Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է. Փաշինյան

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Այս մասին Փարիզում, France 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», – ասել է Փաշինյանը:

Վարչապետը մանրամասնել է, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքվի պաշտոնական հայտարարություններում նկատի է առնվում, որ Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական է: Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»:

Առաջաձոր․ Կորսված երկրի գանձերը

Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղը հարուստ պատմական անցյալ, պատմամշակութային ժառանգություն ու չբացահայտված առեղծվածներ ունի։ Իսկ դրա հետ մեկտեղ հիանալի բնաշխարհ։

Գյուղի արեւելյան մասում, երկինք խոյացող ժայռերից մեկի ստորոտին մի մեծ ժայռաբեկոր է ընկած, որ հեռվից անցորդներին  թվում է սովորական մեծ քար, որից քարաթափման արդյունքում շատ են տարածքում։ Սակայն մոտենալուց նկատում ենք, որ այդ մեծ ժայռաբեկորը պատմական կարևոր տեղեկություններ ունի որ կրում է դարերով։

Ժայռաբեկորի հարավ-արևելյան և արևելյան երեսներին առկա է 22 տող արձանագրություն բազմաթիվ խաչապատկերներ։ Գրելու համար քարի երեսները չեն հարթվել, գրչության արվեստը և լեզուն նույնպես ցածր որակի են։ Այդ պատճառով էլ վերծանողների մոտ երկար ժամանակ շատ էին տարբերությունները։ Սակայն Ալեքսան Հակոբյանն իր «Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում և Հայոց Արեւելից կողմանքում անտիկից մինչև ԺԳ դար» գրքում անդրադառնալով սույն արձանագրությանը, ամբողջացրել է այն։

Մեջբերում գրքից․  Քարաժայռի հյուսիս-արեւմտյան գրությունն է՝ «Յորժամ նկարեցան / Հզարահանքս թիւն .ՈՂԸ. էր [=1249 թ.]…»։ ժայռաբեկորի հարաւ-արեւմտեան մասում «ՏԷՐ ԵՂԻԱՅ ՇԻՆԵՑ ԶՍՈՒՐԲ ԱՆԱՊԱՏՍ … ԱՅԼ ԱՒՐՀՆԵԱԼ ԵՂԻՑԻ՜Ն ՄԻԱԲԱՆ») այն բաժանված է կրկնաշրջանագծի մեջ ոճավորված հավասարաթեւ խաչի պատկերով եւ, ի տարբերություն նրանց՝ չունի տողատման գծեր: Իսկ այդպիսի գծերով են օժտված նաեւ նույն կողի ամենավերեւի  1-2-րդ տողերը «ԳՐԵՑԱՆ, ՆԿԱՐԵՑԱՆ, ԿԱՏԱՐԵՑԱՆ … ԲԱՐԵԽԱՒՍ ՀՈԳՈՅ ԵՒ ՄԱՐՄՆՈՅ ԵՒ Ի ՊԱՐԾԱՆՍ»), ինչպես նաեւ հարավ-արեւելյան կողի 10 տողերը «ՈՐ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ ԱՐՔԱՅ ՋԱԼԱԼՍ ԴԱՒԼԱՅ ԵՒ ԱԹԱԲԱԿ ՈՐԴԻՆ ՆՈՐԱՅ, ԻՇԽԱՆ ԽԱՉԻՆՈՅ / և ԸՌԱՆԱՅ ՈՒ ՔԱՆ, ՄԱՆՈՒԿՆ ՀԱՍԱՆԱՅ, ՍԱՂՄ՝ ԱՊՐԱԾ ԱՌ ՄԵԾ ՓԱՌՇԱՅ ԱՍԼԱՆ ՊԱՐՈՆ ՀԱ/ՅՐ ՄԱՄՔԱՆԱՅ … ՏԱՑԷ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ԶԲԱՐԵՄՏՈՒԹԻ[ՒՆ] / ՀՈԳՈՅ և ՄԱՐՄՆՈՅ ԻՐԱՑՆ … ԱՄԷՆ»): Մեզ հետաքրքրող երեք տողերից առաջինը շեղութեամբ իջնում է ժայռաբեկորի եզրին զուգահեռ գծով եւ ուղղվում հավասարաթեւ խաչի տակ, իսկ մյուս երկու տողերը փորագրված են միայն առաջինի ուղղված կեսի տակ․  «ՄԱ՜ՅՐ Տ[ԵԱՌ]Ն, ՈՂՈՐՄԵԱՅ ՄԱՒՐՆ ԻՄ՝ ՅՈՒՍԱ/ՑԵԱԼ Ի ՄԻԱԾԻՆԴ ՔՈ, ԼՈՒՍ/ԱՒՈՐԵԱՅ ԸՆԴ Ս[ՈՒՐ]ԲՍ ՔՈ»:

Ալեքսան Հակոբյանի կարծիքով, սա Իվանե Աթաբակի յուրօրինակ որդիական մաղթանքն է, մի շատ ծանր քաղաքական պահի (երբ հայրը բանտարկված էր Թավրիզում ու սպասում էր իր՝ ուխտադրուժ մոնղոլների պարագայում անխուսափելի մահկանացուին), ստիպված էր թաղել իր վաղամեռիկ բարեպաշտուհի մորը Առաջաձորի այս ժայռի տակ եւ թողնել նման համեստ տապանագիր՝ անգամ առանց հանգուցյալի անվան հիշատակման։

Ըստ հեղինակի, ժայռաբեկորի մոտ ընկած է միջին չափերի մի տապանաքար՝ բարձրաքանդակ, բայց անշուք մշակված մեծ խաչապատկերով, որը ենթադրաբար կարող է լինել Մամքանի համեստ գերեզմանաքարը:

Սակայն մեր այցելության ժամանակ այդ տապանաքարը չի հանդիպել, միգուցե մենք ուշադիր չէին, սակայն Ալեքսան Հակոբյանը միաժամանակ կասկած ունի, արդյո՞ք իշխանուհու մարմինը թողնվել էր այդտեղ հետագա տարիներին։ Պատասխանը կարող ենք իմանալ միայն Հայրենիքն ազատագրելուց ու տարածքը պեղելուց ու մանրազնին ուսումնասիրելուց հետո։

Իսկ ժայռաբեկորից քիչ վերեւ Հարվա կամ Անապատ ժայռափոր եկեղեցին է։

Արմինե Հայրապետյան

Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։

Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։

«Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ զգան, որ իրենք ողջունվում են: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Հարցին, թե արդյոք խոչընդոտներ կա՞ն, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսություն սկսի վիզաների ազատականացման շուրջ, պատգամավորը պատասխանել է, որ Եվրախորհրդարանը չէ, որ կարող է արգելափակել կամ մինչ այժմ արգելափակել է այդ գործընթացը։ Նա մանրամասնել է, որ այդ խնդիրը միշտ եղել է Եվրոպական խորհրդում։

Վիոլա Ֆոն Քրամոնն ասել է, որ Հայաստանի դիվանագետները պետք է այդ հարցով որոշակի աշխատանքներ տանեն ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը հատկապես որ երկրների մասին է։

Նա նշել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում արմատացած մտահոգություններ կան Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցում։

Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Փաշինյան

Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, France 24-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»,- ասել է վարչապետը։

Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել, սակայն հարցերը մնում են

Երեկ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման ենթարկված Լեռնային Ղարաբաղի նախագահի թիկնապահ Աշոտ Դանիելյանը գտնվում էր Երևանի ոստիկանությունում։ Նա ազատ է արձակվել այսօր երեկոյան։ Նրան մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ պատասխանատվության ենթարկելու որոշում չկա, ասաց Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա նշեց, որ «այսօր կեսօրին այն տանը, որտեղ ապրում է Աշոտ Դանիելյանն իր ընտանիքի հետ, իրավապահ մարմինները կոպիտ խախտումներով խուզարկություն են կատարել»։ Նա հավելել է, որ «խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, թմրանյութեր կամ դրանց հետ կապված որևէ բան չի հայտնաբերվել»։

Փաստաբանը նաև նշեց, որ Աշոտ Դանիելյանը մարզիկ է և վարում է բացառիկ առողջ ապրելակերպ։

«Նրա ձերբակալությունն իրականացվել է հակաահաբեկչական միջոցառումների սցենարով՝ դիմակավորված անձինք կանգնեցրել են Դանիելյանին, ձեռնաշղթաներ հագցրել ու նրա մեքենայով տարել ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժանմունքում նրա մեքենան մի քանի ժամ մնացել չկնքված։ Իսկ ըստ եզրակացության՝ քննիչի կողմից ներկայացված դեղնականաչավուն զանգվածը, որը հայտնաբերվել է ո՛չ Դանիելյանի մոտ, ո՛չ նրա ունեցվածքի մեջ, կազմում է 0,44 գրամ, ինչը բավարար չէ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց փաստաբանը։

Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Համաշխարհային մրցումներին նա հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։ Արայիկ Հարությունյանի օրոք նշանակվել է կրթության նախարարի սպորտի գծով տեղակալ և հետո ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Սամվել Շահրամանյանի իշխանության գալուց հետո Դանիելյանը գլխավորել է նրա անվտանգության ծառայությունը։ Արտաքսումից հետո հասարակական հիմունքներով կատարել է թիկնապահի պարտականությունները։

Ուշագրավ է, որ Դանիելյանի կալանավորումը տեղի է ունեցել Եռաբլուրում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Դանիելյանի նվիրվածությունը Շահրամանյանին հստակ արտահայտվեց անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց բողոքի ցույցի ժամանակ։ Ցուցարարների բացականչություններին ի պատասխան հնչել են պատասխան հայհոյանքներ։

Դանիելյանի ձերբակալությունից հետո նախագահ Շահրամանյանը փետրվարի 21-ին հրավիրվել է Հակակոռուպցիոն հանձնաժողով։

Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով, Սամվել Շահրամանյանը հրավիրվել է համապատասխան բացատրություններ տալու ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած իրեն իսկ գրության՝ սոցցանցերում արցախյան որոշ պաշտոնյաների կողմից իբր թույլ տրված խախտումների մասին հաղորդագրությունները ստուգելու խնդրանքով։

Փաստաբանի խոսքով՝ այս գրության հիման վրա քրեական գործ է հարուցվել, իսկ Շահրամանյանը պահվում է որպես վկա։

Ակնհայտ է մի բան՝ Արցախի ղեկավարությունն այլևս «անխոցելի» չէ, և Հայաստանում ոմանք խիստ նյարդայնացած են դրանց իշխանության իմիտացիայից։

Ալվարդ Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են. Factor.am

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով ՀՀ բարձրաստիճան աղբյուրի։

«Նրա փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցնում, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն, վստահեցնում է, որ քաղաքական որոշում կա։

Ռուս սահմանապահների տեղակայումը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ ռուս սահմանապահները օդանավակայանում ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրված մի փաստաթղթով։ Factor.am-ն ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ռուս սահմանապահները հեռացվում են օդանավակայանից, հատուկ ծառայությունից փոխանցեցին՝ տեղեկություն չունեն։

Բայց ոչ ոք չի չեղարկել Մինսկի խմբի մանդատը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդի իրավունքները զիջել ռուս-ադրբեջանական տանդեմին։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, ըստ ամենայնի, ասել է, որ հայ զինվորները, հակառակ իր «առաջադեմ քաղաքականության», կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, և ի պատասխան՝ ադրբեջանական կողմը սպանել է 4 հայ զինյալի։ Քիչ էր մնում ասեր՝ արդարացիորեն։

Թվում է, թե համաշխարհային առաջնորդներն ապրում են զուգահեռ իրականության մեջ և չեն տեսել այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում չճանաչված Արցախի Հանրապետությունում և միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունում։ Կարծես 2020-ին պատերազմ չի եղել, երբ Արցախի տարածքի մեկ երրորդը հանձնվել է թշնամուն, 2021-ին և 2022-ին ագրեսիաներ չեն եղել, ինչի արդյունքում ադրբեջանական զինուժը օկուպացրել է 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք Հայաստանի Հանրապետությունում, խոշտանգումների և բռնության ենթարկելով հայ զինվորականներին և քաղաքացիներին, չի եղել Արցախի 10-ամսյա շրջափակում (ըստ էության՝ միջազգային ահաբեկչություն երեխաների, կանանց, ծերերի և հիվանդ բնակիչների նկատմամբ), չի եղել ցեղասպանություն և բռնի տեղահանում 2023 թվականի սեպտեմբերին։

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի (սկզբնական փուլում՝ ԵԱՀԽ) համանախագահներից մեկն է համարյա 30 տարի։ Հիշեցնենք, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովը (ԵԱՀՀ) մանդատ է ստացել զբաղվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ այդ կազմակերպությանը Հայաստանի և Ադրբեջանի միանալուց անմիջապես հետո (Պրահա, 30 հունվարի, 1992թ.):

1992 թվականի փետրվարին ԵԱՀԽ-ի հատուկ առաքելությունը՝ Միջազգային Հելսինկյան ֆեդերացիայի նախկին նախագահ, ապա Չեխոսլովակիայի կառավարության ղեկավար Կարել Շվարցենբերգի գլխավորությամբ, այցելեց Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Փետրվարի 28-ին որոշում է կայացվել, որի կարեւորագույն բաղադրիչներն են եղել՝ հրադադարը, մարդասիրական միջանցքների ստեղծումը եւ հակամարտող տարածաշրջանին զենքի մատակարարման էմբարգոն։

Հիմնական հարցերից մեկը, որը պետք է լուծեր Մինսկի խումբը, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի կարգավիճակի հարցն էր, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անջատվեց ԽՍՀՄ-ից և ստեղծեց իր սեփական պետությունը՝ Լեռնային Ղարաբաղին։ Ղարաբաղի Հանրապետությունը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի սահմաններում։

Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները 30 տարի շարունակ քննարկում են ԼՂՀ կարգավիճակը, ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և հակամարտության կարգավորման հարցում ուժի չկիրառումը։

Չնայած Մինսկի խումբը ներկայումս փաստացի ակտիվ չէ, սակայն դրա լուծարման մասին փաստաթուղթ չկա։ Չեղյալ չեն հայտարարվել նաև ԼՂՀ ստեղծման, համաշխարհային հանրության կողմից արցախա-ադրբեջանական հակամարտության հիմնախնդրի ճանաչման, ԼՂՀ վիճելի տարածք լինելու մասին և այլն փաստաթղթերը։ Մինսկի խմբի մանդատի առկայությունը նորերս հաստատեց անձամբ Ալիեւը, ով կոչ արեց հետ կանչել Մինսկի խմբի մանդատը։

Թվում է նաև, որ համաշխարհային տերությունների ղեկավարները չեն կարդացել (կամ մոռացել են) Մարդու իրավունքների հռչակագիրը, որի հիմնական սկզբունքներից են ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։

Փաշինյանի թեթեւ ձեռքով բոլորը ենթարկվեցին Ալիևի կամքին, ով հայտարարեց, որ Արցախի հարցը «լուծել է» ռազմական ճանապարհով։ Եվ փոխանակ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու միջազգային պարտավորությունները խախտելու, Հայաստանի տարածքի անօրինական օկուպացիայի, ցեղասպանության և Արցախի էթնիկ զտումների համար, բոլորը միաբերան ափսոսանքով և խաղաղության պայմանագրի կոչերով սկսեցին «փրկել» Հայաստանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահող երկրի ներկայացուցիչ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնիսկ կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն մոտ է։

Ինչպե՞ս են արևմտյան երկրները պատկերացնում «խաղաղությունը» Ադրբեջանի հետ, որն իր ռազմատենչ հռետորաբանությամբ առիթը բաց չի թողնում Հայաստանին զգուշացնելու նոր էքսպանսիոնիստական ​​ծրագրերի մասին, ասելով, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, այլապես նոր կորուստներ են սպասվում և այլն։

Ռուսաստանին ձեռնտու է նման քաղաքականությունը։ Բայց ակնհայտ է, որ արեւմտյան առաջնորդներին էլ հարմար է ամեն անգամ  հղում անել ՀՀ վարչապետի անողնաշար հայտարարություններին ու քայլերին։ Չէ՞ որ մինչ օրս արևմտյան և միջազգային հանրության գործողությունները սահմանափակվել են միայն Հայաստանին աջակցելու հայտարարություններով և խղճուկ խոստումներով։ Ու տարօրինակ կերպով բոլորին ուրախացնում է այն փաստը, որ ՀՀ կառավարության ղեկավարը գնալով ավելի շատ իրավունքներ է զիջում թշնամուն։

Կարծես թե Նիկոլ Փաշինյանն ու համաշխարհային առաջնորդները համաձայնեցված են գործում. Փաշինյանն ասում է, որ «մեր գործընկերները» աջակցության դիմաց պահանջում են հրաժարվել որոշակի իրավունքներից, իսկ «գործընկերները» ուսերը թոթվում են՝ ասելով, թե «ինչ կարող ենք անել, եթե երկրի ղեկավարն ինքն է հրաժարվում իր ժողովրդի իրավունքներից»։

Մարգարիտա Քարամյան

Ստեփանակերտի Անդրանիկի փողոցում տեղադրված քանդակները այլեւս չկան

Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտնում է, որ ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր են արձանագրվում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ:

«Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:

Խոսքը փետրվարի 13-ին յութուբում հրապարակած տեսանյութի մասին է (https://www.youtube.com/watch?v=nADaQAkoiE4): “Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի Անդրանիկի փողոցում տեղադրված քանդակները: Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը”:
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Արմեն Պետրոսյանը լուրջ հարց է բարձրացնում․ ո՞վ է վախեցնում արցախցիներին

Արցախցի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը կարծում է, որ արցախցիները կհամախմբվեն ըննդիմության շուրջը ու հրապարակ դուրս կգան, եթե Հայաստանի իշխանություններին ծառայող արցախցիները չխանգարեն ու չփորձեն պառակտում մտցնել մարդկանց մեջ։

Step1.am-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք փորձել են 2018 թվականի հեղափոխությունը բերել Արցախ, որոնք այսօր էլ սերտ հարաբերությունների մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, հիմա խանգարում են արցախցիների համախմբմանը։

«Ամեն ինչ անում են, որպեսզի այդ համախմբումը չլինի։ Ընդհակառակը, փնովում են այն արցախցիներին, որոնք ակտիվ են, ընդվզում են ներկա իշխանությունների քաղաքականության դեմ եւ փորձում են Արցախի հարցը միշտ պահել օրակարգում։ Եթե մեծ քանակությամբ մարդ դուրս գա հրապարակ, դա միանգամից մեծ ազդեցություն կունենա, բայց տարբեր ուժերի միջոցով այդ քանակը փորձում են նվազեցնել։ Այն արցախցիները, որոնք հլու-հնազանդ ծառայում են Հայաստանի իշխանություններին՝ բլոգերներ, քաղաքական ու նախկին պետական գործիչներ, նույնիսկ նախկին նախարարներ, եթե չվախեցնեն արցախցիներին, չխաբեն, հնարավոր է արդյունքի հասնել։ Նույնիսկ տեղեկություն ունենք, որ այն արցախցիները, որոնք կընդվզեն, կդիմադրեն, չեն ստանա բնակարանների սետիֆիկատներ, կհեռացվեն աշխատանքից, չեն կարողանա աշխատանք գտնել եւ այլն։ Մարդկանց մոտ այսպիսի խոսակցություններ են տարածում։ Մարդիկ զանգում ու խոսում են ինձ հետ, ասում են, որ իրենց նման խոսակցություններով վախեցնում են։ Եթե հետևեք, կտեսնեք, թե ովքեր են արցախցիների մեջ հակաարցախցի»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ պետք է հասնել նրան, որ Արցախը վերադարձվի Հայաստանին, լինի հայկական։ «Միայն բնակչությանն Արցախ վերադարձնելով՝ հարցին լուծում չի տրվի։ Այսինքն՝ պետք է վերադառնանք ո՞ւր, այնտեղ ի՞նչ կրթական համակարգ է գործելու, ի՞նչ կրթական ծրագրեր են ներդրվելու, երեխաներն ի՞նչ մանկապարտեզ ու դպրոց են գնալու, ի՞նչ լեզվով է կատարվելու ուսուցումը, ո՞ր երկրի դրամական միջոցն է լինելու շրջանառության մեջ։ Այսինքն՝ ոչ թե բնակչության վերադարձի հարցն է դրված, այլ Արցախը պետք է նորից վերադարձվի հայկական ազդեցության գոտի, հակառակ դեպքում վերադառնալն իմաստ չունի։ Ադրբեջանը, ճիշտ է, բազմազգ պետություն է, բայց այնտեղ ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվում է ձուլման քաղաքականություն։ Շատ հին ազգեր ձուլվում են թուրքական տարրին։ Քանի որ Ադրբեջանն ունի «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը, այսինքն՝ մեկ ազգ ասելով՝ նկատի ունեն թյուրքական էթնոսը, այդպիսի բանաձեւ ունեցող երկրում այլ ազգերի ներկայացուցիչներն ունեն երկու ճակատագիր՝ կամ ցեղասպանվել, կամ ձուլվել։ Այդ պատճառով Արցախը պետք է վերադարձվի հայկական գոտի»,- ասաց նա։

Ըստ Պետրոսյանի՝ համախմբվելով ու հրապարակ դուրս գալով՝ պետք է փորձել հասնել իշխանափոխության։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ «Եթե մենք սկսում ենք մեղքը փնտրել օտարների մեջ, դա ցույց է տալիս մեր թուլությունը։ Եթե այս իշխանությունները չփոխվեն, վերադարձի հույսը կորչելու է»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Սիրուն կար. Արցախից` Հայաստան

Արցախից բռնի տեղահանված Կարինե Պետրոսյանը չի սահմանափակվել միայն տնտեսագետի մասնագիտությամբ, այլ որոշել է տեսք տալ իր համարձակ պատկերացումներին՝ զբաղվել հագուստի կարով, ձևավորմամբ, մոդելավորմամբ։

Առաջին փորձը ձեռք է բերել համալսարանի առաջին կուրսում, ընկերուհու առաջարկությամբ հաճախած կարի խմբակում։ Մեկ ամսվա ընթացքում իսկույն «լեզու գտավ» կարի մեքենայի հետ, ուսուցչի օգնությամբ կարեց առաջին կիսաշրջազգեստը։ Նրա խանդավառությունը և աշխատասիրությունը աննկատ չմնացին ընտանիքի անդամների կողմից։ Շուտով նվեր ստացավ երազանքի կարի մեքենան։

2016թ. Արցախի Պետական  համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվեց մագիստրատուրայի բաժին։ Ավարտելուց հետո գտավ համապատասխան աշխատանք և ամուսնացավ։ Այդ տարիների ընթացքում սիրած հոբբին մոռացության տրվեց և իր մասին հիշեցրեց միայն դստեր՝ գեղեցկուհի Միայի ծնվելուց հետո։

Նրա ծննդյան տարեդարձի առիթով մայրիկին այցի եկավ մուսան և ձեռքերը կյանքի կոչեցին մուլտֆիլմի փոքրիկ հերոսուհու հեքիաթային հագուստ: Արդյունքը բոլորին հիացրեց, և սկսվեցին մանր-մունր պատվերները։

Այն գիտակցումը, որ գործը սիրով է արվում ու շատ լավ է ստացվում, Կարինեին դրդեց մտածել կատարելագործվելու, հմտանալու ուղղությամբ։ Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում դասավանդող Անահիտ Մնացականյանի մոտ ուսանելուց հետո մասնագիտական գիտելիքների պաշարը համալրված էր և արդեն կարելի էր լուրջ մտածել սեփական արտադրանքի մասին, մանավանդ որ Կարինեի ցանկություններից մեկն էր՝ թուրքական արտադրանքի կարիքը չզգալ հայկական շուկայում։

«Միշտ մտածում էի, թե ինչու մենք, լինելով տաղանդավոր, չունենք սեփական արտադրությունը, այլ գնում ենք թուրքական հագուստ։ Պատերազմից հետո որոշեցի լրիվ հրաժարվել թուրքականից։ Դա անելու համար պետք է առաջարկել, ապահովել ավելի բարձր որակի ու մակարդակի այլընտրանք»,- ասում է նա։

Դրական արձագանքներից ոգևորված 2022թ. նոյեմբերի սկզբին Կարինեն որոշեց հիմնադրել իր բիզնեսը։ Հասցնում էր համատեղել փոքրիկի խնամքը, հաշվապահի աշխատանքը, իսկ երեկոյան  ժամանակ էր գտնում ստեղծագործելու: Անհրաժեշտ էր մտածել գեղեցիկ և հիշվող լոգո, բրենդի անուն: Այն պետք է պարտադիր լիներ հայկական և հեշտ արտասանվեր օտար լեզուներով:

«Աշխատանքը իր հունով ու եռանդով առաջ էր գնում, բայց սկսված շրջափակումը խոչընդոտներ առաջացրեց` կար թելերի, կտորների պակաս: Մայրիկները բողոքում էին տակդիրների պակասից: Ես որոշել էի բազմակի օգտագործման տակդիրներ կարել: Սեպտեմբերի 18-ին կայքում հայտարարություն տեղադրելուց հետո տասնյակ պատվերներ ստացա։ Սեպտեմբերի 18-19-ի գիշերը չեմ քնել։ Ուզում էի գոնե 3-4 հոգու պատվերները հասցնել կատարել: Ցավոք սրտի, չեն հասցրել վերցնել, քանի որ սեպտեմբերի 19-ի կեսօրին վերսկսվեց պատերազմը։ Պատսպարվեցինք նկուղում և այդ տակդիրները տվեցի այնտեղ գտնվող երեխաներին»։ 

Ներկայումս Երևանում Կարինեն չի աշխատում մասնագիտությամբ, այլ միայն զբաղվում է հագուստի մոդելավորմամբ։  Ֆինանսավորման  հարցում օգնել է Եվրասիա բարեգործական հասարակական կազմակերպությունը:

2024թ. փետրվարի 18-ին  պրոֆեսիոնալ մոդելավորող Անահիտ Մնացականյանի և դիզայներ Արինա Ավետիսյանի համատեղ ջանքերով «Սիրուն կար» ՍՊԸ ընկերությունը  բացեց իր դռները հայկական արտադրանքը գնահատողների առջև: Պատվերները երկար սպասել չտվին: Մի ամսվա ընթացքում հասցրել են արտադրել անկողնային պարագաներ, սփռոցներ, կանացի և մանկական հագուստի տեսականի: Խանութում ցուցադրված են նաև Արցախից բռնի տեղահանված կանանց ձեռագործ աշխատանքները:

Տաթև Ազիզյան

Հնարավոր են արտահերթ ընտրություններ, բայց արցախցիները չեն մասնակցի

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Արցախի ժողովուրդը չներքաշվի Հայաստանում ներքաղաքական խաղերի մեջ, ասաց Ղարաբաղյան ազատագրական շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը՝ մեկնաբանելով փետրվարի 29-ին Երևանում կայանալիք հանրահավաքը։

«Մի շարք ընդդիմադիր և իշխանական ուժերի ակտիվացումը հուշում է, որ գործընթացները տանում են դեպի արտահերթ ընտրություններ։ Կրկին կարգախոսը կլինի հասարակության բաժանումը «սևերի և սպիտակների»: Արցախի հարցը մշտապես օգտագործվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներում, և, որպես կանոն, պոպուլիստական ​​և քարոզչական նպատակներով։ Սա տեղի է ունենում եւ հիմա. անբարեխիղճ կերպով օգտվելով արցախցիների ծանր վիճակից, որի խնդիրները վերջին ամիսներին Հայաստանի իշխանության ապաշնորհ քաղաքականության «շնորհիվ» միայն վատթարացել են, հայաստանյան ընդդիմություն կոչվածը փորձում է թամբել դժգոհությունը։ Այս բոլոր գործընթացներում արցախցիների հիմնական խնդիրը՝ ներքաղաքական գործընթացներում «սակարկության առարկա» չդառնալն է։ Որպեսզի «սևի ու սպիտակի» բաժանմանը չավելացնեն «ղարաբաղցիներն ու հայաստանցիները»։ Ավելին, արցախցիները Հայաստանում ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն և չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Պետք է հաշվի առնել նաև, որ հանրահավաքի կազմակերպիչները ստեղծված իրավիճակից ելք և Արցախի խնդրի լուծման կոնկրետ մեխանիզմներ չեն առաջարկում»,- նշել է Ավանեսյանը։

Ալվարդ Գրիգորյան

Ֆրանսիան Հայաստանի հետ քննարկում է օդային պաշտպանության միջոցների և զրահատեխնիկայի մատակարարման հարցը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն շուտով կայցելի Հայաստան։

«Առաջիկայում ես կգնամ Հայաստան՝ խորհրդարանականների և արտադրողների մեծ պատվիրակության գլխավորությամբ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գնում է Հայաստան»,- ասել է Լեկորնյուն RTL ռադիոյի եթերում։

Նրա խոսքով, «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում՝ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերում, ինչը կապված է Ադրբեջանի սպառնալիքների հետ»։

Ինչպես նշել է նախարարը, Ֆրանսիան պարտավորություն ունի աջակցել Հայաստանին՝ նրա պաշտպանական ներուժը մեծացնելու համար։

Խոսքը օդային պաշտպանության միջոցների և զրահատեխնիկայի մասին է, բայց «զուտ պաշտպանական նպատակներով», – հավելել է Լեկորնյուն: