Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների․ Աբրահամյան

  • 11:41 28.02.2024

«Ադրբեջանը հիմնական քարոզչական միջոցներից մեկով կեղծ արտահոսք է կազմակերպել առ այն, որ Հայաստանը Ֆրանսիայի, արտատարածաշրջանային այլ ուժերի հետ միասին Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում։ Ըստ այդ կեղծ թեզի՝ այդ ագրեսիայի նպատակն առաջնագծի մի քանի ուղղություններով կարեւոր բարձունքների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Ադրբեջանական կողմը փորձում է պնդել, թե Հայաստանի այդ նախապատրաստությունը արտահայտվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնց մասին Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն էր տարածել, ինչպես նաեւ՝ սահմանային ուղղություններից մեկում հայկական անօդաչու թռչող սարքի հետ կապված համապատասխան ինֆորմացիա։ Իրականում շատ ակնհայտ է, որ ադրբեջանական տարածած տեղեկությունները որեւէ կապ չունեն իրականության հետ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ տպավորություն է, որ Ադրբեջանը որոշակի նախապատրաստություն է տեսնում, եւ, ինչպես նախորդ դեպքերում է եղել, ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանին, որպեսզի իր հետագա գործողությունները որակի որպես «կանխարգելիչ, զսպիչ կամ իրավիճակից ելնող» գործողություն։ «Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ բանակցային գործընթացում բավական բարդ իրավիճակ է։ Չնայած Մյունխենում տեղի է ունեցել հանդիպում, դրանից հետո հանձնարարություն է իջեցվել արտգործնախարարներին՝ շարունակելու հանդիպումները, բայց իրականության մեջ որեւէ լուրջ դրական դինամիկա այս գործընթացում չկա։ Եվ, բնականաբար, այս իրավիճակում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների։ Եվ այդ սադրանքներին գնալու ճանապարհին փորձելու է պատասխանատվությունն ուղղել Հայաստանի ուղղությամբ»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ տեսանելի է, որ Ադրբեջանը բավական սուր է արձագանքում Ֆրանսիայի քաղաքական հայտարարություններին, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի գործարքներին։ Թիրախավորում են նաեւ Ֆրանսիային։ Եվ այս իրավիճակում պատահական չէ, որ փորձում են ցույց տալ, թե իբր Հայաստանը ագրեսիա է իրականացնում Ֆրանսիայի աջակցությամբ։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կայանալիք հանդիպմանը՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ բուն բանակցային գործընթացի հետ կապված որեւէ դրական սպասում այս պահին չկա։ «Մյուս կողմից, բնական է, որ եթե Ադրբեջանը սադրանքի կամ էսկալյացիայի նմանվող որեւէ գործըթնացի պետք է գնա, ի սկզբանե ցույց չի տալու կամ չի հայտարարելու, որ դրան է գնալու։ Ինչպես եղել է տարբեր տարիներին, փորձել է խաղաղության դրոշի ներքո ներկայացնել գործընթացը, որտեղ հիմնական մեղավորը կարգվել է Հայաստանը։ Այս իրավիճակում ես կարծում եմ՝ շատ կարեւոր է միջազգային հիմնական դերակատարների հետ ինտենսիվ աշխատելը՝ հենց այս փուլում կանխելու Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունները»,- ասաց նա։