ԼՂ խնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը բռնազավթումը չի կարող վերացնել ինքնորոշման անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով Հանձնախմբի համակարգողի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից:

«Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ:

Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով:

Քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծելու անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման և անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար՝ բացառելով ֆիզիկական գոյության ու ինքնության սպառնալիքները: Կարևորվել է այդ ուղղությամբ համահայկական կառույցների և անհատների ջանքերի նպատակաուղղված և թիրախային համադրումը։

Անթույլատրելի է համարվել արցախահայության հայրենադարձման հարցի շահարկման և չարաշահման որևէ դրսևորում»:

«Տատիկ-պապիկի» մոտ դարանակալած ադրբեջանցիների կրակից 11-ամյա Կառլենը վիրավորում ստացավ . Mediahub

Mediahub

Հնգօրյա պաշարումից հետո Մարտակերտի ներքին ենթաշրջանի բնակչության տեղահանման համար սեպտեմբերի 23-ին բացվեց Մարտակերտ-Դրմբոն-Ստեփանակերտ միջշրջանային ճանապարհը։

MediaHub-ի զրուցակիցը Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի Իրինա Աղաբեկյանն է։ Նրա ընտանիքը ևս տուժել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Նախքան Հայաստան տեղափոխվելը, շրջաններից տարհանված բնակիչները, այդ թվում՝ Իրինայի ընտանիքը մի քանի օր մնացել են Իվանյանի օդանավակայանում, այնուհետև Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ «Ով որտեղ կարողանում քնում էր, մի քանի ընտանիք մի փոքր հյուրասենյակում էր ապաստանել, անգամ միջանցքներում տեղ չկար, այնտեղ էլ էին քնում մարդիկ, պայմաններ չկային, ուտելիք ևս։ Շատ դաժան օրեր էին։ Ադրբեջանական զինված խմբավորումները Ստեփանակերտի արվարձաններում էին, քաղաքում էլ երևում էին իրենց համարանիշներով ավտոմեքենաները»,- ասում է մեր զրուցակիցը։

Իրինայի դժվարությունները, սակայն, կրկնապատկվեցին այն ժամանակ, երբ զինադադարից հետո նրա որդին՝ 11-ամյա Կառլեն Սողոմոնյանը վիրավորում ստացավ Ստեփանակերտում։

«Վերածննդի հրապարակում հայրս վատացավ։ Բժիշկ չկար, որ օգներ, հուսահատ վիճակում էի։ Այդ ժամանակ Կառլենը հրապարակում հեծանիվ էր քշում։ Տեսնելով, որ պապը վատացել է, առանց ժամանակ կորցնելու փորձում է օգնած լինել։ Նկատել է, որ Կարմիր խաչի մեքենան անցնում է Ստեփանակերտի կենտրոնական պողոտայով։ Հեծանիվը քշել է մեքենայի հետևից, որ Կարմիր խաչի աշխատակիցներին տեղյակ պահի՝ օգնության հասնեն։ Հեծանիվով հասել է մինչև «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի մոտ, հասկանալով, որ մեքենան չի նկատել, չեն կանգնում, որոշել է հետ գալ։ Շրջադարձ անելու պահին հուշարձանի մոտ կայանված ադրբեջանական 2 մեքենայից կրակել են երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է ոտքին»,– պատմում է նա։

Մոր խոսքով՝ կրակելուց հետո Կառլենը սկզբից միայն տաքություն է զգացել ոտքի վրա, հետո նկատել է, որ արյուն է հոսում։ Այդ վիճակում երեխան հասել է հյուրանոցի տարածք. «Դուք չեք պատկերացնում այդ պահին իմ տագնապը, իմ ապրումները։ Մի՛ կողմից հայրս, մյո՛ւս կողմից՝ Կառլենը, ամեն ինչ խառնվել էր իրար։ Հյուրանոցում մի տղամարդ վիրակապեց Կառլենի ոտքը, հանգստացրեց, որ խուճապի չմատնվեմ։ Ամբողջ գիշեր արնահոսում էր, բժիշկ էլ չկար»։

Սեպտեմբերի 29-ին եկավ Արցախը լքելու Իրինայի հերթը։ Երևանից Ստեփանակերտ հասած ավտոբուսներով, արցախցի կինն իր մյուս հայրենակիցների հետ ևս հրաժեշտ տվեց ծննդավայրին ու եկավ Հայաստան։

«Վայքի բուժանձնակազմը մաքրեց Կառլենի ոտքը, վիրակապեց, ներարկում արեց, որից հետո տեղափոխվեցինք Արզնի։ Այնուհետև Կառլենին վիրահատեցինք Երևանում։ Բժիշկները որդուս ոտքից հանել են ենթադրյալ «Մակարով» տեսակի ատրճանակի գնդակ։ Կառլենը շատ էր ուզում, որ դա իբրև հիշատակ իրեն մնար, բայց չտվեցին, երևի քննության համար»։

Իրինա Աղաբեկյանի ընտանիքն ապրում է Արզնիում։ Կառլենի առողջական վիճակն այժմ բավարար է։ Դպրոց է հաճախում, ինտեգրվել է նոր միջավայրին։ Որդու հետ կատարվածը մասնագիտությամբ իրավաբան Իրինան ռազմական հանցագործություն է համարում, որի համար մինչ օրս ոչ մի միջազգային դատարան ճնշում չի գործադրել Ադրբեջանին։

Հունան Թադևոսյան

«Իսկ ո՞վ է Փաշինյանը, որ այս կամ որոշումն առոչինչ ճանաչի»

«Իսկ ո՞վ է Փաշինյանը, որ այս կամ որոշումն առոչինչ ճանաչի կամ հայտարարի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը գործում է կամ չի գործում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը իրավական ուժ չունի, «քանի որ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող»։

Ըստ փաստաբանի՝ դա Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ կարծիքը կարող է լինել եւ որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել։ «Այստեղ մի շատ կարեւոր հանգմանք կա՝ իր այդ վկայակոչած որոշումը դրված է ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում։ Իսկ մեր Սահմանադրությունը սկսվում է Անկախության հռչակագրում հանրահռչակված սկզբունքներով։ Թե ինչ կհայտարարեն, ոնց կհայտարարեն, դա այլ հարց է։ Սա հենց այդ նույն շղթայի մեջ է, որ Ադրբեջանից պահանջ է դրվում փոխել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Սինխրոն գործում են, գրեթե ակնհայտ է, որ համատեղ պայմանավորվում են, թե ով ինչ խոսույթ է մտցնելու դաշտ, եւ մեկը մյուսին փոխլրացնելով՝ առաջ են տանում իրենց օրակարգը։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր պարագլխով, ես համոզված եմ, որ իրենք Սահմանադրության այդ փոփոխություններին են գնալու»,- ասաց Գագիկ Թավադյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումն անկախ ամեն ինչից գոյություն ունի։ Եթե ՀՀ իշխանություններն ազգային իշխանություն լինեին, իրենց առօրյա գործունեությունը միտված կլիներ այդ որոշումն ի կատար ածելուն, այսինքն՝ Անկախության հռչակագրով հանրահռչակված մեր ազգային իղձերի իրագործմանը։ Դրանցից մեկը Արցախի վերամիավորումն է Հայաստանի Հանրապետությանը, երկրորդը՝ Հայոց ցեղասպանությասն ճանաչման գործընթացն է։ «Ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը։ Ես այդ հարցին այսպես կպատասխանեմ՝ ՀՀ յուրաքանչյուր գիտակից քաղաքացու հաջորդ քայլը պետք է ուղղված լինի այսօրվա իշխանություններին փոխելուն։ Այլապես կզրկվենք նաեւ այսօրվա ունեցածից»,- հավելեց փաստաբանը։

 

Ապրելու ձայնը. գրական հանդիպում “արցախյան” անկյունում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Թումանյանս» սրճարանի համագործակցությամբ մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը, որի շրջանակում յուրաքանչյուր ամիս «Թումանյանս»-ում կկազմակերպվեն հանդիպում-զրույցներ Արցախի գրական և մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Նպատակն է՝  եւ՛ ներկայացնել, եւ՛ բացահայտել Արցախի մեր շնորհալի հայրենակիցներին։

Առաջին  գրական հանդիպումը կազմակերպվել է գիրք նվիրելու օրվա նախօրեին։ Մասնակիցներն Արցախի գրողների միության  վարչության անդամներն էին։ Ջերմ և անմիջական մթնոլորտում իրենց ստեղծագործությունները կարդացին Նորեկ Գասպարյանը, Տաթև Սողոմոնյանը, Ալիսա Բաղդասարյանը, Սոնա Համբարձումը,  Զարինե Սառաջյանը, Սերգեյ Սաֆարյանը, Նանար Պողոսյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին արցախցի երաժիշտների կատարումները։

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանի խոսքով՝ նման հանդիպումները շարունակական են լինելու։ «Նախաձեռնությունը համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակինն է։ Այն կազմակերպվել էր 2022թ. Արցախում։ Այդ ընթացքում Արցախի գրականությանն ու մշակույթին նվիրված յոթօրյա հանդիպումներ կազմակերպեցինք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ գյուղերում։ Հրավիրեցինք Հայաստանի գրողների միության անդամներին։ Արցախի գրասենյակը նպատակ ուներ այդ հանդիպումները շարունակական դարձնելու, բայց տեղի ունեցան սարսափելի դեպքեր։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների և այն ցավի, որ բոլորս կրում ենք՝ մենք որոշեցինք շարունակել նախաձեռնությունը Մայր Հայաստանում։ Անհրաժեշտ է «ապրելու ձայնը» հնչեցնել գրականության լեզվով, մշակույթի լեզվով»,-ասաց Հերմինե Ավագյանը։

Երաժշտական կոնսերվատորիայում սովորող արցախցի ուսանողները երգեցին Արցախի մասին Արցախի բարբառով երգեր։

Տաթև Ազիզյան

Նկարները՝ Գագիկ Հարությունյանի

Այվազովսկու մեկ այլ «Լուսնյակ գիշեր» կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով

Մոսկվայի աճուրդի տանը վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի «Աճուրդային հոլդինգին»։
«Ինչպես սպասվում էր, արվեստասերների շրջանում մեծ իրարանցում էր առաջացրել հավաքածուի գոհարն ու աճուրդի գլխավոր լոտը՝ Կոստանդնուպոլսի ծովային տեսարանը, որը ստեղծվել է 1878 թվականին։ Ստեղծագործության համար վճարվել է 92 միլիոն ռուբլի»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Աճուրդային հոլդինգը» հաղորդել էր, որ Այվազովսկու այս գործը աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով։ Սրանից հետո Ուկրաինայի նախկին դատախազ Գյունդուզ Մամեդովն ասել է, որ նկարը կարող է անօրինական ծագում ունենալ։
Աճուրդի հոլդինգը ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է, որ աճուրդի չի դրվել Ուկրաինայի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտնված Այվազովսկու «Լուսնի գիշեր» կտավը՝ նշելով, որ խոսքը նկարչի նույն անունով մեկ այլ կտավի մասին է։
Մոսկվայում կայացած աճուրդում ներկայացվել է 2008 թվականին Շվեդիայի Stockholms Auktionsverk աճուրդում գնված նկարը։ Փնտրվում է Այվազովսկու մեկ այլ նկար, որը թվագրվում է 1882 թվականին և գրանցված է Սիմֆերոպոլի պետական ​​թանգարանի հավաքածուներում։

Յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3 մլն դրամ են առաջարկում, դա իրատեսական չէ

Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու հարցին անդրադառնալով՝ Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասալ է․ «Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր իրականացնել, բայց այդ բնակարանային ծրագրի քննարկման ժամանակ եկել ենք կարեւոր երկու եզրակացության։ Առաջինը, որ այդ ծրագիրը պետք է նաեւ նույնքան հասանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Երկրորդը, մենք պարտադիր ենք համարելու, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր այն քույրերը եւ եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանան»։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն օրերս տեղեկացրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ քննարկվել են արցախցիների բնակարանային հարցերը։ «Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում քննարկեցինք արցախցիների բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ կառավարության խիստ նախնական առաջարկները, որոնք, ըստ իմ գնահատման, խիստ անբավարար էին ներկա պայմաններում հարցերը լուծելու համար։ Որոշվեց, որ մեր կողմից արված դիտողությունները հաշվի առնելուց հետո, կկազմվի նախնական ծրագիր, որը նորից հասարակության հետ քննարկելուց հետո կկազմեն վեջնական ծրագիր։ Իմ տպավորությամբ, եթե մեր հասարակությունը իր վճռական խոսքը չասի, այս կառավարությունից լավ որոշում չի սպասվում»,- տեղեկացրել էր Լեւոն Հայրյանը։

Step1.am-ի հետ զրույցում Լեւոն Հայրյանը մանրամասներ ներկայացրեց այդ քննարկումից։ «Հիմնականում ասել են մի բան, որն անհեթեթություն է, եւ իրենք էլ գիտեն, որ իրականանալի չէ։ Բնակարանային խնդրի լուծման համար բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3 մլն դրամ են առաջարկում։ Ընդ որում, անչափահասներին այդ 3 միլիոնն անվերադարձ են տալիս, իսկ չափահասներին 4-6 տարով` (ժամկետները դեռ քննարկում են) որպես անտոկոս վարկ։ Այս աշխատավարձերով, այս պայմաններում մարդիկ ո՞նց պետք է այդ փողը վերադարձնեն, հայտնի չէ։ Ասում են, որ իրենք հաշվարկներ են արել՝ Դիլիջանում, Աշտարակում, Էջմիածնում, այս տիպի քաղաքներում երկրորդային շուկայում բնակարանի մեկ քմ արժեքը 200 հազար դրամ է»,- ասաց Լեւոն Հայրյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ հանդիպմանը ներկա արցախցիներն ասել են, որ մեկ անձի հաշվով 3 մլն դրամը քիչ է։ «Ես ասացի՝ երբեք չփորձեք մեզ ասել՝ փող չկա, կառավարությունը պարտավոր է փող ճարել։ Երկրորդ, ասացի՝ ես չեմ մոռացել, որ դուք պատերազմից հետո երկու տարվա ընթացքում 210 մլրդ դրամ ուղարկել եք Արցախ՝ կապիտալ շինարարության համար, եւ փոշիացրել եք։ 210 մլրդ դրամը, երբ բաժանում ենք փախստական ընտանիքների վրա, մեկ ընտանիքի համար միջինը 70 մլն դրամ է կազմում, որը եւ բիզինես է, եւ տուն»,- նշեց նա։ Լեւոն Հայրյանը առաջարկել է երկրորդ տարբերակով արցախցիների համար ավան կառուցել, սոցիալական տներ հատկացնել, որպեսզի համայնքը միասին ապրի։ Ըստ նրա՝ եթե համայնք լինի, այդտեղ դպրոցներ, մանկապարտեզներ, սպասարկման կենտրոններ կլինեն, դրանով նաեւ որոշ չափով կլուծվի գործազրկության հարցը։

«Այսինքն՝ կանչել էին մեզ հետախուզելու։ Ասացի՝ չասեք, որ կառավարությունը փող չունի, այն միջպետական վարկը՝ տարեկան 144 մլրդ դրամը, որ տալիս էին Արցախին, եթե ընդամենը մեկ տարի էլ այդ վարկի փողը տան արցախցիներին, յուրաքանչյուր ընտանիքի 50 մլն դրամ կհասնի։ Իրենք ասացին, որ մեր առաջարկություններն էլ ներառյալ կառավարությունում քննարկելու են, որոշման նախագիծ են կազմելու, նորից մեզ հետ քննարկելու են»,- նշեց Հայրյանը։ Առաջիկայում նա պատրաստվում է կառավարությանը ներկայացնել արցախցիների նոր առաջարկները։ Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ գուցե կլինեն ընտանիքներ, որոնք ոչ թե բնակարան գնելու, այլ բիզնես հիմնելու, օրինակ, ֆերմա կառուցելու գումարի կարիք կունենան։ Կառավարությունը կօգնի այդ բիզնեսը հիմնել, այնուհետեւ այդ ընտանիքներն իրենց վաստակած գումարով բնակարան կգնեն։

«Ես միտում չնկատեցի, որ անպայման ցանկանում են մեզ Հայաստանի քաղաքացի դարձնել։ Այսինքն՝ մեզ հետ զրույցում դա որպես պարտադիր պայման չներկայացրին»,- հավելեց Լեւոն Հայրյանը։

Փաշինյանը «պատռում է» հայկական անվիճելի իրավունքները արձանագրող փաստաթղթերը

Համակարգային վիրուսը, որն արդեն 6 տարի փորձում է ոչնչացնել Հայկական լեռնաշխարհի մատրիցան, թթվի պես քայքայում է հայոց պետականության հիմնարար հիմքերը։

Վիճելի փաստաթղթերն, որոնք կարող են խարխլել Հայաստանի պետականությունը, ստանում են նոր կյանք և հիմնարար նշանակություն, իսկ պետականության իրական հիմքերը՝ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և միջազգային փաստաթղթերում արձանագրված հայ ժողովրդի բնական իրավունքները, ենթակա են “ռեվիզիայի”։

Նիկոլ Փաշինյանը «չեղարկում է» ամեն ինչ՝ Սահմանադրություն, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, Հայաստանի խորհրդարանի վերապահումները Ալմաթայի հռչակագրին, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, այդ խմբի առաջարկություններով ամրագրված Արցախի ինքնորոշման իրավունքը, ՀՀ օրենքը, որն արգելում է հայտարարություններ անելը կամ պայմանագրերի ստորագրումը, որոնք ենթադրում են, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը, որն արգելում է ուժի կիրառումը։

Այս բոլոր հիմնարար փաստաթղթերը հայկական հանրապետության անվիճելի հիմքն են, հետևաբար՝ խոչընդոտ Հայաստանի պետականությունը կործանելու ծրագրին։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր հակադրվում է այս հիմնարար փաստաթղթերին՝ «ապացուցելով», որ դրանք «ոչ լեգիտիմ են», փոխելու կարիք ունեն, քանի որ սպառնալիք են պետականության համար, որ ուժ չունեն։ Մինչդեռ հայկական պետության բացահայտ թշնամիները պնդում են, որ այս բոլոր փաստաթղթերն ուժի մեջ են։

1․ Ալիևը պահանջում է չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, քանի որ «հակամարտությունը լուծված է», դրանով իսկ հաստատելով, որ մանդատը ուժի մեջ է, և ԵԱՀԿ-ն չի ճանաչում հակամարտության ուժային «կարգավորումը», իսկ Փաշինյանը՝ նույնիսկ չի հիշատակում Մինսկի խմբի մանդատը
2․ Ալիևն ասում է, որ Մեղրիի ճանապարհը պետք է բացվի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ հաստատելով, որ հայտարարությունն ուժի մեջ է, իսկ Փաշինյանն ասում է, որ Բաքուն և Մոսկվան «նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատռել են ու շպրտել»։ Փաշինյանը անում է դա, որպեսզի պահանջ չներկայացնի Մոսկվային և Բաքվին այս հայտարարության վերաբերյալ
3․ Ալիևն ասում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ձեռնտու չէ Բաքվին՝ Հայաստանի խորհրդարանի վերապահումների պատճառով, իսկ Փաշինյանը բոլորին համոզում է, որ վերապահումները ոչ լեգիտիմ են, քանի որ դրանք չեն ուղարկվել դեպոզիտարի
4․ Ալիևը Հայաստանին ասում է՝ փոխե՛ք Սահմանադրությունը, քանի որ այն կառուցված է 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման վրա, Փաշինյանը պնդում է, որ այդ որոշումը բեկանվել է ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կողմից.
5․ Ալիևն ասում է, որ հակամարտությունը լուծեց ուժով և կշարունակի ուժ կիրառել, Փաշինյանը դատի չի տալիս Ալիևին հակամարտությունների կարգավորման համար ուժ չկիրառելու հիմնարար սկզբունքը խախտելու համար.
6․ Ալիևն ասում է, որ համաձայնագիրը չպետք է հղումներ պարունակի Ղարաբաղի ինքնորոշման մասին, Փաշինյանը հայտարարում է, որ 1996 թվականից Ղարաբաղի ինքնորոշումը ենթադրում է կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

«Սատանայի փաստաբանի» փաստարկները կարելի է անվերջ շարունակել։

Նաիրա Հայրումյան

Որոշ մարզերում սպասվում է ձնախառն անձրեւ

Փետրվարի 20-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, լեռներում, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում սպասվում են ձնախառն անձրեւ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի:

Ինչպես «Հայհիդրոմետ»-ից հայտնում՝ Երևանում գիշերը հնարավոր է կարճատև անձրեւ, մնացած օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+4,

Լոռի՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+9,

Տավուշ՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+3,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +6+11,

Արարատ՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +11+13,

Արմավիր՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+3,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+11,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+8:

Փետրվարյան ապստամբություն. 103-ամյակ: Փետրվարի 18-ն` ազգային տոն

Մարդ արարածի ծննդյան կարևորագույն իմաստներից մեկը ձգտումն է դեպի ազատություն և երջանկություն: Դա մարդու բնական իրավունքն է:

Հայն այն ազգերից է, որն իր պատմության ընթացքում իր պատմական հայրենիքում տուժել է՝ ստրկացվելով բռնակալ ռեժիմների կողմից, սպանվել, խոշտանգվել և բանտարկվել` հայկական պետությանը հակոտնյա համակարգերի կողմից: Եվ Հայ ազգն, օգտվելով իր բնական իրավունքից, ժամանակ առ ժամանակ ապստամբել է: Ապստամբել է ընդդեմ իր երկրի մեջ գործող, օտար կամ օտարին ծառայող ռեժիմների: Հայկ Նահապետից մինչև Նժդեհ, Նժդեհից՝ մինչև մերօրյա պարտվողական իրականությունը մերժողներ:

1920 թվականի դեկտեմբերի 2-ից հետո, երբ Հայաստանի առաջին հանրապետությունն ընկավ, զավթվելով և մասնատվելով թուրքական և կարմիր բանակի հարձակման արդյունքում, նորաթուխ, զավթված կարմիր Հայաստանում բոլշևիկների կողմից սկիզբ դրվեց «ռազմական կոմունիզմի» քաղաքականությանը: Բոլշևիկյան կառավարությունը սկսեց բռնաճնշումներ կիրառել Առաջին հանրապետության քաղաքական ընտրանու, մտավորականների և զինվորականների նկատմամբ: Կազմաքանդվեց հայկական բանակը, ձերբակալվեցին շուրջ հազար սպաներ, այդ թվում` զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանն ու Հախվերդյանը:

Կարմիր բանակը թալանում էր ժողովրդին: Խուզարկությունների նպատակով ներխուժում էին քաղաքացիների բնակարաններն ու առգրավում մարդկանց սեփականությունը` ոսկի, արծաթ ու այլ թանկարժեք իրեր: 1921 թ. փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը ձերբակալվեցին մոտ 200 դաշնակցականներ, ինչը ժողովրդի մոտ հասունացրեց ապստամբության դիմելու ցանկություն: Վերջինիս հաջորդող օրերին Կոտայքի Զար գյուղում տեղի ունեցած ընդհատակյա ժողովի ժամանակ որոշվում է բարձրացնել ապստամբության դրոշ: Իրականում բոլշեւիկյան բռնաճնշումները ծառայեցին իբրև ապստամբելու առիթ. ընդվզման բուն պատճառն ու նպատակը Հայաստանի Հանրապետության վերականգնումն էր:

1921 թ. փետրվարի 13-ին, օգտվելով այն փաստից, որ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով Կարմիր բանակի զորամասերի զգալի հատվածը դուրս էր եկել Հայաստանից՝ հայտարարվեց քաղաքացիական ապստամբություն, որի սկիզբը դրեցին Արագածում վերաբնակեցված սասունցիները։ Հարավային ճակատում զինյալները սկսեցին ապստամբությունը՝ մարտնչելով Կարմիր բանակի ռուսական բոլշևիկների դեմ (Արտաշատ քաղաքի Կամարլու շրջանում), որոնց հրամանատարը Մոլկոչանովն էր: Դրանք Կարմիր բանակի 2-րդ և 3-րդ գնդերն էին։ Ապստամբական ուժերը նրանց դեմ կռվում էին Փոքր Վեդի-Խոր Վիրապի շրջակայքում։

Սպիտակի ճակատում հայկական ապստամբները գործեցին Բաշ-Ապարանից Սպիտակ ուղղությամբ ՝ ունենալով հինգ հարյուր կանոնավոր զինվորական, ինչպես նաև մոտ հազար մարդ։ Նրանց գեներալ-հրամանատարը Քենդերյանն էր։ Նրա զորքերը հսկում էին Սպիտակի բարձունքները և փորձում հասնել Վանաձոր։ Հրազդանի հյուսիս-արևելյան ճակատում գտնվող ապստամբական ուժերի հրամանատարն էր Արամ Դավոյանը, ով հետագայում փոխարինվեց գնդապետ Սարգսյանի կողմից։ Այստեղ կենտրոնացած էր ապստամբական ուժերի զգալի մասը, քանի որ Երևան-Սևան ճանապարհը մեծ նշանակություն ուներ Հայաստանի և նրա ազատագրական պայքարի համար։ Զանգեզուրից Գարեգին Նժդեհի զորքերն օգնության հասան ռազմաճակատի՝ Գավառի տեղամասում գտնվող ապստամբներին։

Փետրվարի 18-ին, Կուռո Թարխանյանի և Բաշգյառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ, ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտեն»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Ապստամբների կողմից Երևանը ազատագրելուց ժամեր առաջ, բոլշևիկները՝ մինչև հեռանալը, կացնահարեցին հայուրավոր հայ բանտարկյալների, այդ թվում` Սարդարապատի հերոսներին:

Բանտարկյալները թուրք դահիճների ձեռքով մահապատժի են ենթարկվել Երևանի բանտում։ Հերոսներին կացնով գլխատել են ամենադաժան եղանակով. գաղութի մոտ բերվել են բեռնատարներ, միացրել են դրանց շարժիչները, որպեսզի խլացնեն գլխատվողների ճիչերը։

Ցեղասպանությունից մազապուրծ եղած փոքրաթիվ հայությունը, չնայած իր ապստամբական ոգու և անկախ պետականության հանդեպ ունեցած մեծ սիրո, չդիմացավ բոլշևիկյան բանակի ճնշմանը, որը 42 օրերի ընթացքում հասցրել էր վերակազմավորվել և վերահամալրվել, և Հայաստանը նորից զավթվեց;

Ապրիլի 2֊ին վերականգնվեց բոլշևիկյան իշխանությունը: Վերակազմավորված կարմիր բանակը կոտրեց հայկական զորքերի դիմադրությունը։

Ապրիլի 2֊ից օրեր առաջ, մարտի 16-ին, Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության պայմանագիրը (Մոսկվայի պայմանագիր), որով Հայաստանի մի մեծ հատվածը հանձնվեց թուրքերին:

Խեղաթյուրված պնդում կա, որ 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի ստորագրմանը հանգեցրեց Փետրվարյան ապստամբությունը: Իրականում, մարտի 16-ի ակտը երկրորդ հանդիպումն էր: Մոսկովյան պայմանագրի նախաստորագրումը կայացել է Լենինի և Էնվերի միջև համաձայնագրով, որը տեղի է ունեցել 1920 թ օգոստոսին` մինչև Փետրվարյան ապստամբությունը, և որով Հայաստանն արդեն կիսվել էր:

Զանգեզուրի Նժդեհյան հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ՝ Զանգեզուրը մնաց սովետական Հայաստանի կազմում, իսկ բոլշևիկյան իշխանություններին պարզ դարձավ, որ նրանք որոշ չափով պետք է զսպեն իրենց բռի վերաբերմունքը դեպի հայությունը՝ հնարավոր կրկնվող ապստամբություններից խուսափելու համար։  Ապստամբության շնորհիվ փրկվեց նաեւ հայ ազգի այն քաղաքական դասը, առանց որի, հայությունը կկորցներ իր ապագային նետված ազգային նկարագիրը, մասնավորապես փրկվեցին այնպիսի մտավորականներ, հայ հոգևորականեր և քաղաքական գործիչներ, ինչպիսիք են` Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, և այլք:

New York Times-ը հաղորդում է հայկական ապստամբության մասին. մարտի 17, 1921 թ.

 

Ինչպես նաև Զանգեզուրի հերոսամարտը և Փետրվարյան ապստամբությունն, ի հեճուկս բոլշևիկա-թուրքական տանդեմի, հիմք դրեց ապագա Հայկական պետության վերածնմանը, որոշ չափով հայ ազգի քաղաքական ինքնության պահպանման և վերականգման ընթացքին: Նույնիսկ բոլշևիկյան լայնամասշտաբ քարոզչամեքենայի օրոք, որը գործում էր ի նպաստ Հայոց ոգու կոտրմանը, և նույնիսկ ցեղասպանված ու հոգնած ազգի մեջ, ի հայտ եկան հազարավոր հայորդիներ, որոնք ընդզվեցին բռնակալության դեմ` հանուն Ինքնիշխան Հայկական Պետության:

Առաջին Հանրապետության կողմից հայության մեջ վերածնված սերը դեպի պետականությունը, վառեց փետրվարի 18-ի ապստամբության կրակը: Ապստամբության ոգին ապրում է հայի մեջ միշտ:

Նույնիսկ հիմա՝ ռուս- թուրքական զավթումից և ներքին գործակալական իշխանական- «ըննդիմադիր» համակարգի դավաճանությույնից հետո, հայի ապստամբ ոգին կոտրելու բոլշևիկյան ավանդույթների համաձայն ՝ 2022թ. մայիսի 28-ին ՝ Հանրապետության օրը, ձերբակալեցին «Սասնա ծռեր» ապստամբներին։ Նախկին երեք հանցավոր ռեժիմները և ներկայիս թրքամետ իշխանությունը գործել և գործում է բոլշևիկյան տրամաբանության մեջ, սակայն չնայած այս ամենի՝ հայ ժողովուրդի մեջ շարունակում է շնչել ապստամբության ոգին և սերը առ ազատություն և ձգտումը առ ինքնիշխան պետականություն։

2016 թվականին մերօրյա ապստամբները 1921 թվականի մեր ապստամբների օրինակով համարձակություն ունեցան ապստամբել գաղութարար ռեժիմի դեմ և 4 տարով հետաձգել այն աղետը, որը տեղի է ունենում 2020 թվականից։ Սասնա ծռերը  այսօր էլ  բանտերից դիմադրության ուղերձներ են հղում  հայ ժողովրդին։

Ինչպես 103 տարի առաջ, այնպես էլ այսօր տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, և մենք շատ սթափ պետք է գիտակցենք, որ ռուսական կայսրության  նահանջը մեր տարածաշրջանից սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, երբ Արցախում  սանձազերծվեց 44-օրյա պատերազմը։

Ռուսաստանն այդ պատերազմը հրահրեց՝ նախընտրելով ստիպված կիսել տարածաշրջանը Թուրքիայի հետ և, ըստ Ուկրաինայի վրա հարձակման ծրագրերի ու դրանից բխող Արևմուտքի կործանարար պատժամիջոցների շրջանցման հնարավորությունների, ելք ապահովել դեպի առաջադեմ աշխարհ՝ միջանցք բացելով Սյունիքով։ Ռուսաստանը իր համար  կենսական անհրաժեշտություններից մեկն է համարում   Թուրքիայի հետ կապը նժդեհյան Սյունիքի վրայով։ Սակայն ռուս- թուրքական պլանը դեռ կիսատ է մնում. Սյունիքը դեռ չի հանձնվել, իսկ Հայաստանը դեռ դեյուրե չի կորցրել պետականությունը։

Անգամ 2023 թվականի սեպտեմբերյան ռուս- թուրքական տանդեմի և թրքամետ Փաշինյանական վարչակարգի ջանքերով իրականացված Արցախի հայաթափումն ու զինաթափումը` ռուսներին ու թուրքերին չբերեց իրենց նպատակին։ Ձևավորվող նոր աշխարհակարգի ռազմավարության և հնդեվրոպական ապագա միջազգային ուղիների պլանների համաձայն՝ Սյունիքն այն կետն է, ուր համընկնում են Արևմուտքի, Հնդկաստանի և նույնիսկ Իրանի շահերը։

Բայց ոչ մի ուժ մեզ չի կարող օգնել, եթե հայ ժողովուրդը չդիմադրի։

Պարզ նայելով մեր անցյալին, սթափ գնահատականներ տալով մեր պատմությանը, մեր բացերը ընդունելով՝ մենք պետք է դասեր քաղենք,  նայենք առաջ ու պատրաստ լինենք կռվելու, ինչպես դա արեցին 1921 թվականի ապստամբները, ինչպես դա արեց 1988 թվականին հայ ժողովուրդի մի մասն, ինչպես դա արեցին 2016 թվականին Սասնա ծռերը։ Նաև հիշենք այն դիմադրությունը, որը տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, ի հեճուկս  Հայաստանի դեմ կազմակերպված դավադրության ու ներքին համակարգային դավաճանության, հայ զինվորներն ու կամավորականները արիաբար մարտեր վարեցին։

Մենք նրանց ինքնիշխան, միացյալ և ազգային-ժողովրդավարական Հայկական պետություն ենք պարտք: Մենք Եռաբլուրին Արցախ ենք պարտք:

Փետրվարի 18-ի` ազգային տոնի լույսը պետք է վերածնենք 21 դարին հապատասխան ազգային պետության կերտմամբ:

2024 թվականը պետք է պատմության դասագրքերում մնա որպես ապստամբության և ազատագրման տարեթիվ. ապստամբությանը այլընտրանք չկա՛։


Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի անդամ

 

Փրկագի՞ն․ Bank of Georgia-ն գնում է Ռուբեն Վարդանյանի «Ամերիաբանկ»-ը

Մեծ Բրիտանիայում գրանցված «Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) տեղեկացնում է, որ հայկական բանկը ձեռք բերելու պայմանավորվածություն ունեն։

«Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է Խմբի համար։ «Ամերիաբանկ»-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը», – հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։

«Ամերիաբանկ»-ի 49 տոկոսի բաժնետերը գործարար, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանն է։ Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառվում են։

Bank of Georgia-ն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, բաժնեմասերը բազմաթիվ այլ ներդրումային ընկերությունների են պատկանում։

«Վրաստանի բանկը» տեղեկացնում է՝ նախատեսում են գործարքն ավարտին հասցնել հաջորդ ամիս, հայտնում է Ազատությունը։

Ռուբեն Վարդանյանի՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ բանտարկումից եւ ՌԴ իշխանությունների կողմից նրանից հրաժարվելուց հետո փորձագետները խոսում էին Վարդանյանի բիզնեսը որպես փրկագին սեփականաշնորհելու հնարավորության մասին։ Քանի որ Վարդանյանը Ռուսաստանում քիչ բիզնես ունի, սկսել են Հայաստանից՝ Ամերիաբանկից։  Գործը կհասնի՞ Վարդանյանի ներդրումային եւ այլ բիզնեսներին, որոնք գործում են Արեւմուտքում։ Եւ կպարզվի՞, թե ովքեր են բանկի նոր տերերը։

 

Փաշինյանն հնչեցրեց արցախցիներին բնակարաններով ապահովելու հերթական անհեթեթ պայմանը

Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված քաղաքացիների հետ. արդյոք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ կմնան Հայաստանում:

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները Հայաստանում այսօր ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը, ըստ էության, փախստականի կարգավիճակ է։

«Մեր տեսլականը հետևյալն է․ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում:

Մեր արևմտյան և օտարերկրյա գործընկերները շատ քաջալերում են փաստը, որ Հայաստանի կառավարությունը ընդունակ եղավ մի շաբաթում հարյուր հազարից ավելի մարդ ընդունել և ընդունել առանց փախստականների ճամբարի:

Երկրորդ՝ կարող ենք ասել, որ երեխաների մեծ մասը գնում են դպրոցներ: 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 10 հազար մարդ արդեն աշխատանք ունի Հայաստանում: Սա լավ է, բայց ամբողջը չէ, որովհետև սա բռնի տեղահանված աշխատունակ մարդկանց երևի 30 տոկոսն է: Բոլոր թոշակառուներն արդեն իրենց թոշակը ստանում են, և մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր անել, որի քննարկման ժամանակ եկել ենք կարևոր երկու եզրակացության․ առաջին՝ այդ ծրագիրը պետք է հասանելի լինի նաև Հայաստանի քաղաքացիներին, երկրորդ՝ պարտադիր ենք համարելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, Հայաստանի քաղաքացիություն ստանան»,- եզրափակեց Փաշինյանը։

Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ․ բայց ուղտի կաշին մի էշի բեռա

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին, թե Արցախը կորցնելուց, այդքան ձախողումներից հետո, արդյո՞ք ունի համարձակություն հրաժարական տալու և հեռանալու քաղաքական դաշտից ընդհանրապես։

«Արդեն 6 տարի կառավարում եք, եւ ձեր կառավարման սկզբից արցախյան բանակցությունների ողջ պատասխանատվությունը վերցրեցիք ձեզ վրա,  ինչ որ պետք է, այն էլ բանակցում եք, Արցախը Հայաստանն է ու վերջ, արդյունքում ունենք տարածքային եւ մարդկային կորուստներ, պարտված երկրի պարտված վարչապետ: 2020 թվականից եւս մեկ անգամ հնարավորություն ստացաք կառավարելու եւ խոստացաք արցախցիների իրավունքների եւ անվտանգության պաշտպանություն, չնայած կառավարության ծրագրում գրված է ինքնորոշման իրավունք։ Արձանագրենք, որ ձեր այս քաղաքականությունը եւս ձախողվեց, պարտված երկրի վարչապետը հայտարարեց խաղաղության դարաշրջան, եւ ունեցանք Հայաստանից տարածքային կորուստներ: Դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս եւ ստացաք վերջնական հայաթափում եւ համազգային աղետ: Հիմա ոչ լեգիտիմ իշխանություն, երկրորդ հանրապետության կորստից հետո ոչ լեգիտիմ վարչապետ, ռազմական նոր էսկալացիա, կոռուպցիոն սկանդալ: Պարո՛ն Փաշինյան, այս բոլոր ձախողումները տեղի են ունեցել ձեր կառավարման օրոք, դուք տարբեր պատճառաբանություններ կբերեք, բայց փաստը մնում է փաստ: Նախկինում ես ասում էի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ քաղաքական ուժեր կան, որ իրենից պահանջում են, որ հեռանան, սակայն իրենք մանդատ են ստացել ժողովրդից:

«Բայց մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»,-ասաց վարչապետը և նշեց, որ իրենք ստացած մանդատը վերադարձրել են երկու անգամ և կրկին ստացել։

Փաշինյանը նշեց, որ այժմ իրենց խնդիրը կենտրոնանալ պետություն ունենալու վրա և ոչ թե կորսված հայրենիքի անդադար տեսլականի հետևից գնալու։

«Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին։ Իհարկե կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթե մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթե այսպես շարունակենք, այ էդ ժամանակ կկորցնենք հայրենիքը»,-ասաց Փաշինյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչը նորից դիտարկում արեց, թե Փաշինյանը մանդատ չի ստացել Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում, նրան դրա համար չեն ընտրել. «Եթե դուք գնայիք ընտրությունների եւ ասեիք, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում, քանի մարդ ձեզ կընտրեր»:

Փաշինյանը ինքն ասաց, որ մարդիկ կարող են մտածել՝ “ես սա անում եմ նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ”։ Ինքնախոստովանության պես հնչեց, քանի որ ուրիշ բացատրություն նրա քաղաքականությունը չի ենթադրում։

Նա ճանաչեց, որ դեպի երկրի կործանում ճանապարհի կեսը ինքն արդեն անցել է եւ հանձնառու է գնալ մինչեւ վերջ։ Պետության կործանումից հետո նա եւս կասի, որ մանդատ է ստացել եւ չէր կարող հրաժարվել։ Կասի, որ հայերին պետականություն պետք չէ, հակառակ դեպքում նրանք, տեսնելով “կես ճանապարհի” արդյունքները, կտապալեին իրեն։ Եթե չեն տապալել, ուրեմն համաձայն են։ 

Հայաստանը իր բնական իրավունքներով, բեքգռաունդով եւ արմատներով այնքան մեծ ու խորն է, որ բոլոր տեսակի գիշատիչները չեն կարողանում այն արմատախիլ անել, գործի դնելով ներքին գիշատիչին։ Բայց, ինչպես Արցախում են ասում՝ ուղտի կաշին մի էշի բեռա։