ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին լրագրողները հարցրին՝ ինչպես են ռուս սահմանապահներն առանց իրավական հիմքի ու մանդատի տեղակայվել Սյունիքի մարզում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էր երեկ հայտարարարել, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի։
«Դուք երեւի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո ռուսական կոնտինգենտը շարժեր է ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծեն։ Իրավիճակով պայմանավորված, այո՛, այդպես է եղել։ Բայց հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի այդ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի եւ որտեղ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ Ներքին Հանդում տեղակայված ռուսները սահմանապահներ են։ «Այո՛, 2021 թվականին, իրավիճակով պայմանավորված, իրենք եկել տեղակայվել են այնտեղ՝ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար։ Դա այն ժամանակ պետք է եղել։ Նաեւ Գորիսում է տեղակայում եղել, որը պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե ի՞նչ գործառույթ են իրականացնում ռուսները հիմա Սյունիքում, Արմեն Խաչատրյանը կրկնեց, որ 2020 թվականի պատերազմից հետո տեղակայումն իրականացվել է զուտ անվտանգային նպատակներով։ «Բայց թե իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են, թե չեն կատարել, սա արդեն ուրիշ հարց է»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: