Արցախցիների ներկայացուցիչները մարտի 1-ին հրավիրվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկման։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ենթադրվում է՝ քննարկման թեման արցախցիներին բնակարանով ապահովելու հարցն է։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արդեն ներկայացրել է բնակապահովման ծրագրի նախնական բովանդակությունը։ Արցախցիներից շատերը դժգոհ են կառավարության առաջարկած լուծումներից։
Լեւոն Հայրյանը նշեց, որ կառավարությունը փորձում է ոչ թե արցախցիների բնակարանային հարցերը լուծել, այլ խույս տալ պատասխանատվությունից։
«Ես հավանաբար կոչ կանեմ, որպեսզի արցախցիները հրաժարվեն այդ ծրագրից, որովհետեւ դրանով ոչ մի հարց չի լուծվում։ Մարդկանց երկարատեւ ժամկետով կապում են թշվառության հետ։ Չեն ուզում նույնիսկ պատասխանել այն հարցին, թե մեկ կամ երկու հոգանոց ընտանիքների համար ի՞նչ են առաջարկում։ Եթե նրանք ասում են, որ պետության առաջ ֆինանսական դժվարություններ կան, ես արդեն ասել եմ, որ այս նույն կառավարությունը նախորդ երկու տարիների ընթացքում 210 մլրդ դրամ փոխանցել է Արցախում բնակարանային շինարարության համար, եւ այդ գումարները փոշիացվել են։ Մենք նաեւ տեսնում ենք, որ կառավարական պարգեւավճարների համար փողեր ճարվում են, բայց արցախցիների համար չեն ճարվում։ Այն արցախցիների, որոնց այսօրվա վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։ Այսինքն՝ ով ուզում է լուծում գտնել, լուծում է գտնում, ով չի ուզում լուծում գտնել, պատճառ է գտնում»,- ասաց նա։
Ըստ Լեւոն Հայրյանի՝ քննարկումների ժամանակ իրենք բարձրացրել են հարցը, որպեսզի բռնի տեղահանված արցախցիների համար ավաններ կառուցեն։ Բայց փաստորեն կառավարությունը որոշել է գնալ բնակարանների գնման վկայագրեր հատկացնելու ճանապարհով՝ փուլային եղանակով։
«Ոչ մի ամոթալի բան չկա, եթե չես կարողանում ժողովրդին պահել, կարող ես դիմել ՄԱԿ-ին եւ ասել՝ այս ժողովրդին չեմ կարողանում իմ տարածքում պահել, տեղափոխեք։ Բայց Եվրոպայում պարծենաս, որ 100 հազար փախստական ես տեղավորել առանց վրանային ճամբարների ու այսօր ասել՝ հնարավորություն չունենք ձեզ պահելու, դա արդեն երեսպաշտություն է։ Այս որոշումն այնքան հեռու է մեր իրական հարցերը լուծելուց, որ, կրկնում եմ, ես կոչ եմ անելու Արցախի ժողովրդին, որպեսզի չօգտվեն դրանից։ Կառավարությունից պահանջելու ենք, որ կա՛մ մեզ նորմալ տեղավորի, կա՛մ էլ դիմի ՄԱԿ-ին, ասի՝ այս փախստականներին այստեղից տարեք մեկ ուրիշ երկիր։ Մենք իրենց հոյակապ առաջարկ ենք անում՝ սոցիալական տներ կառուցեք, բավարարեք մեզ, երբ մենք կվերադառնանք Արցախ, որը մեր բոլորի ցանկությունն է, այդ տները կմնան այստեղ՝ որպես ազատ բնակֆոնդ»,- հավելեց Հայրյանը։
Նա անդրադարձավ նաեւ այն դրույթին, որ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է պարտադիր ՀՀ քաղաքացիություն ստանան։ «Մեզ ստիպում են քաղաքացիություն ընդունել, այդ թշվառ որոշումը կկապեն գլխներիս, հետո փողերը ձեռքներիցս կվերցնեն։ Ոնց որ երեխային խաբես, կոնֆետ տաս, բերես տուն, կոնֆետը ձեռքից խլես։ Փող են տալիս, այդ փողի միջոցով ստիպում են մեզ, որ քաղաքացիություն ընդունենք, հետո ասում են՝ այդ փողը պետք է 5 տարի հետո վերադարձնես։ Այսինքն՝ իրենց նպատակը մեզ ստիպողաբար քաղաքացի դարձնելն է։ Դրանով դրսի առաջադրանքն են կատարում։ Նպատակը արցախահայության պահանջներն Արցախի նկատմամբ ջնջելն է, չկա արցախցի, չկա Արցախի պահանջ։ Ալիեւի ու Պուտինի առաջադրանքն է»,- նշեց Լեւոն Հայրյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: