմանը։ Եվ դրա հիմքը հանդիսանում է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մենք մի քանի փաստաթղթով արդեն գծերը ցույց ենք տվել, ասել ենք՝ սա է։ Կա փաստաթղթավորված քարտեզ, որն ընդունվել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանության կողմից»։
Անդրադառնալով ռուսական կողմի գործողություններին՝ Սիմոնյանն ասաց․ «Մշտապես պլանը եղել է ՀՀ-ն ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ եւ վերջում խաղաղապահի դեմքի արտահայտությամբ, բայց ոչ այնքան էլ բարի մտադրությամբ գալ եւ հերթական խաղաղությունը հաստատել տարածաշրջանում եւ օղակ գցել երկու երկրների վզին, որպեսզի իրենք որեւիցե տեղ չփախչեն»։
Հարցին, թե իրավական ի՞նչ հիմքով են ռուսները տեղակայվել Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ իրավական հիմքերի մասին, բայց այդ հարցը եւս քննարկման առարկա է․ «Ինչ-որ ժամանակահատվածում, երբ իրավիճակը լարված էր, այդտեղ ինչ-որ մաս պատասխանատվության գոտի վստահվել է իրենց, եթե չեն սխալվում։ Կարծում եմ, որ այս իրավական հարցը մենք պետք է լուծենք»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: