Հայության դեմ իրականացվող շարունակական ցեղասպանության դրվագները Մեծ Աղետի հետցնցումներն են, որ մեկ քողարկված ու կամ էլ անթաքույց ի հայտ են բերում հայության կենսատարածքին, հողին, ունեցվածքին ու բնական ռեսուրսներին տեր դառնալու դրանց նպատակներն ու անպատիժ հանցավորությունը: Ու հայության ցեղասպանության հեղինակներն ու կատարողները անփոփոխ են, ինչպես և դրանց ծրագրերը:
Խորհրդային Սումգայիթում, որ մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է, 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը իրողություն դարձավ հերթական չքողարկված ցեղասպանությունը ՝ 1918 թվականի Բաքվի 30 հազար հայերի ջարդերից հետո: Հրեա փաստաբան Պոլինա Շապոշնիկովան, ով ընդգրկված էր «Սումգայիթի» հետաքննության հանձնաժողովում, 1988-ի մայիսին կասի, որ եթե նույնիսկ մեկ հայ են սպանել Սումգայիթում, ապա այն փաստը, որ սպանել են ազգային պատկանելության համար, արդեն ցեղասպանություն է:
Իսկ թե ինչքան սպանեցին, մորթեցին, անդամահատեցին, բռնաբարեցին, տանջամահ արեցին ու ողջակիզեցին, խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հաջողված կկոծկեն՝ դատական ընթացքները սկզբից ցրելով Խորհրդային Միության ողջ տարածքով, ապա և ԽՍՀՄ-ի փլզումով պայմանավորված՝ դրանք կկասեցվեն:
Սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն կարող կոծկել ականատեսների վկայությունները, նրանց արթուն ու զգոն հիշողությունները, որ վերածվել են հարցազրույցների, գրքերի, չափածո ստեղծագործությունների, փորձագիտական հետազոտությունների, որոնք վկայում են, որ Սումգայիթում եղել է հայության մասշտաբային ջարդ, ու հազարավոր մարդիկ են զոհ դարձել, ընտանիքներ են ամբողջովին վերացել:
Սումգայիթից վերապրածները, նաև Բաքվից փախածներն ու ականատեսները վկայել են, որ փետրվարի 26-29-ը փողոցներում «արյունը գետի պես հոսում էր», փողոցները լվանալու համար Բաքվի իշխանությունները լրացուցիչ ջրցան մեքենաներ Բաքվից էին բերել:
Ալեքսանդր Արսենի Այիրյանը, ով Ադրբեջանական ԽՍՀ անտառային և փայտամշակման արդյունաբերության մինիստրն էր, լինելով ջարդերը հետաքննող հանձնաժողովի անդամ, 1988 թվականի մարտին հանձնաժողովի հետ այցելում է Սումգայիթի ինչ-որ պահեստ, որտեղ պահվում էին տանջված դիակները և դիակների մասերը: Այիրյանը տեղում վատանում է, վարորդն է գրկած դուրս տանում: Նա մի քանի ամիս անց մահանում է:
Տատյանա Երամյանցի մայրը աշխատում էր Բաքվի 6-րդ դպրոցում, նրա դասղեկական դասարանում աշակերտուհին Սումգայիթի մասին պատմելիս սկսում է հեկեկալ ու ասում, թե հայրը, ով պաշտոնատար անձ էր ու ընդամենը 35 տարեկան, եկել է Սումգայիթից լրիվ ծերացած, սպիտակած:
Աշոտ Համբարձումյանը 1988 թվականի փետրվարին սովետական բանակի օդադեսանտային բատալիոնի սերժանտ էր, դասակի հրամանատար: Դասակը փետրվարի 24-ի գիշերը արդեն գտնվում էր «Կարայի Բատ» շրջանում, այնտեղ էր տեղավորված Բաքվի բազմաքանակ կայազորը: Նա վկայում է, որ 28-ի առավոտյան ժամը 9-ին մտել են քաղաք, որ ենթաբաժինները իրականացնեն պարետային ժամ, դիակներն են հավաքել, «այդ մի գիշերվա մեջ 1000-ից ավելի հայ էին սպանել»:
Սումգայիթյան իրադարձությունները ուսումնասիրող Սամվել Շահմուրադյանը 1989 թվականի սեպտեմբերի 23-ին մի հավաքի ժամանակ բարձրաձայնում է, որ «փետրվարի 29-ին, սովետական զորքերի մուտքից մի օր հետո, Սումգայիթում զոհվել է առնվազն 1000 մարդ… այդ դեպքում ինչո՞ւ համար էին սովետական զորքերը եկել Սումգայիթ, ինչո՞ւ համար»-իր հարցը կրկնում է Շահմուրադյանը:
Սումգայիթցի Հովսեփյան Օֆելյան և ամուսինը` Աղասյան Ռաֆիկը վկայել են, որ իրենց փրկած «ադրբեջանցի» հարևանը, ով Սումգայիթի քաղկոմի բարձրաստիճան պաշտոնյա էր, տեղյակ է պահել, որ «ձեր ցեղակիցներին այս գիշեր թաղելու են, ինքնաթափերով տանելու են մասնատված դիակները, իսկ ավտոբուս-կատաֆալկաների մեջ ամբողջական դիակները, մեքենաները անցնելու են շենքի դիմացի փողոցով, տանելու են Բայիլովի տարածքում արդեն փորված խրամատում հողածածկ անելու»: Դա 1988 թվի մարտի 6-ից 7-ն էր` կեսգիշերին, Օֆելյան և Ռաֆիկը պատուհանի մոտ կանգնած հաշվել էին 5 ՊԱԶ-ավտոբուս ու 20-25 ԶԻԼ ինքնաթափեր, որոնց ուղեկցում էին զինվորական ԲՏՌ-ները: Օֆելյայի և Ռաֆիկի վկայության հիման վրա ամենազուսպ հաշվարկները թույլ են տալիս ենթադրել, որ ավտոշարասյունը Սումգայիթի դիարաններից և պահեստներից տանում էր ամենաքիչը 1500 դիակ, կամ էլ ընդհանուր առմամբ 1500-ից 3000 դիակ: Բայց դա միայն Սումգայիթի դիարաններից ու պահեստներից:
Կան վկայություններ, որ ցեղասպանության օրերին դիակները բեռնատարներով Սումգայիթից տեղափոխել են հանրապետության այլ քաղաքների դիարաններ՝ Բաքու, Մարդակյան և այլ բնակավայրեր:
Հաշվի առնելով բազում վկայությունները, մեր փորձագիտական եզրակացությունն է, որ Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը` 4 օրում, սպանվածների թիվը ավելի քան երեք հազար է:
Սումգայիթի զոհերի աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։
Սումգայիթի կազմակերպիչները այսօր էլ հայտնի են, նրանց շարքերում կան նրանք, որոնք դեռ ողջ են, բայց և անպատիժ:
Սումգայիթի ոճրագործությունը դատապարտել են Եվրախորհրդարանը (1988թ.), ԱՄՆ-ի Սենատը (1989թ.) և Արգենտինայի խորհրդարանը:
1990 թվականի փետրվարին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը դա ճանաչել է ցեղասպանության շարունակություն։
«Սումգայիթը» հայատյացության ցցուն երևույթ է, գազանային ու վայրագ հակամարդ բնույթի հերթական բացահայտում: «Սումգայիթը» մերժում է ամեն սրբություն, երբ անզոր հոր աչքերի առաջ վայրագ գազանածին ամբոխը բռնաբարում է հոր երկու դստրերին, կամ ծննդատանը նորածին հայերի գլուխներն էին թռցնում՝ ինչպես չեն անի անգամ թռչնանոցում: Իսկ փողոցում այդ գլուխներով ֆուտբոլ պետք է խաղային ադրբեջանցի երեխաները, որ նրանք էլ դառնային հայատայացության մասնակից: Ու դարձան:
«Սումգայիթը» այնուհետև կտեղափոխվի Կիրովաբադ/Գանձակ, Գարդման, Նախիջևան, զուգահեռաբար Բաքու և Շիրվան, ապա և Մարաղա:
Ադրբեջանի ողջ տարածքում, որտեղ հայեր էին ապրում, տարածքներ, որոնք հակամարդ բոլշևիկների ու ստալինի կամայական որոշումներով հայտնվել էին նորածիլ պետության վերահսկողության ներքո, բացահայտ, անպատիժ, այլասերված մեթոդներով սպանում էին հայերին, բոլորին ու ամենուր, երկու տարվա ընթացքում՝ 1988 թվականի փետրվարի 26-ից մինչև 1990 թվականի հունվարի 19-ը:
Ինչքան սպանվեցին, անհայտ է:
Հազարավոր մարդիկ սպանվեցին:
«Սումգայիթը» ապացուցում է, որ եթե ցեղասպանությունը կազմակերպված է պետական մակարդակով իր իսկ քաղաքացիների դեմ, ապա ցաքուցրիվ ապրող հայության ինքնապաշտպանությունը չի դառնում փրկության միջոց: Միայն համախումբ ապրող հայությունը Կիրովաբադ/Գանձակում կկարողանա ինքնապաշտպանական կուռ գործողություններով խուսափել մեծամասշտաբ սպանդը:
1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանը «խաղաղ» հայաթափվեց: Իսկ Ադրբեջանի երբեմնի տիտղոսային ժողովուրդը՝ հայությունը, կորցրեց իր կենսատարածքը Նախիջևանում, Գարդմանում, Շիրվանում, կորցրեց իր ուրույն համայնքային կյանքը, նիստուկացը, բարբառը, սովորույթները, գերեզմանոցները, եկեղեցիները, մշակույթը, լանդշաֆտը, անտառները, ջրերը, բնական ռեսուրսները:
Ցեղասպանության 1991 թվականի ալիքի տարածումը կասեցվեց ԼՂԻՄ-ի մատույցներում, փոքրիկ ու անպաշտպան Լեռնային Ղարաբաղը փրկվեց միայն ու միայն Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ուժերի միաբանման արդյունքում, հայեր, որոնք 1915-1923 թվականներին ցեղասպանության փրկվածների սերունդներ էին:
Բաքուն, որ 1918 թվականի սեպտեմբերին թուրքական կանոնավոր բանակի ուղիղ մասնակցությամբ և ցեղասպանության ընթացքով դարձավ նորածիլ Ադրբեջանի մայրաքաղաքը, մինչ այդ դա ռեգիոնալ արդյունաբերական, մշակութային ու քաղաքական մտքի զարգացման կենտրոն էր, 1918 թվականի սեպտեմբերին ի սպառ վերածվեց ու այսօր էլ ցեղասպանությունների ծրագրերի մշակման կենտրոն է: Պատահական չէ, որ 1992 թվականի փետրվարին Ադրբեջանի վերահսկողության տակ Աղդամի մատույցներում ոչնչացվեցին Խոջալուի շուրջ 44 բնակիչները՝ թուրք մեսխեթցիները, և այս հակամարդ փաստը այնուհետև նավթային ռեսուրսների վրա փքվող բռնապետական համակարգը կիրառեց հայության դեմ, մի կողմից հայությանը մեղադրելով ինչ-որ «ադրբեջանցիների» ցեղասպանության մեջ, մյուս կողմից դրանով փորձեց ստվերել Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն:
Հայության անբացատրելի լռությունը և անգործությունը թույլ են տալիս, որ աշխարհաքաղաքական խարդավանքների համար մանրադրամ դառնա թե՛ Հայոց Մեծ Եղեռնը, թե՛ դրա շարունակությունը՝ «Սումգայիթը»:
Խորհրդային միության իրավահաջորդ և շարունակող ՌԴ նախագահը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, 29-ին, ապա նոյեմբերի 17-ին հիշեցրեց «Սումգայիթի» մասին: Եվ այն հարցին, թե ինչու է ՌԴ նախագահը հիշեցնում «Սումգայիթը», իրողությունների հետագա զարգացումը կպատասխանի, որ դա պարզագույն շահարկում էր:
Եվ ոչ մի ներողություն խորհրդային «Սումգայիթի» համար՝ խորհրդային իմպերիայի իրավահաջորդի և շարունակողի կողմից:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում հայության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիային հետևեց նոյեմբերի 9-ի թուղթը: Դրա հեղինակը՝ ինչպես ինքն էր խոստովանել, ՌԴ նախագահն է: Այդ թուղթը շատ արագ բացահայտեց հայության դեմ ցեղասպանության նոր փուլի մշակված սցենարը. նախ Արցախին զրկեցին հայության՝ Սփյուռքի ու Հայաստանի Հանրապետության աջակցությունից, նրան մտցրեցին սովամահության տանող ու հյուծող շրջափակման մեջ, ապա «խաղաղապահի» աջակցությամբ զինաթափեցին ու զրկեցին ինքնապաշտպանության հնարավորությունից: Ու բոլոր պայմանները բավարար էին, որ իրենց բնորոշ վայրագությամբ ու մարդատյացությամբ իրականացնեին արցախահայության ջարդը:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ռազմական ագրեսիայով ջարդեցին դե ֆակտո և դե յուրե կայացած Արցախի Հանրապետությանը, ջարդեցին Հայաստանի Հանրապետության վահանը:
Այսօր հայկական Արցախում հայ չկա, շուրջ 150 հազար հայեր քշվեցին իրենց տներից, հողերից, հայրենիքից, կենսատարածքից, ու կրկին, ինչպես 1915 թվին էր ու 1988-1992 թվականներիին, ցեղասպանին մնացին հայերի ունեցվածքը, հողերը, ջրերը, անտառները, բնական ռեսուրսները, ամեն-ամեն ինչ:
Ու այսօր էլ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի իր հեղինակած ցեղասպանության սցենարով ռազմակալված Արցախում պահպանում է ցեղասպան Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ վերահաստատելով 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության դրվագների իր հեղինակային իրավունքը՝ մոսկովյան ու Կարսի պայմանագրեր, 1921 թվի հուլիսի 5-ի որոշում, ապա և 1988-1992 թվականներին հայության պոգրոմներով ողջ Ադրբեջանի հայաթափում, 2020-2023 թվականներին Արցախի հայաթափում, ու մյուս կողմից այդ թղթով է, որ հող է պատրաստում Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի համար՝ տարածքների ռազմակալում ու հայության ցեղասպանության վերջին դրվագ:
«Սումգայիթին» հետևած «նոյեմբերի 9-ի թուղթը» այսօր էլ մեծ վտանգ է հայության համար՝ կենսատարածքի այս վերջին բեկորի վրա, քանի դեռ Բաքուն ու «խաղաղապահը» Արցախում են և իրենց ներկայությամբ արգելափակել են արցախահայության վերադարձը հայրենիք, իր կենսատարածք: Արցախահայությանը սպառնում է այն նույն ճակատագիրը, ինչ վրա հասավ Գարդմանի, Նախիջևանի, Շիրվանի հայությանը՝ համայնքային ինքնության, բարբառի, նիստուկացի, մշակույթի, ամենի կորուստ:
Աշխարհասփյուռ հայությունը և հայկական պետականությունը պետք է վերահաստատեն ցեղասպանության կասեցման իրենց պատրաստակամությունն ու ջանքերի պահանջված լարումով ոչ միայն պահպանեն հայության կենսատարածքի մեզ մնացած բեկորը, այլև ինքնապաշտպանական և դիմադրողական քայլերով պարտադրեն արցախահայության վերադարձը իր հող ու հայրենիք, իր տուն ու տեղ, որպես հայության ցեղասպանության կասեցման կարևոր պայման: Արցախահայության ցեղասպանությունից փրկությունը հնարավոր է միայն նրա կենսատարածքում, որը պետք է ազատ լինի՝ քաղաքակրթությունից դուրս մնացած վայրագ ու հակամարդ Բաքվի, որևէ վերահսկողությունից:
Տարածաշրջանում հայության գոյության հիմնական պահանջը Արցախի ու արցախահայության ինքնության փրկությունն է:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: