Month: Փետրվար 2024
Գաբրիելյան․ «Ուղերձն այն էր, որ պետք է դեպի Արցախ վերադարձ ապահովենք»
Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաներն այսօր ժամանել են Երեւանում Արցախի ներկայացուցչություն, որտեղ միջոցառում է տեղի ունեցել։
Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախ ԱԺ նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը լրագրողներին ասաց, որ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ուղերձն այն էր, որ պետք է դեպի Արցախ վերադարձ ապահովենք»,- ասաց նա։ Հարցին, թե ի՞նչ ճանապարհով պետք է ապահովել վերադարձը, Գաբրիելյանը պատասխանեց․ «Այդ մասին քննարկում չի եղել, ճանապարհները տարբեր են։ Ես կարող եմ միայն իմ տեսակետը նշել ճանապարհների մասին։ Դեպի Արցախ վերադարձը կապված է հայոց վերածննդի ու հայոց զարթոնքի հետ։ Առանց հայության զարթոնքի ոչ մի դեպքում հնարավոր չի լինի վերադարձ ապահովել։ Այդ զարթոնքը լինելու է այն դեպքում, երբ բոլորս միասին կանգնենք, այս իշխանություններին հեռացնենք, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ։ Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի եւ ամեն ինչ անում են, որպեսզի մոռացության տան ոչ միայն Արցախը, այլ նաեւ պատմական մեր հայրենիքը»,- նշեց նա։
Ըստ Ալյոշա Գաբրիելյանի՝ այսօր քննարկվել են նաեւ Արցախի համայնքի, մշակութային արժեքների պահպանության հարցերը։ Ըստ նրա՝ չպետք է թույլ տալ, որ արցախցիները ցրվեն։ Հարցին, թե քննարկման ժամանակ Սամվել Շահրամայանն անդրադարձե՞լ է Արցախը լուծարելու մասին իր հրամանագրին, Ալյոշա Գաբրիելյանը պատասխանեց․ «Ո’չ, ես դրան այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ ոչ մի անձ չի կարող ժողովրդի՝ հանրաքվեով ձեւավորված կամարտահայտությանը դեմ գնալ»։
Վահրամ Բալայանը համաձայն չէ Փաշինյանի հայտարարության հետ
Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենում արած այն հայտարարությանը, որ ըստ միջազգային հանրության մոտեցման՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվեր ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ այսինքն՝ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով։
«Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ անչափ կարեւոր է շեշտել, որ մենք որեւէ երկրի, որեւէ ժողովրդի տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել։ Շատ կարեւոր է, որ դա մեր դիվանագիտությունն օգտագործի, բայց, ցավոք սրտի, չի օգտագործում»,- ասաց Վահրամ Բալայանը։
Նա նշեց, որ խորհրդային ժամանակահատվածում եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ, որը որոշակի կարգավիճակ է ունեցել Խորհրդային միության կազմում, ինչպես խորհրդային Ադրբեջանն է ունեցել։
«Ավելին ասեմ՝ մենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ձեւավորումից հետո Սահմանադրություն ենք ունեցել։ Այդ Սահմանադրության մեջ գրված է, որ պաշտոնական պետական լեզուն հայերենն է։ Այսինքն՝ մենք ինքնորոշվել ենք մեր տարածքի վրա, ազատ ապրելու մեր իրավունքն իրացնելու տեսնակյունից։ Եվ կարծում եմ, որ իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա։ Այսօր խոսել այն մասին, որ Ադրբեջանի տարածքում պետք է լիներ ինքնորշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է մեզ համար»,- հավելեց Բալայանը։
Նա նշեց, որ 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց պատմական՝ իրավական տեսանկյունից անխոցելի որոշում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու վերաբերյալ։
«Բայց դեպքերը հետագայում այնպես զարգացան, որ ճիշտ է, մենք պետականություն ձեւավորեցինք, անցանք ճանապարհ, բայց բազմաթիվ գործոնների ազդեցության տակ չկարողացանք մեր ունեցածը պահել ու պաշտպանել։ Այսպիսի մի խոսք կա՝ պատմությունը ոչ միայն դաս է, այլ նաեւ պատիժ բոլոր նրանց համար, ովքեր պատմության դասերը հաշվի չեն առնում։ Ցավոք սրտի, մենք մեր անցած ժամանակահատվածի դասերը հաշվի չառանք եւ չկարողացանք պահպանել մեր պետականությունը, որն իսկապես մեծ արժեք է։ Կարծում եմ՝ այդ էջը դեռ փակված չէ, ամեն մի սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման տեսակետից։ Ճիշտ է, այսօր մենք հուսախաբված ենք, մի տեսակ կոտրված ենք, բայց ինձ թվում է, որ պետք է եղած հնարավորություններն օգտագործել եւ հզորացնել Հայաստանի Հանրապետությանը։ Հենց այդ ամենի համատեքստում էլ պետք է փորձել հետագա մեր պայքարը շարունակել ու մեր պատմական հայրենիքի մի հատվածը նորից ազատագրել»։
Վահրամ Բալայանը գնահատական չտալով՝ գնահատական տվեց
Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանին համարո՞ւմ է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողության մասնակից, ասել է․ «Չէ, մաս չեմ համարում։ Այդպիսի գնահատականներ չպետք է տանք, որովհետեւ կան բազում ու բազմաթիվ հանգամանքներ, մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Հուզական դաշտում չպետք է գործենք, պետք է եղած հնարավորություններն օգտագործենք եւ շարունակենք մեր պայքարը»։
Նրա խոսքով՝ ամեն անգամ նման գնահատականներ տալով՝ մեր հնարավորությունները ավելի ենք սահմանափակում։ Ըստ նրա՝ այսօր նման գնատականներ տալը դեռ վաղ է, որովհետեւ դեռ ճանապարհ ունենք անցնելու։
«Ինձ թվում է՝ եղած հնարավորություններից մենք չպետք է զրկվենք, պետք է շարունակենք աշխատել, ինչ-որ ձեւով մեր ամբողջական վերադարձն ապահովելու համար։ Այսինքն՝ չպետք է շտապել, անընդհատ գնահատականներ տալ, պետք աշխատանք կատարել»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ռուս խաղաղապահների գործողություններն Արցախում, Բալայանն ասաց․ «Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված պարտականությունները չեն կատարվել»։
«1988-ին համաժողովրդական պոռթկում էր եւ շատ սուրբ բան էր դրված՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը վերամիավորվում է մայր Հայաստանին»
«Արցախցիների վերադարձի համար միջազգային երաշխիքները շատ կարեւոր են, անվտանգության հարցեր կան։ Արցախցիները չեն կարող վերադառնալ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Դա անհնար է»,- այսօր լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։
Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Երեւանում Արցախի ներկայացուցչություն։
«1988-ին համաժողովրդական պոռթկում էր եւ շատ սուրբ բան էր դրված՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը վերամիավորվում է մայր Հայաստանին։ Եվ ազգը միասնական էր՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք։ Որպեսզի մենք իրականում միշտ տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան եւ հզոր Սփյուռք։ Այսօր ավելի քան այդ միասնությունը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, շատ կարեւոր է, քանի որ տարբեր թեմաներ կան՝ վերադարձի իրավունք, մշակույթի ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք։ Կան հարցեր, որոնք քաղաքական չեն»,- նշեց Արթուր Թովմասյանը։
Անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեվարության հարցին, նա ասաց․ «Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը եւ Քաղաքացիական օրենսգիրքը։ Այն հոդվածները, որոնց մասին խոսվում է, շատ դաժան հոդվածներ են։ Ասում են՝ անջատողականներ, ահաբեկիչներ, բայց այդ 30 տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները միշտ էլ եղել են Ստեփանակերտում։ Արդյո՞ք նրանք այցելել են ահաբեկիչներին ու անջատողականներին»։
Արթուր Թովմասյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունում բոլոր համապետական ընտրությունները դիտարկվել են միջազգային դիտորդների կողմից, եւ բոլորն էլ արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին եւ Արցախի Ընտրական օրենսգրքին համապատասխան, մեկ քայլ առաջ են, քան նախորդ տարիներին անցկացված ընտրությունները։
«Նաեւ արձանագրել են, որ մենք ընտրություններն ավելի լավ ենք կազմակերպում, քան տարածաշրջանի պետությունները»,- հավելեց Թովմասյանը։
Նա նաեւ ասաց, որ Արցախի Ազգային ժողովը շարունակելու է գործել։ «Ճիշտ է, օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ ու հայտարարություններ կլինեն։ Մենք ունենք երկու ճանապարհ՝ մեկը ուռա հայրենասիրության ճանապարհն է, մյուսը՝ ներկա իրողությունները հաշվի առնելն է։ Ես գտնում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի ո՛չ Հայաստանի Հանրապետության մեր հայրանակիցներին վնաս հասցնենք, ո՛չ Արցախի մեր հայրենակիցներին»,- ընդգծեց նա։
Աշոտ Ղուլյան․ «Մենք ունենք այդ պոտենցիալը՝ նորից մեզ վերագտնելու ու ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար»
«Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ մենք փառահեղ ճանապարհ ենք անցել եւ ունենք այդ պոտենցիալը՝ նորից մեզ վերագտնելու ու ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում արցախցիների վերադարձը Արցախ, նա պատասխանեց․ «Բոլոր հնարավոր ճանապարհներով, ամեն ինչ պետք է օգտագործենք»։
Նշենք, որ Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Երեւանում Արցախի ներկայացուցչություն։
ՀՀ իշխանություններն ուղղակի չեն շփվում արցախցիների հետ․ Մետաքսե Հակոբյան
Երեւանում Արցախի ներկայացուցչությունում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ միջոցառում է անցկացվում։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ են քննարկում։
«Օրվա խորհդրի հետ կապված հարցեր են։ Այդպիսի ավանդույթ եղել է, Արցախում էլ է այդպես եղել։ Մենք առավոտյան այնտեղ Եղբայրական պանթեոն էինք այցելում, այսօր այստեղ Եռաբլուր այցելեցինք։ Հաջորդիվ օրվա խորհրդի հետ կապված միջոցառումներ են անցկացվելու, ինչը հիմա տեղի է ունենում Արցախի նեկայացուցչությունում։ Այստեղ են նաեւ նախկին գումարումների Ազգային ժողովի պատգամավորներ, մարդիկ, որոնք Շարժման, նաեւ փետրվարի 20-ի որոշման ակունքներում են եղել։ Այդ ամենի հիշողություն, վերաիմաստավորում, վերագնահատում, վերաարժեվորում»,- ասաց նա։
Հարցին, թե ՀՀ իշխանություններին հրավիրե՞լ են Արցախի ներկայացուցչություն, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ այս պայմաններում դա հնարավոր էլ չէ, քանի որ ՀՀ իշխանություններն ուղղակի չեն շփվում իրենց հետ։ «Չեն էլ փորձում որեւէ կերպ առնչություն կամ շփում ունենալ, որ գային այս միջոցառմանը»,- ասաց նա։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մետաքսե Հակոբյանը նշեց․ «36 տարի առաջ մեր ճակատագիրը որոշող որոշում կայացրինք, մենք այդ որոշման արդյունքում տվեցինք մեր ամենաթանկը։ 36 տարի շարունակ մեր քաջորդիներն ուղղակի գիտակցաբար գնացին հանուն այդ որոշման։ Հիմա մենք 36 տարի անց արձանագրում ենք, որ հազարամյակներ ի վեր Արցախում այդպիսի բան չէր եղել, բայց այսօր Արցախն ուղղակի հայաթափվել է։ Եվ այսօր մենք առավել քան կարիք ունենք միասնական լինելու։ Մենք մեր օրակարգում այլ խնդիր չպետք է ունենանք, քան միասնականությունն է, որովհետեւ այստեղ լինելով՝ ես հողի վրա եմ ամեն ինչ տեսնում, որ մեր հանրությունը պատրաստ է լինել միասնական, պայքարել հանուն իր ինքնության, հայկականության։ Ուղղակի պետք է ճիշտ կազմակերպել, եւ միասնականությունն իր արդյունքը կտա»։
Փաշինյանը օգնում է Ալիեւին ստանալ եվրոպական միլիարդավոր կոնտրակտները
ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը կժամանի Բաքու:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սիմսոնը կմասնակցի «Հարավային գազային միջանցքի» (SGC) խորհրդատվական խորհրդի 10-րդ նիստին և Կանաչ էներգիայի հարցով երկրորդ նախարարական հանդիպմանը:
Նիստերը կանցկացվեն մարտի 1-ին։
Ադրբեջանանական մամուլը գրում է, որ «այս միջոցառումների անցկացումը վկայում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի աճող դերի մասին»։
2022-ի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Այս կերպ Եվրամիությունը ցանկանում է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող «Հարավային գազային միջանցքը» և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։
Բաքվի գազային պայմանագրերը որոշակի կասկածի տակ էին Ալիևի դիրքորոշման պատճառով, ով 6 ամիս հրաժարվում էր հանդիպել Փաշինյանի հետ արևմտյան հարթակներում։ Հատկապես Ֆրանսիայի Սենատի, Եվրախորհրդարանի որոշումներից և ԵԽԽՎ-ում Բաքվին ձայնի իրավունքից զրկելուց հետո իրավապաշտպանները խոսում էին Բաքվի հետ էներգետիկ պայմանագրերի վերանայման հավանականության մասին։
Սակայն օգնության հասավ Փաշինյանը․ նրա և Ալիևի հանդիպումը Մյունխենում, որը Հայաստանին ոչինչ չտվեց, լավ փաստարկներ տվեց Ալիևի հետ էներգետիկ համագործակցության կողմնակիցներին։ Եթե Հայաստանի ղեկավարությունը բողոք չունի Ալիևից, ով պնդում է, թե Ղարաբաղի հարցը ուժով է «կարգավորել», ապա ինչո՞ւ պետք է եվրոպացիները նախատեն Ալիևին։ Բանկ օֆ Ջորջիան կհավաստի:
Ինչ է իրեն թույլ տվել Շահրամանյանի “ախրանան”
Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ այսօր Եռաբլուր էին այցելել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Սամվել Շահրամանյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, իսկ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը։ Շահրամանյանի անվտանգության աշխատակիցներից մեկն էլ, դիմելով լրագրողներին, ասաց․ «Ս․․․ր ստեղից, շուտ»։
Սամվել Շահրամանյանը Արցախի այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, արցախցի այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ այսօր՝ փետրվարի 20-ի առավոտյան այցելել են «Եռաբլուր» պանթեոն:
Սամվել Շահրամանյանը չպատասխանեց լրագրողների որեւէ հարցի, նստեց մեքենան եւ հեռացավ:
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը պարզաբանում է պահանջում արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ
«ԳԵՆ Նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի ղեկավար Արմինե Ավագիմյանը հայտնել է, որ նամակ է պատրաստվել և ուղարկվել մի շարք մարմինների՝ պարզելու, թե ինչ է լինելու այն կուտակային կենսաթոշակների հետ, որը ամեն ամիս վճարվում է 2015 թվականի հունվարի 1-ից 1974 թվականից ծնված Արցախի քաղաքացիների կողմից։
Նամակի տեքստը հանրությանը հասանելի է սոցիալական ցանցում, կազմակերպության էջում։
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամը, որն իր կանոնադրության շրջանակներում քննարկումներ և ուսումնասիրություններ է իրականացնում հանրությանը հուզող հարցերի շուրջ, բազմաթիվ բողոքներ և ահազանգեր է ստացել կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցող արցախցիներից՝ կապված գումարների հետագա տնօրինման հետ, որոնք նրանք վճարել են համապատասխան հիմնադրամներին։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, նամակն ուղղված է Հայաստանի Կենտրոնական բանկին, Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիային, Արցախի Հանրապետության Նախագահին՝ այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն և պարզաբանում տրամադրելու պահանջով։
Ավագիմյանի խոսքով, կհրապարակվեն նաեւ պատասխան նամակներ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի։
Ալվարդ Գրիգորյան
Որտե՞ղ է Հայաստանի կառավարությունը մտադիր բնակեցնել արցախցիներին
«Առաջիկայում մենք պատրաստվում ենք Արցախից տեղահանվածների բնակարանաշինության ծրագիր իրականացնել, սակայն այս ծրագրի քննարկման ժամանակ հանգեցինք երկու կարևոր եզրակացության։ Նախ, այս ծրագիրը պետք է հավասարապես հասանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Երկրորդ՝ մենք պարտադիր կհամարենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի վերաբնակեցված մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր ցանկանում են օգտվել այս ծրագրից, ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանի ելույթների առումով զարմանալու բան չկա. Արցախի հայերի բռնագաղթից հետո Հայաստանի վարչապետը կատարում է ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի բոլոր պահանջները, այդ թվում՝ պահանջը, որ Հայաստանում փախստականների մասին խոսք չլինի։
Դեռևս 2020 թվականին Հադրութից, Շուշիից, Քարվաճառից և Քաշաթաղից հարկադիր վերաբնակները ՀՀ կառավարության հետ բանակցել են փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց համար բնակավայր կառուցելու շուրջ, որը հնարավորություն կտա պահպանել համայնքային կյանքը, բարբառները, ինչպես նաև թույլ կտար ներկայացնել կոմպակտ ապրող տեղահանված, ցեղասպանությունից և տեղահանությունից փրկված մարդկանց խնդիրները միջազգային հանրությանը:
ՀՀ կառավարությունն, ըստ իր առաքելության, այլ տարբերակ է ընտրել. 2021-2022 թվականներին Արցախի Հանրապետության բյուջե է մուտքագրվել 210 մլրդ դրամ՝ ներքին տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար։
Չանդրադառնանք 2021-23 թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին. հասկանալի է, որ ՀՀ կառավարությունն իզուր ծախսեց այս վիթխարի փողերը։ Եվ պարզ չէ՝ այս գումարի գոնե մի մասն ուղղվե՞լ է բնակչության անապահով խավերին բնակարաններով ապահովելու համար, թե՞ սովորականի պես հոսել է պաշտոնյաների գրպանը։ Այժմ դա հնարավոր չէ պարզել, քանի որ արխիվի մի մասը ոչնչացվել է, մյուս մասը խիստ գաղտնի պահվում է ՀՀ տարբեր գերատեսչություններում։
Բուն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղահանված անձինք և նրանց ընտանիքների անդամները պետության աջակցությամբ հրավիրվել են սեփական տներ կառուցելու Մեղրիի սահմանամերձ Նռնաձոր գյուղում։ Ականատեսների վկայությամբ՝ այստեղ նույնիսկ մի քանի տների հիմք են դրվել, սակայն տներն այդպես էլ չեն կառուցվել։ Իսկ այժմ այս գյուղով անցնող ճանապարհը գտնվում է ռուս սահմանապահների հսկողության տակ, և նույնիսկ բնակիչներն ու լրագրողները չեն կարող անցնել այս գոտին առանց ռուսական զորքերի հատուկ թույլտվության։
Ըստ ամենայնի, ներքին տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերը ՀՀ կառավարության կողմից կիրառվող փողերի լվացման նոր սխեմա է։ Այսինքն՝ գումարներ են ներդրվում բնակավայրերում, շրջաններում, որոնք Փաշինյանը պատրաստվում է փոխանցել ադրբեջանին ու ռուս խաղաղապահներին։
Նշված եռյակի հետ համաձայնությամբ՝ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի բնակիչները ստանան ՀՀ քաղաքացիություն, ինչը թույլ կտա Ռուսաստանին և ադրբեջանին շարունակել պնդել, որ Արցախում ցեղասպանություն և էթնիկ զտում չի եղել, մարդիկ լքել են Արցախը կամավոր։
Սա կարծես «հաղթական տարբերակ» է բոլոր կողմերի համար: Ռուսաստանի և ադրբեջանի դեպքում պարզ է՝ նրանք փորձում են խուսափել պատասխանատվությունից և պատժից, որն այսպես թե այնպես կգա։
Փաշինյանի դեպքում դա ձեռնտու է, քանի որ նա նույնպես ձգտում է ապահովել, որ Արցախի հարցը փակվի Հայաստանի համար։ Ավելին, եթե առաջին երկուսը հայտարարում են, որ Արցախի հարցը դե ֆակտո փակված է, Փաշինյանն իր քաղաքականությամբ ու գործելաոճով դե յուրե է այն «փակում»՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախի ժողովուրդը կկորցնի իր բոլոր իրավունքները Արցախի նկատմամբ։ Դա եւ վերադարձի իրավունքն է, եւ Ադրբեջանից իրենց կորցրած անշարժ ու շարժական գույքի փոխհատուցման իրավունքը, եւ հարազատների շիրիմներին այցելելու իրավունքը։ Եվ, որ ամենակարեւորն է, նա կկորցնի «Փախստականների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր արտոնություններն ու իրավունքները։
Ավելին, Փաշինյանը հերթական անգամ շահարկում է արցախցիների բնակարանային խնդիրները. նա արդեն երկրորդ անգամ հայտարարեց, որ ծրագիրը պետք է հավասարապես հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար։
Այսինքն՝ վարչապետը ՀՀ քաղաքացիներին նույնացնում է ցեղասպանության զոհերի ու ներքին տեղահանվածների հետ։ Աբսուրդ ժանրից մեկ այլ գաղափար է «խտրականության» բացառումը։
Հայաստանի ու Արցախի 30-ամյա քաղաքական ու իրավական շփոթությունն ամեն անգամ ՀՀ իշխանություններին տանում է փակուղի։ Այսօրվա իշխանությունը կա՛մ պետք է ընդունի, որ Արցախը Հայաստանի մաս է, և Արցախի ժողովուրդը նույն Հայաստանի քաղաքացիներն են, կա՛մ պետք է Փաշինյանի ոճով Արցախի ժողովրդին ճանաչի որպես Ադրբեջանի քաղաքացի, հետևաբար՝ փախստական, դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ոչ ոք իրավունք չունի ստիպել Արցախի քաղաքացիներին ընդունել ՀՀ քաղաքացիություն, առավել եւս սահմանամերձ բնակավայրերում վերաբնակեցնել ցեղասպանություն վերապրած և էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված մարդկանց։ Փաշինյանն այս բնակավայրերի ճակատագրի հետ խաղում է այնպես, ինչպես Արցախի ճակատագրի հետ։
Մարգարիտա Քարամյան