«Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին այս օրերին դիմում են Արցախից բռնի տեղահանված անձինք, որոնք ցանկանում են հետ ստանալ կուտակային կենսաթոշակային վճարները։ Հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դիմողների մեծ մասը գումարները հետ ստանալու ցանկություն են հայտնում, քչերն են ցանկանում մնալ համակարգի շահառու։
Նշենք, որ Արցախի կառավարությունը փոփոխություն է արել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, ըստ որի՝ այն արցախցիները, որոնք ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կկարողանան ստանալ։ Արցախի ԱԺ կայքում օրենքն արդեն պաշտոնապես հրապարակվել է։ Օրենքում հետեւյալ փոփոխությունն է արվել․ «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ դրա արդյունքում ձեւավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում են նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով»։ Միաժամանակ, ովքեր ցանկություն կունենան շարունակել գումարների հետագա կուտակումը, դիմում կգրեն եւ կօգտվեն այդ հնարավորությունից։
Արմինե Ավագիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեք ուղղությամբ գրություններ են ուղարկել՝ եւ Արցախի նախագահին, եւ ՀՀ Կենտրոնական բանկին, եւ Կենտրոնական դեպոզիտարիային։ «Մի քանի ԶԼՄ-ներ, մեր կողմից հարցը բարձրաձայնելուց հետո, գրավոր դիմել են Կենտրոնական բանկ, եւ ԿԲ-ից իրենց պատասխանել են, որ հարցը Արցախի պատկան մարմիների տիրույթում է։ Մենք մեր կազմակերպության կողմից ԿԲ ուղարկած գրությանը կցել ենք նաեւ մոտ 500 դիմումներ։ Բայց ամեն օր աճում է այն մարդկանց թիվը, որոնք ուզում են հետ ստանալ իրենց գումարները կամ պահանջում են պարզաբանում՝ որտե՞ղ են այդ գումարները։ Կենտրոնական բանկից ինձ տեղեկացրեցին, որ մեր պատասխանը դեռեւս պատրաստ չէ, մինչեւ մարտի 5-6-ը մեզ պետք է պատասխանեն, հուսանք, որ մեզ ուղղված պատասխանում չեն ասի, թե հարցն Արցախի պատկան մարմինների տիրույթում է»,- ասաց նա։
Արցախցիները նաեւ հարց են բարձրացնում, թե որտե՞ղ են իրենց գումարները։ Արմինե Ավագիմյանն ասաց, որ կենսաթոշակային գումարների մասին ինֆորմացիան փակ է եղել, Արցախում սովորական աշխատողները չեն էլ իմացել՝ ո՞ւր են գնացել այդ գումարները, Արցախում, թե՞ Հայաստանում են տնօրինվել։
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարող լիցենզավորված երկու ընկերություններն են «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա», իսկ Արցախում գործել է General Asset Management-ը, որի հիմնադիրը հենց Արցախի կառավարությունն էր։ Արցախում աշխատող անձանցից գանձված կենսաթոշակային գումարներն ուղղվել են General Asset Management ֆոնդին։
Արմինե Ավագիմյանն ասում է, որ իրականում General Asset Management ֆոնդը գրանցված է Հայաստանում, իր 100 տոկոսանոց միակ բաժնետերը Ներդրումների կառավարման հիմնադրամն է, որը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ «Այսինքն՝ անհասկանալի է, թե Հայաստանի Կենտրոնական բանկն ի՞նչ հիմքով է ասում՝ մենք այդ գումարների հետ գործ չունենք, Արցախի պատկան մարմիններից ճշտեք։ Խոսքը 17-18 մլրդ դրամ գումարների մասին է, ո՞նց կարող է ԿԲ-ն գործ չունենալ»,- ասաց նա։
Ավագիմյանը նաեւ հավելեց, որ իրավաբանների հետ են խորհրդակցում, ըստ օրենքի՝ ամիսների ընթացքում մարդկանց գումարը պետք է վերադարձնեն․ «Բայց ես դիմադրությում եմ տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից։ Մեր հիմնադրամին դիմած արցախցիների մեծ մասի պահանջն այն է, որ այդ գումարները հետ ստանան, որովհետեւ այս անորոշության պայմաններում մարդիկ չգիտեն՝ ինչ անել, սոցիալական խնդիրները սրված են։ Մի քանի հոգի են ընդամենն ասել՝ թող շարունակեն կուտակվել, նրանք էլ հիմնականում ՀՀ-ում աշխատող արցախցիներն են»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: