Արցախյան մշակույթի պահպանման հեռուստամարաթոն. մարտի 23

  • 19:23 29.02.2024

Արցախյան մշակույթը, որպես հայ դարավոր մշակույթի բաղկացուցիչ մաս, կանգնած է ոչնչացման իրական վտանգի առաջ։

Այս մշակույթի անմիջական կրողները արցախյան ստեղծագործական խմբերն են, որոնց միջոցով պետք է պահպանվի Արցախի մշակութային ու պատմական ժառանգությունը։

Չի կարելի թույլ տալ, որ լուծարվեն պատմական այս դժվարին ժամանակաշրջանում ստեղծված Արցախի ստեղծագործական խմբերը։ Եվ հենց այդ նպատակով է ստեղծվել «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել և ապահովել Արցախի ստեղծագործական խմբերի հետագա գործունեությունը, արցախյան մշակույթի ակտիվ ներկայացումը արտերկրում։

«Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը» հարթակ է, որտեղ համախմբվում են Արցախի պետական ​​և սիրողական բոլոր ստեղծագործական խմբերը։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնին աջակցելու նպատակով կկազմակերպվի հեռուստամարաթոն։

«Կոչով դիմում ենք Հայաստանի և արտերկրի բոլոր հիմնադրամներին, կազմակերպություններին ու հասարակական գործիչներին, բոլորին, ովքեր միշտ եղել են Արցախին մոտ և կարծում են, որ Արցախի հարցը փակված չէ։ Մասնակցեք հեռուստամարաթոնին և ձեր անձնական ներդրումն ունեցեք ազգային գործին։ Դարձեք արցախյան մշակույթի փրկիչներից մեկը։ Հավաքված միջոցները կուղղվեն Արցախի ստեղծագործական խմբերի զարգացմանը և նրանց միջոցով՝ արցախյան մշակույթի պահպանմանը։ Միջոցները կուղղվեն օկուպացված Արցախում մնացած մշակութային և պատմական ժառանգության ցուցահանդեսների կազմակերպմանը, զեկույցների պատրաստմանը, ղարաբաղյան բարբառի պահպանմանը։ Կհատկացվեն նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում մշակութային և կրթական աշխատանքներին։

Արդյունքում կպահպանվեն Արցախի ստեղծագործական խմբերը, աշխատանքով կապահովվեն արցախցի 500 փախստականներ՝ մշակույթի գործիչներ։ Մեր կազմակերպությունը կնպաստի Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանը և արցախյան հիմնախնդրի առաջմղմանը արտերկրում։

Հեռուստամարաթոնը կանցկացվի մարտի 23-ին ուղիղ եթերում»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Ապրես Մարգարյանը։

Արսեն Աղաջանյան

f