Կարմիրգյուղացի Գեղամ Մանվելյանը այն սերնդից է, ով 4 պատերազմ է տեսել, երևի ճիշտ կլինի ասել վերապրել։ Վերջին երկուսի ժամանակ /2020 թ․ և 2023թ․/ վիրավորվել։ Որպես ծանր վիրավոր տեղափոխվել Երևան, չմտածելով, որ ծնողները, կինն ու երեխաները իր հետևից բռնելու են գաղթի ծանր ճանապարհը։ Ժամանակավոր տեղավորվել են Արագածոտնի մարզի Դավիթաշեն գյուղում։ Այնտեղից բուժման կուրսն անցնելու համար ստիպված է ամեն անգամ հասնել Երևան։
«Ինչպե՞ս եք տեղավորվել» հարցին դառը ժպտալով պատասխանում է՝ դե , ոչինչ, գյուղի հիմնական բնակչությունը 1915 թվի գաղթականների սերունդներ են, իրար լավ ենք հասկանում։
Կարմիրգյուղացի Գեղամի հետ խոսեցինք սեպտեմբերի 19-ի, նրա վիրավորվելու մասին։ Նրա հիշողությունների միջոցով փորձենք հասկանալ այն իրավիճակը, որում հայտնվել էր Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
-Փորձենք վերհիշել սեպտեմբերի 19-ի օրը, որտե՞ղ էիք, ի՞նչ էիք անում, երբ սկսվեց պատերազմը։
-Քանի որ լարվածություն կար, առավոտվանից աշխարհազորայիններն արդեն կանչվել էին շտաբ, ես արդեն շտաբում էի, համապատասխան զենքերը ստացել, սպասում էինք հրահանգներին։ Առաջին իսկ պայթյունից հետո նախ վազեցինք թաքստոցները, հետագա ընթացքից արդեն կախված էին լինելու մեր անելիքները։ Երբ ռմբակոծությունն ավարտվեց, դուրս եկա թաքստոցից ու տեսա, որ գումարտակի հրամանատար Արմեն Սարուխանյանը մեքենայով գալիս է, կանչեց ինձ ու միասին գնացինք դիտարկման կետ։ Այնտեղ նրա հետ կապ հաստատեցին ու հայտնեցին, որ Էլչ կոչվող տեղամասից, որը մայրուղուց դեպի Կարմիր գյուղ թեքվող ճանապարհն է, թուրքերը բարձրանում են դեպի գյուղ։ Այսինքն գյուղից 2 կմ հեռավորության վրա են, բնակչությունն էլ գյուղում։ Նա ինձ հանձնարարեց շտապ գնալ դպրոցի մոտ կայանած ջոկատին վերցնել ու գնալ Հունի վեղ կոչվող տեղամասը, գյուղի պաշտպանությունը կազմակերպելու համար։
Մինչ ես հիշյալ ջոկատի հետ գնում էինք նախանշված տեղը, ճանապարհին ձայներ լսեցի, թեքվեցի ճանապարհից հասկանալու համար, թե ովքեր են, տեսա, որ գյուղի տղաներն են, գյուղի հարավ արևելյան կողմից իջնում են։ Բոլորս միացանք իրար ու հասանք նշված տեղը, արդեն կեսօրվա ժամը 3-ն էր։ Տեսանք, որ թուրքերը առաջանում են, ու մեզանից մի 300 մետր հեռավորության վրա են։ Մեր կրակահերթերից հետո դրանց ընթացքը կասեցվել է, բայց սկսվել է գնդացրից մեր դիրքերի ինտենսիվ ռմբակոծում։
Կապի ոչ մի միջոց չկար, միայն նախամարդուց մեզ հասած ձևն էր, իրար ձեն տալը, դա էլ միշտ չէ որ հնարավոր կամ կարելի էր։ Այդ ընթացքում նկատել եմ, որ թփերի տակ բավական լավ քողարկված, պահկված մեկը կար, ու պարզ էր, որ նա է կոորդինատներ հաղորդում մեզ վրա խփելու համար, սակայն ոչ մի ձև չէր հաջողվում դրան չեզոքացնել։ Ինձ համար արդեն պարզ էր, որ գնալով դրա հաշվարկները ավելի ճշգրիտ են դառնում, արկերն ավելի մոտիկ են ընկնում, և հաջորդները արդեն մտցնելու են խրամատ։ Ես իմ խրամատից դուրս եկա ու շարժվեցի դեպի մյուս՝ կողմը, ձայնեցի Արմենին, որ միասին շրջանցում անենք, մոտենաք դրան ու չեզոքացնենք, հակառակ դեպքում բոլորիս վերացնելու էին։
Եկա հասա երկու խրամատի մեջտեղը, մի երկու անգամ կանչեցի Արմենին, այդ պահին կողքիս արկը պայթեց, ես վիրավորվեցի։ Արտակը ինձ քարշ տալով հասցրեց խրամատ, զենքն ու զրահաբաճկոնս հանեցի, այդ ընթացքում վերևից մեզ մոտեցավ Էրիկը։ Հիմա ինձ դուրս բերելը շատ վտանգավոր էր, կանգնած դուրս գալը անհնար, որոշեցինք փորսող անցնել դիտարկվող մասը ու քանի որ վերքս դեռ տաք էր, ես շատ ցավ չէի զգում։
Ամենահետաքրքիրը էտ դուրս գալու պահն էր, ես ու Էրիկը փորսող գնում էինք, մեկ էլ մեր հետևից Էրիկի շունը վազելով եկավ, դե արդեն թիրախա շունը, մենք էլ հետը, որովհետև մեզ հետ համահավասար քայլում էր։ Էրիկը ստիպված էր շանը վերցնել հետ գնալ, շունը թողնել տղերքի մոտ, ու նորից գալ իմ հետևից։ Հիմա մենք գնում ենք, շունն էլ մեր հետևից հո չի հաչում, վնգստում։ Մի կերպ հասանք գյուղ տանող ճանապարհի անվտանգ հատվածը, հելանք ու արդեն նորմալ քայլքով շարունակեցինք մեր ճանապարհը դեպի գյուղ։
Էրիկը մի կերպ կապվեց բուժքրոջ հետ, որ իջնի բուժկետ։ Այդ ընթացքում շունը վազելով եկավ հասավ մեր հետևից։ Դեռ գյուղ չհասած հանդիպեցինք մեր հարևան Սլավիկին ու մի հոգու հետ, ում Էրիկը ճանաչում էր։ Էրիկը ինձ թողեց նրանց հետ, որ ինձ հասցնեն բուժկետ, ինքը հետ գնաց դիրքեր, տղերքի մոտ։
Երբ հասա գյուղապետարանի մոտ, տեսա որ գյուղի բնակիչները հավաքված են ու մտածում են տարհանվելու մասին։ Մտանք բուժկետ, բուժքույր Արմինեն ցավազրկող սրսկեց, ուսս փաթաթեց, դուրս եկա ու ժողովրդին հորդորեցի անհապաղ դուրս գալ գյուղից, որովհետև պարզից պարզ էր, որ փոքրաթիվ ուժերով դրանց երկար կանգնեցնելը նման հրետանային աշխատանքից հետո անհնար է լինելու։
Մեր տնեցիներին նույնպես հորդորեցի ինձ թողնել գնալ, մտածում էի, այսպես թե այնպես հնարավոր է, որ մի շտապօգնության մեքենա գա, կամ մեկ ուրիշ մեքենայով ինձ տեղափոխեն, կամ էլ եթե նույնիսկ չտեղափոխեն էլ, այդ պահին կարևոր էր, որ երեխաներս դուրս գային, սակայն մայրս ու կինս մնացին անդրդվելի, որ եթե մնում ենք, ապա մնում ենք բոլորը։
Ստիպված էի իրենց հետ ոտքով ճանապարհ ընկնել, համագյուղացիների հետ կլինեինք մի 15 հոգի, կին երեխաներ։ Քանի որ բուն ճանապարհը նորից դիտարկվող էր, ստիպված էինք դուրս գալ անտառային ճանապարհով, Բովուրխանի ստորոտով, Խաչին տակ կոչվող տեղամասով։ Ճանապարհին ինչքան էլ որ հոգնում էի, չէի նստում, որովհետև հենց նստեի, քնով էի անցնելու։ Երեկոյան ժամը 8-ի կողմերը հասանք Քռասնի գյուղ։ Այնտեղ ծանոթ տղաների հանդիպեցի, ովքեր ինձ օգնեցին հասնել գյուղամեջ, ու մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Մտա վիրակապարան, տեսա մեր գյուղից Արմենը նույնպես վիրավոր այնտեղ է։ Հետո պարզվեց, որ ես ոչ միայն ուսից եմ վիրավոր, այլ նաև բեկորը մտել է կոկորդս, ձայնալարերս, շնչափողս վնասվել են, բժիշկներն էլ դեռ փորձում են կապ հաստատել Երևանի իրենց գործընկերների հետ վիրահատության մասով խորհրդակցելու համար։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էինք։ Այս անգամ իմ մարտական ուղին այսքանն էր։
Ու նորից ուզում եմ հիշել Էրիկի շանը, որը մինչև Քռասնի գյուղ պարեկի նման մեզ ուղեկցեց։ Կածանով միաշար քայլում էինք, ինքը առաջ էր ընկնում, հետո հետ գալիս, մինչև շարքի վերջը գնում, կարծես բոլորիս հաշվում, երբ տեսնում էր բոլորս ներկա ենք, կրկին վազում էր առաջ։ Քռասնի գյուղում շունը մեր մոտից անհետացավ, ոչ մեկս չնկատեցինք, ի՞նչ եղավ, մտածում էինք, որ հետ գնացել է Էրիկի մոտ։ Հետո պարզվեց, որ նրանք իրար չեն գտել։ Հաջորդ առավոտյան, երբ գյուղում գրեթե խաղաղ բնակիչ էլ չէր մնացել, տղաները Բովուրխանի լանջերով փորձեցին դուրս գալ, քանի որ թուրքերն արդեն առավոտյան մտել էին գյուղ։ Նրանք չգիտեին, որ Քռասնի գյուղը նույնպես թշնամու վերահսկողության տակ է անցել ու հայտնվեցին շրջափակման մեջ։ Նրանց հաջողվեց դուրս բերել արդեն զինադադարից հետո։
-Ի՞նչ խնդիրներ ունեք այսօր։
-Այն խնդիրները, ինչ ունեն գրեթե բոլոր տեղահանված արցախցիները, իսկ որպես վիրավոր, բոլոր թղթերը պատրաստ են, սպասում եմ հանձնաժողովի որոշմանը, որից հետո պետք է որոշակի վերականգնման կուրս անցնեմ Զինվորի տանը, ձախ ձեռքս գրեթե չի աշխատում։ Բժիշկներն ասել են, որ ձեռքիս խնդիրը վերականգնվող է, պարզապես երկարատև բուժման կուրս է պահանջվում։ Տունը, որտեղ որ մնում ենք, վարձ չենք տալիս, ու ոչ միայն մենք, առհասարակ այդ գյուղում բոլոր արցախցիները, բայց բոլորին ասել են մինչև մայիս, թե ի՞նչ է լինելու մայիսին կամ մայիսից հետո չգիտեմ։
-Շատ է խոսվում արցախցիների Արցախ վերադառնալու մասին, ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ։
-Ես համաձայն եմ հետ գնալ մեր երկիր, բայց մի պայմանով, որ նախ Արցախի սահմանը որոշվի, ոնց եղել է, թուրքը սահմանից էն կողմ, մենք՝ էս, փշալարով սահմանը կապած։ Մեր դիրքերն ու զինված ուժերն էլ կանգած։ Որից հետո կարող են միջազգային խաղաղապահներ էլ գալ, բայց նախ մեր զինված ուժերը պետք է լինի ու հստակեցված սահմանը։ Իսկ 2020 թվականի պայմաններով վերադառնալ, կամ գնալ Ադրբեջանի տիրապետության տակ ապրել, համաձայն չեմ։
-Իսկ եթե ռուս խաղաղապահները երաշխավորե՞ն։
-Ռուսների արածն արդեն տեսել ենք, ես էլ չեմ հավատում դրանց։ 2020 թվականին հավատացել, գնացել եմ, վարկ վերցրել տուն կառուցել։ Համոզված էի, որ մինչև 2025 թվականը ապահով ու անվտանգ կլինենք։ Ու՞ր եմ հիմա․․․
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: