Պատերազմ, որը երբեմն ընդհատվում էր խաղաղությամբ

Արցախի բնակչուհի Նոննա Մինասյանը մանկությունից ի վեր ճաշակել է պատերազմի և դրա հետևանքների դառնությունը: 7 տարեկան էր, երբ 1994 թ. զոհվեց հայրը: Երեք աղջիկներին խնամում էին մայրն ու տատիկը: Որդու կորստի կսկիծը տատիկի վաղաժամ մահվան պատճառ հանդիսացավ:

Միայնակ մոր ուսերին էր դրված երեք երեխաների ապրուստի հարցը: Նոննան 16 տարեկանից աշխատում էր` միաժամանակ մասնագիտանում տարբեր ուղղություններով` երաժշտություն, հագուստի մոդելավորում, լուսանկարչություն:

Շուշիի Նարեկացի Արվեստի Միությունում աշխատելու տարիներին էլ ծանոթացավ ապագա ամուսնու` Դավիթի հետ: «Դժբախտ ու դժգույն» Շուշին, ամուսինների խոսքով, սիրվել էր իր հին շինությունների, զարմանալի ձգողականության շնորհիվ:

«Շուշին մեզ համար հեքիաթային, խաղաղ վայր էր: Ամենաշատը գրավում էր շուշեցիների բարությունը…»,-ասում է Նոննան:

2017 թ. ամուսնանալուց հետո որոշեցին բնակություն հաստատել Շուշիում: 2019 թ. ձեռք բերեցին երկար սպասված բնակարանը, որի ամեն մի անկյունը լիքն էր հիշողություններով և ջերմությամբ:

«Մեր տունը լցված էր ծիծաղով, ուրախությամբ, տարբեր ճաշատեսակների անուշահոտությամբ, ընտանեկան խոսակցությունների ձայներով: Հաճախակի էինք ընկերական հավաքույթներ կազմակերպում, իսկ ամռան ամիսներին նստում էինք բաց պատշգամբում և վայելում բնության գեղեցկությունը»,-պատմում է Դավիթը:

Երջանկությունը երկար չտևեց: Հանկարծակի սկսված պատերազմը զրկեց նրանց հարմարավետ անկյուն ունենալու հնարավորությունից: Նոննան հասցրեց վերցնել միայն լուսանկարչական ապարատը և փաստաթղթերը, իսկ Դավիթը մնաց ու կռվեց Շուշիի համար: Դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ թշնամին մտավ Շուշի: Դավիթի համար ևս դա առաջին պատերազմը չէր: 1992թ. զոհվել էր հայրը:

44-օրյա պատերազմից հետո նրանք վերադարձան Արցախ` Ստեփանակերտ: Առողջական խնդիրների պատճառով և աշխատանք ունենալու նպատակով որոշեցին մեկնել Գերմանիա: Դրա համար անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն: Ինչն էլ հիմա որպես պատրվակ է ծառայում հասանելիք աջակցությունները չստանալու համար:

Համապատասխան մարմիններին ուղղված դիմում-բողոքները մնացել են առանց ուշադրության: «Ո՞վ է մշակել տվյալ ընթացակարգը: Ինչո՞ւ է այդ ամենը վստահվել համակարգչին: Եթե մենք միշտ ապրել ենք Արցախում և մի քանի անգամ կորցրել ենք մեր ունեցվածքը, ինչո՞ւ այդպիսի դեպքերի համար չկան համապատասխան որոշումներ ու լուծումներ», -ասում է Նոննան:

Գերմանիայից վերադառնալուց հետո ապրել են Ստեփանակերտում`հյուրանոցի մի սենյակում, որը հատկացված էր տեղահանվածների համար:

2023 թ. սեպտեմբերի 19-ին նախորդել էին շրջափակման երկար ամիսները, որոնց ընթացքում մի կերպ գտնված ալյուրով վերջին հացն էին թխում: Նրանք արդեն իմունիտետ ունեին պատերազմի դեմ, որը երբեմն ընդհատվում էր խաղաղությամբ: Գաղթի ճանապարհը տևեց 4 օր: Ներկայումս բնակարան են վարձել Երևանում, երկուսով աշխատում են և հույս ունեն, որ իրենց, ինչպես նաև նույն իրավիճակում գտնվող մարդկանց դիմումները կվերանայվեն:

Տաթև Ազիզյան

Ֆոտո Նոննա Մինասյանի

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ՔՕ «Պետական դավաճանության» մասին հոդվածի դիսպոզիցիայով անցել է թշնամու կողմը

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։

-Դուք բարձրաձայնել եք հարցը, որ պաշտոնական Երեւանի եւ Բաքվի միջեւ կա օպերատիվ կապ, որի միջոցով տեղի են ունենում պաշտոնական առաջարկների փոխանցումները, գերիների եւ այլ հարցերով տեղեկատվության փոխանակումները, ականապատ դաշտերի քարտեզների հանձնումը։ Արձանագրել եք, որ արդեն իսկ բավարար փաստեր կան՝ պնդելու, որ օպերատիվ կապի միջոցով տեղի են ունենում պաշտոնական Բաքվի ուղղակի ցուցումների փոխանցումները Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը, որոնք վերջինները լուռ կատարում են։ Այդ օրինակները շատ են՝ Հայաստանում Սահմանադրության փոփոխության մասին հայտարարությունները, ՀՀ ԱԳՆ կայքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկատվության հեռացումը եւ այլն։ Ի՞նչ մեխանիզմ է գործում։

-Այն, ինչ անում է գործող վարչախումբը, բոլոր ողջամիտ քաղաքացիների համար պարզ է, որ դրանք ՀՀ պետական շահերի դեմ քայլեր են եւ ոտնահարում են մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ այլն։ Այստեղ խնդիր կա իրավական տեսանկյունից հասկանալու՝ այդ մարդիկ ինչո՞վ են զբաղված։ Այն փաստերը, որոնք երեւան են գալիս, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ կայքից վերոնշյալ տեղեկատվությունը հեռացնելը, պետք է իրավական գնահատականի արժանան։ Պարզ է, որ այդ ամենը կոնկրետ ցուցումով է կատարվում։ Խնդիրն այն է, թե այդ ցուցումն ո՞վ է տալիս։ Բնականաբար, բարձրագույն ղեկավարությունն է այդ ամենի հետեւում կանգնած։ Վաղուց կան բազում օրինակներ, երբ Ադրբեջանը մի բան է հայտարարում, հետո Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը դա իրագործում է։ Ես բերեցի ԱԳՆ կայքից Արցախի մասին բաժինը հեռացնելու օրինակը, դուք էլ բերեցիք Սահմանդրության փոփոխության օրինակը։ Բազմաթիվ այլ օրինակներ էլ կան։

Ակնհայտ է, որ կա փոխկապակցվածություն՝ մի կողմից Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության՝ Հայաստանին ուղղված պահանջների, մյուս կողմից Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից դրանք կատարելու միջեւ։ Մի քանի տարի է՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ գոյություն ունի օպերատիվ կապ։ Դա Ազգային անվտանգության ծառայության միջոցով է իրականացվում։ Եվ մեզ հրամցրել են, որ այդ օպերատիվ կապը տեղեկատվության փոխանակման, քարտեզների փոխանցման հարցերի համար է։ Գիտենք, որ Հայաստանը միակողմանի եւ իր պետական շահը ոտնահարելով՝ Բաքվին է հանձնում ականապատ տարածքների որոշ քարտեզներ։ Երբ հասկանում ենք, որ գործնականում այդ կապը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ տեխնիկական միջոցներ են, պարզ է դառնում, որ այդ օպերատիվ կապի միջոցով տեղի է ունենում իմ ասածը։ Նկատի ունեմ՝ ցուցումներ Ադրբեջանի կողմից, որոնք Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կատարում է։ Այդ ցուցումները Հայաստանի պետական շահերի դեմ են ուղղված եւ ոտնահարում են մեր իրավունքներն ու օրենսդրությունը, Սահմանադրությունը։ Հետեւաբար, դա պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա։ Այդ ցուցումները գալիս են թշնամի պետության կողմից։

Ասում են՝ մենք գնում ենք դեպի «խաղաղության պայմանագիր», բայց ակնհայտ է՝ քանի դեռ խաղաղություն չկա, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն էլ ընդունում է, որ այն ռազմական գործողությունները, որոնք եղել են, թշնամական պետության կողմից են եղել։ Եվ մեծ հաշվով հիմա իրենք իրականացնում են թշնամու պարտադրանքները։ Մենք չունենք որեւէ դիվանագիտական հարաբերություն տվյալ երկրի հետ, տասնամյակներ շարունակ այդ երկրի հետ գտնվել ենք պատերազմական իրավիճակի մեջ, եւ ներկայում էլ չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որը կապացուցի, որ այդ երկիրը թշնամի չէ։ Եվ այդ տեսանկյունից այն ցուցումները, որոնք կան թշնամու կողմից եւ որոնք կատարվում են Հայաստանի ղեկավարության կողմից, փաստում են, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Քրեական օրենսգրքում եղած «Պետական դավաճանության» մասին հոդվածի դիսպոզիցիայով անցել է թշնամու կողմը։ Թշնամու ցուցումներն է կատարում, թշնամու շահերն է սպասարում։

Հայաստանի դատախազությունն այս տեսանկյունից անելիք ունի։ Բնականաբար, դատախազությունը, գտնվելով քաղաքական իշխանության վերահսկողության տակ, հիմա ոչինչ չի կարող անել։ Բայց այն խոսույթը, որը հիմա եմ ես զարգացնում, եթե դրա շրջանակում դեպքը չապացուցվի, մեծ հաշվով պարզ կդառնա, որ դատախազությունը նույն այդ իշխանության հետ մեկ ամբողջության մեջ է գտնվում եւ կատարում է նրա ցուցումները։ Հանրության մեջ կա նաեւ այնպիսի պահանջ, որ Հայաստանի ինստիտուտներն իրենց գործով չեն զբաղվում, օգտվում են այն իրավիճակից, որ բարձրաձայումներ չկան, ջայլամային վարք են դրսեւորում, որ իբր թե իրենց շուրջը ոչինչ էլ չի կատարվում։ Բայց իմ նշած փաստը հենց այն մասին է, որ այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները չկան։ Սա լրիվ բավարար է, որ իրենք հիմա էլ զբաղվեն եւ գոնե հերքմամբ հանդես գան, մենք էլ իմանանք՝ դատախազությունն ինչով է զբաղվում՝ արդյոք հասկանո՞ւմ է, որ այն, ինչ կատարվում է, կոնկրետ պետական շահերի դեմ ուղղված քայլեր են։

-Այսինքն՝ նաեւ հասարակությո՞ւնը պետք է այս հարցերը բարձրաձայնի, օրակարգ բերի։

-Այո, իհարկե։ Եթե երբեւէ դատախազությանը հարց տրվի, եւ իրենք ասեն՝ մենք հաղորդում չենք ստացել, նման փաստերի մասին տեղյակ չենք, իմ այս գրառումը նաեւ այդ խնդիրն է լուծում, որ այդ ինստիտուտն ընդհանրապես խուսանավելու տեղ չունենա։ Մի կողմից կա փաստ, որը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության  հայտարարություններն են, մյուս կողմից կա Հայաստանի ղեկավարության կամակատարությունը։ Եվ այդ տեսանկյունից առաջ է գալիս հետեւյալ հարցը՝ արդյոք այդ օպերատիվ կապն ընդամենն օպերատիվ կապ է, որտեղ ընդամենը տեղեկատվության կամ փաստաթղթերի փոխանակում է տեղի ունենում, թե՞ այդ «օպերատիվ կապ» ասածի տակ մենք իրականում գործ ունենք թշնամի պետության կողմից որոշակի ցանցի միջոցով իր հանձնարարությունների փոխանցում, եւ մյուս կողմից դրանց իրագործում։

Սա նորություն չէ, որ Հայաստանի իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը։ Հայաստանի շահն սպասարկելն այն է, որ Հայաստանի օրեսնդրությամբ, Անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ դրված են դրույթներ, բանաձեւեր, որոշումներ, որոնք պետք է կատարվեն։ Օրինակ՝ 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած որոշման մեջ նշվում է՝ «Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այդ ամենը չի արվել, հակառակը, ամբողջությամբ ոտնահարվել են ՀՀ օրենքները։ Հիմա դա Հայաստանի պետական շահերի՞ց է բխում, թե՞ ոչ։ Բնականաբար, այս մարդիկ վաղուց ոտնահարել ու ոտնահարում են Հայաստանի պետական շահը։

Ես ուրախ կլինեի, որ ԶԼՄ-ները հարցում ուղարկեին դատախազությանը՝ կա՞ որոշում, որով Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական որեւէ փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում, դատախազությունն ի՞նչ գնահատական է տալիս իշխանության գործողություններին, իրենք խախտե՞լ են ՀՀ Սահմանադրությունը, օրենքներն ու որոշումները, թե՞ ոչ։ Այս բարձրաձայնումներն ամենակարեւոր հիմքերն են, որոնք, այդ թվում, վերաբերում են հետագայում նույն այդ մարդկանց պատասխանատվության կանչելուն։ Բարձրագույն ղեկավարությունն այս ամենն այսօր անում է, պետական շահերը ոտնահարում է, թշնամի պետության հետ մտնում է գործարքի մեջ՝ օգտվելով Հայաստանի պետական ինստիտուտների անգործությունից։

 

Ստեփանակերտի “Վերեւի պարկի” արծիվը հանել են

Ադրբեջանի վարչախումբը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված եւ ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը:

Բելգորոդում հինգ մարդ է զոհվել հրթիռային հարվածի հետեւանքով, հայտնել է նահանգապետը

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, Բելգորոդի հրետակոծության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, եւս 18 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ քաղաքում վնասվել է եւս յոթ առանձնատուն։

Նախկինում հաղորդվում էր, որ հարձակման պատճառով լրջորեն վնասվել է Պլեխանովի փողոցում գտնվող երկհարկանի առևտրի կենտրոնը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ առևտրի կենտրոնի այցելուների շրջանում զոհեր են եղել։

Դատելով դեպքի վայրից արված լուսանկարներից և տեսանյութերից՝ շենքում ապակի է կոտրվել, իսկ ճակատը խիստ վնասվել է։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 12:30-ի սահմաններում Կիևի ռեժիմի կողմից RM-70 Vampire բազմակի արձակման հրթիռային համակարգի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է։ Գործակալության տվյալներով՝ Բելգորոդի շրջանի տարածքի վրա հակաօդային պաշտպանության միջոցով ոչնչացվել է տասնչորս հրթիռ։

Կիևը չի մեկնաբանել Բելգորոդի դեպքերը։ Այսօր Բելգորոդի վրա հարձակմանը նախորդել է ռուսական զանգվածային հրթիռային հարվածը Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։

«Մեր պահանջները հիմնվում են հավաքական վերադարձի իրավունքի վրա, ոչ թե անհատական»

«Հրապարակ». Որտե՞ղ են Արցախի պետական մեքենաները

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաների գտնվելու վայրի, ճակատագրի վերաբերյալ վերջին շրջանում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, թե իբր Արցախի պաշտոնյաները սեփականաշնորհել  կամ սեփականացրել են իրենց ղեկավարած կառույցները սպասարկած պետական ավտոմեքենաները։

Մեզ տեղեկություններ հասան, որ Հայաստանի իշխանությունը, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով հրաժարվում է ընդունել այդ մեքենաները ՀՀ կառավարության տնօրինության տակ, եւ դրանք այս ու այնտեղ կայանված` սպասում են որոշման։ Մինչդեռ դրանց մեջ կան շատ լավ վիճակում գտնվող փոխադրամիջոցներ, որոնք կարող են ծառայել համապատասխան գերատեսչություններին` առողջապահական, իրավապահ, փրկարարական եւ այլն:

Մենք դիմեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե` հարցրինք, թե որտեղ են գտնվում Արցախի պետական կառույցներին սպասարկած փոխադրամիջոցները, ում հաշվեկշռում, եւ ինչ են պատրաստվում անել դրանց հետ: Զարմանալիորեն, Պետգույքի կառավարման կոմիտեի խոսնակը հայտարարեց. «Հրաժարվում ենք մեկնաբանել այդ հարցը»։

Ստեփանյան․ “Ռուսական զորակազմն առաջինը պետք է փաստագրեր, որ մարդիկ հեռացել են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո”

Այսօր հրավիրած ասուլիսում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությանը, թե «Մոսկվան և Բաքուն քննարկում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի հեռանկարները»։ Ավելի վաղ ռուսական կողմը նաեւ հայտարարել էր, որ արցախցիներն ինքնակամ են հեռացել Արցախից։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ է քննարկվում ռուսական կողմի հետ, նաեւ տեղեկություն չունի այն հարցի մասին՝ Արցախի իշխանությունները ներգրավված են ռուսական մասնակցությամբ որեւէ բանակցության, թե՞ ոչ։

«Ռուսական կողմի հայտարարություններին ես իմ բացասական վերաբերմունքը պետք է հայտնեմ նախ եւ առաջ նրա համար, որ այդ հայտարարության մեջ ես մանիպուլյացիա եմ տեսել այն տեսանկյունից, որ նշվել է, որ Արցախի ժողովուրդը հեռացել է ինքնակամ։ Ռուսական խաղաղապահ զորակազմը գտնվել է տեղում եւ ռուսական խաղաղապահ զորակազմն առաջինը պետք է փաստագրեր, որ մարդիկ հեռացել են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո՝ 24 ժամ տեւած ռազմական գործողություններից հետո։ Եվ ես պետք է ասեմ, որ մեր ակնկալիքը նաեւ այն էր, որ առաջինը ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է գնահատական տար այդ էթնիկ զտումներին, եւ ոչ թե դա որակվեր որպես ինքնակամ հեռացում»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արցախցիները ռուսական երաշխավորությամբ կվերադառնա՞ն Արցախ, Գեղամ Ստեփանյանը պտասխանեց․ «Իմ կարծիքն այնպիսին է, որ միջազգային երաշխիքներ են պետք։ Այսինքն՝ 2020 թվականից հետո Արցախում ներդրված ռուսական խաղաղապահ զորակազմի միայն այդ երաշխիքը, ինչպես ցույց տվեց պատմությունը, բավարար չէ Արցախում անվտանգությունն ապահովելու համար։ Շատ ավելի ցանկալի եւ շատ ավելի բարձր երաշխիք կարող է ապահովվել, եթե խաղաղապահությունը կամ միջազգային երախիքները ձեւավորվեն միջազգային հարթակում»։

Նա որպես օրինակ բերեց ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային երաշխիքները՝ նշելով, որ միայն որեւէ առանձին երկրի երաշխավորությամբ վերադարձը նպատակահարմար չի կարող համարվել։

Փաշինյանի նոր “բնակարանային պայմանը” արցախցիներին

Մենք այս պահի դրությամբ միայն պետական բյուջեից 34 մլրդ դրամ ենք տրամադրել եւ ծախսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ քննարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը, եկանք մի կարեւոր եզրակացության, որ մենք պետք է իրենց համար նույն պայմաններն ապահովենք, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Սա շատ կարեւոր է նաեւ լարվածություններ չառաջացնելու տեսակետից:

Սա նշանակում է, որ երբ մենք ասում ենք, որ բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է լինի ամուսնության վկայական եւ ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի, այդ պայմանը տարածվելու է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածների վրա: Այս ծրագիրը հենց այսօր էլ նրանց համար գործում է:

Այլ բան, որ մենք կտեսնենք, թե ինչ աջակցության ծրագրեր կարող ենք նախատեսել, որպեսզի հողակտորների ձեռքբերման հարցում աջակցություն լինի, բայց քաղաքացիության հանգամանքը պարտադիր է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունը որոշեց այս ծրագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն ենթադրում է, որ եթե անձը սահմանամերձ գյուղում ցանկանում է տուն կռուցել եւ հիփոթեքային վարկ է վերցնում, ապա կառավարությունը 16 մլն դրամի վարկի չափով վճարում է եւ մայր գումարը, եւ տոկոսները:

Հայկական պետականությունը վտանգի տակ է առաջին հերթին բանակի անտեսման պատճառով

Փետրվարի 14-ը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխություններով։

Մասնավորապես, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

Խոսքը, այսպես կոչված, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբի մասին է։ Հավանաբար Հայաստանում քչերն են լսել այս խմբի մասին, քանի որ այն չեր երեւում 2021, 2022 թվականներին Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ, և նույնիսկ մի քանի օր առաջ, երբ ադրբեջանական զինուժը սպանեց հայկական սահամանագիծը հսկող 4 հայ մարտիկի։

Այս բոլոր կադրային փոփոխությունները տեղի են ունենում ՀՀ վարչապետի այն հայտարարությունների ֆոնին, որ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, Հայոց պատմությունը, ամենայն հավանականությամբ, և Հայոց բանակը «կարմիր լաթի են ցուլի համար»: Տվյալ դեպքում ցուլը Ռուսաստան-Թուրքիա-ադրբեջան եռյակն է, որը չի թաքցնում Հայաստանի Հանրապետությունը հայաթափելու իր ծրագրերը։

Դատելով Ներքին հանդի և Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերից ստացվող տեղեկություններից՝ այս վայրերի բնակիչները պահանջում են զինել տեղի բնակչությանը, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանել իրենց տներն ու բնակավայրերը։ Ըստ ամենայնի, պետությունն ու բանակը չեն կարողանում (կամ չեն ուզում) պաշտպանել սեփական ժողովրդին մինչև ատամները զինված հարևանի ագրեսիայից։

Ակամայից հիշողությունը մեզ՝ հայկական բանակի կազմավորման վկաներին, տանում է 90-ականներ, այն օրերը, երբ նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները ստիպված էին զենք վերցնել, ստեղծել զինված ջոկատներ և պաշտպանել խաղաղ բնակչությանը Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ագրեսիվ գործողություններից։

Զրոյից ստեղծված արցախյան բանակը, որը չուներ զենք, համազգեստ, դեղորայք, համապատասխան հրամանատարական կազմ, կարճ ժամանակահատվածում կարողացավ կանոնավոր բանակի կազմավորել ցրված զինված պարտիզանական ջոկատներից։ Սովորական պարտավորությունների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ոք, ով կամավոր կանգնած էր իրենց ստեղծած պետության և ժողովրդի պաշտպանության դրոշի տակ, կային նաև չգրված «օրենքներ», որոնք հնարավորություն էին տալիս պատժել մահացած կամ վիրավոր ընկերոջը ռազմի դաշտում թողածներին, չսպանել կանանց ու երեխաներին, չզբաղվել թալանով և այլն։

Անգամ այդ տարիներին հայ և ադրբեջանցի հրամանատարները կապ էին պահպանում միմյանց հետ զինադադար հայտարարելու և զոհվածներին ու վիրավորներին մարտի դաշտից հեռացնելու համար։ Կատարվում էր նաև ռազմագերիների փոխանակում։ Այսինքն՝ պատերազմող կողմերը ենթարկվում էին պատերազմի օրենքներին։ Բնականաբար, հայկական կողմի համար այդ «օրենքները» գործում էին, իսկ ադրբեջանը մշտապես խախտում էր դրանք, ինչի արդյունքում հայկական կողմում բազմաթիվ անհայտ կորածներ կային։ Ավելին, ադրբեջանական կողմը չէր հավաքում մահացածների դիակները, քանի որ նրանց թիվը կարող էր խռովություն առաջացնել երկրում։ Մեր օրերում ակնհայտ է դառնում, որ սա ահաբեկչական պետության հեռատես քաղաքականություն էր։ Այսօր ադրբեջանը կարող է խոսել զանգվածային գերեզմանների, հազարավոր անհետ կորածների (ամենայն հավանականությամբ՝ մահացածների) մասին։

Նշենք, որ հայկական բանակը կերտվել է հայոց պետականության ազատության ու անկախության համար մղվող մարտերում։ Այս մարտերը տեղի են ունեցել Արցախի տարածքում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Չնայած հայ հասարակության այդ տարիների ներկուսակցական անախորժություններին, բանակին հաջողվեց պաշտպանել պետականությունը, ավելին` ամրապնդել պետության սահմանները երբեմնի հայկական տարածքներով, որոնց վերադարձով Հայաստանն ու Արցախը վերամիավորվեցին աշխարհագրորեն և ամրացրին սահմանները։

Այսօր հայկական պետականությունը վտանգի տակ է առաջին հերթին բանակի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով։ Բարձրագույն հրամանատարական կազմի շփոթվածությունը, կոռուպցիան, նախկին զինվորականների ունայնությունը, ազգային գաղափարախոսության բացակայությունը հանգեցրին հայկական պետության մի մասի՝ Արցախի ժամանակավոր կորստի։

Թվում է, թե 2020-2023 թվականների իրադարձությունները պետք է ստիպեին Հայաստանի իշխանություններին վերանայել իրենց պետական ​​ռազմավարությունը և անհապաղ սկսել բանակում բարեփոխումներն ու դրա դիվերսիֆիկացումը։

Ցավոք սրտի, տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում վխտում են է Ռուսաստանի ԱԴԾ գործակալները և հրահանգիչները։ Հայկական բանակը երկար ժամանակ սպասում էր ռուսական զենքին։ Իսկ Բուդագյանի՝ ԶՈւ միացյալ խմբի հրամանատար նշանակվելը վկայում է այն մասին, որ բանակում բարեփոխումները ձեւական են։

Ավելին, ՀՀ պաշտպանության նախարարն անընդհատ ասում է, որ մեր բանակը պետք է անցնի պրոֆեսիոնալ հիմքերի։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ բանակում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողները, իսկ պարտադիր ծառայությունը կվերացվի։

Որքանո՞վ է սա արդարացված մի պետության մեջ, որը 33 տարի պատերազմում է հարեւան պետության հետ։ Թվում է, թե պետք է հակառակը լինի։ Պետք է ստեղծվեին լրացուցիչ ռազմական կառույցներ՝ ամբողջ արական (և, հնարավոր է, իգական սեռի) բնակչությանը ռազմական հարցերում, քաղաքացիական պաշտպանությանը վերապատրաստելու համար:

Ըստ սահմանման, զինված ուժերը (ԶՈՒ) պետության կամ պետությունների խմբի հիմնական զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է ապահովելու ռազմական անվտանգությունը, պաշտպանելու պետական ​​շահերը ագրեսիայի և պատերազմի ժամանակ, կանխելու կամ վերացնելու պետությունների միջև խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքները:

Հայաստանի իշխանությունը, թերեւս, առաջնորդվում է երկրորդ բնորոշմամբ, այն է՝ իր համար զինված ուժերը «պետությունների խմբի» ուժեր են։ Բայց որքանո՞վ կարելի է Ռուսաստանը համարել մեր պետության անվտանգությունն ապահովելու ունակ պետություն՝ հաշվի առնելով այն, որ հենց Ռուսաստանն է Թուրքիան բերել Արցախ, ապա հանձնել ադրբեջանին, իսկ իրականում Թուրքիային ու Իսրայելին։

Ինչքանո՞վ կարելի է վստահել հայ զինվորների կյանքը Միացյալ խմբի ռուս գործընկերներին, եթե Արցախում ռուսական զորքերն են թույլ տվել խաղաղ բնակիչների ցեղասպանությունը, նրանց տները թալանելը և Արցախի Հանրապետության իշխանության օրինական ընտրված ներկայացուցիչների հանձնում Ադրբեջանին։

Իսկ գուցե այն ամենը, ինչ կատարվում է այսօր, բխում է Հայաստանի իշխանության սեփական ինքնիշխանության հանդեպ մոտեցումից: Ի վերջո, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հայ լինել նշանակում է «կարմիր լաթի» լինել Թուրքիայի և Ադրբեջանի առաջ, այսինքն՝ ավելի անվտանգ է մենք հայ «չլինենք», որ մեզ չսպանեն։ Իսկ եթե մեզ չսպանեն, ուրեմն մեզ բանակ էլ պետք չէ…

Մարգարիտա Քարամյան

Փաշինյանը խոսեց լայնածավալ պատերազմի հեռանկարի մասին

Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը նաեւ մեր բանակի բարեփոխումների եւ Հայաստանի կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ Հայաստանի օրենսդրական դաշտի մասին, մեր երկրի ինքնիշխանության խախտում են եւ միջամտություն մեր երկրի ներքին գործերին, ասել է նա:

«2 տարբերակ կա, նախ ամբողջ սահմանագծով իրականացնում ենք սահմանագծում եւ անցնում դրա իրագործմանը: Երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը եւ կտոր-կտոր սահմանագծելով գնում ենք առաջ: Երկու տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են՝ վերը նշված սկզբունքների շրջանակում: Բայց Ադրբեջանը, կարծես, խուսափում է նաեւ այս տարբերակից»,- ընդգծեց Փաշինյանը:

սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն:

Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձեւակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որեւէ կերպ հետ չգնան: Սա կառուցողական դիրքորոշում չէ եւ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են»,-ասաց Փաշինյանը:

«Իրադարձություննների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա:

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի գործողությունների համար կարող է լինել մեկ պատճառ եւ դա կարող է լինել, օրինակ, ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով, ասել է Փաշինյանը։

«Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,- հայտարարեց Փաշինյանը:

Ի՞նչ է դրան հակադրվելու։ «Հայաստանի կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավոր ը անել նման զարգացումները կանխելու համար, միաժամանակ ամուր կանգնելով Հայաստանի բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում: Այդ լեգիտիմ շահերն են Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը»,-ասաց նա:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 3-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ:

Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը:

«Մասը կորցնել՝ ամբողջը փրկելու համար մեխանիզմը ցույց է տալիս իր սնանկությունը»․ Գեղամ Ստեփանյան

«Ռազմավարությունը կամ մեխանիզմը՝ մասը կորցնել՝ ամբողջը փրկելու համար, մեր աչքի առաջ ցույց է տալիս իր սնանկությունը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանություններին թեզին, որ Արցախը հանձնելով՝ հնարավոր է պահել Հայաստանը։

«Ընդամենը երկու օր առաջ մենք նոր շանտաժներ ու նոր սպառնալիքներ ենք լսել Ադրբեջանի ղեկավարի շուրթերից, ինչը նշանակում է, որ կոնկրետ այդ ռազմավարությամբ առջնորդվելով՝ մենք դեռեւս որեւէ շոշափելի արդյունքի չենք կարողանում հասնել։ Այն, ինչ ամրագրված է միջազգային կոնվենցիաներով եւ ընդհանրապես տրված է Արցախի ժողովրդին, չպետք է մոռացության մատնվի կամ զիջվի։ ԱՄՆ կատարած մեր այցի ընթացքում ստացել ենք այն տպավորությունը, որ կոնկրետ ամերիկյան դերակատարները կարեւորություն են տալիս այդ հարցին, պարաստ են այդ հարցի քննարկմանը եւ համարում են, որ տեւական խաղաղության հասնելու համար նաեւ պետք է հասցեագրվի Արցախի ժողովրդի իրավունքների թեման։ Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է հավատարիմ մնա այդ օրակարգին, այսինքն՝ բանակցային օրակարգից Արցախի ժողովրդի իրավունքների թեման չհանի»,- ասաց նա։