Արցախից բռնի տեղահանված անձինք հավաքվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կառավարության բնակապահովման ծրագրի վերաբերյալ։
Արցախցիներին ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներին հանդիպման են հրավիրել նախարարություն։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության առաջարկած ծրագրում ոչ մի լավ կետ չեն տեսնում։ Արցախցիների բարձրաձայնած հարցերը ներկայացնելու են նախարարությունում։
«Տեքստում գրված է, որ յուրաքանչյուրին 3 մլն դրամ են տալու՝ անչափահասներին անվերադարձ, չափահասները պետք է վերադարձնեն մի քանի տարի հետո։ Նախ սկսենք նրանից, այսօր Երեւանում 3 մլն-ով հնարավոր չէ բնակարան գնել, դա ձեռառնոցի է։ Ասում են՝ մեծահասակները հետ են վերադարձնելու, բայց այս ցածր աշխատավարձի պայմաններում ո՞նց են վերադարձնելու։
Եվ երրորդ՝ ասում են՝ մինչեւ քաղաքացիություն չընդունեք, չենք տալու։ Մենք առաջին հերթին պետք է խնդրենք, որ այդ քաղաքականության պայմանը հանեն։ Երկրորդ, պետք է ասենք՝ եթե գումար եք տրամադրում՝ տուն ձեռք բերելու, 3 մլն դրամը վերանայեք։ Երրորդ՝ ասելու ենք՝ մեզ սեփական տուն պետք չէ, մեզ պետք է մեր գլխին տանիք, սոցիալական բնակարաններ սարքեք։ Ամենալավ տարբերակը մեզ համար համայնք ստեղծելն է»,-ասաց Հայրյանը։
Նա նշեց, որ արցախցիները նպատակ ունեն վերադառնալ Արցախ։ «Մենք չեն ուզում հավատալ այն մարդկանց, որոնք ասում են՝ Արցախը պրծել է։ Մենք մեր կյանքի ու պայքարի գնով վերադառնալու ենք։ Հայաստանի հողը ո՞ւմ պետք է թողնենք։ Եթե այսօր իրենք քաղաքական վախերի պատճառով հայտարարում են, որ Արցախը հայկական չէ, աշխարհում ոչ ոք չի հավատում դրան»,- ասաց Հայրյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: