Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով իր եղբոր կնոջ ձերբակալության և Բուլղարիա այցից հետո, կարծես, վերադարձել է թիմ, կրկին ստանձնել է շապիկազուրկ տղայի և Փաշինյանի թիմի «ժողովրդական» խոսնակի դերը։
Փետրվարի 27-ին ճեպազրույցում Սիմոնյանը փաստացի «փակեց» նոր Սահմանադրության ընդունման թեման՝ ասելով, որ այս թեման մտցվել է, որ «մեզ քննադատեն, հարցեր տան, հասկանանք, թե ինչ է մտածում հասարակությունը»։ Նա ասաց, որ ոչ ոք չի խոսում մոտալուտ սահմանադրական հանրաքվեի մասին, և դա կարող է լինել 2030թ.։ Միաժամանակ նա վստահեցրեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, քանի որ իրենք պատասխանատվություն ունեն, և գնալու են «մինչև վերջ»։
Ալեն Սիմոնյանը բացահայտեց «գաղտնիքը». պարզվում է՝ Փաշինյանի թիմը հակազգային թեզեր է մտցնում հանրային դաշտ՝ քննադատության, բողոքի ակցիաների, գուցե նաև արտահերթ ընտրությունների պահանջի ակնկալիքով։ Բայց ամեն անգամ նրանց բախվում են լուրջ բողոքի ակցիաների բացակայություն՝ չեն քննադատվում, չեն հնչում հարցեր և հրաժարականի պահանջներ։ Եվ այս ամենը ստիպված են իրականացնել։
Զարմանալի չէ Փաշինյանի թիմի կեղծավորությունը, բայց թե՛ Փաշինյանի «պողպատի մանդատի» մասին հայտարարությունները, թե՛ Սիմոնյանի, որ իրենք պատասխանատվություն ունեն (ո՞ւմ առջեւ) և գնալու են մինչև վերջ, քանի որ բողոքներ չկան, վկայում են այն մասին, որ Փաշինյանի թիմը պատրաստվում է պետության հանձնման վերջին ակտին՝ նախապես պատասխանատվությունը դնելով հասարակության վրա։ Քանի որ հասարակությունը չի բողոքում, դա նշանակում է, որ այն տենչում է պետականության կորուստը, և մենք դա կտանք հասարակությանը ու կգնանք մինչև վերջ։
Հասարակությունը, ըստ սահմանման, չի կարող հարցեր տալ, դրա համար հասարակությունը ստեղծում է քաղաքական և հասարակական ինստիտուտներ, որոնք կոչված են արտահայտելու հասարակության տարբեր կատեգորիաների կարծիքները: Սակայն վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական և հասարակական կազմակերպությունները արտահայտել են ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ օտարերկրյա հովանավորների կարծիքը, հիմնականում Ռուսաստանի, որին բացահայտորեն միացել է Թուրքիան։ Եվ քանի դեռ Փաշինյանի կառավարությունը համառորեն իրականացնում է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու ռուս-թուրքական ծրագրերը, Հայաստանում քաղաքական գործիչները Փաշինյանի հրաժարականի պահանջ չեն առաջադրի։
Այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքն է լինելու, սակայն Արմեն Ռուստամյանն արդեն զգուշացրել է, որ դա լուրջ չի՝ “այս հարցում համահայկական ճակատ չի հաջողվել ստեղծել”։ Չի հաջողվել, քանի որ ձեզ չեն հավատում, ինչպես որ Փաշինյանին չեն հավատում։ Ուստի, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում, ստիպված են լինելու գնալ մինչև վերջ։
“Վերջը”՝ Երևանի կենտրոնն է։ Կոնդն արդեն սկսել է պատրաստվել որպես ապագա «տուրիստական մշակութային կենտրոն»։ Հիշեցնենք, որ 2022-ին Բաքուն հայց էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ պահանջելով Երևանի Կոնդ թաղամասը պահպանել որպես «ադրբեջանական մշակութային և պատմական ժառանգություն»։ Մինչ բնակիչները “բազար կանեն” քառակուսի մետրի գնի մասին, Կոնդում որպես “բարի կամքի եւ խաղաղության դրսեվորում” մզկիթներ ու այլ շինություններ կվերականգնվեն։