Ազատություն․ Ավանեսյանները 5-րդ ամիսն է՝ դեռ չեն ստացել զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված գումարը

Ազատություն

5-րդ ամիսն էլ լրացավ՝ Ավանեսյանների ընտանիքում սպասում են՝ երբ է ի վերջո իրենց էլ հասնելու զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված գումարը։

44-ամյա Գևորգ Ավանեսյանը պայմանագրային էր, զոհվեց սեպտեմբերի 19-ին, Շուշիի տակ։ Նրա ծնողները, կինը, երեք երեխաները Ստեփանակերտից Հայաստան են հասել իրենց հետ տեղափոխելով միայն Գևորգի մարմինը։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Քյուրաթաղից էին Ստեփանակերտ փախել։

Գևորգի կինն ասում է՝ դեռ հոկտեմբերին են դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ հույսով, որ հատուցումը չի ուշանա:

Ընտանիքում լսել են՝ սեպտեմբերի երկօրյա մարտերին հաջորդած բենզինի պահեստի պայթյունն է տվյալներն իրար խառնել, պիտի ապացուցվի, որ Գևորգը զինծառայող էր, մահացել է մարտի ժամանակ, պայթյունի վայրում չի եղել:

Գևորգ Ավանեսյանի ընտանիքը պիտի ստանար ամեն ամիս շուրջ 250 հազար դրամ և 10 միլիոն դրամ միանվագ։ Տեղահանված, վարձով ապրող ընտանիքում գումարի կարիքը, բնականաբար, մեծ է։ Պետության աջակցությամբ տան վարձն են տալիս, մնում տատիկ-պապիկի միասին 100 հազար դրամ թոշակի հույսին:

Քննչական կոմիտեի տվյալով՝ շուրջ 200 զինծառայող է զոհվել երկօրյա մարտերի ընթացքում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ 200 ընտանիք զրկված է այդ գումարից, որովհետև Հայաստանի իշխանությունը, իր ձևակերպմամբ, բյուրոկրատական պատճառով արագ չի արձագանքել։ Խնդիրն այն է, որ այժմ լուծարված են Արցախի այն զորամասերն ու նրանց հրամանատարական կազմերը, որ պիտի տեղեկանք տրամադրեն զինծառայողի մահվան հանգամանքների, տեղի ու ժամի մասին։ Մի քիչ նման իրավիճակ էր նաև 44 -օրյայից հետո:

Բեգլարյանն ընդգծում է՝ պետք է շատ արագ հանձնախումբ ստեղծեին, որ տվյալների ճշգրտմամբ կզբաղվեր ու այս գործը չէր ձգվի ավելի քան 5 ամիս։ Նրա տեղեկությամբ՝ այժմ հենց այդպես էլ արվել է:

«Ազատությունը» գրավոր հացում էր ուղարկել զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ խնդրելով տեղեկատվություն այս ընտանիքների հատուցման գործընթացի վերաբերյալ։ Պատասխան դեռ չենք ստացել։

«Զինապահ»-ը երեք օր առաջ հայտարարել էր՝ գումարների տրամադրումը մեկնարկում է։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ շարունակում է անլուծելի մնալ մարտական գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների և պահեստի պայթյունից մահացածների ընտանիքներին աջակցության հարցը:

Սեպտեմբերի 19-20-ը 21 խաղաղ բնակիչ սպանվեց ադրբեջանական զինուժի կրակից, մի քանի օր անց 218 հոգի վայրկյանների ընթացքում մոխրացավ վառելիքի հերթում։

Կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան:

«Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է․

Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքըA,- նշել է Թաթոյանը։

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

Դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) փետրվարի 24-ին ժամը 17:55-ի սահմաններում  մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը›› համահայկական հեռուստամարաթոն է հայտարարում

‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնվել է ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով համահայկական հեռուստամարաթոն, որի նպատակն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված Արցախի մշակութային կոլեկտիվներն ու նպաստել արցախյան մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը։

Նվիրատվությունը հնարավոր է իրականացնել ‹‹ԱԿԲԱ ԲԱՆԿ›› ԲԲԸ հաշվեհամարներով

AMD 220553351705000

USD 220553350756001

EUR 220553350624002

RUR 220553350301958

Կարող եք նաև sms հաղորդագրություն ուղարկել 8000 կարճ համարին Հայաստանից՝ գրելով ‹‹Արցախ›› բառը /1 հաղորդագրության արժեքը՝ 1000 դրամ/։

Նշված նախաձեռնության տարածման, հանրայնացման և լուսաբանման հարցում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը։ https://fb.watch/qoqnjWu7Ik/?mibextid=Nif5oz

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դրամահավաքին իրենց ուղերձներով միացել են մի շարք հանրային դեմքեր, հասարակական գործիչներ։

Էջմիածնի Մայր տաճարը և Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվեն միաժամանակ

Սեպտեմբերի 28-29-ը տեղի կունենա Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Տաճարի վերաօծումը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Մայր տաճարի վերականգնումը սկսվել է 2018թ.։ Աշխատանքների ծավալն անընդհատ ավելանում էր, ինչի արդյունքում Էջմիածնում Մայր Տաճարի օծման արարողությունը անորոշ ժամանակով հետաձգվում էր։

Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները կարծում են, որ տաճարի վերաօծումը կարող է սկիզբ լինել Հայաստանի նորագույն պատմության “մութ” շրջանի ավարտին։

Բայց ոչ միայն Հայաստանի։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կավարտվի 2024 թվականի աշնանը։ Նոտր Դամի տաճարը մասամբ ավերվել է 2019 թվականին հրդեհից։ Այն ժամանակ ասվում էր, որ դա վատ նշան է արևմտյան քաղաքակրթության համար։

Իրոք․ 2019-ի վերջին սկսվել է համաճարակը, իսկ 2020 թվականին Արցախում պատերազմ եղավ, որը կոտրեց ներկայիս աշխարհակարգի մեջքը։ Արցախում ռազմական լուծման «հաջողությունից» հետո Ռուսաստանը 2022 թվականին հարձակվեց Ուկրաինայի վրա, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ երկրորդ ագրեսիայից հետո Իսրայելը որոշեց ուժով «կարգավորել» Պաղեստինի հարցը։

Էջմիածնի և Փարիզի տաճարների վերականգնումը կարող է նշանավորել օրենքի գերակայության նկատմամբ ուժի գերակայության անհանգիստ դարաշրջանի ավարտը։

Նավալնիի մարմինը հանձնվել է մորը, դեռ հայտնի չէ, թե որտեղ է լինելու հուղարկավորությունը

BBC

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնվել է նրա մորը՝ Լյուդմիլա Իվանովնա Նավալնայային, հայտնել է Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Ալեքսեյի մարմինը տրվել է մորը: Շատ շնորհակալ ենք բոլորին, ովքեր դա պահանջում էին մեզ հետ: Լյուդմիլա Իվանովնան դեռ գտնվում է Սալեխարդում։ Հուղարկավորությունը դեռ սպասվում է։ Մենք չգիտենք, թե արդյոք իշխանությունները կխոչընդոտեն դա իրականացնելու այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում և ինչպես արժանի է Ալեքսեյին։ Մենք կտեղեկացնենք, երբ տեղեկությունը հասանելի դառնա»,- գրել է Յարմիշը:

Նախկինում Նավալնիի համախոհները հայտնել էին, որ քննիչը շանտաժի է ենթարկում Լյուդմիլա Նավալնուն՝ պահանջելով նրա որդու գաղտնի հուղարկավորությունը։

Քննիչը Ալեքսեյ Նավալնիի մորը վերջնագիր է տվել՝ համաձայնել գաղտնի թաղմանը, ուրբաթ օրը հայտնել է Կիրա Յարմիշը։

«Քննիչը զանգահարել է Ալեքսեյի մորը և վերջնագիր տվել նրան։ «Կամ նա համաձայնում է գաղտնի հուղարկավորությանը՝ առանց հրապարակային հրաժեշտի երեք ժամվա ընթացքում, կամ Ալեքսեյին կթաղեն գաղութում», – գրել է նա ուրբաթ օրը հեռագրում:

Նրա խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մայրն հրաժարվել է բանակցել Քննչական կոմիտեի հետ, քանի որ այն իրավասու չէ որոշել, թե ինչպես և որտեղ պետք է թաղի որդուն, և պահանջել է պահպանել օրենքը, որը պարտավորեցնում է քննիչներին հանձնել դիակը մահվան պատճառը պարզելու պահից երկու օրվա ընթացքում։

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հետևյալ կոորդինատներում տեղակայված ադրբեջանական դիրքից:

Խորհրդավոր մահեր Ռուսաստանում․ արյունալի պայքար իշխանության ու սեփականության համար

Կրեմլը արյունահոսում է «Խաղաքարտերի տուն» վերջին սեզոնի պրոմոում

Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի սպանությունը հասկանալի պատճառով քիչ-ինչ ստվերեց այլ խորհրդավոր մահեր՝ Z-բլոգերի, Ռոսնեֆտ խոշորագույն պետական նավթային կորպորացիայի ղեկավար Սեչինի որդու եւ այլն։ ՌԴ-ում նախագահի ընտրության շեմին տեղի է ունենում վերնախավային ներքին խմբերի արյունալի պայքար իշխանության ու սեփականության համար, որն ավելի է սրվելու ընտրություններից հետո։

ՌԴ Պետդուման ընդունում է օրենքներ, որոնք ենթարկած են Ռուսաստանում առաջիկա զարգացումների այս միտումներին։ Սահմանափակվում են մարդկանց իրավունքներն ու ազատությունները, գրաքննությունն ու մատնագրերը աննախադեպ ծավալներ են ստացել։ Երկրում խորանում է տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արժեքային անկումը ռեպրեսիաների ու մառազմի ծավալման ֆոնին։

Ընտրությունից առաջ երկու հանգամանք ուշադրություն են գրավում։ Առաջինը նախագահի թեկնածու Նադեժդինի շուրջ տեղի ունեցած աղմուկն էր։ Կրեմլի քաղտեխնոլոգիական հնարքը՝ «հակապատերազմական թեկնածու», որի օգտին ստորագրահավաքի ժամանակ հերթեր էին գոյանում, իսկ այսպես կոչված լիբերալ շրջանակները խոսում էին «հույսերի ու հնարավորությունների պատուհանի» մասին, ի վերջո ավարտվեց այդ թեկնածուին չգրանցելով։ Թեկնածուն էլ պատահական չէր ընտրված՝  Նադեժդին ազգանունով, այսինքն՝ հույս, այսինքն՝ հույսեր չունենաք, հույսերն ավարտվեցին։ Բացի այդ, Նադեժդինի օգտին ստորագրահավաքը հատուկ ծառայություններն օգտագործեցին «հակապատերազմական» անձանց տվյալների հավաքագրմամբ։

Նավալնիի կարգախոսը, ինչպես գիտենք, հետեւյալն էր՝ «ապագայի հրաշալի Ռուսաստան»։ Նրա սպանության ուղերձն էլ հետեւյալն էր՝ ոչ մի այդպիսի ապագա, հույսեր չունենաք։

Չնայած ռուսական ինտելիգենցիայի ու ռոմանտիկների ձգտումներին ու հույսերին, Ռուսաստանն իրականում վերադառնում է իր բնական վիճակին։ Ինչպես ասում է ռուս հայտնի հետազոտող Բորիս Պաստուխովը, ռուսական հասարակությանը պարբերաբար, ինչպես շնիկի, հանում են դուրս զբոսանքի՝ մի քիչ շնչելու արեւմտյան քաղաքակրթությամբ ու նվաճումներով, հետո կրկին փակում տանը։

Ռուսաստանն իր ներկայիս տեսքով այլ կերպ չի կարող գոյություն ունենալ, քան որպես «ժողովուրդների բանտ ու գուլագ», որը պատրաստ է ոչնչացնել իր հարեւաններին։ Դա պարզապես ռուսական պետության իրար հաջորդող ռեժիմների վարած քաղաքականություն չէ, այդ քաղաքականությունը բխում է ռուսական հանրության ներքին համոզմունքներից ու պահանջներից։ Ըստ վերջին անկախ հարցումների տվյալների, ռուսաստանցիների 83 տոկոսը աջակցում է Պուտինին ու գտնում է, որ խաղաղություն կարող է լինել միայն Ուկրաինայում Կրեմլի նպատակների իրագործումից, այսինքն՝ Ուկրաինայի ոչնչացումից հետո։

Այս միակամությունը հատկապես դրսեւորվում է Հայաստանի պարագային։ Եվ եթե Ուկրաինայի դեպքում ռուսական հանրության ինչ որ մի փոքր մասը դեմ է Ուկրաինայի ոչնչացմանը, Հայաստանի պարագային կատարյալ կոնսենսուս է «լիբերալ-հակապուտինյան» շրջանակներից մինչեւ Z շրջանակներ ու ֆաշիստներ՝ Հայաստանը պետք է ոչնչացվի, իսկ «ադրբեջանի» բոլոր գործողությունները արդարացված են ու ճիշտ։ Նման կերպ էր մտածում նաեւ հանգուցյալ Նավալնին։

Հայ ժողովուրդը մինչեւ վերջին կաթիլը «վայելելու» է իր ռուսասիրության բաժակը․ ներկայիս «դժգոհությունը» Մոսկվայի քաղաքականությունից հեշտ շտկելի է նետված մի քանի ժանգոտ զինատեսակներով ու եղբայրության մասին խոսքերով, իսկ առաջիկայում՝ նաեւ «փրկչության» նոր օրինակներով՝ մինչեւ վերջին հողակտորը։

 

Էկոնոմիկայի նոր նախարարի անունը հայտնի է․ Քերոբյանը, վսյո ժե, էն չէր

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը  հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը իր ահռելի քարոզչական մեքենան լծել է իր տնտեսական “հաջողությունները” դրոշակ սարքելու համար։ Արտահերթ ընտրությունները բացառված չեն, եւ Փաշինյանը արդեն երեկվանից խոսում է, որ կատարել է տնտեսական աճ ապահովելու իր խոստումը։ Ամեն հարթուկից ինֆոգրաֆիկաներ են հաղորդվում, թե չնչքան է բարձրացել կենսամակարդակը եւ այս կամ այն ցուցանիշը։

Ըստ երեւույթին, տնտեսական “հաջողությունները” պետք է դառնան նախընտրական քարուզչության մեխը, քանզի այլ “հաջողություն” չկա։ Վահան Քերոբյանի կերպարը, երեի, չի համապատասխանել նոր դերին, այն չէ, էլի, Գեւորգ Պապոյանն ավելի է սազում։ Անգլերեն խոսալ, բան։

Իսկ ի՞նչ կարծիքի է Լեւոն Քոչարյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպումից հետո գրառում է կատարել․

«Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետապնդելու ենք արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը, և հույս հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»,- գրել է նա:

Այսինքն, Լեւոն Քոչարյանը որպես խնդիր է դիտարկում միայն արցախցիների վերադարձն՝ առանք ինքնորոշման, քաղաքական իևրավունքների իրացման եւ կեղծ “դաշնակիցներից” ազատվելու։

Մինչդեռ Ֆրանսիայի Սենատը 2024-ի հունվարին ընդունել է բանաձեւ, որտեղ բառացիորեն ասված է․ «․․․հաշվի առնելով Սենատի 2020 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված թիվ 26 (2020-2021) բանաձեւերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, եւ թիվ 19 (2022-2023թթ.)՝ 2022 թ․ նոյեմբերի 15-ին ընդունված բանաձեւը, որի նպատակն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել և Հայաստանի տարածքից անհապաղ դուրս բերելու պահանջը, Սենատը խստորեն դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի՝ իր դաշնակիցների աջակցությամբ կատարած ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, որը ստիպեց լքել այնտեղ ապրող գրեթե ողջ հայ բնակչությանը։ Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը և որ, հետևաբար, միջազգային հանրության պարտականությունն է Ադրբեջանից պահանջել ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության իրավունքը՝ վերադառնալու Լեռնային Ղարաբաղ այնպիսի պայմաններով, որոնք կարող են ապահովել նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը»։

Այսինքն, Ֆրանսիայի Սենատը արցախցիների վերադարձը տեսնում է ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում եւ ոչ այլ ձեւով։

Իսկ ի՞նչ ձեւ է առաջարկում Լեւոն Քոչարյանը եւ նրա խմբակցությունը։ Արդյո՞ք Հայաստան խմբակցությունն էլ է համաձայն, որ Ադրբեջանը «իր դաշնակիցների հետ համատեղ է» իրականացրել Արցախի հայաթափումը, եւ պատրաստ է ճանաչել Արցախի հանրապետությունը։

Փետրվարի 20-ի հանրահավաքում այդ հարցերի պատասխանը չհնչեց։ Պատասխան չկար նաեւ այդ հանրահավաքում հնչած սթափ մտքին՝ մեզ պետք է ոչ թե արցախցիների վերադառձը Արցախ, մենք պետք է Արցախը վերադարձնենք Հայաստանին։

Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի եւ Արցախի վերամիացորման մասին ուժի մեջ չէ, եւ պետք է հրաժարվել դրանից։ Ալիեւը պնդում է որ այդ որոշումը ուժի մեջ է, եւ պետք է հրաժարվել դրանից։ Ի՞նչ կարծիքի է դրա մասին Լեւոն Քոչարյանը։

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի՝ Ռուսաստանից «բաժանվելու» մասին

Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ France-24-ին տված հարցազրույցը հայ «արևմտամետները» մեկնաբանել են այն համատեքստում, որ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից, շուտով դուրս է մղելու ռուսական ռազմաբազան և ձերբակալելու է Պուտինին, ով համառորեն հրագրում է Փաշինյանի հեռացումը։ Դրան նախորդել էին քարոզչական շղարշ՝ հաղորդագրություններ այն մասին, որ ռուս սահմանապահներին կհեռացնեն «Զվարթնոց» օդանավակայանից, որ Զելենսկին շուտով կժամանի Երևան, ինչպես նաև տեղեկատվություն Հայաստան ֆրանսիական ծանր զենքի մոտալուտ մատակարարումների մասին։

Բայց նույնիսկ Փաշինյանի հարցազրույցի նույնիսկ մակերեսային ընթերցումը ցույց է տալիս, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։

Փաշինյանը չասաց, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից (եւ դա հաստատեց ՌԴ ԱԳՆ-ն), նա ուղղակիորեն ասաց, որ ռուսական բազայի հարցը ընդհանրապես չի քննարկվում, ինչպես նաև հայտարարեց, որ ինքը «կորցրել է հետաքրքրությունը» իր կառավարությունը տապալելու Ռուսաստանի փորձերի նկատմամբ։ Այսինքն՝ Փաշինյանը հաստատեց, որ Պուտինը չի պատրաստվում իրեն տապալել, ընդհակառակը, նա ամեն կերպ աջակցում է իր իշխանությանը, այդ թվում՝ ընդդիմության ջանքերով, և Ռուսաստանից “ամուսնալուծություն” չի լինի։

Փաշինյանն ասաց, որ «տեղյակ չէ», որ ռուս զինվորականները Հայաստանի տարածքում ձերբակալել և արտահանձնել են ՌԴ քաղաքացու։

Փաշինյանը հայտարարեց նաև, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և մնացած բոլոր երկրների սահմանները պետք է որոշվեն Ալմա-Աթայի հռչակագրով և քարտեզներով, որոնք գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ռուսաստանից Հայաստանի «ապաահրզանի» մասին։

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները՝ զայրացած հյուսելով բեղերն ու հոնքերը, բայց նրա աչքերը ծիծաղում էին։ Ի տարբերություն հայ «արևմտամետների», Պեսկովը կարդում է Փաշինյանի զեկույցագրերը։

Ւնչ են խոսել Մուրադ Փափազյանն ու Փաշինյանը

Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրասնիայում գտնվելու հանգամանքից օգտվելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը:

ՀՅԴ լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։

Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջոյ վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։

Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Ժողովրդավարության այս դասից ակնհայտորեն նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել է Մուրադ Փափազյանին Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։

Այդ պատասխանից է՛լ ավելի զայրացած՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել իր դեմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածվել է Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից և մշտապես հերքվել է Մուրադ Փափազյանի կողմից։ Այնուամենայնիվ, այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազյանը ևս մեկ անգամ մերժել է այն՝ միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգության ծառայություններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։

Մուրադ Փափազյանը նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար:

Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու»,- հայտնում են կուսակցությունից։