Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

«Ազատության»  հետ զրույցում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է․ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»։

«Երեք վիրավոր վերցրի, որ հասցնեմ Ստեփանակերտ, բայց արդեն ճանապարհը վերցրել էին, կրակեցին մեքենայի վրա»․ Սարուշենի տեղահանումը

Forrights.

Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ամենաշատ զոհն է տվել՝ 12 մարդ։ Այս գյուղում պատերազմը չէր էլ ավարտվել․ հենց այստեղ դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանցիները պարբերաբար կրակում էին՝ խոչընդոտելով մարդկանց աշխատել իրենց հողատարածքի վրա։

«Անսպասելի չէր, գիտեինք, որ մի պահի ադրբեջանցիները կհարձակվեն։ Մեզ համար պատերազմը չէր ավարտվել», -Forrights.am-ին ասում է Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանը։

37-ամյա արցախցին ծնվել մեծացել է Սարուշենում։ Վերջին չորս տարին հարազատ գյուղի ղեկավարն էր։ Պատմում է՝ թեպետ շրջափակման մեջ, բայց իրենց գյուղ ապահովված էր ցորենով, ալյուրով․ «Պահեստավորած մթերք ունեինք, ութ տոննա ցորեն էինք տարել, աղացել, բերել, բաժանել ժողովրդին։ Չեն հասցրել ուտել։ Մի 50 տոննա ցորեն թողել ենք գյուղում, հեռացել։ Մարդիկ իրենց փողերը ոսկիները ամեն ինչ թողել են, խուճապ էր ընկել, երեխեքը, նույնիսկ մեծերը լացում էին․պատերազմն հասել էր գյուղի տակ»։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան զանգել, ասել են՝ «համար մեկ է», ինչը նշանակում է, կռիվ է, պետք է պաշտպանվել։ Կարենը պատմում է՝ գյուղի տղամարդիկ, կազմելով աշխարհազոր, ուղղվել են դիրքեր՝ գյուղը պաշտպանելու, իսկ ինքը կազմակերպել է բնակչության տեղահանությունը։ «Մարտական դիրքից մեկից մեզ փոխանցեցին, որ կուտակումներ կան, ես ու ընկերս՝ Արմեն Առուստամյանը, զենք վերցրին, գնացինք դիրքեր, տեսանք իսկապես ադրբեջանցիների մեծաքանակ կուտակումներ կան, ու չորս ձորերով մոտենում են գյուղին։ Կրակում էինք նրանց ուղղությամբ, փորձում էինք կանխել շարժը։ Բայց ժամը մեկի կողմերը սկսեցին հրետանային կրակ բացել գյուղի ուղղությամբ։ Երբ արդեն շատ էին մոտեցել գյուղին, Արմենին ասեցի՝ դուք պահեք դիրքերը, ես գնամ ժողովրդին ասեմ՝ դուրս գան գյուղից», -դեպքերը վերարտադրում է Կարեն Գասպարյանը։

Գյուղում արդեն խուճապ է եղել, և նա կարողացել է 200-ից ավելի բնակչության տեղահանում կազմակերպել։ Մարդիկ անտառների միջով շուրջ 7 կմ ճանապարհ են կտրել անցել՝ հասնելով Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Ժողովրդի տեղահանումը կազմակերպելուց հետո մեքենայով վերադարձել է դիրքեր, որտեղ արդեն վիրավորներ, զոհեր կային․ «Երեք վիրավոր վերցրի, որ տանեմ հասցնեմ Ստեփանակերտ, բայց արդեն ճանապարհը վերցրել էին։ Կրակեցին մեքենայի վրա, էդ պահին ես էլ վիրավորվեցի։ Բայց մեկ է ուրիշ ճանապարհով կարողացա վիրավորներին հասցնել հոսպիտալ։ Ճանապարհին վիրավորներից մեկը՝ Վրեժ Գասպարյանը մահանում է»։

Հոսպիտալից հետո Կարենը գնում է Մսմնա գյուղ, որտեղ Սարուշենի բնակչությունն էր կենտրոնացել․ «Առաջին օրը անձրև էր եկել, ցեխերի ու ջրերի միջով մարդիկ գնացել հասել են Մսմնա գյուղ, ով ինչ ուներ հագին, էդպես էլ դուրս է եկել տնից՝ դամաշնիկով, խալաթներով։ Որոշեցի բնակչությանը տեղափոխեմ Ստեփանակերտ, մի մեքենա էր, ինչքան մարդ տեղավորվեց, տարա։ Ստեփանակերտից արդեն մի ավտոբուս ու մի «Ֆորդ տրանզիտ» վերցրինք մեր մի գյուղացու հետ ու հետ եկանք Մսմնա գյուղ։ Ժողովրդին վերջապես տեղափոխեցինք Ստեփանակերտ»։
Այստեղ արդեն բնակչության մի մասը մնացել է օդանավակայանում, մյուս մասն էլ՝ քաղաքի նկուղներում։

Գյուղի վրա հարձակման, բնակչության տեղահանման ողջ ընթացքում Կարեն Գասպարյանն ասում է, ռուս խաղաղապահ զորակազմից որևէ ներկայացուցիչ չի եղել։ «Մեզ ոչ մի ձև չեն օգնել, ոչ մեկին չենք տեսել տարածքում, ոչ մեկին», -նշում է նա։

Գյուղի 80 տոկոսը, ըստ ղեկավարի, մասնակցել է Սարուշենի պաշտպանությանը և հենց դրա շնորհիվ, ադրբեջանցիները չեն կարողացել գյուղ մտնել։ «Մեր տղաների իրականացրած պաշտպանության ժամանակ գյուղի բնակչությունը կարողացավ մեր ու մանուկ դուրս գալ գյուղից, և ադրբեջանցիները գյուղ մտել են միայն հրադադարից հետո, երբ արդեն հայտարարվել էր կրակի դադարեցման մասին։ Բայց միևնույն է, երբ դուրս էինք գալիս գյուղից, բոլորս մտածում էինք, որ կվերադառնանք, չէինք կարծում, թե մշտապես ենք հեռանում։ Ո՞վ կիմանար՝ սենց կլինի», -ասում է Կարեն Գասպարյանը։

Կարենն այժմ իր ու երկու քույրերի ընտանիքի հետ ապրում է Պտղնիում, բարեսիրտ մի մարդու առանձանտանը, առանց վարձակալության։ Ասում է՝ զանգում, պարբերաբար այցելում է Հայաստանի տարբեր ծայրերում հաստատված սարուշենցիներին։ Երազում է՝ Հայաստանում որևէ մի բնակավայր վերաբնակեցնել սարուշենցիներով, ապրել հարազատ մարդկանց շրջապատում։

«Մի մասը գտել է աշխատանք, մյուս մասը՝ ոչ, ունենք դժվարություններ, բայց շատ ուզում ենք բոլորս միասին գնանք մի գյուղում ապրենք, շենացնենք», -ասում է Սարուշենի գյուղապետը։

Հասմիկ Համբարձումյան

Ինչ է կատարվել Ներքին հանդում. Բաքվուն համաձայնեցնում է գործողությունները Երևանի հետ

Մինչ ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվում էր «Լեռնային Ղարաբաղի խնդիրը» բաժինը, Ներքին Հանդում տեղի ունեցավ հերթական ագրեսիայի ակտը, որի հետևանքով երկու հայ զինծառայող սպանվեց, կան վիրավորներ։

Մի քանի ամիս տեւած ցուցադրական «անդորրից» եւ Ալիեւի հերթական «ընտրությունից» հետո Բաքուն կրկին վերադարձավ խնդիրների լուծման ուժային մեթոդին։ Դատելով նրանից, որ հայկական կողմը ոչ միայն կրակով չի պատասխանում կրակին, այլև խոստանում է պատժել «մեղավոր» հայ զինվորականներին, ովքեր փորձում են կատարել իրենց պարտքը, Բաքվի գործողությունները լիովին համակարգված և վերահսկվում են Երևանից։

Այս գործողություններն ուղղված են Սոթքից մինչև Ներքին Հանդ սահմանը քայքայելուն, որից հետո ՀԱՊԿ զորքերը ժամանակավորապես կտեղակայվեն այս սահմանին, մինչև Հայաստանը որպես պետություն չվերանա։

Պատահական չէ, որ Կապան-Զանգելան հատվածում հայկական կողմից ենթադրյալ գնդակոծության մասին իր առաջին հայտարարության մեջ Բաքուն նշում է, որ «միջադեպը տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ առաքելության կողմից վերահսկվող տարածքում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում նրա նպատակների և խնդիրների վերաբերյալ»։ ԵՄ-ն, Իրանը և մի շարք միջազգային կառույցներ հայտարարել են Հայաստանի սահմանների ուժային փոփոխության անթույլատրելիության մասին, և ԵՄ առաքելությունը կատարում է հենց այս խնդիրը։ Այդ իսկ պատճառով այն խանգարում է ոչ միայն Բաքվին ու Մոսկվային, այլեւ պաշտոնական Երեւանին։

Հայկական կողմը լռելյայն միացել է Բաքվի մեղադրանքներին ԵՄ առաքելության դեմ։

Միաժամանակ ՀԱՊԿ-ը խաղաղապահության հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել՝ ակնարկելով, որ շուտով ՄԱԿ-ի մանդատով ինչ-որ առաքելություն է սպասվում։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իմիջայլոց հայտարարեց, որ տարածքային պաշտպանության ստորաբաժանումներում կնշանակվեն զինված ուժերի ներկայացուցիչներ, ովքեր կպատրաստեն տեղացի պահեստազորայիններին։ Առանձին համայնքների պաշտպանության խնդիրները բանակը վստահում է համայնքներին։ Ինչ վերաբերում է բուն բանակին, ապա Նիկոլ Փաշինյանը կաթոլիկ քահանայի կեցվածքով իր վերջին հարցազրույցում պնդեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ բանակ։ Այս թեմայի ակտուալացումը նշանակում է, որ բանակի հարցն արդեն լուծված է՝ այն չի լինելու։

Փաշինյանի իշխանությունը փաստացի հայտարարում է Երրորդ Հանրապետության ավարտը՝ համեստորեն լռելով, որ Չորրորդը չի լինելու.

Նաիրա Հայրումյան

Ներքին հանդի գյուղապետ․ «Մարդիկ շարունակում են մնալ գյուղում եւ մնալու են»

Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղում իրավիճակը լարված է, բայց դիրքերում կրակոցները դադարել են։ Այս մասի step1.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղադասարյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղում մանրամասներին տեղյալ չեն, թե ինչ է տեղի ունեցել։ «Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել, բայց կարող եմ ասել, որ այս պահին հանգիստ է»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք համարժեք պատասխան չպե՞տք է տալ թշնամուն, որ նման սադրանքների չդիմի, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք չգտենք՝ միգուցե ճիշտը սա է կամ միգուցե ճիշտը այն է, որ պետք է համարժեք պատասխան տալ, բայց մենք չենք կարող ասել՝ համարժեք պատասխանը որն է»։

Ներքին Հանդի վարչական ղեկավարն ասաց, որ գյուղում իրավիճակը լարված է, մարդիկ շարունակական կրակոցների տակ են ապրում։ Բայց չնայած սրան, գյուղից արտագաղթ չկա։ «Ով կա գյուղում, մնացել է, արտագաղթ չկա, մարդիկ շարունակում են մնալ գյուղում եւ մնալու են»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Հայկական կողմի այս հաղորդագրությունից հետո թշնամին սադրանքի դիմեց, ինչի հետեւանքով ունենք զոհեր ու վիրավորներ։

Հայաստանի պաշտպանության նախարարություն. ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով երկու զոհ ունենք

Հայկական կողմից Ներքին Խանդայի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով, նախնական տվյալներով, երկու զոհ և վիրավոր կա։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Փետրվարի 3-ին՝ ժամը 05:30-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ, ավելի վաղ հայտնել է ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ երեկ Բաքուն հայտնել էր, որ փետրվարի 12-ին Կապան-Զանգելան հատվածում հայ զինվորները իբր կրակ են բացել, եւ վիրավոր կա։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր փետրվարի 12-ին ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներ կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս տեղեկությունը հետաքննվում է, երեկ հայտնել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունը, նշելով, որ «վերադաս հրամանատարության գրավոր հրամաններով հստակ սահմանվում են դեպքեր, երբ զինծառայողը, գնահատելով իրավիճակը, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել։ Նախնական տեղեկություններով՝ փետրվարի 12-ին այս տարածքում նման իրավիճակ չի եղել։ Եթե ​​այս հանգամանքը հաստատվի, կարգը խախտելու համար մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է Ռազմական ոստիկանության հաղորդագրությունում։

Այս հայտարարությունից հետո փորձագետները հայտարարեցին, որ Բաքուն սադրանք է նախապատրաստում։

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը

Հրապարակը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի ամբողջ բովանդակությունը։

Բացակայում է բաժնի՝ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված բովանդակությունը։
Հատկաշական է, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի,  Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, քանի որ այնտեղ նշված է՝ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

 

Այսօր Արցախյան Շարժման 36-ամյակն Է

Ամեն բան սկսվեց Արցախից: Հադրութում Իգոր Մուրադյանների նմաները կրակը վառեցին, կրակը հասավ Երևան և հետո վերադարձավ մինչև Ակնա, Ջրական, Վարանդա և այլն:

Բայց Իգորները քիչ էին:

Այդ իսկ պատճառով մենք 1991-94 թթ Արցախն ազատագրեցինք, բայց մեր քաղաքական մտածելակերպում, պետականաստեղծ ճանապարհին Արցախը չազատագրեցինք, և պետականաշինական ընթացքը կանգ առավ:

Մենք մնացինք սովետական չհանրապետության գաղափարական ծիրում, այդ իսկ պատճառով գնացինք հայկական մարզ Արցախի անկախության ճանապարով` ճանաչելով ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ: Եվ հենց այդ պատճառով մենք կորցրեցինք Արցախը:

Այսօր մենք պետք է ազատագրենք Արցախը մեր մտքերում, և ըստ դրա դնենք հիմքերը նոր Հանրապետության: Քանի որ 3-րդ հանրապետությունը մահացել է: Բայց կանք մենք` անկախության սերունդը:

Մենք պարտավոր ենք վերասկսենք 1988-ի շարժումը:


Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Նախ, անվտանգության մեխանիզմների ապահովում է պետք, այսինքն ՝ միջազգային խաղաղապահ առաքելություն․ պատգամավոր

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները քննարկումներ են անցկացնում Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների հետ։ Այս մասին step1.am-ի հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանի ԱԺ պատգամավորները նախաձեռնություն ցուցաբերո՞ւմ են՝ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ կարեւոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու հարցում։

– Այո, քննարկումներ կան։

-Առաջիկայում որեւէ նախաձեռնությամբն հանդես գալո՞ւ եք։ Փակագծեր կարո՞ղ եք բացել։

-Այո, նախաձեռնություն լինելու է, բայց ցավոք սրտի փակագծեր չեմ կարող բացել։

-Արցախի ժողովրդի վերադարձի համար ի՞նչ պայմաններ պետք է ստեղծվեն։

-Արցախի ժողովուրդը ժամանակավոր բռնի տեղահանվել է իր հայրենիքից, էթնիկ զտում է տեղի ունեցել, Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես բռնակցվել է Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ Արցախի ժողովուրդը կորցրել է իր իրավունքը։ Հետեւաբար, իրենք պետք է առնվազն վերականգնեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Եվ դրա համար մի քանի նախապայման է պետք։ Նախ, անվտանգության մեխանիզմների ապահովում, այսինքն ՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, ապահով ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Արցախի Հանրապետության միջեւ, միջանկյալ կարգավիճակ, որն ինքնակառավարման հնարավորություն է ընձեռնում եւ վերադարձ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։ Վերջիվերջո չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդամենը հրադադարի փաստաթուղթ է, որը որեւէ առնչություն չունի քաղաքական կարգավորման հետ։ Այսինքն՝ քաղաքական կարգավորման հարցը բաց է՝ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է դա, թե չի ուզում։ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը կախված չէ ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի կապրիզից։ Արցախի ժողովուրդը պահում է իր իրավունքը։

-Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք այս հարցերի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալ ՀՀ խորհրդարանում։

-Դա ձեր նախորդ հարցի հետ ուղղակիորեն կապակցված հարց է, որին դրական պատասխան եմ տվել։

 

Ինչ նոր ծրագրեր են պատրաստում արցախցիների համար, արդյո՞ք կլինի բնակարանների փոխհատուցում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։

Հայկական անկախ պետականությունը լուծարվում է, եւ չի լինելու հայկական նոր հանրապետություն

Երեւանում եւ ՀՀ ճանապարհներին հայտնվել են «Հայրենիքը պետությունն է» պաստառներ, որը Փաշինյանի ու քպ-ի՝ հայկական պետականության լուծարման կարգախոսն է։ Մեխանիզմը՝ «նոր Սահմանադրության» ընդունումը։

Պաստառները հանրությանն այդ մոտակա գործընթացին պատրաստելու նպատակ ունեն։ «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը շարունակությունն է «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» թեզի՝ արանքում 29,8-ի եւ Ալմա-Աթայի մանիպուլյացիաներով։ Դրա հետեւանքը բոլորի աչքի առաջ է՝ Արցախի օկուպացիա եւ բնիկ մեծամասնության արտաքսում։

Փաշինյանական թեզերը մանիպուլյացիոն մեծ լիցք են պարունակում՝ «Արցախը հանձնենք, որ 29,8-ը պահենք»-ից սկսած։ Ծայրահեղ ապակողմնորոշված հանրությունն ընդունում է դրանք՝ որպես իր նվաստացված վիճակի ու համակերպման ներքին արդարացում։

Ինչ է թաքնված «Հայրենիքը պետությունն է» կարգախոսի եւ «նոր Սահմանադրության» տակ։ Եթե արտահայտվենք հակիրճ՝ դա Արցախում իրականացվածը ՀՀ մնացած տարածքի վրա շարունակելն է՝ օկուպացիա եւ բնակչության զգալի մասի տարագրում։ Սա անհնար կլիներ առանց Արցախի օկուպացիայի։ 29,8-ը չեղարկված է, «նոր Սահմանադրությունն» անհրաժեշտ է այս գործընթացը, այսինքն՝ ՀՀ տարածքների օտարումը լեգիտիմացնելու համար։

Ներքին արդարացումների որոնումներում գտնվող հանրության համար սակայն տհաճ անակնկալները սրանով չեն ավարտվում։ Պետք է ուշադրություն դարձնել Փաշինյան-քպ-ի կողմից «նոր հանրապետության» ստեղծման մասին հայտարարություններին, նկատի առնելով, որ Փաշինյան-քպ-ն հրաժարվել է Առաջին Հանրապետության, Հայկական ԽՍՀ իրավաժառանգությունից եւ հայտարարել Երրորդ հանրապետությունը լուծարելու մասին (նոր Սահմանադրություն, լեգիտիմություն՝ կոդային բառերն են)։ Դա նշանակում է, որ «նոր հանրապետությունը» նույնպիսի մանիպուլյացիա է, ինչպես «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» թեզը։ Եթե նույնիսկ այն հռչակվի, դեռ պետք է ճանաչվի, ընդ որում՝ առաջանում են մի շարք խնդիրներ՝ ինչ է լինելու պայմանագրային եղած ողջ բազան, ինչպիսին է լինելու պետության անվանումը, ինչ խորհրդանիշներով։

Այս խնդիրներին դեռ կանդրադառնանք, սակայն վերոբերյալ հարցադրումները կարծում ենք բավարար են կռահելու կամ համոզվելու համար, որ Փաշինյան-քպ-ի ձեռքով լուծարվում է հայկական անկախ պետականությունը, եւ չի լինելու հայկական նոր հանրապետություն։ Ով եւ ինչպես կարող է կանխել այս ընթացքը՝ սա էլ մյուս տհաճ հարցադրումը ներքին արդարացումներ փնտրող հանրության համար։

 

Քաղաքականությունն առանց ռուսական գործոնի մեզ կվերադարձնի Արցախ. ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին

«1988 թվականի փետրվարի 12-ը դարձավ հայ ազգի «Զարթոնքի» օր. այս օրը Հադրութում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը՝ ազդարարելով Արցախի ազգային-ազատագրական շարժման ակտիվ փուլի սկիզբը։ Ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ազատագրման»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Հադրութի հանրահավաքի կազմակերպիչներից Գագիկ Ավանեսյանը։

Նա բնական է համարում, որ Շարժումը սկսվել է Հադրութից՝ ելնելով ոչ միայն Շարժման կազմակերպիչների, այլեւ շրջանի բնակչության մեծամասնության բարոյական ու ինտելեկտուալ որակներից։ Նրա խոսքով, 1988 թվականի փետրվարի 12-ի արդյունքը՝ 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստորագրված զինադադարի համաձայնագիրն էր։

«Բայց հետո, ցավոք, իշխանության եկան հափշտակողները՝ անձնական շահի համար օգտագործելով ժողովրդի վրա ճնշման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ ուրիշների ծառայությունների յուրացումն ու պատերազմի շանտաժը։ Նման կառավարման արդյունքը եղավ Արցախի ժողովրդի տեղահանությունը»։

«Մենք կվերադառնանք Արցախ, եթե սկսենք ճիշտ քաղաքականություն վարել՝ վերացնելով ռուսական գործոնը բոլոր ձևաչափերից և հարթակներից։ Մի խոսքով, հայ ազգին պետք է «Զարթոնք», ինչպես 1988-ի փետրվարին»,- նշեց նա։

Ալվարդ Գրիգորյան

Միայն Փաշինյանը, ադրբեջանցիներն ու բոլշևիկներն են կառչում սովետական ապօրինի որոշումներից

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը «իրավական ուժ չունի», քանի որ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող։

Մեր դիտարկմանը, որ մի կողմից Ալիեւը եւ Փաշինյանը խոսում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է անում, ի՞նչ է սա նշանակում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմն իրենց դիրքավորում են իբր որպես արեւմտամետ եւ հակառուսական ուժ, բայց միայն իրենք, ադրբեջանցիներն ու բոլշեւիկիներն են կառչում սովետական միության ժամանակ կայացված ապօրինի որոշումներից։ Նույն Արցախի սահմանը գծվել է բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ։ Այդ որոշումը սրբադասում են ադրբեջանցիները, Նիկոլ Փաշինյանը, Իոսիֆ Ստալինն ու Սերգո Օրջոնիկիձեն։ Այսինքն՝ այս մարդիկ ժողովրդին խաբում, ասում են՝ մենք հակառուս ենք, պրոարեւմտյան ենք, բայց երկրպագում են բոլշեւիկների որոշումները։ Երեւի պատճառն այն է, որ իրենք էությամբ բոլշեւիկ են»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ անկախ նրանից, թե Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովի կողմից ինչ որոշում է կայացվել, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը Հայաստանի օրեսնդրության մաս է։ «ԽՍՀՄ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովը նաեւ բազմաթիվ ադրբեջանական որոշումներ է չեղյալ հայտարարել, որոնք, սակայն, Ադրբեջանն այսօր իրացրել է։ Վերամիավորման որոշումը մեր օրենսդրության մաս է, անկախ նրանից, թե սովետական միությունն ինչ որոշում է կայացրել։ Նիկոլ Փաշինյանը հիմա վեր է կացել, փորձում է ինչ-որ թղթեր նայել, թղթերի մի մասում չի էլ իմանում, թե ինչ է գրված եղել։ Ապացույցը նախորդ հարցուպատասխանի ժամանակ իր տված սխալ պատասխաններն են։ Նա բոլոր այդ փաստաթղթերը մեկնաբանում է բացառապես ադրբեջանական տեսանկյունից, միայն մեկ պատճառով, որպեսզի արդարացնի իր զիջումները»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ նախկիում հայտարարում էր, թե «Մադրիդյան սկզբունքները» այնքան խրթին են, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում։ «Ասում էր՝ պետք է այնպիսի թուղթ ունենանք, որ տարբեր մեկնաբանությունների տեղիք չտա։ Հիմա ինքը բացառապես ադրբեջանական մեկնաբանություններ է անում տարբեր թեզերի վերաբերյալ»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ալիևի հատուկ դեսպան Էլչին Ամիրբեկովն ասել է, որ հայկական կողմի հետ բանակցություններում անընդհատ բարձրացվում են մի քանի հարցեր։ Խոսքը Անկախության հռչակագրի մասին է, որը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միացման մասին 1989 թ դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Նաեւ խոսք է գնում Ալմաթայի հռչակագրին Հայաստանի խորհրդարանի վերապահումների մասին։ 1992 թվականին խորհրդարանն ընդունեց 10 վերապահում, որոնք առաջարկում էին պայմանագրում ներառել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին դրույթ։ Նա նշել է, որ Բաքվի համար խնդրահարույց է թվում նաև հայկական ԱԳՆ կայքում Արցախի՝ որպես պատմական Հայաստանի անբաժանելի մասի հիշատակումը։