«Մեկ հոգի է եղել, ինչքան հասկացա՝ պաշտոնական հաղորդագրության մեջ հենց այդպես էլ նշված է։ Գյուղացիներն ինչ են տեսել, ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի։ Բայց փաստը մնում է այն, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կողմից փորձ է արել սահմանն անցնել եւ անցել է, մեր կողմից վնասազերծվել է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի Տեղ համայնք ներխուժած ադրբեջանցուն ձերբակալելու դեպքին։
Նրա խոսքով՝ թե ինչ հոդվածով է մեղադրվում ադրբեջանցին, Քննչական կոմիտեն շուտով կհայտարարի։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ երկրորդն ադրբեջանցի չի եղել։ Ըստ Քոչարյանի՝ Քննչական կոմիտեի հայտարարությունից պարզ կդառնա, թե ինչ նպատակով է ադրբեջանցին անցել բնագծերը։ «Քանի որ զենք է եղել իր վրա, ամեն ինչ էլ կարող ենք ենթադրաբար ասել։ Կարող է լինել դիվերսիա, կարող է լինել մոլորված, հարբած։ Կարող է եւ լինել այն, որ իրենց զորամասում տիրող իրավիճակի արդյունքում ինքը փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»։
Քոչարյանը նշել է, որ պաշտպանական բնագծերի հատվածում բազմաթիվ կետեր կան, որտեղով ցանկության դեպքում ադրբեջանցիները կարող են անցնել։ «Բայց շատ կարեւոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները նրան վնասազերծել են։ Այսինքն՝ հիմա շատ դժվար է աննկատ մեր բնագծերն անցնել։ Եվ ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողությունները ավելացնելով՝ համարյա հնարավորություն չենք թողնելու, որ նման թափանցումներն իրենց ցանկությամբ դառնան իրականություն»։
Հարցին, թե ադրբեջանցին կվերադարձվի՞ Ադրբեջանին, Քոչարյանը պատասխանեց․ «Հոդվածից է կախված, թե ինչ հոդվածով է ինքը մեղադրվում։ Դրանից հետո, բնականաբար, ադրբեջանական կողմի հետ մենք ունենք հնարավորություն՝ խոսելու։ Մենք էլ գերիներ ունենք, իրենք էլ ունեն, վերջին հաշվով, եթե նախորդ դեպքում սպանության դեպք կար արձանագրված, բայց տեսանք, որ այստեղ էլ գերիների փոխանակման հետ կապված գտնվեց իրավական լուծում։ Գերիների հետ կապված էլի լուծումներ կան, եւ ադրբեջանական կողմը, եթե նկատեցիք, մի 10 օր առաջ առաջարկով էր դիմել, որ իրենք էլ մեծ քանակով անհետ կորածներ ունեն՝ 3890 մարդու մասին են խոսում։ Եվ առաջարկել էին, որպեսզի Արցախյան առաջին պատերազմին մասնակցած հրամանատարական կազմը մասնակցի, եւ գտնենք տարբերակ նրանց հուղարկավորության տեղերի մասին, տանք ադրբեջանական կողմին։ Բնականաբար, այդ տարածքները, որտեղ մարտական գործողություններ են եղել, գտնվում են իրենց տնօրինման տակ, բայց իրենք ուզում են նաեւ, որպեսզի աջակցություն ստանան Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից։ Բայց դա էլ հենց հնարավորություն է տալիս, որ պետք է ավելի լայն նայել գերիների եւ անհետ կորածների հարցին։ Մենք էլ ունենք գերիներ, անհետ կորածներ, հիմա էլ գերիներ կան, ես կարծում եմ՝ պետք է խոսենք այդ խնդրի մասին։ Հետոն պետք է ծառայի նմանատիպ խնդիրների լուծման համար»։