Հայրիկյան․ Ուղիղ մեկ շաբաթ հետո մենք դատախազության դիմաց պահանջելու ենք Նիկոլին ձերբակալել

  • 18:39 29.02.2024

«Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի»,- «Ազատության» հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա համախմբվելու կոչ արեց՝ այսօրվա մարտահրավերին դիմակայելու համար։ «Միայն այստեղ հավաքվածները եւ նրանց համակրած քաղաքական ուժերը չէ, որ հասկանում են Նիկոլի վնասակարությունը։ Մենք տարբեր քաղաքական ուժերով պիտի հայտարարի գանք։ Բոլոր քաղաքական ուժերը թող իրենց փեշերից քարերը թափեն եւ հասկանան, որ այսօր մենք հրատապ խնդիր ունենք։ Մի կանգնեք մի կողմ ու թամաշա արեք, սա բոլորիս պարտականությունն է»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ծրագիրը նպատակաուղղված է ավելի մեծ քանակությամբ մարդկային ուժեր հավաքելուն, որպեսզի աշխարհի համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանն իր արատավոր դրսեւորումներով հայ ժողովրդին չի ներկայացնում։ «Նախորդ հանարահավաքում բաժանվեց փաստաթուղթ՝ 100 պատճառ, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց այդ 100 պատճառներից նույնիսկ 5-ը բավական է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը բանտ տարվի։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան կորուստներ ու չարիք պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հայտարարեց Հայրիկյանը։

Նա հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները 4 տարի ստացել են բարձր աշխատավարձ, բայց բարեփոխումները չեն արվել։ Ըստ Հայրիկյանի՝ սա կոռուպցիոն հանցագործություն է։ Տասներկու կուսակցություններ այս մասին հայտարարություն են ներկայացրել Գլխավոր դատախազին։ «Ուղիղ մեկ շաբաթ հետո ժամը 4 անց կես մենք դատախազության դիմաց պահանջելու ենք Նիկոլին ձերբակալել, տանել դատարան ու կալանավորել»,- ասաց նա։

f