Փաշինյանը հաստատեց, որ ռուս սահմանապահները Սյունիքում մանդատ չունեն

  • 18:51 28.02.2024

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ներքին Հանդում ռազմական էսկալյացիայից հետո տարբեր բարձրաստիճակն պաշտոնյաներ հայտարարում էին, որ տվյալ հատվածը հանդիսանում է ռուսական պատասխանատվության գոտի։ Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի իքս տարածք հանդիսանում է երրորդ երկրի պատասխանատվության գոտի։ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում։ Շատ պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ Ռուսաստանի սահմանապահ զորքերն այնտեղ ի՞նչ մանդատով են կանգնած, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա, կոնկրետ ինչ պատասխանատվություն ունեն։ Եվ եթե հնչեցվում է հայտարարություն, որ չկարողացան կանխել, նշանակում, որ իրենց վրա կա՞ր պատասխանատվություն՝ կանխելու, դիմադրելու»։

Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի սահմանապահները խոչընդոտել են  ԵՄ դիտորդական առաքելությա մուտքը Ներքին Հանդ։ «Ուզում եմ հասկանալ՝ մեր երկրի սուվերեն տարածքում մեկ այլ երկիր խոչընդոտում է մյուս երկրի ներկայացուցիչների դիտորդական առաքելությունը։ Այսինքն՝ կառավարությունը Ռուսաստանին, ԵՄ-ին բերում կանգնեցնում է այդտեղ, մեջտեղից դուրս է գալիս, ասում է՝ այստեղ պայմանավորվե՞ք։ Բա կառավարությունը որտե՞ղ է, պետությունն այստեղ գործառույթ ունի, թե՞ ոչ»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ որեւէ մեկը չի հայտարարել, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ «Ինչ վերաբերում է մնացած հատվածներին, հնչել է ահազանգ, եւ այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա նման խոչընդոտ, թե՞ չկա։ Եվ քննության արդյունքներով՝ որոշակի հայտարարություններ կարվեն»,- ասաց Փաշինյանը։

Աննա Գրիգորյանը կրկնեց հարցը․ «Ռուս սահմանապահը, որը կանգնած է Ներքին Հանդում, ի՞նչ մանդատ ունի ի վերջո, եթե հայտնվել են այնտեղ, ինչ-որ պայմանագիր պետք է լիներ, չէ՞»։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շատ իրադրություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան ձեւով են ձեւավորվել՝ ձեզ հայտնի իրադրությունների բերումով։ Եվ ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի։ Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որեւէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաեւ համապատասխան ենթադրություններ»։

f