Ո՞վ է իմ երեխան այս երկրում: Արցախցի մայրը չի կարող դուրս գալ բյուրոկրատական ​​ծուղակից

Ստեփանակերտի բնակչուհի Կարինա Պ.-ն պատմել է, որ արտաքսումից հետո երկրորդ երեխային ծննդաբերել է Հայաստանում և զրկվել երեխաների համար նախատեսված սոցիալական բոլոր նպաստներից։

«Շրջափակում էր, սնունդ, դեղորայք, վիտամիններ չկային։ Յոթ ամիս ընտանիքս և ամուսնուս ընտանիքը փորձում էին աջակցել ինձ։ Ամբողջ հանրապետությունով մեկ փնտրում էին գոնե մի համեղ, առողջարար բան։ Հանուն չծնված երեխայի հերթ էին կանգնում։ Իսկ երբ Արցախից դուրս եկանք, ինձ գրեթե երեք օր գրկած տարան, որ երեխային բան չպատահի»,- պատմեց կինը։

Հայաստանում կինը ծննդաբերել է արտաքսումից երկու ամիս անց։ Երեխային գրանցել են որպես Հայաստանում ծնված, և դա պատճառ է դարձել, որ չվճարվեն արցախցի երեխաներին հասնող սոցիալական և մայրության նպաստները։ Կինը չի կարող դիմել նաեւ ծննդաբերության արձակուրդի համար, քանի որ սեպտեմբերի 28-ին մեկնել է Արցախից, իսկ “դեկրետ” պետք է գնար հոկտեմբերի 2-ին։

«Մենք կապ հաստատեցինք բոլոր իշխանությունների հետ։ Մեզ ասացին, որ մեր երեխան ծնվել է նոյեմբերի 1-ից հետո, հետևաբար Արցախի քաղաքացի չէ, բայց միևնույն ժամանակ, ինչպես է Հայաստանում ծնված երեխան զրկվում է ցանկացած օգնությունից, եւ բոլոր դիմումները մերժվում են։ Մենք շարունակում ենք դիմել։ Մեզ ներքաշեցին բյուրոկրատական ​​քաշքշուկի մեջ, որից ելք չկա: Ասում են, որ ձեր երեխան ՀՀ քաղաքացի է, բայց միևնույն ժամանակ չեն վճարում նաեւ Հայաստանում նորածինների համար օրենքով սահմանվածը»։

Ալվարդ Գրիգորյան

Թե ինչպես մտանք ականապատված Ղազանչի ու ողջ դուրս եկանք

Ղազանչին Արցախի հին գյուղերից է, որը տեղաբաշխված էր Խաչենագետի ձախափնյակում։

Գյուղի հիմնադրման ստույգ ժամանակահատվածի մասին դժվար է խոսել։ Սակայն դատելով նրա պատմամշակութային միջավայրից, Ղազանչին հազարամյակների պատմություն ունի։ Շրջակա հին գյուղատեղիների հետքերը վկայում են, որ տարածքը շատ խիտ էր բնակեցված։ Գյուղի տեղադրությունն այնպիսինն է, որ կարող ենք ասել հիմնադրվել է դրախտի կենտրոնում, բայց գյուղի ճակատագիրը ամենևին էլ դրախտին համահունչ չէր։

Գյուղը տեսել է բազում կռիվներ, ավերածություններ ու բռնագաղթ։ Իր հող ու ջրի համար պատերազմել է պարսիկների, թուրքերի դեմ, հետ քաշվել և անընդհատ վերադարձել ավերված ու թալանված գյուղը։ Վերջին անգամ ավերվել է 1992 թվականին, երբ հայտնվել է թեժ զինաբախումների կիզակետում։ 92 թվականին գյուղը բռնագրավվել է ադրբեջանցիների կողմից, գյուղում մնացած խաղաղ բնակիչները հատկապես ծերեր ու կանայք գերվել, կտտանքների են ենթարկվել, մի մասին էլ կենդանի վառել են։

1993 թվականին գյուղն ազատագրելուց հետո բնակիչները չեն վերադարձել, վերաբնակվել են մոտակա գյուղում, այն վերանվանելով Նոր Ղազանչի։

Պատմական աղբյուրներից տեղեկանալով գյուղի հարուստ պատմամշակութային միջավայրի ու պատմական իրադարձությունների մասին՝ Նատարին բերդի հինավուրց ամրոցի ավերակները (Պերթին տիհար-Բերդին դոշ) Կարմիր եղցի, Սուրբ Գևորգ եկեղեցի Խաչին յալ, Կյուլմելիք, հին գերեզմանոցներ և այլն, որոշեցինք այցելել գյուղի տարածք և որոշ ուսումնասիրություններ կատարել։

Գարնանային մի ոչ բարենպաստ օր աշխատանքի բերումով հայտնվեցինք Կիչան գյուղում, ու այնտեղից նախնական հետախուզական այցելություն կատարեցինք։ Երբ Ղազանչի գյուղի գյուղացիներին հարց ու փորձ արեցինք, նրանք մեզ խորհուրդ չտվեցին գնալ, ասելով, որ գյուղն ամբողջությամբ պատված է մացառուտներով, դժվար կարողանաք ինչ որ բան տեսնել։ Այդուհանդերձ երիտասարդներից մեկի ուղեկցությամբ ճանապարհվեցինք Ղազանչի։

Երբեմնի դրախտավայրը ավելի շատ նման էր ուրվական-բնակավայրի։ Մացառուտների, ծառերի արանքից երևում էին տների ավերակները։ Երբեմն թվում էր, թե լսում ես վայրենի թուրքերի կողմից տանջամահ արվող հայերի աղեկտուր ճիչն ու ծերերի հառաչանքը։

Մեր առաջին կանգառը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ղազանչեցի 65 զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ էր։ Ցուցանակի վրա գրված էր՝ սա չպետք է կրկնվի։ Ցավոք, այժմեական է մինչ օրս։

Հետո սկսեցինք մացառուտների միջով հասնել տների ավերակներին, հասկանալու համար գյուղի կենտրոնը, նրա դիրքն առհասարակ աշխարհի չորս կողմերի հանդեպ, որ, ցավոք, տեսանելիություն չուներ։ Որոշ տների պատերին խաչքարերի բեկորների հանդիպեցինք, որ ամենաշատն էր գրավում ուշադրությունս։

Ամենուր ցրված ականների մասին զգուշացնող ցուցանակներն էին։ Միամտաբար ուշադրություն չդարձրեցի, նախ, որ դրանք պոկված ընկած էին գետնին, ենթադրել էր տալիս, որ դրանք ուղղակի մնացել են տարածքը մաքրելուց հետո, երկրորդ, որ մեզ ուղեկցող երիտասարդը չէր ասում, որ գյուղը ականապատված է։

Գյուղի որոշ տարածք մի կերպ մացառուտների ու ցեխերի միջով անցնելուց հետո, որոշեցինք հետ դառնալ, մի բարենպաստ օր վերադառնալու պայմանով, անգամ երիտասարդից հեռախոսի համար վերցրեցինք։ Հետ գալուց ցույց տվեց գյուղի սրբատեղիներից մեկը, որտեղ 12-13-րդ դարերի խաչքար էր կանգնեցված։

Երբ վերադարձանք տուն, երկրորդ այցի անվտանգային հարցերի համար դիմեցի մեր հարևանին, ով HALO Trust ականազերծող կազմակերպությունում էր աշխատում, ճշտելու ականազերծված ու ապահով տարածքները։ Իմ հարցին, թե կոնկրետ որտե՞ղ է ականապատված, ասաց՝ ամեն տեղ։ Հարցրեցի, անգամ տան բակերը, ասաց ամեն տեղի մեջ մտնում են նաև տան բակերը։ Մինչ ես վախից ու զարմանքից քարացել էի, նա ասաց, հանկարծ մտքովդ չանցնի գնալ այնտեղ, անցած տարի մեր տղերքի մեքենան պայթել է այդ գյուղում։

Միգուցե հայացքիցս ինչ-որ բան հասկանալով հարցրեց՝ եղե՞լ ես այնտեղ։ Իմ դրական պատասխանից հիմա էլ ինքն էր զարմանքից քարացել՝ ո՞նց ու դու հիմա ո՞ղջ ես․․․

Հրաշքով մեզ հետ ոչինչ չի պատահել, չնայած հետո իմացանք, որ գյուղացիներից ոմանք ծանոթ կածաններով ներսուդուրս են անում գյուղ։ Այդուհանդերձ Ղազանչի էլ չվերադարձանք, իսկ այդ օրը մեր հեռախոսների տեսախցիկը ֆիքսել է այն, ինչ մնացել էր Ղազանչի գյուղից։

Արմինե Հայրապետյան

Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի զինադադարի առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկած զինադադարը Գազայի հատվածում՝ հայտարարելով, որ Իսրայելի ամբողջական հաղթանակը զինյալների նկատմամբ հնարավոր է մի քանի ամիսների ընթացքում։

«Մենք ամբողջական հաղթանակի ճանապարհին ենք։ […] Սա մի քանի տարիների կամ տասնամյակների խնդիր չէ, դա ամիսների հարց է»,- ասուլիսում ասաց նա։

Նա նաև հրամայել է հարձակում սկսել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ հարյուր հազարավոր պաղեստինցիներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները պատերազմական գոտում, ապաստան են գտել:

Նեթանյահուի հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի այցի օրը, ով հինգերորդ անգամ է շրջում տարածաշրջան ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի ժամանակ և այն բանից հետո, երբ Համասը մի շարք պահանջներ ներկայացրեց՝ ի պատասխան քննարկված հրադադարի առաջարկի։

ՀԱՄԱՍ-ի վերջին առաջարկը պատասխան էր Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմաններին, որոնց աջակցում էին Իսրայելը և Միացյալ Նահանգները:

Զինյալները, ըստ էության, պահանջում էին ռազմական գործողությունների դադարեցում 135 օրով՝ բաժանված երեք փուլերի։

Գործարքը, ըստ ՀԱՄԱՍ-ի, կներառի նաև սննդի և այլ մարդասիրական օգնության ավելացում Գազային:

Մանրամասները՝ BBC-ում

Բայդեն. Սենատն արգելափակել է Ուկրաինային օգնությունը Թրամփի սպառնալիքների պատճառով

DW

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խիստ քննադատության է ենթարկել հանրապետական ​​սենատորներին սահմանների անվտանգության և Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու վերաբերյալ երկկողմանի համաձայնագրի արգելափակման համար։ «Ես երբեք չէի մտածի, որ Կապիտոլիումի բլրի վրա կտեսնեմ այնպիսի մի բան, ինչպիսին հիմա է կատարվում», – հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը Բայդենի խոսքերը։

Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է իր հակառակորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ կանչում է օրենսդիրներին և սպառնում հաշվեհարդարով, եթե նրանք աջակցեն օրինագծին։ Հանրապետականները չաջակցեցին համաձայնագրին, քանի որ նրանց «կանչել և սպառնացել է Դոնալդ Թրամփը», ասել է Բայդենը։

Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, ԱՄՆ Սենատի հանրապետականները չկարողացան քվեարկել օրինագծի շուրջ, որը նոր օգնություն կցուցաբերի Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև խստացնում է երկրի ներգաղթի մասին օրենքները: Փաստաթուղթը, որը մի քանի օր առաջ հաստատվել էր ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում չի ստացել անհրաժեշտ 60 ձայնը։

Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի գլխավոր թեկնածու Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է համաձայնագիրը և կոչ արել իր գործընկերներին որևէ փոխզիջման չգնալ սահմանների պաշտպանության հարցում։

Հիմա էլ ասում են՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը ուժ չունի․ Երեւանում են ասում

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Պարո’ն Փաշինյան, երբ դուք կասկածի տակ եք դնում Սահմանադրության լեգիտիմությունը, դա նշանակում է նաեւ, որ համաչափ կասկածվում է ձեր իշխանությունը։ Եթե ձեր իրավախորհրդատուները պատշաճ լինեին, կասեին, որ որեւէ միջազգային պայմանագիր չի կարող անցնել օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրության ներածական մասը որեւէ ձեւով չի կարող մեկնաբանվել Ադրբեջանից տարածքային պահանջների կոնտեքստում։

«Այն ժողովրդին ինքնորոշման իրավունքի՝ միջազգային մակարդակով պաշտպանված սկզբունքի իրացումն է մեր ներպետական օրենսդրության մեջ»,- հավելեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դուք ասում եք՝ Սահմանադրությանը հակասող, նկատի ունենալով 1989 թվականի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Բայց հիմա հենց ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարում, որ այդ որոշումն իրավական ուժ վաղուց չունի, որովհետեւ 1991 թվականին Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող, եւ հետեւաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի»։

Այսօրվա կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանը դիտելիս մեկ-մեկ թվում էր, որ դա Երեւանում չէ, եւ մեկնաբանությունները հայերեն չեն հնչում։ Եթե Երեւանում լիներ, Հայաստանի ղեկավարները հայկական շահերից կխոսեին, ոչ թե կհերքեն հայանպաստ այն փաստարկները, որոնք նույնիսկ մեր թշնամիներն են ճանաչում։

Փաշինյանը անմոռաց հերքում է Հայաստանի վերապահումները Արցախի մասին

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալմաթիի հռչակագրի վերապահումների հարցին։

«Անընդհատ ինձ հարց եք տվել՝ բա վավերացման ժամանակ վերապահումներին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Միջազգային եւ տեղական օրենսդրության համաձայն, երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաեւ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ պետք է ծանուցվի ավանդապահին։ Բայց մենք շատ վաղուց հետազոտում ենք այդ հարցը եւ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետեւաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որեւէ իրավական ուժ չունեն։ Եվ, հետեւաբար, 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրն այդ վավերացման եւ հետագա չծանուցման փաստով հստակ եւ աներկբա արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այնպես որ, ձեր ասած խոչընդոտը չկա»,- հայտարարեց Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 1993 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պաշտոնապես անդամակցել է ԱՊՀ-ին, իսկ արձանագրության երկրորդ մասի համաձայն՝ երկրի համար առկա սահմաններ արտահայտությունն ուժի մեջ է մտնում իր պաշտոնական անդամակցության պահից։ Այսինքն՝ անգամ եթե Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը դիտարկում ենք Ալմաթիի հռչակագրի ու դրա հենքի վրա արձանագրության տեսանկյուից, 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ ի՞նչ առկա սահման կամ շփման գիծ է եղել։

«Այո’, ռեեստրում չկա վերապահումը, բայց դուք Հայաստանը ներակայացնող պաշտոնատար անձն եք, պետք է հետամուտ լինեք՝ ինչո՞ւ չի հասել այնտեղ, ովքե՞ր են մեղավոր եղել։ Միաժամանակ դա չի վերացնում այն վերապահումը, որը կատարել է Հայաստանի խորհրդարանը»,- ասաց Մինասյանը։

«Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով Ադրբեջանի հետ փաստաթղթի նախագծից բառացի մեջբերեց մի կետ»

«Այսօր Ազգային ժողովում արտառոց բան կատարվեց․ Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով Ադրբեջանի հետ փաստաթղթի նախագծից բառացի մեջբերեց մի կետ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Խաղաղության պայմանագրում մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ որքան հիշում է, այս դրույթը ներառելն ադրբեջանական կողմի առաջարկն է եղել։ «Սա նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետեւ որեւէ Սահմանադրական դատարան որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող համարել սահմանադրական, որը կհամարվի վեր ՀՀ օրենսդրությունից։ Եվ վերջին օրերին, երբ կրկնում ենք, որ նոր Սահմանադրության գաղափարը ծնվել է հենց այդ փաստաթղթի պահանջով, հենց այս կետն է, որ նոր Սահմանադրությունով հնարավոր է Սահմանադրական դատարանի հետագա եզրակացությունը շրջանցել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան մտադիր է վերսկսել աշխատանքը Հայաստանում

Արցախից ներքին տեղահանվածների սոցիալական և իրավական կարիքները արժանահավատորեն արձանագրելու համար անհրաժեշտ է վերսկսել Արցախի արհմիությունների ֆեդերացիայի աշխատանքը։

Այս կարծիքը հայտնեց Արցախի արհմիությունների ֆեդերացիայի նախկին նախագահ Արա Ղահրամանյանը՝ հավելելով, որ ֆեդերացիան մտադիր է իր գործունեությունը համակարգել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ, որի հետ արդեն կապ ու համագործակցություն է հաստատվել։

«Արցախում ֆեդերացիան լայնածավալ գործունեություն է ծավալել սոցիալական խնդիրների լուծման, զբաղվածության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Կառավարության առջեւ խնդիրներ ենք դրել եւ դրանց մեծ մասի լուծմանը հասել ենք։ Հայաստանում մեր քաղաքացիները դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորման, կառավարության որոշումները հասկանալու, իրավական խնդիրների առումով։ Մենք մեր աշխատանքի վերսկսումը համարում ենք անհրաժեշտություն, և դա միայն օգուտներ կտա։ Արցախի քաղաքացիները հնարավորություն ունեն կապ հաստատել Արցախի ֆեդերացիայի հետ, իսկ մենք հնարավորություններ կգտնենք լուծելու խնդիրները։ Մենք պարտավոր ենք վերսկսել աշխատանքը Հայաստանում և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի օգնությամբ ՀՀ կառավարությանը փոխանցել Արցախի քաղաքացիների շահերը»։

Ղահրամանյանն ասաց, որ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել՝ օգնություն ցուցաբերել, զբաղվածություն ապահովել։ Արցախի Հանրային խորհրդի աջակցությամբ բոլոր մարզերում սկսվում են ներքին տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքները։

Ալվարդ Գրիգորյան

Գաղափարից` նախաձեռնություն. Բենթո տորթերի արտադրությունը Արցախից` Հայաստան

«Սյուզն Բենթո բլոգի» երիտասարդ հիմնադիր Սյուզաննա Բաղդասարյանի կարգախոսը հետևյալն` ձեր բենթոները իմ մոտեցմամբ:

Մրցակցային շուկայում նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը կարելի է որակել որպես ինքնատիպ և նորաոճ:

Բենթո տորթեր պատրաստելու գաղափարը ծագել է Ստեփանակերտում, իր երեխայի ծնվելուց հետո: «Քանի որ յուրաքանչյուր նորաթուխ մայրիկ ժամանակավոր հրաժարվում է իր հիմնական գործից, հետևաբար ունենում է հոբբիով զբաղվելու կարիք: Համենայնդեպս ես չէի կարողացել անգործ նստել տանը, բայց փոքրիկի հետ չէր ստացվում տնից դուրս աշխատել: Դրա համար որոշեցի զբաղվել ինձ հոգեհարազատ աշխատանքով: Մտերիմներիս հավաստիացմամբ ինձ մոտ թխվածքները լավ էին ստացվում: Սկսեցի հետևել շատ հայտնի բլոգերների, ովքեր զբաղվում են բենթո տորթերի արտադրությամբ: Հետո մտածեցի, որ գրագետ և պլանավորված ձևով բլոգ վարելը պետք է դառնա իմ առօրյայի մի մասը: Մի կողմ թողեցի բոլոր բարդույթներս և կարողացա հաջողության հասնել բլոգ վարելու հարցում: Արդեն ունեմ մեծաքանակ հետևորդներ: Ամենագլխավորն այն էր, որ ուզում էի իմ կարգավիճակում գտնվող մայրիկներին ցույց տայի, որ հնարավոր է առօրյան հետաքրքիր կազմակերպել: Իմ երեխայի համար գնումներ կատարելիս նշում էի, թե որտեղից եմ կատարում, գուցե ինչ-որ մեկին օգտակար կլիներ: Բայց ի սկզբանե նշեմ, որ դոմինանտ դերում գումար վաստակելը չէր: Սկզբից այն իմ սիրելի զբաղմունքն էր, որը հետագայում վերածվեց եկամտի աղբյուրի: Ամեն պատվերից հետո բացահայտումներ էի անում և հասկանում էի` ինչը պետք է փոխեմ, թարմացնեմ»,-պատմում է Սյուզաննան:

Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքը Արցախի զարգացումն ու ծաղկումն էր, և Հայաստան գալուց հետո հեշտ չէր բաց թողնել անցյալն ու ամեն ինչ սկսել նոր էջից: Չարաբաստիկ դեպքերից հետո կորել էր եռանդն ու ստեղծագործելու ունակությունը: Այնինչ, հանգամանքները ստիպում էին գործել ոչ թե ըստ ցանկության, այլ ըստ անհրաժեշտության: Սյուզիի ընտանիքը դեռ նոր էր հաշտվել ծննդավայրի կորստի, փախստականի կարգավիճակ ստանալու հետ, երբ բնակվարձերի թանկացման պատճառով ստիպված էր նոր գործիքներ պատվիրել և արագ վերսկսել բենթո տորթերի արտադրությունը:

«Պետք է թողնեինք Արցախը: Ահավոր էր տեսնել այն անկյունը, որտեղ դու աշխատում էիր, ստեղծագործում էիր, տեսնել քո գործիքները, որոնց այլևս ձեռք չես տա… Որովհետև չէիր գիտակցում, թե ինչ է կատարվում և ինչ պետք է քեզ հետ վերցնես: Կարծես մի վայրկյանում ամեն ինչը զրոյացավ: Այդ պահից ամեն ինչ ավարտված էր թվում»:

Չնայած տխրությանը և կարոտին` Սյուզաննան նոր վայրում փորձում է հաճախորդներ ձեռք բերել և շարունակել բլոգ վարել: Ապագայի հետ կապված պլաններ շատ կան: Մտադիր են մնալ Հայաստանում և նորույթներ մտցնել շուկա:

Տաթև Ազիզյան

Որքա՞ն է Հայաստանի մշտական բնակչության թիվը

Հայաստանի մշտական բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 990.9 հազար մարդ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  մշտական բնակչության թիվն ավելացել է 53.4 հազարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից հետևում է, որ 2023-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության առաջնային բաղադրիչը եղել է միգրացիոն մնացորդը: Նախնական տվյալներով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 41.4 հազար մարդ: Մինչդեռ, բնակչության բնական հավելաճը (ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) 2023-ին կազմել է ընդամենը 12 հազար մարդ:

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՝ երկրի 71 համայնքների 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 915.3, իսկ 953 գյուղերում՝ 1 մլն 075.6 մարդ: Ընդ որում՝ մայրաքաղաքն ունի 1 մլն 104.2 հազար բնակիչ: Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի բնակչության աճը 15.6 հազար մարդ է:

Մարզերից բնակչության թվով անվիճելի առաջատարն է Կոտայքը (278 հազար մարդ), որին հաջորդում են Արմավիրը (259.4), Արարատը (255.8), Շիրակը (237.9), Լոռին (225.3), Գեղարքունիքը (213.2), Արագածոտնը (131.5), Սյունիքը (119.5), Տավուշը (117.1) և Վայոց ձորը (49):

Անցած մեկ տարում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքում (7.3 հազար մարդ), ամենացածր ցուցանիշը Վայոց Ձորում է (1.6): Մարզերից քաղաքային բնակչության ամենամեծ աճը Կոտայքում է (4.7 հազար մարդ), ամենաքիչը՝ Շիրակում (1.1): Գյուղական բնակավայրերում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում և Կոտայքում՝ 2600-ական մարդ, ամենացածր թիվը՝ Վայոց ձորում և Տավուշում՝ 300-ական:

2023 թվականից սկսած բնակչության թվի ընթացիկ հաշվառումն իրականացվում է 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա:

Կարելի է, օրինակ, հրաժարվել պարտադիր զինծառայությունից

«Չորրորդ Հանրապետություն ասելով՝ ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն։ Սահմանադրություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, եւ մարդիկ ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ կառավարությունը եւ կառավարող քաղաքական ուժը չունեն սեղանին դնելու փաթեթ, որ ասեն՝ մենք սա ենք առաջարկում։

«Դա վատ չէ, դա ընդհակառակը լավ է, որովհետեւ նախ հանրության մեջ պետք է տեղի ունենան քննարկում, թե ինչի մասին է, ինչի համար է։ Դրա հետ կապված շատ մեծ քննարկումներ ու շփոթություն կա։ Բայց ես կարեւոր եմ համարում, որ նախ խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձեւավորվի, որ դա կարեւոր է, հետո անցնել բովանդակությանը»,- ասաց նա։

Փաշինյանի այս հայտարարությունը վկայում է, որ հասարակությանը դեռ վախենում են միանգամից դեմ տալ այն ամենը, ինչ նախատեսվում է նոր Սահմանադրության մեջ։ Դեռ չեն հստակեցրել քաղաքական տեխնոլոգիաները։ Օրինակ՝ Պուտինը իր քաղաքական “հավերժությունը” Սահմանադրության մեջ ամրագրել է թոշակների եւ այլ սոցվճարումների բարձրացման հարցերի հետ մեկ փաթեթում։ Ո՞վ դեմ կքեարկեր։ 

Նման մի բան էլ լինելու է Հայաստանում։ Ամենակարճ ճանապարհը՝ պարտադիր զինակոչից հրաժարվելն է։ Դրանով կարելի է եւ հազարավոր քվեներ ապահովել, եւ դենացիֆիկացիայի եւ դեմիլիտարիզացիայի պահանջը կատարել։

Հռոմի ստատուտը Պուտինի՞, թե՞ Ալիեւի դեմ է

«Երբ ձեր կառավարությունը ներկայացրեց եւ ձեր քաղաքական մեծամասնությունը վավերացրեց Հռոմի ստատուտը, մեկ հիմնական հիմնավորում էր բերվում առ այն, որ դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի այն հանցագործներին, որոնք հանցագործություն են կատարել զինվորների, գերիների նկատմամբ, գլխատել են, պղծել են կին զինծառայողների մարմիններն։ Ես հրապարակավ մի քանի անգամ արտահայտվեցի, որ ես շատ կասկածում եմ, որ այս կառավարությունն ադրբեջանցի կիրթ եւ կառուցողական իրենց գործընկերների նկատմամբ հետապնդում կսկսի Միջազգային քրեական դատարանում։ Որպեսզի իմ կասկածները հիմնավորվեն կամ ցրվեն, կխնդրեմ տեղեկացնել՝ ձեր կառավարությունն արդյոք որեւէ քայլ ձեռնարկե՞լ է ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Վերջիվերջո, մենք հասկանում ենք, որ կին զինծառայողների մարմինը պղծել է ոչ թե ինչ-որ շարքային ասկյար, այլ հենց ինքը՝ Ալիեւը, իր խրախուսմամբ ու թողտվությամբ է կատարվել այդ ամենը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Գրիգոր Մինասյանն ասաց, որ դեռեւս 7 օր է՝ ինչ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել։ «Լավ չհասկացա՝ ինչո՞ւմ էր ձեր հարցի սարկազմը, սա կոնկրետ միջազգային պայմանագիր է, որը վավերացրել ենք, որը մեզ հնարավորություն է տալիս ռազմական հանցագործությունների բացահայտման համար միջազգային գործիքակազմ ներառել մեր օրենսդրության ու փորձի մեջ»։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ անձամբ Ալիեւը պետք է պատասխանատվության ենթարկվի․ «Ամենի պատասխանատուն եւ մեղավորը Իլհամ Ալիեւն է, նա է ցեղասպանության կազմակերպիչը եւ ցեղասպանություն իրականացնողը։ Դուք ցեղասպան Ալիեւի դեմ հայց ներկայացնելու եք, թե՞ ոչ։ Եթե այո, ե՞րբ, եթե ոչ՝ ինչո՞ւ»։

Նախարարն ասաց, որ միջազգային նման պայմանագրերի վավերացումը եւ ներմուծումը պետական համակարգ ստիպում է թե մեր կառավարությանը, թե հետագա բոլոր կառավարություններին գործել հենց միջազգային սկզբունքների համաձայն։ Եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար, լինելու է նաեւ պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում։