ՀՀ Կառավարության կողմից Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար մշակվող եւ օրեր առաջ հրապարակված աջակցության ծրագրերի կապակցությամբ Արցախի հանրապետության Հանրային խորհուրդը տարածել է հայտարարություն․
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ներկայացված՝ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։
ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը չեն համապատասխանում տիրող իրավիճակին եւ չեն բխում Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքներից:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարաններ ձեռք բերելու՝ դեռևս քննարկման փուլում գտնվող ծրագիրը, բնականաբար, չի բավարարելու մեր հայրենակիցների նվազագույն ակնկալիքները։
Իսկ հիասթափության արդյունքում շատերը կընտրեն արտագաղթի ուղին, և կխախտվի արցախցիների՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։
Անչափ կարեւոր է, որ մշակվող ծրագրերը քննարկվեն գոնե Արցախի ժողովրդի շահերը ներկայացնող կազմակերպությունների կամ անհատների հետ, եթե խուսափում են ԱՀ ղեկավարության հետ շփումներից։
Եւս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը՝ չընդունել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շահերին ու սպասումներին հակասող որոշումներ։