Շահրամանյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանություններն ուզում են փակել Արցախի հարցը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե։

Մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում Սամվել Շահրամանյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչո՞ւ է հրավիրվել հարցաքննության։

«Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի՝ որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, ծանուցման մեջ նշված է, որ իրենք ստացել են իմ՝ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը։ Դրանում ես նշել եմ, որ սոցիլական ցանցերում տեղեկություններ են տարածված, որ Արցախի որոշ պաշտոնյաների կողմից դրսեւորվել են խախտումներ, հիմնականում ֆինանսական ոլորտում։ Եվ ես խնդրել եմ այդ հաղորդագրություններն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդագրություն եւ ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այդ ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ, եւ դրա շրջանակներում ես որպես վկա՝ հրավիրվել եմ հարցաքննվելու»,- ասել է Շահրամանյանը։

Ըստ նրա՝ իր համար շատ կարեւոր է ստանալ այդ հարցերի պատասխանները։ Եվ եթե կան մեղավորներ, անպայման պետք է պատժվեն։

Անդրադառնալով իր անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությանը՝ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ես կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին՝ շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանեիելյանին ազատ արձակելու հարցը, որովհետեւ այդ գործը շինծու է։ Բոլորս ականատես ենք եղել։ Հարցեր են առաջացնում նաեւ ձերբակալության օրինաչափության վերաբերյալ։ 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝ դա մեծ հարցեր է առաջացնում։ Եվ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները»։

Սամվել Շահրամանյանը հավելել է․ «Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն, ինչ կապված է Արցախի հետ, կափարիչ դնեն դրա վրա եւ փակեն այդ հարցը։ Բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ՝ Արցախի խնդրի լուծման համար, արցախցիների խնդիրների լուծման համար։ Մինչեւ այդ հարցը չստանան  արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արյունահոսելու է»։

“Բլինքենը դեռ հավատում է, որ խաղաղությունը մոտ է”

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է, և երկու երկրների ղեկավարներին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նա կոչ է արել հարթել դեռևս առկա մի քանի խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը մոտ է, և նա դա քննարկել է անմիջապես այդ երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել է նրանց համագործակցել՝ կամրջելու մնացած ընդամենը մի քանի հարցերը։ Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի», – ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Նա նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը Մյունխենի համաժողովի շրջանակներում։

«Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար», – նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ: Հանդիպումից հետո Փաշինյանն արձանագրել էր, որ կողմերը հավատարիմ են մնում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այնուհետև՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։

Վանդալիզմ Քարվաճառի Ծար գյուղում

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհն են։
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը: Համաձայն այդ հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրում վերջիններս ներկայացվում են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները․ հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները:

Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում քանդվել են նաև մինչև 1993 թվականը տեղի թրքացած քուրդ ընտանիքի կողմից արված կցակառուցումները: Այդ մասին հայտնում է «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ֆրանսիան «Դիմադրության» կոչ է անում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում Բաքուն և Մոսկվան ակտիվորեն դուրս են մղում Հայաստանի, այդ թվում՝ Արցախի շուրջ բանակցություններից, Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Փարիզ՝ ֆրանսիական դիմադրության հերոսներից մեկի՝ Միսակ Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի աճյունները ֆրանսիական պանթեոնում վերաթաղելու համար։

Հրավերի առիթը չափազանց թափանցիկ է, իսկ ծածկագիրը՝ «դիմադրություն»: Փաշինյանին «ձեռքերը պարզած» իշխանության բերածների հիմնական նպատակը՝ հայկական դիմադրության ու նման իրավունքից հրաժարվելն էր։ 2020 թվականից Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մտադիր չէ դիմադրել և պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, որպեսզի ստիպված չլինի դիմադրել։

«Դիմադրությունը» զենք չէ, այլ իրավունք և վճռականություն՝ իրացնելու այդ իրավունքը։ Հայաստանի իշխանությունը, որին աջակցում է հավասարապես կոլաբորացիոն ընդդիմությունը, հրաժարվում է իր բոլոր իրավունքներից՝ հողի իրավունքից, որպես բնիկ ժողովրդի՝ սեփական հողում ազգահին պետականություն ունենալու իրավունքից, ազգային իղձեր ու նպատակներ ունենալու իրավունքից։

Դիմադրության հերոսին հարգելու համար Փաշինյանին Փարիզ հրավիրած Մակրոնը Հայաստանին դիմադրելու կոչ է անում. դիմադրության բացակայությունն ուղղակիորեն հանգեցնում է ազգային պետականության կորստի, և նման ճակատագիր է սպասվում Հայաստանին, որը 2018 թվականից ի վեր պարզած ձեռքերը չի իջեցնում, որ զենք բռնի։ Իզուր չէ, որ Հայաստանի թշնամիները վախենում են ոչ թե հայկական զենքից, այլ ռեւանշից։

«Այսօր, այս օրը Միսակը կնոջ՝ Մելինեի հետ կմտնի Պանթեոն (…): Սա նաև ճանաչում է ֆրանսիացի ժողովրդին հայերի ներդրած ավանդի, Դիմադրության ոգու և հանուն ազատության պայքարի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Փաշինյանը հուսահատորեն ամբողջ ուժով է Դիմադրության ոգին։

Այցի ընթացքում նա հանդիպել է նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին միաձայն ընդունված բանաձևի համար, որը, ինչպես նշված է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, «աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը»։ Սենատի բանաձեւի այլ դրույթներ Փաշինյանը չհիշատակեց։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին Սենատը կողմ քվեարկեց մի բանաձևի, որում դատապարտում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումը Ադրբեջանի կողմից, Բաքվից պահանջվում է ազատ արձակել ձերբակալված «քաղաքական առաջնորդներին», ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը՝ «Ադրբեջանի հետ հարաբերությունների ամբողջական վերանայման» համար՝ ներառյալ պատժամիջոցների սահմանումը։

«Դիմադրությունն անիմաստ է»՝ դա է Փաշինյանի իշխանության հավատալիքը։

Դե, եթե Հայաստանը ճանաչում է․․․ Մակրոնը չհիշատակեց գլխավոր սկզբունքը

«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցների հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաեւ Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ մեկ վիրավոր։ Ֆրանսիան կշարունակի աջակցել կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրան կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որը վերաբերվում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանազատման եւ սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանից երկուստեք ուժերի հետքաշման համար։ «Ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին եւ խաղաղության ձգտումներին»,- ասաց Մակրոնը։

«Մենք նաեւ կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։ Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից եւ ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն»,- հավելեց նա։

Մակրոնը նաեւ ասաց, որ կշարունակեն Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար։ Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր աշխատանքը՝ չցանկանալով որեւէ էսկալյացիա։ Ֆրանսիան նաեւ շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի եւ ԼՂ փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրո օգնություն»,- հավելեց Մակրոնը։

Երեք հիմնարար միջազգային սկզբունքներից նա հիշատակեց միայն մեկը՝ տարածքային ամբողջականությունը։ Մակրոնը “մոռացավ” այս աշխարհակարգի երկու այլ, գլխավոր սկզբունքները՝ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։ Դե, իհարկե, եթե Հայաստանը «ճանաչում է, որ իր զինվորը իրավունք չուներ կրակել, Ֆրանսիայի նախագահը ինչո՞ւ պետք է անօրինական ճանաչի Հայաստանի դեմ ուժի կիրառումը»։ 

Այս մարդկանց հարցերին ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում

Արցախցիները պատրաստվում են սեպտեմբեր ամսվա չստացած թոշակների հարցով դիմել դատարան։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի պահեստազորի սպա Արթուր Ստեփանյանը։

«Սեպտեմբեր ամսվա իրենց թոշակները չստացած արցախցիները հավաքվելու են, պատրաստվում ենք դատարան հայց ներկայացնել, որպեսզի հասկանանք՝ մեր թոշակներն ի՞նչ են եղել։ Մենք չգիտենք՝ Արցախի իշխանությունների մոտ է խնդիրը, թե՞ Հայաստանի։ Արցախի իշխանություններն ասում են՝ մենք այդ գումարը եւ ձեր անուններով ցուցակը փոխանցել ենք Հայաստանի իշխանություններին։ Ուզում ենք հասկանալ՝ որտե՞ղ է այդ խնդիրը թաքնված»,- ասաց նա։

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ արցախցիները մի շարք խնդիրներ ունեն Հայաստանում, օրինակ, զոհվածների ընտանինքերը մինչեւ օրս Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու չեն դարձել, 2020 թվականի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված արցախցիները չեն ստանում իրենց սոցիալական աջակցության գումարները։ Բայց այս հարցերի վերաբերյալ պարզաբանում չեն ստանում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի կառավարությունների պաշտոնյաներից։

«Ինչ հարցով դիմում ենք Արցախի իշխանություններին, ասում են՝ ոչ մի լիազորություն չունենք։ Բայց պարզվում է, որ իրենք նախագահ են, պատգամավոր են, հավաքվում են Արցախի ներկայացուցչությունում։ Ինչո՞ւ են հավաքվում այնտեղ, եթե ոչ մի հարց չեն կարողանում լուծել»,- նշեց նա։

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ զարմանալի է, որ Արցախի իշխանությունները ասում են, թե լիազորություններ չունեն արցախցիների խնդիրները լուծելու համար։ «Իրենք այնպես են ներկայացնում, որ անգամ քննարկումներ էլ չեն իրականացնում Հայաստանի իշխանությունների հետ։ Մեզ այնպես են ներկայացնում, որ Հայաստանի իշխանություններն իրենց չեն էլ ընդունում, կապի դուրս չեն գալիս։ Ամեն անգամ մեզ այս պատասխանն են տալիս»,- հավելեց նա։

Հարկայինը հետ քաշվեց․ Մարդկանց սթրեսի ենթարկելու կարիք չկա, արտագնա աշխատողների նկատմամբ վարչարարարություն դեռ չի կիրառվի

Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման հարցին։

Նրա խոսքով՝  երբ իրենք, ԱՊՀ-ի շրջանակներում, 2020թ.-ին միացել են պայմանագրի և անցած տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով գալիս է ՀՀ քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, իրենց որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։

«Բայց քանի որ արդարացիության մասով հարց է բարձրացվել, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների եւ որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ: Այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության հետ  քննարկում ենք սկսել, թե ինչ անել այն իրավիճակում, որ օրինակ, կարող է եկամտահարկի չափը 13 տոկոս է, բայց այլ վճարներ են եղել: Հանգիստ կքննարկենք այս ամենը:

Հետեւաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա»,- ասաց Բադասյանը:

Նա պարզաբանեց, որ եթե դու եկամուտ ստանալու երկրում վճարել ես որոշակի հարկ, ապա քո երկրում վճարելու ես միայն տարբերությունը, ոչ թե ամբողջ դրույքաչափի մասով:

Բադասյանը նշեց, որ հիմա փոխվել է այն, որ 2022-ից սկսած Հայաստանը ԱՊՀ երկրներից սկսել է ստանալ տեղեկություններ, թե ՀՀ քաղաքացիներն այդ երկրներում ինչ եկամուտ են ստացել եւ ինչ դրույքաչափով են հարկվել:

Ըստ նրա՝ ֆիսկալ առումով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, այնպիսի գումարի մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական գումարներ է կուտակելու։

ՊԵԿ նախագահը հավաստիացրեց, որ քանի դեռ հարցը քննարկում են, այդ ընթացքում որեւէ արգելադրման, հետագա վարչարարության հետ կապված գործողություններ չեն կատարվի:

Ինչ է անում Ռուսաստանը Ներքին Հանդում. ԵՄ դիտորդները մի կողմ են թողել պայմանականությունները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ իրենց առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում։

Նա անդրադարձել է ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ չթույլատրելու՝ ՌԴ հիմնավորումներին. «Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված։ Այս հարցը պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում, նշված հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուսական ուժերի հետ»։

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի շրջանում Բաքվի սադրանքից հետո, որի ժամանակ սպանվեց 4 հայ զինվոր, հայկական կողմը պաշտոնապես մեղադրանք չներկայացրեց ռուսական զորքերի դեմ։ Եղան ոչ պաշտոնական ակնարկներ, սակայն դրանց Մոսկվան արձագանքեց հայտարարությամբ, որ ՀԱՊԿ զորքերը պատրաստ են մշտադիտարկում իրականացնել «հայ-ադրբեջանական սահմանին», իսկ Բաքուն ուղիղ մեղադրեց եվրոպացի դիտորդներին։

Պաշտոնական Երևանի լռությունը և ՀԱՊԿ-ի քողի տակ Հայաստանի սահմաններին ռուսական զորքերի հայտնվելու հեռանկարը՝ եվրոպական առաքելության հետ կանչելու հետ մեկտեղ, ըստ երևույթին, ստիպեցին եվրոպացի դիտորդներին դեն շպրտել բոլոր դիվանագիտական պայմանականությունները և ուղղակիորեն մեղադրել ռուսական կողմին բախումներ հրահրելու մեջ։

Սրանից հետո Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց. «Գիտեք, որ վերջին միջադեպը Ներքին հանդ գյուղի ուղղությամբ… ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, մուտք ունի միայն Ռուսաստանի Դաշնությունը և նա է ներկա այնտեղ. Ռուսաստանը չկարողացավ կասեցնել միջադեպը»:

Կրկին նույն հռետորաբանությունը, ինչ Արցախում ռուս «խաղաղապահների» առնչությամբ. Ռուսաստանը «չկարողացավ»։

Եթե ​​Ռուսաստանը, որը 2020 թվականին լկտիաբար յուրացրել է խաղաղապահ մանդատը, «չի կարող», ապա հայկական կողմը, որպես Եռակողմ հայտարարության ստորագրող, պարտավոր է արձանագրել դա և պահանջել մանդատի վերանայում։ Բայց պաշտոնական Երեւանը ոչ միայն կասկածի տակ չի դնում ռուսական զորախումբը Արցախ մտցնելու սկզբնական նպատակները, այլեւ նշում է, որ ռուսական զորքերը «չկարողացան» կասեցնել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը։

Ի՞նչ են անում ռուսական զորքերը Սյունիքի մարզում. ի՞նչ մանդատի տակ են նրանք այնտեղ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ։ Հաջորդ միջադեպի համար հող է նախապատրաստում, որ ռուսները նորից “չկարողանան”։

Մոսկվայում ձերբակալված և Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցին ազատ է արձակվել

Փաստաբանը հայտարարել է ֆիթնեսի մարզիչ Քամիլ Զեյնալիին Մոսկվայում կալանքից ազատելու մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստաբանի խոսքով՝ նախկինում կալանավորված Զեյնալին ազատ է արձակվել Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության աջակցությամբ։ Նա այսօր կվերադառնա Բաքու։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի առավոտյան Զեյնալին սոցցանցում հայտնել էր, որ իրեն տարել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանական բաժանմունք, երբ պատրաստվում էր վերադառնալ Բաքու։ Զեյնալիի խոսքով՝ իրեն կալանավորել են Հայաստանի պահանջով։
Ավելի ուշ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին սպանության համար միջազգային հետախուզման մեջ է։ Հաղորդվում է, որ ֆիթնես մարզիչը կասկածվում է 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց Լեռնային Ղարաբաղի բնակչին գլխատելու մեջ։

Շահրամանյանին մեքենաների համա՞ր են հրավիրել, թե՞ փետրվարի 20-ի ակտիվության

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր են ուղարկել՝ առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալու պահանջով։

«Բայց ոչ Սամվել Շահրամանյանի կողմից իրականացրած արարքի կասկածի հիման վրա, այլ համացանցում բոլորս էլ տեսել ենք, որ մամուլում եղել են հրապարակումներ Արցախում մեքենաների, գումարների յուրացման վերաբերյալ։ Սամվել Շահրամանյանն այդ ամենի մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե»,- Ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի բակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպանը:

«Այսինքն ոչ թե Սամվել Շահրամանյանի կասկածվում է ինչ-որ կոռուպցիոն հանցագործության մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ նա համապատասխան հաղորդում է ներկայացրել:

Սա առաջին դեպքը չէ, որ Սամվել Շահրամանյանին կանչում են հարցաքննության, 1,5-2 ամիս առաջ եւս հրավիրվել է ՔԿ եւ հարցաքննվել: Սա երկրորդ դեպք է, երբ իր իսկ կողմից ներկայացված բողոքի հիման վրա նրան հրավիրում են հարցաքննության»,-նշել է նա։

Արցախի պետական գերատեսչությունների մեքենաների նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված քաղաքացիական գործեր կան, որ քննվում են դատարանում, ասել է Աշոտ Դանիելյանի պաշտպանը:

«Որոշ մեքենաներ համապատասխանաբար պաշտպանության նախարարի հրամանով կամ այլ հրամաններով հատկացվել են պաշտոնատար անձանց, նրանց նկատմամբ ՃՈ-ն գրանցել է նրանց սեփականության իրավունքը, եւ այդ մեքենաները տեղափոխվել են Հայաստան: Մեքենաների մեծ մասն առգրավվել է ՊՆ-ի կողմից: Մյուս մասը դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման որոշումների հիման վրա գտնվում է այդ անձանց տիրապետության տակ: Այո, ՊՆ-ն առգրավել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները: Անձն այդ գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք, բայց ՊՆ-ն առանց որեւէ պարզաբանման, դրանք առգրավել է: Որեւէ հիմք չկա այդ մեքենաները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու: Քաղաքացին ինքն է որոշում՝ այդ մեքենան նվիրաբերի Հայաստանին, թե ոչ»,-ասաց նա:

Ռուսները հանձնեցին Արցախը, հիմա էլ Ղարաբաղի համար մեդալներ են վաճառում

Հանրային մեդալների և հուշանշանների հանձնաժողովը ստեղծել, պատվիրել և այժմ ինտերնետի միջոցով վաճառում է «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար» մեդալը։

Ցանկացողները կարող են ավելին իմանալ «Հանրային մրցանակ» նախագծի և հանձնաժողովի կողմից հաստատված վերջին մեդալների ու կրծքանշանների մասին այստեղ՝ https://www.simvolika.org/project01.htm

Անմիջապես վերապահում անենք, որ մեդալը նվիրված չէ 2020-23 թվականներին ԼՂՀ-ում ռուսական ռազմական կոնտինգենտի խաղաղապահ գործողությանը, որի խայտառակ արդյունքներն էին Ալիևի նացիստական ​​ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումը, սեպտեմբերի 19-20-ին Ալիևի բանդաների զինված ագրեսիան, որը հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ երեխաների, կանանց, ծերերի, և դրան հաջորդած տեղահանությունը։

Ո՛չ, խոսքը 1988-1991 թվականների իրադարձությունների մասին է, այսինքն՝ Արցախյան ազգային-ազատագրական շարժման սկզբից մինչև ԽՍՀՄ փլուզումը։

«Խաղաղապահներ» ասելով, պետք է ենթադրել, որ շքանշանը մշակողները նկատի են ունեցել ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը և ԽՍՀՄ տարբեր շրջանների ոստիկանական ուժերին, որոնք «վերականգնում էին կարգուկանոնը» ԼՂԻՄ-ում և հարակից տարածքներում։ Նրանք դա արեցին՝ հիմնականում տուգանելով և ձերբակալելով ղարաբաղցիներին, հաճախ նրանց հանձնելով ադրբեջանցիներին՝ փոքր վճարի դիմաց, զինաթափելով ղարաբաղցիներին, իրականացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը և, ի վերջո, Բաքվի պահանջով իրականացնելով «Օղակ» պատժիչ օպերացիան՝ որի արդյունքում տեղահանելեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի 24 հայկական գյուղեր։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից և նույն թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ անկախության հանրաքվեից հետո, այս զորքերը դուրս բերվեցին՝ ղարաբաղցիների մոտ թողնելով շատ վատ հիշողություններ։

Միջոցառումներին չեն մասնակցել ԼՂԻՄ-ում մշտական ​​հիմունքներով տեղակայված խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Միայն 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի Ստեփանակերտի 366-րդ գունդը հերթափոխով հատկացրել է զրահատեխնիկա (ԶԹ)՝ ԼՂԻՄ-ի ճանապարհների և կամուրջների առավել նշանակալից խաչմերուկների տարածքում անցակետերն ամրացնելու համար։

Այս ամենը շատ լավ գիտեն նրանք, ովքեր այդ տարիներին ապրել են կամ գոնե եղել են Լեռնային Ղարաբաղում։

Տարակուսելի են նաև մեդալի ճակատային մասի պատկերները՝ տանկ և BM-21 Գրադ-ի ինստալացիա ԼՂԻՄ քարտեզի ֆոնին։ Վերևում գրված է «Հայ-ադրբեջանական հակամարտություն»:

Նշենք, որ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը կողմերից ոչ մեկը ոչ տանկ, ոչ էլ Գրադներ տարածաշրջանում չեն օգտագործել, ներքին զորքերն ընդհանրապես նման տեխնիկա չեն ունեցել։ Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ են ցանկացել ասել նախագծի ու մեդալի էսքիզի հեղինակները։

Մեդալի հետևի մասում դաջված են «օրենք», «զսպվածություն», «պատիվ» և հնգաթև աստղի պատկեր, ինչը հեգնական քմծիծաղ է առաջացնում նրանց մոտ, ովքեր քիչ թե շատ տեղյակ են 1988թ. -1991 թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից։

Նշենք նաև, որ այս մեդալը կարելի է ձեռք բերել առանց տանից դուրս գալու, ինտերնետի միջոցով, մատչելի գնով՝ 450 ռուբլի, ինչպես նաև կարելի է պատվիրել մեդալի առաքում ձեր տուն սուրհանդակով։

Ապա կարելի է մուտքագրել ձեր սիրելիի կամ մեկ ուրիշի անունը պատրաստված ձևաթղթի մեջ Հանրային մեդալների և հուշանշանների հանձնաժողովի կնիքով:

Փաստորեն, ռուսները վաճառեցին Լեռնային Ղարաբաղը նացիստ Ալիևին, իսկ հիմա մեդալներ են վաճառում 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում «խաղաղապահ առաքելության» համար։

Ալեքսանդր Անդրեասյան

https://russia-artsakh.ru/node/17933

Ցանկացած հայ երեխա ու կին, ծեր ու երիտասարդ ցեղասպանի թիրախում են, ինչպես տիկին Լենան ու Ջոնիկ պապին

Ցեղասպանությունը քշել է հայերին իր կենսատարածքից , իր հայրենիքից դուրս ու սփռել աշխարհով մեկ: Ու հայ կնոջ արժանապատվության խեղումը մշտական եղել է ցեղասպանության բաղադրիչ, ինչպես և հայ մանուկի մեջ նրա հայկականության բոլոր հետքերի ավերելը:

1988-ի փետրվարի 26-ին  խորհրդային Սումգայիթում մերկացած ու տանջահար հայուհուն էին հետապնդում, իսկույն սպանելը բավարար չէր: Փետրվարի 26-29-ը, չորս օրերին Սումգայիթի փողոցներում հայի արյունը հոսում էր: Փողոցները լվանալու համար Բաքվի իշխանությունները լրացուցիչ ջրցան մեքենաները Բաքվից էին բերել:

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի օդանավակայանում խարույկ էր վառված հայերից ու նրանց ունեցվածքից: Բաքվից հայերը կարող էին փախչել միայն Կրասնովոդսկ /Թուրքմենբաշի/ գնացող լաստանավերով: Լաստանավի վրա բռնաբարվող հարյուրավոր հայուհիների վերջին ճիչերը մարում էին Կասպիցի ջրերում:

Բաքվի այսպես կոչված «շահիդների» ալեյայում 17-ամյա մի անմեղ աղջկա նկար է մարում վայրագ ջարդարարների ու մարդակերների նկարների կողքին։ Դա հրեա աղջնակ Վերա Բեսսանտինայի նկարն է: Նրան տանջեցին ու սպանեցին,  ինչպես հազարավոր հայուհիների՝ 1990-ի հունվարին Բաքվում: Եվ իսկությունը կեղծելու ու կոծկելու պետական քաղաքականության տակ Վերայի նկարը հայտնվեց հակամարդկանց նկարների կողքին:

Բաքվի ցեղասպաններից մազապուրծ փրկված Ստալինա Ասրյանը հազարավոր հայերի հետ դիմակայեց ցեղասպանության ալիքին՝ 1992 թվի գարնանը Լեռնային Ղարաբաղի մատույցներում: 18 ամյա Ստալինան զինվորագրվեց ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի, երբ Բաքուն 1991-ին պատերազմ սանձազերծեց Ղարաբաղը հայերից «մաքրելու» համար: Դրա մասին նույնիսկ Ադրբեջանի առաջին նախագահ Մուտալիբովն է անկեղծ խոստովանում 2017-ին Ալ-Ջազիրային  տված հարցազրույցում:

Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին Բաքուն կրկին զավթողական  պատերազմ սկսեց դե ֆակտո և դե յուրե կայացած Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ, Հադրութ քաղաքում որսացին 1990-ին Բաքվից մազապուրծ փախած Լենային. տիկին Լենային տանջեցին, ապա նրա գլուխը կտրեցին ու դրեցին ոտքերի արանքում:

Այդ օրերին  Արցախի Շուշի քաղաքում որսացին Ջոնիկ պապիկին, ով փրկվել էր 1988-ի փետրվարին Սումգայիթի հայերի մսաղացից: Ցեղասպան Բաքուն տանջեց, նսեմացրեց, ապա ծիսական կախաղանեց Ջոնիկ պապիկին, այդ ամենը տեսալուսանկարեց ի ցույց անտարբեր արևմտյան աշխարհի և ի ահաբեկում քրիստոնյա հայության:

Հայությունը, որի կենսատարածքը հակամարդ ստալինի թեթև ձեռքով 1921 թվին հայտնվեց նորաստեղծ ցեղասպանության գործիք ադրբեջանի վերահսկողության ներքո, 1988-1992 թթ ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ լքեց իր տունն ու տեղը, ունեցվածքը, գերեզմանները, եկեղեցիները, բնական ռեսուրսներն ու հանրային հարստությունները, մշակույթը: Ու ավելի քան 820 հազար հայեր դարձան փախստական՝ ցրվելով աշխարհով մեկ: Նրանցից շուրջ 100 հազարը վերապրեց երեսուն տարիներ Բաքվից շրջափակված Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում:

Ցեղասպան Բաքվի զավթողական նոր պատերազմից, որը սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ից ու սողաց մինչև 2023-ի սեպտեմբերի 19-20-ը,  Արցախի Հանրապետությունը նույնպես վերջնական հայաթափվեց, ինչպես Գարդմանը, Նախիջևանը, քանի որ ցանկացած հայ երեխա ու կին, ծեր ու երիտասարդ ցեղասպանի թիրախում էին, ինչպես տիկին Լենան ու Ջոնիկ պապին: Շուրջ 150 հազար հայ մարդ 2023-ի սեպտեմբերի վերջին փախավ իր տնից, հողից, կենսատարածքից, թողնելով ցեղասպանին ունեցվածք, հող, բնական ռեսուրս ու հանրային հարստություն, մշակութային էնդեմիկ մի շերտ:

Մինչ օրս, 40 տարի անց էլ, ՄԱԿ-ի կողմից որևէ խոսք անգամ չի հնչել ի պաշտպանություն Ադրբեջանական ԽՍՀ-ից 820 հազար հայ փախստականների իրավունքների: Երբևէ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը չի հիշել մեզ, երբևէ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը չի խոսել ու չի քննարկել Խորհրդային միության փլուզման տարիներին Բաքվի կողմից իր իսկ ազգությամբ հայ քաղաքացիների դեմ կազմակերպած ու իրականացրած ցեղասպանության մասին, չի խոսել այդ ցեղասպանության հետևանքով փախստական դարձած ավելի քան 820 հազար հայերի իրավունքների վերականգման անհրաժեշտության մասին:

Ցեղասպանության մի հերթական դրվագից շուրջ 150 հազար հայերը Արցախից փախստական դարձան:

Հայությունը իր իսկ կենսատարածքում ենթարկվում է ցեղասպանության՝ առնվազն 1915 թվականից, երբ  ցրվեց աշխարհով մեկ: Այսօր հայությունը կծկվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա միայն, արդեն նրանից յաթաղանով պոկել են Նախիջևանը, Գարդմանը, Շիրվանը, Ղարաբաղը, Կարսը, Արդահանը…

Կասկածի տակ է հայության կենսատարածքի վերջին բեկորը, յաթաղանը ճոճում են Հայաստանի Հանրապետության վրա:

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Հատուկ Step1.am-ի համար