Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները

  • 18:10 29.02.2024

2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ խաղաղություն գտնեն: Ճանապարհի յուրաքանչյուր մետր նշանակություն ունի»,- գրել է Բերբոքը։