Սավադյան․ եթե մեզ փախստականի կարգավիճակ են տրամադրել, ինչի՞ համար են քաղաքացիություն պահանջում

  • 17:14 01.03.2024

Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ արցախցիները կարտագաղթեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

Արցախցիներն այսօր հավաքվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ իրենց դժգոհությունը ներկայացնելով կառավարության բնակապահովման ծրագրի պայմանների վերաբերյալ։

«Կառավարությունը յուրաքանչյուր արցախցու 3 մլն դրամ է ուզում տրամադրել՝ բնակարան ձեռք բերելու համար, այն էլ՝ չափահասների կողմից հետ վերադարձնելու պայմանով։ Նախ 3 մլն դրամով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել, թեկուզ 4 հոգանոց ընտանիքին, եթե 12 մլն դրամ տան, ընդհանրապես հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։ Մենք հույս ունեինք, որ գոնե 4-5 մլն կտրամադրեին։ Կառավարությունում հանդիպման ժամանակ մենք տարբեր տեսակետներ ենք հնչեցրել, մեր առաջարկներից մեկն էլ այն էր՝ որպեսզի բնակչության թիվը չպակասի, արցախցիների համար համայնքներ կառուցեք։ Բայց, ինչպես տեսնում ենք, մեր առաջարկները հաշվի չեն առել»,- ասաց Վահան Սավադյանը։

Նա նշեց, որ անհեթեթություն է այն պայմանը, որ արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, որպեսզի կարողանան բնակապահովման ծրագրի շահառու դառնալ։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում բոլոր գործարքների համար քաղաքացիության պահանջն արցախցիներին ներկայացվում է։

«Մարդիկ գնում են, որպեսզի աշխատանքի ընդունվեն, զինգրքույկ են պահանջում։ Զինգրքույկի համար գնում են զինկոմիսարիատ, զինկոմիսարիատում ասում են՝ պիտի քաղաքացիություն ձեռք բերես, որ հարցում կատարենք ու տրամադրեք։ Սա շատ սխալ որոշում է, եթե մեզ տրամադրել են փախստականի կարգավիճակ, անձնագրի մեջ կա հաշվառման կնիքը, սրա իմաստը ո՞րն է։ Նման վերաբերմունքը հետեւյալ վտանգներն է պարունակում, առաջինը՝ բնակչությունն ստիպված դուրս է գալու Հայաստանից։ Բայց կառավարության համար մեկ խնդիրը պետք է լինի այն, որ Արցախի բնակչությունը մնա այստեղ ու ավելանա, ոչ թե պակասի»,- ասաց Սավադյանը։

 

f