«Արցախի օր». պատգամավորները սովորության համաձայն լրտեսներ էին փնտրում

Փետրվարի 20-ը Հայաստանում հայտարարվել է «Արցախի օր»։ Չհնչեցված ու հրապարակային արգելքներից, 5-ամսյա ամնեզիայից հետո թույլատրվեց հիշատակել Արցախը։ Մոռացությունից դուրս եկած արցախցի պատգամավորները հայտարարություններ արեցին՝ կենդանության նշաններ ցույց տալով, իսկ երեկոյան Ազատության հրապարակում փոքրիկ հանրահավաք էր։

Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի իրադարձությունները չհեռարձակվեցին կառավարության կողմից վերահսկվող ալիքներով, իսկ մյուս ալիքները փորձեցին շատ չանդրադառնալ թեմային՝ սահմանափակվելով մի երկու տեղեկություններով։ Հայաստանի եւ Արցախի քաղաքական գործիչների մասնակցությամբ համատեղ միջոցառումներ չեն եղել։

Մինչդեռ մամուլում տեղեկություններ են հայտնվում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության և Արցախի ղեկավարության ներկայացուցիչների «գաղտնի» հանդիպումների մասին։ Թե ինչու ընդդիմությունը չի կարող բացահայտ հանդիպել Արցախի ղեկավարության հետ, պարզ չէ։ Բայց ակնհայտ է, որ Արցախի ղեկավարությունը դրվել է ոչ միայն օրենքից, այլեւ չգծված սահմաններից դուրս։ Արցախի ներկայացուցչությունը դարձել է միակ վայրը, որտեղ շողշողում է Արցախի քաղաքական կյանքը, բայց ներկայացուցչությանը վերաբերվում են ինֆեկցիոն հիվանդանոցի պես։

Արցախյան հասարակության շատ ներկայացուցիչներ իրավացիորեն կարծում են, որ ո՛չ պատգամավորները, ո՛չ Արցախի նոր նախագահը չեն կարող պարծենալ լեգիտիմության և քաղաքական լրջության բարձր մակարդակով։ Բայց ակնհայտ է, որ խնդիրը լեգիտիմության մեջ չէ․ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում ընդդիմութունը  ցանկանում են վերջնականապես փակված համարել ղարաբաղյան շարժման 36-ամյա էջը։ Ոմանք ցանկանում են դա որպես նոր սկզբի նախադրյալ, մյուսները՝ իրենց ագենտուրային առաքելության համաձայն, ուզում են վերջ դնել ամեն ինչին:

Երեկ հնչած հրապարակային հայտարարություններն ու բոցաշունչ կոչերը քաղաքական գնահատականներ կամ քաղաքական հավակնություններ չէին պարունակում։ Եռաբլուրում Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակցի հայտնի խոսքը սիմվոլի պես հնչեց։

Արցախցի որոշ պատգամավորներ, սովորության պես շուրջը լրտեսներ փնտրելով, կրկնեցին, որ Ռուսաստանը մեղավոր չէ, և կոչ արեցին չանել հայտարարություններ, որոնք կարող են «վնասել Հայաստանին» կամ «զայրացնել ռուսներին»։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնպես էր, ինչպես միշտ:

Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում նույնպես քաղաքական իրավունքի վրա կառուցած պահանջներ չկային՝ միայն իշխանությունը տապալելու կոչեր։ Բայց այդպես չի լինում. նրանք, ովքեր պատրաստվում են տապալել իշխանությունը, պետք է ասեն, թե դրա դիմաց ինչ են առաջարկում։ Իսկ առաջարկներ ու հարցեր չհնչեցին անգամ տարվա մեջ միակ «Արցախի օրը»։

Իսկ հարցերը շատ կոնկրետ են.

Արդյո՞ք ուժի մեջ է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը։

Արդյո՞ք վավերական է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե այո, ապա ինչու՞ Արցախում հայեր չկան, եթե ոչ, ապա ի՞նչ են անում այնտեղ ռուսական զորքերը։

Արդյո՞ք վավեր է Մինսկի խմբի մանդատը, որը Ալիևը պահանջում է չեղյալ համարել, իսկ Փաշինյանը վարկաբեկում է՝ հայտարարելով, որ ՄԽ առաջարկները վերաբերում էին Ադրբեջանի կազմում ինքնավարությանը։

Արդյո՞ք ուժի մեջ է այն որոշումը, որ Հայաստանն իրավունք չունի հայտարարություններ և որոշումներ ընդունել, որոնք ենթադրում են Արցախը Ադրբեջանի կազմում։

Արդյո՞ք ուժային լուծման անթույլատրելիության սկզբունքը դեռ ուժի մեջ է, թե՞ հայաստանյան քաղաքական ուժերը օրինական են համարում ուժային լուծումը և կոչ են անում ենթարկվել ուժին։

Պատրա՞ստ են հայաստանյան քաղաքական ու հասարակական ուժերը պայքարի ու դիմադրության։ Կարո՞ղ է Թատերական հրապարակը նորից լցվել, ինչպես 1988 թվականին (տես լուսանկարը):

Նաիրա Հայրումյան

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:

«Ազատության» հետ զրույցում Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, առանց անձի անունը նշելու, հաստատեց. – «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»:

ՆԳՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երեկ ավելի վաղ Շահրամանյանի աշխատակցի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում․ Աշոտ Դանիելյանը հայհոյել էր Արցախի նախագահին հարցեր ուղղած լրագրողին և օպերատորին: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ցավում են միջադեպի համար, հայցում լրագրողների ներողամտությունը:

«Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը»,- հավելել էին Տեղեկատվական շտաբից:

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել

Radar Armenia-ն հայտնել էր, որ Մոսկվայում ձերբակալվել է ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին։

Ձերբակալման պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում։

ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին ոչ միայն 2020թ. սադրում էր Մոսկվայում հայերի նկատմամբ հարձակումները, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։

Նաև նրա մասնակցությամբ տեսանյութեր կան, որտեղ ԼՂ-ում հայերի լքված բնակարանների գույքն է կամ ոչնչացնում կամ գողանում։

Քյամիլ Զեյնալլին սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին․ վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև:

Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը. L’ Humanité

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում փետրվարի 21-ին կմասնակցի ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական L’ Humanité պարբերականը:

«Արարողությունը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց»,- ասված է պարբերականում:

Ըստ աղբյուրի՝ պանթեոնում հուղարկավորվելու է նաև Մանուշյանի կինը՝ Մելինե Մանուշյանը, ով նույնպես դիմադրության մասնակիցներից է եղել:

Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների: Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից: Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:

Վազգենը փորձում է վերադառնալ սիրելի գործին

Վազգեն Գրիգորյանը Ստեփանակերտից է, աշխատում էր որպես ավտոէլեկտրիկ:

Բենզինի պահեստի պայթյունի օրը, ինչպես շատ շատերը, վառելիք էր փնտրում ընտանիքին տեղափոխելու համար: Սկզբից ասել էին, որ Մռակածի բենզալցակայանից կարող է վառելիք վերցնել, բայց այտեղ բենզին չկար, որոշել էին գնալ Հայկազով բենզինի հետևից:

Վազգենի հետ նրա 2 ընկերներն էին, ամեն մեկը մի տեղ հերթ էր պահում: Առաջինը իրեն էր հաջողվել վառելիքը վերցնել։ Նա հետ էր եկել մեքենայի մոտ, բայց հետո վերադարձել ընկերներին փնտրելու:

Պայթյունի պահին բունկերի վրա էր, ընկերոջն, ում փնտրելու էր, մինչև հիմա չի գտել:

Վազգենը 2 ամիս այրվածքաբանության ազգային կենտրոնում էր, վիճակը ծայրահեղ ծանր էր և չնայած բժշկների ջանքերին՝ Վազգենի 7 մատները ստիպված անդամահատել են:

Դուրս գրվելուց հետո երկար ժամանակ դեռ տանն էր՝ վերականգնվում էր:

Այս պահին Վազգենը փորձում է վերադառնալ սիրելի գործին և չնայած, որ այժմ ֆիզիկական աշխատանք չի կարողանում կատարել, օգնականներ ունի, ովքեր նրա ֆիզիկական ուժն են:

Քրիստինա Ալավերդյան

Չօտարվող հայրենիք. բաց քննարկում

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել  է բաց քննարկումների շարք՝ «Չօտարվող հայրենիք. մեր անելիքը» թեմայով:

Շարքի առաջին քննարկմանը մասնակցել  են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի (Հայաստանում գտնվող) հանրային կարծիք ձևավորող ակտիվ անհատները:

Մասնակիցները հայտնել են իրենց կարծիքները և մտավախությունները Արցախից մնացած ռեսուրսները պահպանելու և հնարավոր վերադարձի դեպքում Արցախ հասցնելու մասին: Ստեփանակերտի ռուսական թատրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովայի խոսքով` Արցախի պետականության կորուստը նշանակում է Հայաստանի պետականության կորուստ: «Անհրաժեշտ է պահպանել բոլոր ռեսուրսները և ընդհանուր հայկական պետականությունը: Մենք շատ ենք ուզում պահպանել մեր պոտենցիալը, մենք ուզում ենք ինքնապահպանվել և ապրել Հայաստանում որպես Արցախի մասնիկ: Մենք ասում ենք չօտարվող հայրենիք, բայց արդյոք մենք կարող ենք վերադարձնել Արցախը, թե՞ անհնար է: Ինչ պետք է անենք մենք բոլորս…»,-ասել է նա:

Քննարկման բուն թեման էր կանխորոշել մտավորական մարդու անելիքը իր ծննդավայրի, հայրենիքի համար` անկախ իշխանական ուժերից:

Տաթև Ազիզյան

Ծանրամարտի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ազգային թիմն ունի 9 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Մեդալային հաշվարկում առաջին տեղում Բուլղարիայի թիմն է 11 ոսկե մեդալով:

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, ԵԱ-ի փոխչեմպիոն է դարձել նաև Սիմոն Մարտիրոսյանը, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:

Դժվար է հաշվել, թե 2020 թ. մինչ այսօր քանի հուշարձան է ոչնչացվել Արցախում

2020 թ. ի վեր Արցախում մշակութային ժառանգության դեմ իրականացվող վանդալիզմի մասին Step1.am –ը զրուցեց Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ:

«Հստակ է,  որ 1994 թ. մինչ օրս պատերազմը չի դադարել, այլ ուղղակի իր բնույթն է փոխվել: Պատերազմի առաջին իսկ վայրկյանից սկսած ադրբեջանական զինված ուժերի թիրախում եղել են քաղաքացիական  նշանակության ենթակառուցվածքները, պատմամշակութային ժառանգությունը և մշակութային արժեքներ ներկայացնող տարբեր կառույցներ: Կարելի է նշել Ստեփանակերտին բավականին մոտ գտնվող Քարաշեն գյուղը, որտեղ տեղադրված խաչն անմիջապես տապալեցին:

Ադրբեջանցիների հիմնական թիրախում են 90-ականներից սկսած մինչև 2023թ. կառուցված պատմաճարտարապետական մշակութային արժեքները: Վանդալիզմի բոլոր դեպքերն ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվում են թե’ տեսանյութի, թե’ լուսանկարների տեսքով: Բոլոր այդ հրապարակումներին զուգահեռ ադրբեջանցիներն հենց իրենք են նշում, որ հատկապես այդ ժամանակաշրջանի ընթացքում կառուցված ցանկացած կառույց քանդելու են: Ընդ որում սա արվում է պետական մակարդակով, քանի որ նմանատիպ տեղեկատվությունը առանց պետական թույլտվության չէր հրապարակվի պետական լրատվամիջոցներում: Ադրբեջանի ամբողջ մեդիադաշտը գտնվում է պետական կառույցների հսկողության ներքո: Նմանատիպ հրապարակումները հայտնվում են ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում:

Ադրբեջանին հատուկ է նաև աղվանացման քաղաքականությունը: Մեր կողմից կառուցված հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական մշակութային արժեք: Անթիվ են հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողների նկատմամբ վանդալիզմի դեպքերը: Նման դեպքեր մենք արձանագրեցինք և’ Մարտակերտում, և’ այլ բնակավայրերում: Վերջին շրջանում մենք ականատես եղանք օկուպացված Հադրութի, Հաթերքի շրջաններում գերեզմանաքարերի ոչնչացմանը: Այնուհետև տեղեկատվություն հրապարակվեց Ստեփան Շահումյանի, Զինևիչի, Իսակովի, Ալեք Մանուկյանի արձանների ապամոնտաժման մասին: Դրան հետևեց Հեքիմյանի Սուրբ Հակոբ եկեղեցու խաչի հեռացումը:

Նմանատիպ դեպքերն ամենօրյա պարբերականությամբ են կատարվում: Դժվար է հաշվել, թե 2020 թ. մինչ այսօր քանի հուշարձան է ոչնչացվել: Մշտադիտարկումների արդյունքում նոր փաստեր և թվեր են ի հայտ գալիս:  Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ուզում է իսպառ ոչնչացնել հայկական հետքը…Սա արվում է այն պատճառով, որ Ադրբեջանը չունի սեփական պետություն, պատմական կենսատարածք և հենց այդ յուրացման քաղաքականության միջոցով է փորձում ստեղծել իր պատմությունը:

Այնքան են կորցրել ժամանակի և տարածական զգացումները, որ վերջին ժամանակահատվածում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին են ներկայացնում որպես աղվանական: Դրան զուգահեռ նրանք ապօրինի շինարարություն են իրականացնում Ամենափրկիչ եկեղեցում: Անկախ նրանից, թե վերջում ինչ տեսք է ունենալու եկեղեցին, դա մշակութային վանդալիզմ է, մշակութային ցեղասպանություն է:

Այս ամենի հետ կապված միջազգային տեսանկյունից հայտարարություններից այն կողմ բան չի կատարվում: Տարբեր ձևաչափերով հայտարարություններ կան, տարբեր բանաձևերում ընդգծվում և դատապարտվում է Ադրբեջանի քաղաքականությունը: Դա չի կանգնեցնում վանդալիզմը, քանի որ չկան հստակ պատժամիջոցներ և  չի կիրառվում որևէ մեխանիզմ: Միջազգային հանրությունը և համապատասխան կազմակերպությունները պետք է հստակորեն հասկանան, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ միայն հայկական ինքնության դեմ է, այլ նաև համաշխարհային քաղաքակրության: Առաջնային մանդատ ունեցող կազմակերպությունները հստակ քայլեր չձեռնարկելու դեպքում դառնում են հանցակիցներ”:

Տաթև Ազիզյան

Փոխգնդապետը մանրամասներ ներկայացրեց 44-օրյա պատերազմից

Հայոց ազգային գվարդիայի խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանն Ազատության հրապարակում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ հրավիրված հանրահավաքում  հայտարարեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը եղել է նախօրոք նախապատարստված, կազմակերպված եւ ճիշտ ժամանակին իրականացված։

«Ուզում եմ, որ դուք հասկանաք այն հանցակազմը, որն իրականացվեց հենց պատերազմի ժամանակ։ Չեմ ուզում ասել այն մասին, որ փորձ ունեցող, քառօրյա պատերազմի ժամանակ իրենց լավ դրսեւորած սպաներին հանեցին սահմանից դեռ սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից 2 օր առաջ։ Պատերազմը բավական ծանր էր, որովհետեւ ուժերի հարաբերակցությունն ի օգուտ Ադրբեջանի էր։ Սակայն մեր տղաները կանգնած էին եւ կռվում էին հերոսաբար։ Ես այդ պատերազմում եղել եմ եւ կռվել եմ մեր ժամկետային զինծառայողների հետ, որոնից յուրաքանչյուրն ինձանից ավելի ուժեղ ու համարձակ էր։ Ի՞նչ է կատարվել այս պատերազմի ժամանակ։ Նույնիսկ ամենահայտնի ռազմական փորձագետներն ասացին, որ հայկական զորքերը պարտվեցին պասիվ պաշտպանության գործընթացի պատճառով»,- ասաց նա։

Չոբանյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի Շուշին գտնվում էր հայկական զորքերի պաշտպանության տակ։ «Եթե այս գերագույն թշնամին թույլ տար, որպեսզի զինվորականներն իրականացնեին շատ պարզունակ ռազմավարական քայլեր, մենք այդ պատերազմը ամենավատագույն դեպքում չէինք պարտվի։ Մի տեղ կա, որտեղ Ադրբեջանը որեւէ առաջընթաց չի ունեցել, ավելին, նահանջ է ունեցել, եւ դա եղել է Քարվաճառի հատվածում։ Մատաղիսը դիմադրում էր, Աղդամն ու Ասկերանը դիմադրում էին։ Եվ ուժերի հարաբերակցությունն այնտեղ այնքան հավասար էր, որ թուրքերն այս գերագույն թշնամու հետ համագործակցության հետեւանքով իրենց ամբողջ ուժերն իջեցրեցին ներքեւ եւ ներքեւից հատուկ պետական գործողությունների շնորհիվ նախապատրաստված ճանապարհով Հադրութի կողմից հասան Շուշի։

Եթե նոյեմբերի 4-ին զինվորականներին թույլ տային, որպեսզի Զինված ուժերի մի մասը Քարվաճառից իջեցնեին ներքեւ, դեպի Շուշիի առաջնագիծ եւ փակեին Շուշիի մուտքը, հայկական ուժերն ունեին բավարար միջոցներ, որպեսզի 3200 հոգի արդրբեջանցուն մինչեւ վերջին մարդը սատկացնեին»,- ասաց նա։

Տիգրան Չոբանյանի խոսքով՝ Ադրբեջանը սպառվել էր, զինամթերքը սպառվել էր, ուղղակի 3-4 օրվա ընթացքում այդ նեղոցով ադրբեջանիցներին ջարդելով հնարավոր էր դուրս գալ Հադրութի գծի վրա։ Եվ ադրբեջանցիները հեռանալու էին Հադրութից, որովհետեւ շրջափակման մեջ էին ընկնելու։ «Նույն  ժամանակահատվածում Երրորդ բանակային կորպուսը խնդրում-աղաչում էր, որպեսզի իրեն թույլ տային մտնել ու ադրբեջանիցների սպառազինությունների մատակարարման գիծը կտրել։ Նույնպես թույլ չտվեցին, եւ թող որեւիցե մեկն ասի, որ սա պայմանավոված ու կազմակերպված գործողություն չէր»,- հավելեց նա։

Ըստ փոխգնդապետ Չոբանյանի՝ այսօր սկուտեղի վրա ամբողջությամբ հանձնվում է Հայաստանը։ Եթե արցախցիները տեղ ունեին փախնելու, Հայաստանի բնակչությունը փախնելու տեղ չունի։ «Մեզ մենակ մի բան է մնացել՝ գալ այստեղ, համախմվել ու միասին իրականացնել այս իշխանության  հեռացումը»։

 

«Մենք պետք է ապահովենք ոչ թե մեր վերադարձը, այլ Արցախը վերադարձնենք Հայաստանին»

Ազատության հրապարակում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ հրավիրած  հանրահավաքի մասնակցիները իշխանափոխության պահանջով հանդես եկան։

«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանն ասաց, որ պարտավոր ենք այս հրապարակը լցնել։ Փաշինյանը միայն հաշվի է նստելու ժողովրդի հետ, որը հրապարակում կպահանջի նրա հրաժարականը։ «Բայց մենք ունենք խորհրդարան, որտեղ կան երկու ընդդիմադիր ֆրակցիաներ։ Մենք առաջարկում ենք, որ մեր ժողովրդի պահանջը լինի՝ անվստահության գործընթաց սկսել խորհրդարանում։ Մենք գտնում ենք, որ ձեզ հետ միասին պետք է ձեւավորենք ժամանակավոր կառավարություն, որը պետք է կազմված լինի մասնագետներից։ Եվ այդ ժամանակավոր կառավարություը ժողովրդի աջակցությամբ կարող է հասնել նրան, որ մենք պարտադրենք, որ այս տապալված իշխանությունը հեռանա։ Ես ուզում եմ հիշցնել փաստը՝ Արցախի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն որոշել են ստեղծել Մինսկի խումբը եւ համանախագահների ինստիտուտը։ Դա նշանակում էր, որ ՄԱԿ-ը եւ մյուս միջազգային կառույցները հաստատում էին, որ Արցախի ժողովուրդը բոլոր իրավունքներն ուներ ինքնորոշվելու։ Սա նորից Ադրբեջանին պաս տվեց, ասում է՝ Լիսաբանում գագաթնաժողովի ժամանակ որոշեցին, որ դա կարող է լինել բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Սուտ է, որովհետեւ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է օրինական ճանապարհով»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

Արցախցի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը կոչ արեց, որ արցախցիները դուրս գան հրապարակ։ «Մենք պետք է ապահովենք ոչ թե մեր վերադարձը, այլ Արցախը վերադարձնենք Հայաստանին։ Կոչ եմ անում մեր հայերնակիցներին՝ զինքներդ թափ տվեց, սրանք մեզանից պետք է դողան, վախենան։ Դե դուրս եկեք ժողովուրդ, մեզանով է այս շարժումն սկսվել, 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարն սկսվել է Հադրութից, Ասկերանից, Մարտակերտից, Մարտունուց, Ստեփանակերտից, որի արդյունքում մենք հետ ենք բերել Շուշին, ցամաքային կապ ենք ստեղծել Հայաստանի հետ։ 120 հազարից եթե 50 հազարը դուրս գան, կթելադրենք, կասենք՝ դուք չեք մեզ ասողը, մենք ենք ձեզ թելադրողը»,- իր ելույթում ասաց Արմեն Պետրոսյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանրահավաքի մասնակիցներին ուղերձ էր հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ «Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր, որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը, սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը եւ մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։ Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ այսօրվա հանրահավաքն ունի վճռորոշ ու պատմական նշանակություն, դրա իմաստն է՝ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ «Իրավիճակն այնպիսին է, որ կամ Փաշինյանը կգնա, եւ այդ դեպքում Հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, այդ դեպքում հանրապետություն չենք ունենա: Օրեցօր, ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, տարեցտարի կտոր-կտոր Փաշինյանի կառավարությունը բզկտում է այս պետությունը եւ տալիս է հակառակորդին»:

Հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 29-ին։ Իսկ մինչ այդ, բանակցելու են բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ըստ Արամ Սարգսյանի՝ պետք  պարզել՝ ո՞րն է պատճառը, որ ընդդիմությունը չի ուզում միավորվել։

 

«Մեր սխալը՝ իրավունքի դուրս մղումն է հակամարտության կարգավորման գործընթացից»․ Մանասյան

«Մենք նոր կետից ենք սկսելու եւ արցախցու համառությամբ, հաստատկամությամբ եւ խնդրի խորը իմացությամբ շարունակելու ենք մեր խնդիրը»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ հրավիրած  հանրահավաքում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նա նշեց, որ 1992 թվականին մենք երկրի նախագահ ենք ընտրել մի մարդու, որը իշխանության էր եկել միացման կարգախոսով, բայց դեմ էր Արցախի հետ միավորվելուն։ «Մենք ընտրել ենք մարդու, որը մեզ դեմ է եղել։ Ես ձեզ եմ հարցնում՝ մենք ճի՞շտ ենք եղել։ Մենք վերջերս ընտրել ենք մեկին, որը տվել է Արցախը, մենք ճի՞շտ ենք վարվել։ Մենք պետք է այդպես գնահատենք մեզ, պետք է հստակ իմանանք, որ դեռեւս չունենք քաղաքական գիտակցության հասունության այն մակարդակը, որը պահանջում է մեզնից մեր խնդիրը։ Բայց մեզ անընդհատ շփոթեցնում են տարբեր մանիպուլյացիաներով, հիմնախնդրի իրավական հիմքերի հետ կապված կեղծ մեկնաբանություններով։ Հիմա խոսում են Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Եկեք իմանանք, որ դա ընդամնեը հռչակագիր է, պայմանագիր չէ։ Բայց այնտեղ ասվում է, որ հռչակագիրն ստորագրողները ճանաչում են ստորագրողների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի։ Ես ուզում եմ հարց տալ նրանց, ովքեր դա պնդում են՝ Ադրբեջանն ի՞նչ տարածքներով է եկել Ալմա-Աթա։ Պարզվում է՝ ոչ մի։ Շատերը չգիտեն, որ ինչպես ներկայիս Ադրբեջանը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանը, այնպես էլ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը ասպարեզում հայտնվել են առանց ինքնորոշման ակտի, առանց անկախության հանրաքվեի։ Ուղղակի հռչակել են իրենց՝ առանց սահմանների»,- հայտարարեց Մանասյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում սահմաններ չեն գրել։ Այդ չգրված սահմաններով գնացել են Ալմա-Աթա։ Առանց սահմանների ասում են՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններ ու տարածքներ»։ Բայց, ըստ Մանասյանի, առանց սահմանների «պատմականորեն ձեւավորված սահմաններ ու տարածքներ» արտահայտությունն իրավաբանորեն անիմաստ արտահայտություն է։ «Հետո են ջոկել, որ դա անիմաստ է, եւ եթե հիմա համացանցում փնտրեք, կտեսնեք, որ այդ բառերը բաց թողած են։ Ոչ մի փաստաթուղթ Ադրբեջանը չի ներկայացրել միջազգային հանրությանը կամ մեզ, որն իրավական ուժ կունենա։ Բայց արի ու տես, որ մենք հենց նրա փաստաթղթերն ենք դնում հիմքում։ Մեծագույն սխալը, որը մենք թույլ ենք տվել, դա իրավունքի դուրս մղումն է հակամարտության կարգավորման գործընթացից»,- ասաց նա։

Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում Անկախության հանրաքվե է եղել, սովետը չկար։ Ադրբեջանն էլ չկար։ Արցախցիներն անկախություն են հռչակել ոչ մեկին չպատկանող տարածքներում։ Պատմականորեն, իրավաբանորեն եւ փաստացի միայն  մեզ պատկանող տարածքներում ենք անկախություն հռչակել։ «Բայց արի ու տես, որ ոմանց ջանքերով շրջանառության մեջ է դրվել թեզ, թե մենք իրավաբանորեն անթերի ձեւով անջատվել ենք Ադրբեջանից։ Պիտի լինեիք, որ անջատվեինք, չեք եղել, սահմաններ չեք ունեցել, տարածքներ չեք ունեցել»,- ընդգծեց նա։

Ըստ Մանասյանի՝ այսօր պետք է առաջ քայլել ավելի հասունացած, որպեսզի չընտրենք նրան, ով մեր Շարժմանը դեմ է, ով ուղղակի հանձնում է երկիրը։ Մենք պետք է ուղղենք մեզ, այլապես նույն բանն է կրկնվելու, պետք է սթափվել ու սթափ քայլեր կատարել իրավական ու քաղաքական դաշտերում։

Ֆրանսիայում կալանքի տակ են առել Սամվել Կարապետյանի անունով գրանցված «Գազպրոմի» վիլլան

Sputnik. Ֆրանսիական դատարանը կալանք է դրել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը, գրում է Le Monde-ը։
Ըստ հրապարակման՝ գույքը պաշտոնապես պատկանում է Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը պնդում է, որ իրական շահառուն Գազպրոմի դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ» ընկերությունը։
Ինչպես նշում է Le Monde-ը, 120 մլն եվրո արժողությամբ խոշոր օբյեկտը գտնվում է Լազուր ափին գտնվող Ռոկբրուն-Կապ-Մարտեն կոմունայում։
Վիլլան բաղկացած է հիմնական մի քանի հարկանի շենքից, մոտակայքում կան երեք լողավազաններ, թենիսի կորտ և ուղղաթիռի հարթակ։ Թերը նշում է, որ Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների ներդրումից հետո սա Ֆրանսիայի համար ռուսական կապիտալի հետ կապված գույքի ամենամեծ բռնագրավումն է։