ԱՄՆ եւ Եվրամիության երկրները շտապեցին հերքել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ Արեւմուտքը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այսինքն, շտապեցին Ռուսաստանին հավաստիացնել, որ դա բացառվում է։ Թվում է՝ Մակրոնի հայտարարությունը կարելի էր օգտագործել Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար, քանի որ բոլորին, այդ թվում հատկապես ՌԴ վերնախավին պարզ է, որ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի լուրջ մատակարարումների ու ռազմական վճռական միջամտության պարագային Ռուսաստանը կպարտվի՝ այդ երկրի հետագա փլուզման հեռանկարով։ Հաստատվել են ինսայդերական տեղեկությունները, որ 2023-ի գարնանը՝ ուկրաինական հակահարձակման նախօրեին ռուսական վերնախավում իսկական խուճապ էր տիրում, քանի որ ակնկալվում էր Արեւմուտքի վճռական դիրքորոշումը։
Սակայն դա ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ կտրուկ նվազեցվեց ռազմական օգնությունն Ուկրաինային, իսկ ԱՄՆ Կոնգրեսում Կիեւին օգնության շուրջ ծավալվող կրկեսը լրացուցիչ փաստարկ դարձավ ռուսների համար։
Մակրոնի հայտարարությանը ԱՄՆ եւ Եվրամիության առաջնորդների արձագանքը լիովին պարզում է իրավիճակը՝ ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին պետք չէ ՌԴ փլուզումը, առաջնահերթություն է համարվում միջուկային գլոբալ անվտանգությունը։ Այսինքն, համարվում է, թե ՌԴ փլուզման պարագային մի կողմից հնարավոր է միջուկային զենքի կիրառում, մյուս կողմից՝ այն կարող է հայտնվել «անկանխատեսելի» ձեռքերում։ Հիշվում է՝ Արեւմուտքը նման դիրքորոշում ուներ նաեւ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում եւ փորձում էր ամեն կերպ կանխել այդ փլուզումը։
Հայկական այսպես կոչված քաղաքական «վերնախավերը» եւ մեդիա-քաղաքագիտությունը համոզված են, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից եւ փլուզել այդ երկիրը։ Եվ որ դրա գինը Արցախն էր։ Մանր կրպակավարական այս մտածողությունը որեւէ կերպ չի հաղթահարվում, նույնիսկ ներկայում, երբ ամեն ինչ մակերեսին է։ Գուցե արժե՞ փորձել փոքր ինչ նեղություն տալ ինքզինքը եւ խնդրին մոտենալ հակառակ կողմից՝ իսկ գուցե ողջ Հայաստա՞նն է Ռուսաստանի ներկայությունը Կովկասում ձգձգելու գինը։
Մակրոնը փորձում է հանդես գալ արմատական-սկզբունքային դիրքերից, այդ թվում Արցախի հարցում։ Խնդիրը նրա մոտիվացիան չէ, այլ քաղաքական իրողություններին համարժեքությունն ու դրանք օգտագործելու հմտությունը, ինչն իսպառ բացակայում է երեւանյան «իսթեբլիշմենթում»։ Դա է Հայաստանի վերացման հարցում ներքին ու արտաքին կոնսենսուսի հիմքը։
Ներկայում կարծես թե ձեւավորվում է հարթակ, որտեղ քննարկումներ են ծավալվում հիմնարար խնդիրների շուրջ։ Իշխանական ու «ընդդիմադիր» նոմենկլատուրայի ներքին կոնսենսուսից դուրս գործող անհատների ու խմբերի այս փորձերը կարող են հանրությանը հանել թմբիրից ու դեբիլացնող քարոզչության ճիրաններից։