Ահա թե ինչ է Եվրախորհրդարանն առաջարկում արցախցիներին

  • 15:01 29.02.2024

Եվրոպական խորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ու կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցն ընդգծում է հայկական մշակութային, պատմական եւ կրոնական ժառանգության պաշտպանության կարեւորությունը՝ պահանջելով պաշտպանել դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

Եվրախորհրդարանականները զեկույցում նշել են, որ Բաքուն խախտել է միջազգային եւ մարդու իրավունքները, ափսոսանք հայտնել, որ խախտել է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ  և ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում ստանձնած պարտավորությունները։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական երկխոսությունն առաջընթացի միակ կայուն ճանապարհն է և կոչ է արվում ԵՄ-ին ու նրա անդամ պետություններին աջակցել նման ջանքերին», – ասված է զեկույցում, որն ընդգծում է, որ արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղությունը, որը պահպանում է երկու երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, կայունության նախապայմանն է։

Զեկույցը նախազգուշացնում է, որ ուժի կիրառմամբ և հարևան երկրների տարածքային ամբողջականության խախտմամբ նպատակներին հասնելու ցանկացած ջանք պետք է արժանանա ԵՄ-ի և միջազգային հանրության վճռական պատասխանին։ Կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը (EUMA) ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին,  աջակցություն ցուցաբերել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմաններից դուրս նրա անվտանգության տարածքը ընդլայնելու նպատակով։

f