Այսպես ստացվեց իմ առաջին ծանոթությունը Արցախի հետ․ Փոլ Մելլոր

Փոլ Մելորը հայտնի լուսանկարիչ և բարերար է: Լուսանկարչությամբ նա սկսել է հետաքրքրվել բավականին վաղ տարիքից։ Step1.am-ի հետ զրույցում նա ներկայացնում է արցախյան իրադարձությունները դրսի աչքով։

«Առաջին աշխատանքս մամուլի գործակալությունում էր, որտեղ շատ բան իմացա տարբեր ժանրերի լուսանկարչության, այդ թվում՝ մութ սենյակում մշակման և տպագրության մասին: Յոթ տարի անց ես հեռացա և սկսեցի իմ սեփական բիզնեսը՝ աշխատելով գովազդի, հանրային կապերի և կորպորատիվ միջոցառումների ոլորտում: Ստեղծեցի նաև պրոֆեսիոնալ տեխնոլոգիական և տպագրական լաբորատորիա։ Բիզնեսը ծաղկում էր, և իմ հաճախորդները ներառում էին բազմաթիվ խոշոր ընկերություններ, ինչպես նաև մի քանի խոշոր բարեգործական կազմակերպություններ:

Ես նախ վարձեցի ստուդիա Լոնդոնի կենտրոնում մեկ այլ լուսանկարչի հետ, իսկ հետո տեղափոխվեցի իմ սեփական տարածք: Թվային հեղափոխությունը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, բայց իմ սերը “սովորական” ֆոտոյի հանդեպ շարունակվեց մինչև 2000-ական թվականները՝ թվային սարքավորումների զարգացման հետ մեկտեղ: Ես փակեցի իմ հիմնական բիզնեսը 2010 թվականին, բայց շարունակեցի աշխատել բարեգործական ոլորտում մինչև թոշակի անցնելը՝ 2019 թվականին:

Կինս՝ Քեթին ինձ հրավիրում էր գնալ Արցախ՝ կարիքները գնահատելու և Ստեփանակերտի ծննդատանը նորածնային բաժանմունքի բացումը կազմակերպելու համար։ Երկար տարիներ նա իր կարիերան նվիրել է խնդիրներ ունեցող նորածին երեխաների բուժմանը։ Ահա այսպես եղավ իմ առաջին ծանոթությունը Արցախի հետ։

Իմ առաջին այցը տեղի ունեցավ 2001 թվականի հունվարին։ Սկզբում ես աջակցել էի կնոջս աշխատանքին` լուսանկարվելով հիվանդանոցներում և համայնքներում, որպեսզի օգտագործեի այդ լուսանկարները միջոցներ հավաքելու համար: Հենց այդ ժամանակ ես լսեցի Վերականգնողական կենտրոնի մասին, բայց այցելեցի այն միայն իմ հաջորդ ճամփորդության ժամանակ:

Ծննդատունը դեռ վերանորոգման փուլում էր, իսկ նորածնային բաժանմունքը պատրաստ ու վերազինված էր 2002 թվականին:  Այնուհետև ուշադրությունս տեղափոխվեց բժշկական անձնակազմի վերապատրաստման վրա, որը Քեթին իրականացրեց մի շարք բժիշկների և բուժքույրերի օգնությամբ, ովքեր նրա հետ ճանապարհորդել էին Մեծ Բրիտանիայից:

Առաջին տարիներըին նաև շրջագայել էր Արցախում, այցելել գյուղեր՝ տեսնելու, թե ինչպես է բուժօգնություն ցուցաբերվում մայրերին և նորածիններին։ Ես նրա հետ շրջեցի Արցախով՝ հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելու երկրի և նրա ժողովրդի մասին: Իմ առաքելությունը միշտ եղել է աջակցել Քեթիի աշխատանքին, ինչպես նաև աստիճանաբար սովորեցի օգտագործել  մեր բերած տեխնիկան Արցախում։

Իմ հիմնական նպատակն էր բազմաթիվ լուսանկարներ անել՝ ցույց տալու երկիրն ու նրա ժողովրդին, ինչպես նաև տեղեկացնել Մեծ Բրիտանիայի հանրությանը մի երկրի մասին, որի գոյության մասին քչերն էին լսել :

Հետագայում  իմ այցերը Արցախ հաճախակի դարձան , և բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ կապերի շնորհիվ ես ավելի ու ավելի շատ բան իմացա Վերականգնողական կենտրոնի և կենտրոնի տնօրեն ու հիմնադիր Վարդան Թադևոսյանի մասին։ Ինձ հետաքրքրում էին կենտրոնի գործունեությունն ու հիվանդների հետ աշխատելու առանձնահատկությունները։ Աշխատակիցների մոտ ձևավորված աշխատանքային էթիկան ոգևորիչ էր, իսկ աշխատանքին նվիրվածությունը՝ եզակի։

Տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնել է բուժման հնարավորությունները: Կենտրոնը տրամադրում էր ծառայությունների լայն շրջանակ, որը խթանում էր հիվանդների ստեղծագործական միտքը: Ես հնարավորություն ունեի իրականացնելու իմ սեփական լուսանկարչական նախագծերը, որոնք ցույց էին տալիս ոչ միայն հիվանդներին, այլև անձնակազմին և շենքի հարմարությունների մակարդակը, երբ այն զարգանում էր:

Կենտրոնի աշխատանքը չի սահմանափակվել միայն ստացիոնար և ամբուլատոր պայմաններում հիվանդների բուժմամբ։ Կենտրոնի մասնագետները հիվանդներին բուժել են նաեւ տնային պայմաններում՝ նրանց տրամադրելով բոլոր անհրաժեշտ դեղորայքն ու պարագաները։ Նրանք շրջում էին գյուղերում՝ ապահովելով հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն։

Ինձ վիճակվեց Վարդանին ուղեկցել որոշ ճամփորդությունների ժամանակ, ինչի շնորհիվ կարողացա գնահատել սոցիալական կենսամակարդակը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիության աստիճանը։ Մարդկանցից իմ առաջին տպավորությունն այն էր, թե որքան բարեհամբույր էին նրանք, և դա զարմանալի էր: Նրանք պատրաստ էին կիսել հացի վերջին կտորը։ Ինձ ջերմորեն ընդունեցին յուրաքանչյուր տուն, և չնայած ես չէի կարողանում խոսել նրանց լեզվով, մենք հիանալի «զրույցներ» ունեցանք:

Կասկածից վեր է, որ Արցախում ցածր կենսամակարդակը Ադրբեջանի հետ 90-ականների պատերազմի արդյունքն է։ Արցախյան կյանքը լրիվ տարբերվում էր Մեծ Բրիտանիայում իմ ապրած կյանքից։ Արցախցիներն իսկապես հպարտ էին իրենց երկրով։ Պատերազմի տարիներին ցուցաբերելով համառ տոկունություն, չնայած այլ երկրների օգնության բացակայությանը, նրանք անկախություն ձեռք բերեցին: Այս ժողովուրդը երկար պատմություն ունի, և ինձ շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, թե որքան սերտ է նրա կյանքը կապված ազգային ավանդույթների հետ։

Յուրաքանչյուր արցախցի, ինչպես ոչ ոք աշխարհում, հասկանում է հաղթանակի գինը և բարձր է գնահատում ազգային-ազատագրական պայքարի հերոսների հիշատակը։ Գեղեցիկ է Արցախի բնությունը, իսկ հատկապես տպավորիչ է հովիտների, գետերի ու լեռների բազմազանությունը։ Երկրաբանական ապշեցուցիչ առանձնահատկությունների, կանաչ արոտավայրերի ու ծառերի համադրությունը, ինչպես նաև կատակլիզմների կործանարար հետևանքները Արցախը դարձրել են գրեթե եզակի:

Ես շրջեցի ամբողջ Արցախով, այցելեցի հեռավոր գյուղեր և բոլոր հայտնի վանքերն ու եկեղեցիները, ինչպես նաև շատ գեղեցիկ վայրեր ու շինություններ, որոնք գտնվում էին զբոսաշրջային երթուղիներից հեռու։ Ինձ հնարավորություն ընձեռվեց տեսնելու պատերազմների ժամանակ մեծապես վնասված բազմաթիվ վայրեր, որոնք խիստ հակադրվում են ազգային նշանակության խնամված տարածքներին։

57 անգամ եղել եմ Արցախում։ Ցնցված եմ վերջին մի քանի տարիների իրադարձություններով, ագրեսիայի հաճախակի բռնկումներով և Արցախի խաղաղ ժողովրդի անվտանգության հանդեպ տոտալ անուշադրությունով։ Ես նաև զարմացած եմ բոլորի վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց երկիրն ու ժառանգությունը: Այնքան մարդ իր կյանքը տվեց, որ արցախցիները խաղաղ ապրեն, բայց ցավոք՝ ապարդյուն։

Շրջափակումը բնակչության բնաջնջման, բոլորին տարրական կենսապայմաններից զրկելու անմարդկային գործողություն էր։ Ռուսական խաղաղապահ ուժերը եղել են կողմնակալ և անարդյունավետ և քիչ բան են արել տարածաշրջանում ապրող բազմաթիվ երեխաներով ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար:  Դպրոցները չեն  աշխատել, երեխաներին անարդարացիորեն զրկել է կրթությունից:

Արևմտյան լրահոսում քիչ էր հաղորդվում դրա մասին, քանի որ այդ ժամանակաշրջանում աշխարհում այնքան կոնֆլիկտ կար, որ Արցախը լրատվամիջոցների լուսաբանման արժանի չէին համարում: Ես կարողացա կապ պահպանել որոշ ընկերների և ընտանիքների հետ, որոնց հանդիպելու պատիվ ունեի իմ այցելությունների ժամանակ, բայց նույնիսկ այն ժամանակ հեշտ չէր պատկերացնել այն ցավն ու հուսահատությունը, որով ապրում էին մարդիկ:

Մի առավոտ ես Վերականգնողական կենտրոնից Վարդան Թադևոսյանից ձայնային հաղորդագրություն ստացա, որտեղ նա նկարագրում էր խուճապը, երբ մարդիկ փորձում էին լքել Արցախը այն բանից հետո, երբ ադրբեջանական  ուժերը վերջնագիր ներկայացրեցին: Ես ապշած էի ադրբեջանցիների անմարդկային գործողություններից և միայն պատկերացնում եմ այն ​​մարդկանց վախն ու հուսահատությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքի և կյանքի հիշողությունների մեծ մասը հայրենիքում, և արդյունքում՝ մինչև հիմա, որքան գիտեմ, ցավոք, Արցախը դադարեց գոյություն ունենալ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Փոլ Մելորը։

Արսեն Աղաջանյան

Լուսանկարները՝ Փոլ Մելորի

Ռուսաստանում նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ բանտում մահացավ Պուտինի գլխավոր հակառակորդ Նավալնին

Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Ուրբաթ հայտնել է Դաշնային պատժիչ ծառայության շրջանային վարչությունը։
«Փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա. զբոսանքից հետո վատ է զգացել իրեն, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողները, հրավիրվել է շտապօգնության խումբ»,- ասվում է հաղորդագրությունում։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառը պարզվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

 

Արցախի “ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ” ՀԿ-ի կոչը․ մենք կդիմանանք եւ կվերադառնանք

Օրերս արցախի”Ավագների խորհուրդ” ՀԿ-ն կոչով դիմել է արցախցիներին։
“Տարբեր լուրեր են տարածվում սադրիչների կողմից, իբր թե Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը ցուցակագրում են այն մարդկանց, որոնք ուզում են վերադառնալ Արցախ։ Խնդրում ենք, մի հավատացեք։ Վերադարձը յուրաքանչյուր արցախցու նվիրական երազանքն է, բայց այն պետք է լինի արժանապատիվ և անվտանգ։Մենք չենք կարող վերադառնալ այնտեղ, որտեղ թուրքն է, չենք կարող մի անգամ ևս ցեղասպանվելու վտանգի մեջ հայտնվել։ Ինչքան էլ ՀՀ իշխանությունները և թուրքը գոռան, թե Արցախ այլևս չկա, Արցախի հարցը մեռած է, այնքան մենք պետք է ապացուցենք և հակադարձենք` ոչ, ,,պարոնայք” թուրքեր և թրքամետ իշխանություններ։ Քանի արցախցին կա, Արցախը ևս կա և մենք երբեք չենք հաշտվի Արցախի կորուստի հետ”․ ասված է հայտարարության մեջ։
Աշխարհի միջազգային կազմակերպություններում աշխատում են մեր հարցի լուծման ուղղությամբ, և մենք կվերադառնանք մեր երկիր այն ժամանակ, երբ ունենանք կարգավիճակ, երբ մեր անվտանգությունը երաշխավորված կլինի և երբ թուրքը իր փասա փուսան հավաքած կլինի մեր սուրբ հողից, ասված է կոչում։
“Հակառակ դեպքում ոչ մի վախկոտ իշխանություն մեզ հետ չի կարող պահել ոտքի կանգնել, համախմբվել նվիրյալ, ազգանվեր մեր ժողովրդի հետ և ուժով հետ բերել խաբեությամբ ու դավաճանությամբ մեզնից խլվածը։ Գեղ կանգնի, գերան կկոտրի։ ՀՀ իշխանությունները այդ շատ լավ գիտեն, դրա համար ամեն մի կեղտոտ ճանապարհով փորձում են պառակտել ազգին, ճեղքել նրա միասնական երազանքը` արցախցուն խեղճացնելով սոցիալական տարբեր ճնշումներով ու քաշքշուկներով։ Ստիպել նրան թողնել Հայաստանը և գաղթականի ու բոմժի ցուպը վերցնել իր ձեռքը, թափառել երկրե երկիր, անհող, աներկիր, անշիրիմ, դառնալ գնչուական թափառախմբեր”, ասված է կոչում։
“Արցախցին այդպիսին չի եղել և չի լինի։ Տաս ամիս սովին դիմացողը կդիմանա ֆինանսական կարիքին ևս, կմիավորվի այն նվիրյալների հետ, որոնց համար հողն ու հայրենին է ապրելու իմաստը, և կազատագրի Արցախը։ Այդ ժամանակ միայն մենք իրավունք կունենանք վերադառնալ գլուխներս բարձր և Այուն ու Ապուն ասել.
– Մունք եկալընք, վեր ծեզ պահինք, վեր մեր վեղն ու նահատակներին պահինք։ Եկալընք, վեր էլ քինանք վեչ։
Ավագների կոչը` ուղղված ձեզ, սա է.
– չհավատալ ոչ մի սադրիչի և թուրքի ջրաղացին ջուր չլցնել։ Նա շատ ուրախ կլինի մեզ ընդունել սիրով ու աշխարհին ցույց տալ, թե ինչքան մարդասեր է ինքը և ազատվել միջազգային պատժամիջոցներից։ Նրա տեղը հիմա շատ նեղ է և մենք կօգնենք այն ավելի նեղացնելու և օղապարան սարքելու նրա վզի համար։ Միայն դիմացեք մի քիչ”։

Հայաստանի մարզերի արցախցիներին առաջարկվում է իրավաբանական խորհրդատվություն

Հայտարարություն է տարածել «Արցախից տեղահանված արցախցիներ» ՀԿ-ն։

Խորհրդատվությունն առաջարկվում է անվճար։ Սոցցանցերում հրապարակվել են 12 փաստաբանների համարներ։ Յուրաքանչյուր իրավաբան պատասխանատու է կոնկրետ տարածքի կամ տեղանքի համար, պարզաբանել են Step1-ին կազմակերպությունում։

ՀՔԱ Վանաձորը եւս իրավաբանական խորհրդատվություն է առաջարկում արցախցիներին։

Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի. ի՞նչ ֆոնդի մասին է խոսքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրավիրել: Արցախի պատգամավորների շրջանում արդեն իսկ կոնսենսուս կա այս մասին, իսկ թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակեցված չէ. քննարկումներ են գնում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրակարգային հիմնական հարցը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է լինելու, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 2-ին էր գրել: Գրել էինք, որ 2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:

Ահա այս առիթով Արցախի պատգամավորները մտադիր են քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն: Քննիչ հանձնաժողովի հարցն առաջիկայում կայանալիք նիստին կքննարկվի»։

Եթե “Ժողովուրդի” տեղեկությունը ճիշտ է, ապա դա նողկալի է․ Արցախի բարձրագույն ներկայացուցչական մարմինը նիստ է հրավիրում ոչ թե գնահատական տալու ցեղասպանությանը, բռնի տեղահանությանը եւ օկուպացիային, ոչ թե Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության դերը այդ ամենի մեջ նշելու համար, այլ ինչ-որ անհայտ ֆոնդին չփոխանցած գումարների ճակատագիրը պարզելու համար։ Ի՞նչ ֆոնդի էին փոխանցվում գումարները։ Ո՞վ է պահանջատերը։

Հեղափոխությունը շարունակում է խժռել իր “զավակներին”

Ազատություն

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը:

Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրեց, որ Քերոբյանը ձերբակալվել է։

Եգորյանի խոսքով՝ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», – նշեց Եգորյանը:

Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Քերոբյանն, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանը երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։

Փաշինյանը Միրզոյանի, Պապիկյանի հետ մեկնել է Մյունխեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, տեղեկացնում է վարչապետի գրասենյակը։

Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Վարչապետի գրասենյակը չի հստակեցրել՝ նախատեսված է արդյոք հանդիպում Ալիեւի հետ։

Մյունխեն են մեկնել նաեւ ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։

Ենթադրվում էր, որ կարող է հանդիպում տեղի ունենա ՀՀ եւ ադրբեջանի արտգործնախարարների միջեւ՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։

Մինչդեռ ադրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվում։

Սխտորաշեն․ Մի հուշարձան, երկու ավանդազրույց

Սխտորաշեն գյուղը գտնվում է Մարտունու շրջանում, Կարմիր շուկայից հյուսիս արևմուտք, այժմ անմարդաբնակ։ Այս գյուղը երկու անգամ հիմնավորվել, երկու անգամ լքվել է։ 1915 թվականի մարդահամարի տվյալներով նոր Սխտորաշենն ուներ 900 շունչ։

Անմարդաբնակ այս գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Հին Սխտորաշենից, որը գտնվում էր ներկայիս գյուղից դեպի արևելք։ Նոր ու հին գյուղատեղիներից մնացել են միայն ավերակներ ու նախնիների գերեզմաններ։

Հին Սխտորաշենի տարածքում կիսավեր վիճակում պահպանվել է միանավ եկեղեցին:  Ըստ եկեղեցու բարավորի վրա առկա արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1731 թվականին («Թվին ։ՌՃՁ։»), իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ:

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հին Սխտորաշենի տարածքում, նշանավոր Սոսենուց արևելք: Դահլիճն ունի միանավ հորինվածք: Կառուցված է հիմնականում խառն անտաշ կրաքարերով: Շքամուտքը, սրահի արտաքին անկյունները, լուսամուտների, խորշերի և մկրտության ավազանի պարակալները շարված են մեծ սրբատաշ քարերով։

Ընդ որում մկրտության ավազանը նույնպես ունի  արձանագրություն «… նեի իւ/ր ծնօղ/ացն՝ հ/այր իմ/ Ոհանէն, մայր իմ Ադիխանեն, կող/ակիցն իմ Մարուն, Տ[է] ր Բողոսին. օվ որ կ/արդայ՝ մէկ բերան ողորմեայ ասի»։

Ներկա վիճակով արձանագրությունը թերի է պահպանված, իսկ ամբողջական տեքստին հանդիպում ենք Աբրահամ Կիսիբեկյանի «Հուշեր» գրքի առաջին հատորում,  որը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ շարունակությունը համընկնում է արձանագրության առկա հատվածին։ ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ԵԳԵՂԵՑԻՍ ԳԻՍՈՒՆԵԻ ԻՒՐ ԾՆՈՂ/ԱՑՆ ՀԱՅՐ ԻՄ ՈՀԱՆԷՆ ՄԱՅՐ ԻՄ ԱԴԻԽԱՆԷՆ ԿՈՂ/ԿԻՑՆ ԻՄ ՄԱՐՈՒՆ Տ[Է]Ր ԲՈՂՈՍԻՆ ՕՎ Կ/ԱՐԴԱՅ ՄԷԿ ԲԵՐԱՆ ՈՂՈՐՄԵԱՅ ԱՍԻ։

Կիսիբեկյանի «Հուշեր»-ում հանդիպում ենք նաև երկու հետաքրքիր ավանդազրույցի կապված եկեղեցու հետ։ Ըստ ավանդության, հնում Վարանդայի գյուղերից քչերը եկեղեցի ունեին։ Կիրակի ու տոն օրերին մարդիկ գյուղերից խմբերով գնում էին Ամարասի վանքը։ Այդ ժամանակ Ամարասի վանքի տերն ու տնօրենը Ավետարանոց գյուղի Մելիք – Շահնազարյան տոհմից Սարի բաբա անունով մեկն էր։ Նա նախատում է սխտորաշենցի Գեսի բեկին, որ նա այդքան տարածություն կտրելով գալիս հասնում է Ամարաս աղոթելու, այնինչ կարող է իր գյուղում եկեղեցի կառուցել։ Գեսի բեկը վերադառնալով գյուղ հենց իր միջոցներով գյուղում եկեղեցի է կառուցում։ Կարծիք կա, որ մկրտության ավազանի պատի արձանագրության մեջ հիշատակված Գիսունին հենց Գեսի բեկն է, ով ժամանակին հայտնի է եղել իր հարստությամբ։

Հաջորդ ավանդազրույցը «Քոթան վարդապետ»-ի մասին է։ Ըստ դրա, եկեղեցու դռանը կից պատի տակ կա մի գերեզման, որտեղ թաղված է Կոստանդին-Քոթան վարդապետը։ Երբ երկար ժամանակ անձրև չէր լինում  գյուղացիք այդ գերեզմանի վրա ջուր էին լցնում, իսկ երբ երկար ժամանակ անձրև էր լինում, գերեզմանի վրա կրակ էին վառում։ Այդպես իրենց աղոթք-ցանկությունն էին հղում առ երկինք։ Ցավոք Քոթան–վարդապետի գերեզմանի հետքերն անգամ չեն պահպանվել, և ավանդազրույցի իսկությունը կհաստատվեր միայն հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում։

Ըստ Կիսիբեկյանի Հին Սխտորաշենի գերեզմանատանը կա մամռածածկ մի փոքրիկ գերեզմանաքար, որի վրա արձանագրված է “Վարանդու քլիդ Գեսիբեկ”, որը հավանական է նույն եկեղեցին կառուցող Գիսունն է։ “Վարանդու քլիդ Գեսիբեկ”, դարձվածքը երկար տարիներ հոլովվում էր մեծահասակ գյուղացիների կողմից։

Դե իսկ Հին ու Նոր Սխտորաշենների զարդը շարունակում է մնալ երկհազարամյա Սոսենին, կամ Տնջրին։ Ու մեկ էլ հավերժ է Ռաշիդ Ղարաբաղցու հայտնի թևավոր խոսքը․ ՍԽՏՈՐԱՇԵՆ, համդ ու հոտդ կտրվե․․․

Արմինե Հայրապետյան

Արտակ Բեգլարյան․ Միջազգային կոշտ միջամտություն է անհրաժեշտ

Երեկ հրավիրած ասուլիսում Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասաց, որ արցախիցների վերադարձի համար պետք է միջազգային երաշխիքներ լինեն։ Իսկ բարձրագույն միջազգային երաշխիքը, նրա խոսքով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսով տրված երաշխիքն է։

Հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է միջազգային գլխավոր մարմինը, որը պետք է երաշխավորի ցեղասպանությունների կանխարգելումը, ժողովուրդների պաշտպանությունը ու միջազգային խաղաղությունը։

«Դա նաեւ նշանակում է ՄԱԿ-ի քաղաքական ու հումանիտար մասնակցություն Արցախում, նաեւ նշանակում է ադրբեջանական վերահսկողության իսպառ բացառում, քանի որ ադրբեջանական՝ թե ռազմական, թե վարչական վերահսկողությունն Արցախում կարող է հանգեցնել նոր ցեղասպանության կամ մարդու իրավունքների լայնածավալ այլ խախտումների»,- ասաց նա։

Բեգլարյանը նաեւ կարեւորեց Հայաստան-Արցախ երաշխավորված ցամաքային կապի առկայությունը, որը դարձյալ պետք է վերահսկվի միջազգային ուժերի կողմից։

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ իլյուզիա է պատկերացնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մեկ փաստաթղթով, որը չի հասցեագրում Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ հավաքական իրավունքները եւ չի վերացնում ատելության համակարգը, երբեւէ կայուն խաղաղություն կհաստատվի։

Իսկ դրա ապահովման համար միջազգային կոշտ միջամտություն է անհրաժեշտ։ «Ադրբեջանի նպատակն ամբողջը ստանալն է։ Ոչ թե բավարարվել միայն Արցախով, այլ նաեւ գուցե Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ ոչնչացնել՝ որպես քաղաքական ինքնուրույն սուբյեկտ»,- հավելեց նա։

«Այն, որ արցախցիները զանգվածաբար լքում են Հայաստանը, ՀՀ իշխանությունների ապակառուցողական քաղաքականության արդյունքն է»

Վերջին ամիսներին ցամաքային և օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է ավելի քան 40 հազար մարդ։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանի տվյալներով, նրանցից մոտ 30 հազարը կարող են լինել արցախցիներ։ Նա հավելեց, որ ՀՀ կառավարության ներկայացրած պաշտոնական վիճակագրությունը ներառում է միայն գնված ավիատոմսերի քանակը։

«Այն, որ արցախցիները զանգվածաբար լքում են Հայաստանը, Հայաստանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականության արդյունքն է։ Նրանք ամեն ինչ անում են, որ արցախցիները հեռանան Հայաստանից՝ դրանով իսկ փակելու համար Արցախի հարցը։ Հայաստանի իշխանությունները հասարակության մեջ կոնֆլիկտ են ստեղծում՝ օգտագործելով սոցիալական խնդիրները»։

Սարգսյանն ասաց, որ կառավարության որոշումները վկայում են այն մասին, որ պետական ​​շահերը չեն նույնացվում ազգայինի հետ։

«Ազգը ստեղծարար է այնտեղ, որտեղ համընկնում են պետական ​​և ազգային շահերը։ Իսկ այստեղ ազգային շահերի հաշվին փորձում են պահպանել պետական ​​շահերը։ Ազգային ունեցվածքը Հայաստանի իշխանության ձեռքում է՝ պատմական հայկական հողերն ու ժողովուրդը։ Եվ դրանք պահպանելու փոխարեն հեշտությամբ հրաժարվում են իրենց տարածքներից՝ միաժամանակ ոչնչացնելով գենոֆոնդը։ Միաժամանակ բոլոր ջանքերը գործադրելով կեղծ թեզերով ու շանտաժով ժողովրդին մոլորեցնելու համար՝ ազդում են նրա հոգեկանի վրա»։

Ալվարդ Գրիգորյան