Աննա Այվազյան․ «Պետք է աշխատի ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը՝ նոր որոշումներով, նոր միջազգային խաղաղապահներով, կարգավիճակով»

  • 20:50 29.02.2024

«Մենք, Նիկոլ, քեզնից ենք պահանջում մեր թողածը Արցախում։ Արցախի ամեն թիզ հողի վրա արյուն է թափված, ո՞ւմ ես դու տալիս այդ հողը, իսկ մեզ տալիս 3 մլն դրամ։ Սա ի՞նչ խաբկանք է, ո՞ւմ տեղն ես դու դրել արցախցուն։ Արցախցին պիտի հետ վերադառնա»,- «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց արցախցի Աննա Այվազյանը։

Նրա խոսքով․ «Պետք է աշխատի ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը՝ նոր որոշումներով, նոր միջազգային խաղաղապահներով, Արցախի կարգավիճակը հաստատելով։ Այն ժամանակ արցախցին կգնա այնտեղ եւ կդառնա իր հողի ու երկրի տերը։ Սա պիտի լինի մեր պահանջը ազգովի։ Կռվով լինի, խելքով լինի, զենքով լինի, մենք հասնելու ենք մեր նպատակին։ Արցախը մերն է եւ մերն էլ մնալու է։ Իշխանիկներն ասում են՝ Արցախի հարցը մեռած է, այլեւս չկա։ Ղալաթ են անում, որտեղ արցախցի կա, այնտեղ Արցախ կա։ Այս իշխանիկներին մենք դատելու գործ ունենք, եւ պետք է դա միասին անենք»,- հայտարարեց նա։

Աննա Այվազյանը նաեւ ասաց, որ արցախցիների անունից պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերքի իր արած հայտարարությունը, թե «Արցախը Ադրբեջան է»։ «Պահանջում ենք հանդես գա հեռուստատեսությամբ եւ հերքի իր ասածը, Արցախը երբեք Ադրբեջան չի եղել եւ չի լինելու, Արցախը հայկական է, Հայաստանինն է, արցախցունն է»,- նշեց նա։

 

f