Month: Փետրվար 2024
Եկ Ճարտար՝ քինանք Սոս զագորոդ
Ճարտարը Մարտունու շրջանի և ամբողջ Արցախի ամենամեծ գյուղն է: 2014 թվականին Ճարտար գյուղին շնորհվեց քաղաքի կարգավիճակ, իսկ Արցախի հումորների գրքում մի նոր էջ բացվեց:
Ահա այդ հումորներից մի քանիսը․ ճարտարեցին զանգում է իր բարեկամներին և ասում «եկ Ճարտար՝ քինանք Սոս զագորոդ», «քինա կոխկի շենան մի երկու շենի ձու պեր», կամ հարցին, թե ո՞վ է հարսանիքի քավորոը, ճարտարեցին պատասխանում է՝ «մեր շենին քաղաքապետը»:
Իսկ նկարը արված է ճարտարեցի լուսանկարիչ Պավել Պետրոսյանի կողմից հենց այն ժամանակ, երբ մի խումբ ճարտարեցիներ կախում էին քաղաքի նոր ցուցանակը:
«Շոշում ռուսները ասացին՝ զենքերը պիտի հանձնեք ու դուրս գաք»
Արցախի Հանրապետության Շոշ գյուղի բնակիչները բռնի տեղահանումից հետո ցրված ապրում են Հայաստանի տարբեր մարզերում։ Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ Շոշից բռնի տեղահանված անձանց թիվը մոտ 600 է, նրանք բնակվում են տարբեր համայնքներում՝ Մեղրիից մինչեւ Բագրատաշեն։ Աբրահամյանի խոսքով՝ իրենք նախընտրում են, որ համայնքը միասնական բնակվի։ «Ինչ Ղարաբաղից տեղափոխվել ենք այստեղ, մեր գյուղից արդեն 5 մարդ մահացել է։ Եվ երբ զանգել, ասել են՝ գնում ենք այդ հուղարկավորությանը կամ պանիխիդային, մի պահ ուրախանալով, որ գյուղացիներին կտեսնենք, կզրուցենք։ Այսինքն՝ այդպես ենք իրար հանդիպում»,- ասաց նա։
Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակչության կորցրած գույքի գույքագրման աշխատանքներ չեն իրականացվում։ Այս հարցը Արցախի համայնքների ղեկավարները բարձրացրել են Արցախի կառավարության պաշտոնյաների մոտ, բայց գույքագրում իրականացնելու հանձնարարական չեն ստացել։ «Ես անձամբ ու Արցախի մի քանի գյուղապետեր Արցախի պետնախարարի մոտ ենք գնացել, կորցրած գույքի հարցն ենք բարձրացրել։ Ինքը մեզ ասաց՝ հլա մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետության իշխանության հետ կացարանների հարցը լուծել։ Իրենք ասում են՝ առաջին խնդիրը դեռ կացարանի հարցն է, տեսնենք ինչպես է լուծվում։ Մեկն ասում է՝ շնչին 3 մլն դրամ են տալու, մեկն ասում է՝ 5 մլն դրամ։ Բայց դա էլ է սուտ, եթե այդպիսի որոշում լիներ, կքննարկեին։ Ոչ Ազգային ժողովում են քննարկել, ոչ էլ բյուջեն հաստատելիս են այդ հարցը բարձրացրել։ Այսօրվա դրությամբ բնակարանային հարցը շատ է խեղդում մարդկանց։ Աշխատանք չունենք, մեկն էլ ես եմ, տան վարձերը թանկ են, դրան գումարած կոմունալները»,- ասաց Էրիկ Աբրահամյանը։
Նա ասաց, որ Արցախի համայնքապետերը հասարակական հիմունքներով են շարունակում իրենց աշխատանքը։ «Հասարակական հիմունքներով ես դեռ համայնքի ղեկավար եմ։ Այսինքն՝ այսօր էլ բնակիչ կա, որ ինձ զանգել է, զրոյական թուղթ է ուզում։ Ես վաղը պետք է գրեմ, տանեմ Աբովյան 9 հասցե, որ բնակիչը գա վերցնի։ Երբ մարդկանց ինչ-որ տեղականք կամ փաստաթուղթ է պետք լինում, դա տրամադրվում է իմ կողմից, այսինքն՝ կնիքն իմ ձեռքին է»,- նշեց նա։
Էրիկ Աբրահանյանն ասաց, որ Արցախ վերադարձի հարցը դիտարկում են միայն այն դեպքում, եթե Արցախում լինի հայկական իշխանություն, նաեւ գործեն անվտանգության միջազգային երաշխիքներ։ Բայց մեկ կարեւոր պայման կա՝ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 2020 թվականի պատերազմից առաջ եղած սահմաններ։ «Յուրքանչյուրս էլ պատրաստ է, որ վերադառնա, բայց միայն մեկ պայմանով, որ թուրքի վերահսկողության տակ չլինենք։ Եթե Արցախում լինի հայկական իշխանություն, կվերադառնանք։ Բայց թուրքի վերահսկողության տակ, թուրքական անձնագրով տարբերակը բացառում ենք, դա սուտ է։ Միջազգային երաշխիքներին էլ համաձայն ենք միայն այն դեպքում, եթե դարձյալ ադրբեջանական վերահսկողություն չլինի։ Նրանք պետք է հետ վերադառնան այնտեղ, որտեղ եղել են 2020 թվականի պատերազմից առաջ։ Հայաստանի հետ ճանապարհը պետք է բաց լինի, բնակավայրերում պետք է անվտանգ լինի, որ երեխեն ազատ գնա մանկապարտեզ, դպրոց, որ վախը մեջները չլինի։ Ես մեր գյուղի օրինակով եմ ասում՝ գյուղից մոտ 170 երեխա ենք հանել, սաղ սոված, կապտած, վախեցած»,- ասաց նա։
Էրիկ Աբրահամյանը նշեց, որ սեպտեմբերյան հարձակման օրերին ադրբեջանցիներն արդեն մտել էին Շոշ գյուղ, կրակում էին խաղաղ բնակիչների ուղղությամբ։ «Ռուսը, որ եկավ, արդեն մութը ընկած էր, թուրքերն արդեն գյուղի մեջ մարդ էին խփում։ Փառք Աստծո, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չենք ունեցել, բայց վիրավորներ շատ ենք ունեցել։ Ռուսները ուշ եկան, ասացին, որ ավտոբուսներով գալիս են, որ ժողովրդին տարհանեն։ Բայց հետո այնպես ստացվեց, որ իրենք իրենց ԲՏՌ-ով եկան ու ասացին՝ զենքներդ պետք է հանձնեք ու մեզ հետ իջնեք։ Ժողովուրդը դպրոցի նկուղում էր, ես ասացի՝ ժողովուրդը թող մնա այնտեղ, դուք էլ պահեք, թող թուրքը մտնի մեր գյուղը, բայց մենք մեր գյուղում մնանք։ Ասացին՝ չենք կարող։ Ասացի՝ գիտեմ, որ չեք կարող, ես քեզ չեմ ասում, քո վերադասին ներկայացրու, թող ինքն էլ օգնություն ուղարկի ձեզ, որ պահեք։ Կապվեց իրենց նաչալնիկ շտաբի հետ, խոսելուց հետո ասաց՝ զենքերը պիտի հանձնեք ու դուրս գաք։
Ես կարծում եմ՝ իրենք այդ ԲՏՌ-ով ոչ մի բան չէին կարողանա անել, որովհետեւ իրենք էլ էին վախեցած, չգիտեին՝ ոնց անեին։ Գյուղից ներքեւ կամրջի վրա, ժայռի տակ սաղ թուրքեր էին կանգնած։ Նրանք էլ, եթե զենքով մարդ տեսնում էին, խփում էին։ Դրա համար էլ ես միայն երեխեքի համար համաձայնեցի, որ զենքերը հանձնենք, որ բնակչությանը հանեինք այնտեղից»,- ասաց Էրիկ Աբրահամյանը։
Հարձակման ժամանակ, նրա խոսքով, գյուղի մոտ 600 բանկչից ընդամենը 20-30-ը գյուղում չէին։ Տարհանման ժամանակ գյուղի բնակիչներից 3-ին թողել են գյուղում, քանի որ խառնաշփոթի մեջ ընտանիքի անդաները չեն նկատել, որ իրենց հարազատները չկա։ Գյուղապետը բռնի տեղահանումից հետո չորրորդ օրը ռուսական կողմի հետ մասնակցել է որոնողական աշխատանքներին ու գյուղացիներին անվնաս տարհանել։ «Բայց թուրքերն իրենց տները չէին մտել, իրենց ընդհանրապես չէին դիպչել»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ հետեւանք էր Արցախի օկուպացիան, Էրիկ Աբրահամյանն ասում է․ «Դա ես չեմ կարող ասել, վերադասին այդ հարցերը տվեք։ Մինչեւ հիմա մենք ինչքան հարցեր տվել ենք, ոչ ոք մեր հարցերին չի պատասխանել։ Դրա համար չգտենք՝ խի՞ սենց եղավ»։
Միաժամանակ նա հավելեց, որ Արցախի հարցը փակված չէ։ «Ես չեմ մտածում, որ Արցախի հարցը փակված է։ Ինձ թվում է՝ մենք դեռ ելք ունենք, եթե խելոք ու ճիշտ դիվանագիտություն տարվի։ Հարցը միջազգայնորեն պետք է լուծվի, ոչ թե իրենք երկու հոգով հանդիպեն ու իրար մեջ լուծեն»,- ընդգծեց նա։
Սա՞ է արցախցիների բնակարանաշինության ծրագիրը
Սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ:
Խոսքը սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին է, որից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները, եթե բռնի տեղահանված ամուսնական զույգերից մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, առկա է ամուսնական վկայական, ինչպես նաև ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք կամ ունեն կիսակառույց շինություն, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ և նախահաշիվ:
Պետության աջակցությունն այս ծրագրի շրջանակում կազմում է մինչև 16 մլն դրամ, այսինքն՝ նախահաշիվը, եթե չգերազանցի 16 մլն դրամը, ապա ամբողջ հիփոթեքային վարկի մարումը կիրականացվի պետության կողմից: Ծրագրից կարելի է օգտվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը: Ծրագրի մյուս կետով օտարերկրյա պետությունում գրանցված ամուսնական վկայականը նույնպես ուժ ունի, եթե այն հյուպատոսական վավերացում ունի և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանություն կա: Ծրագրին դիմելու առաջին քայլը ծրագրի գործընկեր բանկերից մեկին դիմելն է: Գործընկեր բանկերն են՝ Կոնվերս բանկը, Էվոկա բանկը, Ամերիա բանկը և Ակբա բանկը:
Տվյալներ առողջապահության ոլորտում արցախցիների համար իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար առողջապահության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններում արդեն հաշվառվել է 70 495 մարդ: Այս պահին առողջության առաջնային պահպանման օղակում առաջարկվող բոլոր բուժծառայությունները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է երեխաների պատվաստմանը, հղիների հաշվառմանը, քրոնիկ հիվանդների հաշվառմանը, դեղերի հետագա ապահովմանը, ինչպես նաև հատուկ դժվարամատչելի հետազոտությունների և հիվանդանոցային բուժման պարագայում ամբողջը պլանային ձևով կազմակերպմանը: Այս պահին հաշվառված է 639 հղի, եղել է 374 ծնունդ:
Առողջապահության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներից 209 ավագ և 516 միջին բուժաշխատողի պետական պատվերի շրջանակում տրամադրվել է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված միջոցառումներ: Արդեն իսկ 216 բուժաշխատող անցել է աշխատանքի հանրապետությունում, որից 34-ն աշխատում են մարզերում: Այս 34 աշխատողը՝ որպես մարզերում աշխատող, օգտվում է նաև լրավճարի ծրագրից:
Արտակ Ջումայանը նշել է, որ 2024 թվականի մարտից որոշ խմբերի դեղեր տրամադրվելու են էլեկտրոնային դեղատոմսով, հետևաբար՝ տեղամասային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում հաշվառված հայրենակիցները, համապատասխանաբար, էլեկտրոնային դեղատոմսով և անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենան այն դեղատներին, որոնց հետ պայմանագիր ունեն պոլիկլինիկաներն ու գյուղական ամբուլատորիաները, և ստանան դեղերը:
Առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ 77 000 հիվանդանոցային դեպք է սպասարկվել այս ամբողջ ժամանակահատվածում, որից 2192-ը՝ 2024 թվականի ընթացքում: Նշվել է, որ խոսքը պլանային և անհետաձգելի բուժօգնության մասին է:
Հիմա էլ Գեղարքունիք․ ՀՀ ՊՆ հերքում է
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այսօր վաղ առավոտյան սահմանին հայկական կողմից կրակոցների մասին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է»,- հայտնում է Ազատությունը։
Ըստ Բաքվի՝ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից ադրբեջանական զինուժի դիրքերի վրա կրակ են բացել Գեղարքունիքի մարզի և Քելբաջարի շրջանի սահմանագծին ժամը 5:50-ին: «Իրավիճակի սրումը կանխելու և երկու երկրների պայմանական սահմանին կայունության ապահովման նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ չեն ձեռնարկել», – վստահեցնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ կոչ անելով «Հայաստանի ռազմական ղեկավարությանը թույլ չտալ նման սադրանքներ՝ ուղղված պայմանական սահմանին ապակայունացմանը և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուն, իսկ նրանք, ովքեր կատարում են այդ գործողությունները, պետք է բացահայտվեն և պատժվեն»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեցին, որ Բաքվի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Կովերի պարտեզը պաշտպանելու դատական գործընթաց. Թաթոյան
Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտեզները՝ Կովերի պարտեզը, պաշտպանելու դատական (իրավական) գործընթաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել՝ անվավեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրայելական Xana Capital-ի միջև կնքված վարձակալությունը։
Համայնքի իրավական գործընթացը հաստատում է, որ գույքը հավատարմագրային պահվում է հատուկ ի շահ հայ համայնքի ավելի քան 400 տարի առաջ ստեղծված “waqf” – ի հավատարմագրով: Օրինական ուժ ունեցող “Waqf” – ի հավատարմագրի համաձայն` Պատրիարքարանը չի կարող գույքը վարձակալության հանձնել կամ վաճառել, եթե գործարքը չի բխում հայ համայնքի անմիջական շահերից, և եթե գործարքը համաձայնեցված չէ հայ համայնքի հետ: Այս դեպքում գործարքը ո՛չ հայ համայնքի համաձայնությունն է ստացել, ո՛չ էլ բխում է նրա շահերից:
Հայ համայնքի դիրքորոշումը լիովին համընկնում է Սրբոց Յակոբեանց Միաբանություն դիրքորոշման հետ: 2021 թվականին Միաբանության տասնյոթ անդամներ, այսինքն՝ Պատրիարքարանի գերագույն մարմնի անդամների մեծամասնությունը, հայտարարություն տարածեցին՝ հրապարակայնորեն դեմ արտահայտվելով գործարքին և հայտարարելով, որ Պատրիարքը չունի ենթադրվող համաձայնությունն իրագործադրելու անհրաժեշտ լիազորություններ ու պայմաններ։ Որպես այդպիսին, Հայ համայնքի իրավական գործն ընդգծում է Պատրիարքարանի լիազորությունների բացակայությունը այս կոնկրետ գործարքի հարցում:
Համայնքի դատական հայցը անհրաժեշտ իրավական ձայն է և վճռորոշ իրավական ուժ ենթադրյալ համաձայնագրի չեղարկման և հողը պաշտպանելու համար. սա նպատակ է, որը կիսում են հայ համայնքը, Հայոց պատրիարքարանը և Հայոց համաշխարհային սփյուռքը:
Հայ համայնքն ունի կոնկրետ իրավունքներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և պետք է պաշտպանվեն հենց հայ համայնքի կողմից:
Այս հողն ունի մեծագույն պատմական և մշակութային նշանակություն՝ խորհրդանշելով Համայնքի և Պատրիարքարանի մշտական ներկայությունը տարածաշրջանում, և Համայնքը պարտավորվում է պահպանել Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականությունն ու պաշտպանել իրեն “Xana Capital”-ի հետ այս ենթադրյալ գործարքից բխող գոյաբանական սպառնալիքից:
Անօրինական վարձակալության մասին իմանալուց ի վեր Համայնքի անդամները յուրաքանչյուր շաբաթ ցույցեր էին կազմակերպում գործարքի դեմ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար:
Համայնքը շուրջ 100 օր նստացույց է արել՝ 24/7 վրաններում ճամբարելով՝ պաշտպանվելու ֆիզիկական սպառնալիքներից և հողի վրա հարձակումներից: Համայնքը գիտակցում է, որ իր գոյատևումը կախված է այս հողի պաշտպանությունից: Այժմ նրանք ձգտում են պարտադրել իրենց պատմական իրավունքները հենց այդ հողում և հաստատել վարձակալության անվավերությունը Երուսաղեմի շրջանային դատարանում:
Կարևոր է, որ Համայնքի հայցը ամրապնդում է Պատրիարքարանի արդեն գոյություն ունեցող հայցը կարևոր փաստարկներով, որոնք Համայնքի իրավունքների մեջ են մտնում, որպեսզի կասեցվի Երուսաղեմի Հին քաղաքում Համայնքի պատմական ներկայության, ժառանգության և գոյության դեմ հարձակումը:
Երուսաղեմի հայ համայնքը հանդես է գալիս՝ որպես մեկ միասնական ձայն։ Այն միասնաբար պաշտպանում է այն սկզբունքը, որ միայն արդարությունը բավարար կլինի: Համայնքը կողմնակիցն է այն համոզման, որ Համայնքի հետ թափանցիկության և համագործակցության բացակայությունն է Հայկական թաղամասը դրել գոյատևման խնդրի առաջ։
Համայնքը կպայքարի մինչև վերջ, որպեսզի Հայկական թաղամասը մնա անձեռնմխելի, մնա հայկական և մնա ի շահ հայ ժողովրդի։ Սրանք հենց այն սկզբունքներն են, որոնք միավորել են աշխարհի հայերին և մեր դաշնակիցներին, ովքեր հասկանում են Երուսաղեմի Հին քաղաքի արժեքը՝ փրկելու համար Հայկական թաղամասը:
Համայնքը պարտավորվել է իրացնել այս հզոր միավորող մանդատը և այժմ հաստատում է իր իրավունքները դատարաններում: Համայնքի հարյուրավոր անդամներ ստորագրել են՝ աջակցելու իրենց պատմական իրավունքների պաշտպանության իրավական պայքարին և պաշտպանելու այն կարևոր ունեցվածքը, որը դարերի ընթացքում ծառայել է Հայ համայնքին ՝ ապրուստի վայրից մինչև տուն՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։
Այն նաև ապահովել է դպրոցների, եկեղեցիների և համայնքային հաստատությունների հասանելիությունը մարդկանց համար: Հայ Համայնքը տեղում և դատարաններում կպայքարի իր իրավունքների պաշտպանության համար։
Համայնքը պնդում է, որպեսզի դատական գործի կողմերը և նրանց ենթակայության ներքո գտնվողները ձեռնպահ մնան Համայնքի անդամների դեմ ուղղված ցանկացած հակընդդեմ միջոցներից:
Այդ նպատակով ժողովուրդը խնդրում է միջազգային հանրությանը զգոն մնալ, կանգնել հայ համայնքի կողքին նման սպառնալիքների դեպքում և շարունակել իր աջակցությունը հայտնել հայ համայնքին անսասան հանձնառությամբ՝ պաշտպանելու համար Հայկական պարտեզը, Հայ համայնքի իրավունքները և պաշտպանել Հայ ժողովրդի ապագան Երուսաղեմում։
Շնորհակալություն ենք հայտնում Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքին` համայնքի երիտասարդ անդամներ Հակոբ Ջրնազյանին, Սեդրակ Բալյանին և մյուս անդամներին:
Նամակ բանտ
/լրացված է/
«Ակն ընդ ական» վավերագրական համայնքը «Անարդարության օղակում» ծրագրի շրջանակներում շարունակում է «Նամակ բանտարկյալին» մրցույթը։
Մրցույթի էությունը Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերին կամ նրանցից մեկին նամակ գրելն է։ Նամակը պետք է ուղարկել մինչև մարտի 5-ը կազմակերպության հասցեով։ Լավագույն նամակի հեղինակը կստանա 50 հազար դրամ մրցանակ։
Կազմակերպությունը Step1 հարցմանն ի պատասխան որոշ պարզաբանումներ է տվել․
Մասնավորապես, նամակը կարելի է գրել ցանկացած լեզվով, բայց ավելի լավ կլիներ հայ ընթերցողներին ծանոթ լեզվով։ Ամեն դեպքում, տեքստը կթարգմանվի։
Մրցույթի արդյունքները կամփոփի հատուկ կազմավորված ժյուրին, որը նույնպես կորոշի՝ հրապարակե՞լ նամակը, թե ոչ։ Բայց կազմակերպիչները հակված են, որ նամակները պետք է հասանելի լինեն հանրությանը։
«Մրցույթի նպատակն է խրախուսել ստեղծագործ մարդկանց գրել արդիական թեմաներով ստեղծագործություններ, որպեսզի այդ աշխատանքների միջոցով հնարավոր լինի համախմբել մարդկանց տվյալ խնդիրների շուրջ, պահել նրանց ուշադրության կենտրոնում և գտնել դրանց լուծման ուղիները»,- նշել են կազմակերպությունում, պատասխանելով Step1.amի հարցերին.
Ալվարդ Գրիգորյան
Նրանց համար շատ ավելի դժվար է․ կենսագրություն՝ միահյուսված պատմության հետ
Կարեն Միրզոյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 24-ին Ստեփանակերտում։ Վաղ մանկությունից նրա կյանքում սկսվեցին դաժան փորձություններ։ Երեք տարեկանում նրա մոտ ախտորոշվել է պոլիոմելիտ։ Դա վիրուս է, որը հարձակվում է նյարդային համակարգի վրա և ժամանակի ընթացքում հանգեցնում է ամբողջական կաթվածի։
Բժիշկները գուշակում էին, որ նրա վիճակը օրեցօր կվատթարանա, սակայն Կարենը չհուսահատվեց և արժանապատվորեն հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Մինչև 14 տարեկանը, չնայած ամեն ինչին, Կարենը մնաց ակտիվ՝ հաճախում էր դպրոց, խաղում ընկերների հետ։ Նա հատկապես հիշում է մանկության այս լուսավոր պահերը։
Բայց նրա վիճակն օրեցօր վատանում էր։ Վեցերորդ դասարանն ավարտելուց հետո նա չի կարողացել դպրոց հաճախել և ստիպված է եղել տնային ուսուցման անցնել։ Քանի որ վիճակը վատանում էր, շարժումները սահմանափակվում էին։
Բայց նա համառորեն չէր հանձնվում։ 2006 թվականին նա առաջին անգամ այցելեց Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն, որը փոխեց նրա կյանքը։ Վերականգնումը դրական արդյունքներ տվեց թե՛ առողջական, թե՛ բարոյական առումով։ Վերականգնողական կենտրոնի անձնակազմն ու հիվանդները դարձան նրա ընտանիքի անդամները։ Բացի բուժումից, նա կենտրոնում անցկացնում էր ակտիվ ժամանց։ Նա մեկ անգամ չէ, որ մասնակցել է բոչեի մրցումներին, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, թիմային ու անհատական խաղերում արժանացել է մրցանակների։
Վերականգնողական կենտրոնում Կարենը շրջապատված էր անձնակազմի և հիվանդների ջերմությամբ և ուշադրությամբ: Հենց այստեղ նա իրեն զգում էր որպես հասարակության լիարժեք անդամ՝ վստահորեն առաջ գնալով և երազելով նոր հաղթանակների մասին։
Սակայն նրա կյանքը, ինչպես շատ ուրիշներինը, կտրուկ փոխվեց 44-օրյա պատերազմի սկզբով։ «2020 թվականի սեպտեմբերին, երբ պատերազմը սկսվեց, ընտանիքով ապրում էինք Այգեստանում։ Գյուղից քիչ հեռու զինամթերքի պահեստներ կային, և երբ հակառակորդը թիրախային հարվածներով ոչնչացնում էր դրանք, ուժգին պայթյուններից մեր ապակիները ցնցվում էին։ Զոհերը շատ էին, այդ թվում՝ մեր գյուղից։ Մենք թաքնվեցինք տան առաջին հարկում, թեև այնտեղ էլ անվտանգ չէր։
Հոկտեմբերի 4-ին ստիպված էինք մեկնել Երեւան։ 44 օր մենք անկեղծորեն հավատում ու հույս ունեինք հաղթանակի։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չավարտվեց այնպես, ինչպես սպասում էինք, նոյեմբերի 9-ից հետո բոլորս վերադարձանք տուն՝ հույս ունենալով ռուս խաղաղապահների պաշտպանությանը։ Մտածում էինք, որ վերջապես Արցախ կգա այդքան սպասված խաղաղությունը։
Բայց մենք հերթական անգամ խաբվեցինք, ու երկար սպասված խաղաղության փոխարեն եկավ շրջափակում, որը տեւեց 9 ամիս։ Չկային սննդամթերք, դեղորայք կամ գոյության համար անհրաժեշտ այլ պարագաներ։ Վիճակս էլ ավելի է վատացել, քանի որ ունեմ նաև ուղեկցող հիվանդություն՝ բրոնխիալ ասթմա։ Առանց անհրաժեշտ դեղամիջոցների՝ ես շնչառության հետ կապված խնդիրներ ունեմ։
Չնայած այս բոլոր դժվարություններին, մենք փորձեցինք լավատես լինել։ Բայց սեպտեմբերի 19-ին մեր բոլոր հույսերը մի ակնթարթում փլուզվեցին։ Եվ կրկին պատերազմ, որն այս անգամ ավարտվեց տեղահանությամբ։ Այս 2 սարսափելի օրերը կհիշեմ ողջ կյանքում։ Տնից միայն հագուստ կարողացանք վերցնել ու խուճապահար գյուղի բոլոր բնակիչների հետ միասին գնացինք օդանավակայան։ Մենք այնտեղ մնացինք երկու օր, և ես ստիպված էի քնել խոնավ հատակին։ Ուտելու բան չկար ու միայն ջուր էինք խմում։
Սեպտեմբերի 27-ին ժամը 21:00-ին մեկնեցինք Ստեփանակերտից։ 12 ժամում մեքենայով հասանք Գորիս։ Ավտոբուսում լիքը մարդ կար՝ բոլորը հուսահատ։ Գորիսից գնացինք Աբովյան, որտեղ մեր հարազատները մեզ բնակարան տրամադրեցին։ Որոշ ժամանակ այնտեղ ապրեցինք, հետո 200 հազար դրամով բնակարան վարձեցինք Մասիսում։
Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, գոյատևում ենք թոշակով, որի չափը Արցախում իմ ստացածի համեմատ էականորեն նվազել է։
Արտաքսումից հետո երկար ժամանակ անցկացրի հիվանդանոցում՝ բրոնխիալ ասթմայի սրման պատճառով։ Վերջերս ինձ այցելեցին Վերականգնողական կենտրոնի աշխատակիցները, որը մասամբ վերսկսեց իր գործունեությունը: Շատ հաճելի էր կրկին տեսնել հարազատ մարդկանց, նրանք ինձ տրամադրեցին անհրաժեշտ պարագաներ, ինչի համար անչափ շնորհակալ եմ և հուսով եմ, որ շուտով պարոն Թադևոսյանի գլխավորած այս եզակի թիմը կաշխատի նույն ձևաչափով»,- Step1.am-ի հետ հարցազրույցում ասել է Կարենը։
Արսեն Աղաջանյան
Forrights. «Ասել են՝ ծրագրային թերություն է, նորից դիմում գրեք», Ինչո՞ւ արցախցիների գումարները տեղ չեն հասնում
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերբար վստահեցնում է, որ իր կառավարությունը հոգատար է Լեռնային ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանդեպ, նրանց անվանում է «մեր քույրեր և եղբայրներ», նրա ղեկավարած կառավարությունը ակնհայտ կամայական մոտեցում է ցուցաբերում տեղահանվածների հանդեպ։
Աջակցության 3 հիմնական ծրագրեր են իրականացվում բռնի տեղահանված արցախցիների համար՝ միանվագ 100 հազար դրամ տրամնադրելու ծրագիրը, «40+10″ օգնությունը, որով մարդիկ պետք է տան վարձ ու կոմունալ տան և որը գործելու է 6 ամիս՝ մինչև մարտ, ապա նաև 50 000 դրամ աջակցության ծրագիրը, որը երկու ամիս է գործելու։ Սակայն քիչ են շահառուները, որոնք լիարժեքորեն օգտվել են բոլոր ծրագրերից։ Հիմնականում դրանք թերի են իրականացվում։ Միասնական սոցիալական ծառայությունը, բանկերը ամեն պատրվակ օգտագործում են արցախցիների գումարները կտրելու համար։
Դժվար է ասել, թե սա անփութության, ծրագրային խնդիրների հետևանք է, թե դիտավորյալ է արվում, արցախցիներին Հայաստանի Հանրապետությւոնից դուրս մղելու համար, նրանց ստիպելու, որ բռնեն արտագաղթի ճանապարհը։
Օրինակները բազմաթիվ են։ Երեկ միայն Forrights.am երկու նման բողոք է ստացել։
«Ոսկիս գրավ դրեցի, հիմա նստած սպասում եմ»
Մարինա Զախարյանը երիտասարդ միայնակ մայր է, որն արդեն երկու անգամ տուն է կորցրել։ Մեկը 44–օրյա պատերազմից հետո, երբ ընկավ Շուշին, և երկրորդ անգամ՝ Ստեփանակերտի մայրական բնակարանը։
Մոր, ծանր հիվանդ պապի և փոքրիկ դստեր հետ գաղթի ճանապարհը հաղթահարեց 3 օրում։ Երևանում պապը մահացավ, այդպես էլ ուշքի չգալով բարդ ճանապարհից։ Մարինան վստահ էր, որ բուժքրոջ 15 տարվա աշխատանքային ստաժով կկարողանա տեղավորվել բուժհաստատություններից մեկում և նոր կյանք կառուցել իր, մայրիկի և դստեր համար։ Բայց 100 հազարդրամները արագ ծախսվեցին Երևանի ծայրամասում տուն վարձելու և մի քանի ամիս դիմանալու վրա, իսկ աշխատանք նա չգտավ, թեւ տասնյակ բուժհիմնարկներ այցելեց այս ընթացքում։
«Ես Երևան քաղաքը, տրանսպորտը վատ գիտեմ, մեքենաս վաղուց կանգնեցրել եմ, որովհետև բենզին գնել չեմ կարողանում, ստիպված էի մի կերպ ոտքով գնալ այդ բուժհիմնարկները, հաճախ մոլորվելով, սխալ ավտոբուս նստելով։ Ամեն տեղ ինձ բարեհամբույր ընդունում էին, գրավոր ինքնակենսագրությունս է՝ին վերցնում, ու հետո սիրալիր մերժում։ Չգիտեմ, երևի, արցախցի եմ, դրա համար չեն ընդւնում աշխատանքի”, – ասում է Մարինեն։
50 հազար և 40+10 հազար դրամների աջակցությունը նրան շատ կօգներ, բայց գումարները ծայրահեղ անկանոն են գալիս։ «Մայրս ստացել է, իսկ ինձ չեն տալիս; Չեմ հասկանում, ինչու։ 2023 թվականի նոյեմբերի 7–ին և 11–ին լրացրել եմ դիմումներ ընտնիքիս բոլոր անդամների համար, բայց ծրագրային խնդիրների պատճառով իմ և աղջկաս՝ Մանե Զաքարյանի տվյալները դուրս են մնացել ծրագրից։ Փետրվարի 19–ին նոր դիմում եմ գրել, հայտնելով, որ չեմ ստանում 40+10 գումարը, մեզ ասել են, որ մեր անվամբ դիմում չկա, ստիպված նորից եմ դիմում գրել։ Մինչև այսօր պատասխան չկա, իսկ ես նստած սպասում եմ, որ փողս նստի, որ տան վարձը վճարեմ։ Անցյալ ամիս էլ չենք ստացել, գնացին, ոսկիս գրավ դրեցի, հիմա նստած սպասում եմ, չգիտեմ, ինչ անել”, – ասում է Մարինե Զաքարյանը։
Միասնական սոցիալական ծառայությունից Մարինեին պատասխանել են, որ եթե դիմումը չկա, ուրեմն, այդ գումարը այլևս չկա։ «Ասենք, թե դիմումները ինչ–ինչ պատճառներով չեն հասել, բայց ո՞ւր պետք է կորեր այդ գումարը, եթե պետությունը ինձ ու իմ երեխայի անունով այդ փողերը դուրս է գրել։ Ո՞վ է դրանք յուրացրել և ինչու», – հարցնում է Մարինե Զաքարյանը։
Նույն իրավիճակում է զոհված զինծառայողի այրի Մելինե Ավանեսյանը, Հադրութից, ապա նաև Ստեփանակերտից տեղահանված։ 6 հոգանոց ընտանիքով՝ երեք երեխաների, սկեսրոջ և սկեսրայրի հետ նա բնակվում է Երևանում, Նորագյուղ թաղամասի փոքրիկ երկուսենյականոց տանը, որի համար ընտանիքը վճարում է ամսական 250 հազար դրամ։
«Ռուսի հույսով գնացինք, բայց ռուսը մեզ դավաճանեց»
Ամուսինը՝ Գևորգ Ավանեսյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19–ին, Շուշիից դեպի ներքեւ գտնվող դիրքերում։
Մելինե Ավանեսյանը շատ է փոշմանել, որ 2020 թվականին Հայաստանից, որտեղ նա հանգրվանել էր 44–օրյա պատերամզից հետո, կրկին հետ գնաց Արցախի Հանրապետություն։ «Ասեցի՝ ռուսը կպահի մեզ։ Ռուսի հույսով գնացինք, բայց ռուսը մեզ դավաճանեց։ Ամեն օր ռուսին անիծում եմ։ Ռուսները ոչինչ չարեցին, ոչինչ։ Մեր իշխանությունն էլ մեզ ասեց՝ ամեն ինչ լավ կլինի, ռուսը նոր բազա կդնի մեզ համար, մեզ խաբեց։ Գնացինք հետ, ամուսինս մտավ Ցորի պոլկումը ծառայության, որպես շարքային։ Մինչ էդ Հադրութի Քյուրաթաղ գյուղում մենք մեծ տուն ունեինք, տնտեսությւոն, նա գյուղտնտեսությամբ էր զբաղվում, ամեն ինչ ունեինք, բայց Ստեփանակերտում, արդեն վերադառնալուց հետո ստիպված զինվոր դարձավ։ Ես էլ սադիկում էի աշխատում, օգնական էի»։
Ամուսնուն վերջին անգամ տեսավ 2023 թվականի սեպտեմբերի 15–ին, երբ նա գնաց Շուշիի մոտկայքում գտնվող դիրքեր, իսկ լսեց սեպտեմբերի 18–ին։ Ամուսինը Մելինեին հեռախոսով ասեց․ «Կուտակումները շատ են, չգիտեմ, ինչ կլինի, երեխեքին լավ պահի»։ Գևորգի վերջին բառերն էին։ Նրա մարմինը Մելինեին հասավ 5 օր որոնումներից հետո։ Մելինեի հարազատները թույլ չտվեցին, որ նա տեսնի ամուսնու դիակը։ Ասեցին՝ մի մտածի, լավ վիճակում է մարմինը։
Երևանում 6 հոգանոց ընտանիքը ապրում է մեծ սեփական շենքում։ Տան տերը Ռուսաստանում է։ «Հյուրանոցի նման տեղ է։ Թանկ։ Նենց չի, որ ես ուզում եմ անպայման Երևանում մնամ, չեմ էլ ուզում ստեղ։ Միակ պահող բանը Եռաբլուրն է, եթե հեռու լինեմ, ոնց եմ գնալու”, – ասում է Մելինեն։
Նա ծայրահեղ կարիքի մեջ է։ Լվացքի մեքենայից մի քանի ընտանիք է օգտագործում, գազ չկա, հագուստի ու անկողնային իրերի կարիք ունի։ Միակ աշխատողը 18 տարեկան որդին է։ Եւ աշխատում է դեղագործական ֆաբրիկայում, և սովորում է։ Մելինեն վատառողջ է, բայց աշխատանք է փնտրում։ Որպես զոհվածի ընտանիք պետությունից, բացի 100 հազարներից, ոչինչ չի ստացել։ Անգամ բրնձի հատիկ։ 40+10 ծրագրից օգտվել է միայն Մելինեն։ Աղջկան արդեն 3 ամիս է, 40+10 հազարները չեն տվել։ «Ասել են՝ ծրագրային թերություն է, ասել են՝ նորից դիմում գրեք, գրել ենք, հետո ասել են՝ սպասի»։
Հ․Գ․ Մենք ուղարկել ենք Մելինե Ավանեսյանի դստեր և Մարինե Զաքարյանի տվյլաները աշխատանքի և սոցիալական աջակցության նախարարություն։ Սպասում ենք պատասխանի։
Սյուզան Սիմոնյան
Հայաստանի նկատմամբ ուկրաինացի քարոզիչների փարիսեցիական վերաբերմունքը նրանց հետ դաժան կատակ է խաղալու
Ռուսական լիբերալ լրատվամիջոցները ուրախությամբ տարածում են Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում»։ ՀԱՊԿ-ի պատասխան պարզաբանումները, թե Հայաստանից անդամակցության կասեցման վերաբերյալ հայտարարություններ չեն ստացվել, ոչ ոք չի նկատել։
Իր հերթին, ուկրաինական մամուլն ամեն ինչ ներկայացնում է յուրովի՝ փարիսեցիական ձևով։ Ուկրաինական ամենաընթերցվող ռեսուրսներից մեկը «հաղորդում է», որ «Հայաստանի վարչապետը հասկացրել է, որ իր երկրում ռուսական ռազմական ներկայությունը շուտով կվերացվի։ Նա նշել է, որ Գյումրիում ռուսական զինված ուժերի բազայի «պահպանումն» այլևս «օրակարգում» չէ։ Թեև Փաշինյանը ճիշտ հակառակն է ասել՝ France-Presse-ին տված հարցազրույցում, ինչպես միշտ, նա հրաժարվել է քննարկել Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագան՝ ասելով, որ այդ հարցը ՀԱՊԿ-ի հետ չի առնչվում և օրակարգային չէ։ «Իրականում սա այլ համաձայնագիր է, սա այլ համաձայնագրի առարկա է, և այս պահին մենք դրա մասին չենք խոսում»,- ասել է Փաշինյանը։
Մեկ այլ ուկրաինական ռեսուրս զուգահեռ մեջբերել է Փաշինյանի երկու հայտարարություններ՝ ՀԱՊԿ-ի և այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։
Ռուս հակապուտինիստների և ուկրաինական մամուլի վերաբերմունքը Հայաստանի և Փաշինյանի նկատմամբ կրկեսային էկվիլիբրիստիկա է հիշեցնում։ Կիևի քարոզիչները ակտիվորեն աջակցում են Փաշինյանին, երբ նա ակնարկում է Ռուսաստանի հետ խնդիրների մասին (չնայած Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը չի քննարկվում)։ Միևնույն ժամանակ, այս նույն քարոզիչները Հայաստանի հետ պատերազմում ակտիվորեն աջակցում են Ալիևին, իսկ Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախապատրաստելու մասին Փաշինյանի հայտարարությունն ընկալվում է «Ալիևի օրինական իրավունքների» համատեքստում։
Չտեսնելով կապը Հայաստանի, ներառյալ Արցախի հետ կատարվողի և Ուկրաինայի մասնատման միջև, ուկրաինացիները բուռն կերպով աջակցելով Փաշինյանի «խաղաղության օրակարգին», ճանաչում են ուժային լուծման գիշատիչ իրավունքները։ Նրանք չեն նկատում որ Ալիևի՝ հայկական հարցի և Նեթանյահուի՝ Պաղեստինի խնդրի ուժային լուծման իրավունքը ճանաչելուց հետո, աշխարհում ոչ ոք չի վիճարկի “ուժեղ” Ռուսաստանի իրավունքը Ուկրաինայի և այլ տարածքների նկատմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք չի վիճարկում Պուտինի իրավունքը՝ օրը ցերեկով սպանելու իր հակառակորդներին։
Ռուս հակապուտինիստների և ուկրաինացի քարոզիչների փարիսեցիությունը դաժան կատակ կխաղա նրանց հետ։
Նաիրա Հայրումյան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների թեման
Այսօր առավոտյան խոսեցինք «Միստրալ» կարճ հեռահարության հրթիռների մասին։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։
Նրա խոսքով՝ շատ հեշտ է կադրեր պատրաստել՝ դրանք օգտագործելու համար։
«Եվ մենք արդեն ունեցել ենք քննարկումներ, որոնք թույլ կտան մեզ առաջարկել պաշտպանության այս մակարդակը։ Երկրորդ մակարդակի պաշտպանության համար մենք կառաջարկենք միջին մակարդակի (միջին հեռահարության – խմբ.) միջոցներ: Բայց կա նաև արտադրության հարց։ Շուտով Հայաստանում կլինեն GM 200 ռադարների մատակարարումներ, կան նաև ավելի լուրջ տեխնոլոգիաներ, օրինակ Thalès-ի ռադարները։
Ամեն անգամ մենք խոսում ենք պաշտպանական զենքի մասին։ ՀՕՊ չօգտագործելու միակ միջոցը այն է, որ ոչ ոք չհարձակվի որևէ մեկի վրա։ Սա շատ կարևոր ոլորտ է մեր համագործակցության համար։ Մեր առաջնահերթությունն է օգնել Հայաստանին պաշտպանել խաղաղ բնակիչներին, եթե նրանք հարձակման զոհ դառնան:
Այնքանով, որքանով մենք զարգացնում ենք մեր պաշտպանական բազան, դա արտացոլում է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը։ Դա թույլ կտա շատ արագ նոր զինատեսակներ առաջարկել»,- ընդգծել է Լեկորնուն։