Փոխվարչապետը թվեր հնչեցրեց․ 3 մլն․ դրամ յուրաքանչյուր արցախցուն, բայց հերթով

  • 19:12 28.02.2024

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու կառավարության ծրագրերին։ Մասնավորապես, նա անդրադարձավ հարցին, որ արցախցիները հայտնի պատճառներով չեն կարողացել բանկային համակարգի նկատմաբ կատարել իրենց պարտավորություններ, շատերը «սեւ ցուցակներում» են, ինչպե՞ս են օգտվելու բնակարանային ապահովման ծրագրից։

«Այո՛, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները նախկին վարկերի հետ կապված ունեն չկատարած պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից բանկային համակարգի համար այդ մարդկանց դարձնում է ռիսկային, եւ նոր վարկերի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում։ Այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացում դիտում ենք որպես կամուրջ։ Հիմնական աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի հաշվով կախված կլինի այն անդամների քանակից, որոնք միասնաբար հանդես են գալիս տվյալ տունը կամ բնակարանը գնելու համար։ Առեւտրային բանկը ֆինանսավորում է համապատասխան չափը՝ շուկայից տունը կամ բնակարանը գնելու համա, հետո գումարի հիմնական մասը, շատ դեպքերում՝ ամբողջ գումարը վճարում է կառավարությունը։ Այնտեղ վերադարձի որոշակի պայմաններ կունենանք, բայց դա կվերաբերի մարդու եւ կառավարության հարաբերություններին։ Այնպես պետք է անենք, որ բանկային համակարգն այդ հարաբերոթյուններում ռիսկեր չունենա»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետն ասաց, որ փորձում են այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ բանկային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան։

Հարցին, թե կա՞ն անհրաժետ քանակի բնակարաններ, որպեսզի ամբողջ պահանջարկը բավարարվի, Խաչատրյանը պատասխանեց, որ չկան։ «Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան, ներառյալ նաեւ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացում այն չափով չեն շրջանառվում պատրաստի տների ու բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինի այդքան մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ։ Դա է պատճառը, որ մենք մտածում ենք որոշակի փուլային իրականացման մասին։ Երկու պատճառ իր հիմքում ունի՝ առաջինն այն է, որ մենք այդպիսով առաջնահերթորեն որոշակի ընտանիքների կտանք ավելի արագ իրենց խնդիրը լուծելու հնարավորություն։ Կառավարության տեսակետն այն է, որ դրանք լինեն առավել մեծ քանակով անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։ Առաջին փուլում երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից։ Եվ երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայման կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա։ Այսինքն՝  հնարավոր է, որ մենք մեծ քանակով պահանջարկ ստեղծելով՝ կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձեւով բարձրանան»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը։ Փոխվարչապետն ասաց նաեւ, որ հանրապետության բոլոր մարզերում չէ, որ աշխատանքի հնարավորությունները մեծ են։ «Կարող ենք միանգամից համաձայնել, որ աշխատելու հնարավորութունը մեծ է Երեւանում եւ Երեւանին սահմանակից մարզերում։ Բայց աջակցության հիմքում ընկած է այն հիմնական մոտեցումը, որ ընտանիքն է ընտրում, թե որտեղ իրացնի իր գնման իրավունքը։ Ընտրությունն ավելի մեծ կլինի, եթե մենք բոլոր մարզերն ենք դիտարկում, մանավանդ, եթե նկատի ունեք, որ որոշակի մարզերում կկիրառենք լրացուցիչ աջակցության միջոցներ»,- նշեց նա։

Պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Արցախցիներին հետաքրքիր է՝ ժամկետ կա՞, ե՞րբ իրենց բնակարանային խնդիրը լուծված կլինի»։

Տիգրան Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ կցանկանային բոլոր բնակարանային խնդիրը լուծել արագ։ «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները կենսականորեն իրենց ապագան Հայաստանի հետ կապեն։ Մենք հիմնական չափանիշ սահմանելու ենք ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը։ Իրենք ունենք այդ իրավունքը՝ դիմել ու ընտրել քաղաքացիություն։ Այս իրավունքը վերցնելով՝ հերթականությամբ ու փուլերով կգնան դեպի  ծրագիր։ Առաջին փուլով շահառու պետք է լինեն երեք եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ Նրանք 4100 ընտանիքներ են, տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում։ Ես մի կարեւոր հանգամանք եմ ուզում պարզաբանել՝ այն բոլոր ընտանիքները, որոնք առաջին տարում հնարավորություն չեն ունենա դառնալ ծրագրի շահառու, մենք իրենց օգնելու ենք, որ կեցության կազմակերպման ծախսերը այդ ժամանակահատվածում շարունակեն կրել կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Կամ, եթե պարզ բառերով ասեմ՝ մինչեւ մարտ ամիսն իրականացնում էինք 40-10 հազար դրամ վարձակալության կամ կեցության աջակցության ծրագիրը, շարունակելու ենք դրա լավարկված եղանակը»,- հավելեց նա։

Նա նաեւ նշեց, որ կառավարությունը նախընտրում է, որպեսզի արցախցիները բնակություն հաստատեն ՀՀ այն բնակավայրերում, որտեղ զարգացման խնդիրներ կան։ Եվ դա արվելու է լրացուցիչ խթաններ կիրառելու եղանակով։ «Որպես օրինակ՝ մենք որոշել ենք, որ մեկ մարդու հաշվով աջակցությունը կլինի 3 միլիոնի չափով։ Մենք եկող շաբաթվա ընթացքում նախընտրելի բնակավայրերի ցանկ կհրապարակենք, ովքեր կորոշեն բնակվել այդ բնակավայրերում, կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ Այստեղ կա երկկողմանի հարց՝ մենք ինչքան հեռանում ենք Երեւանից, այնքան գնվող բնակարանի կամ տան արժեքը կարող է լինել ավելի ցածր։ Մենք հնարավորություն ենք տալու, որ ընտանիքին հասանելի կամ բաժին ընկնող ֆինանսական սահմանաչափը, եթե ամբողջ ծավալով չօգտագործվի տան կամ բնակարանի գնման համար, մնացած մասն ընտանիքն օգտագործի տնտեսական ակտիվ ձեռք բերելու համար, օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողամաս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

 

f