ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի հատվածի բնակիչներին օդային ճանապարհով ռազմական ինքնաթիռների միջոցով մարդասիրական օգնություն հասցնելու առաջին գործողությունը։ Ամերիկյան երեք C-130 ինքնաթիռներ սնունդ են հասցրել մի տարածք, որտեղ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, առնվազն 576 հազար մարդ սովի եզրին է, գրում է Reuters-ը։ Կոնտեյներները նետվել են պարաշյուտով։
Ավելի քան 110 պաղեստինցի սպանվել է հինգշաբթի Գազա քաղաքում օգնության բեռնատարների շուրջ հավաքված ամբոխի հետևանքով։
Մարդասիրական օգնության առաքումը ագրեսիայի ենթարկված շրջաններ ուղղված է ռազմական գործողությունների երկարաձգմանը մինչև ագրեսորի նպատակների իրականացումը։ «Մարդասիրական» օգնության երկրորդ նպատակը՝ ագրեսիայի ենթարկվողների նվաստացումն է։
Արցախի շրջափակման 9 ամիսները, ըստ թշնամու պլանի, պետք է մարդկանց մեջ արթնացնեին կենդանական բնազդներն ու հուսահատությունը, ընտելացնեին ազատության ոգին։ Բայց արցախցին արեց այն, ինչ իրենից չէր սպասվում՝ ժամանակավորապես լքեց իր հազարամյա հայրենիքը՝ ցույց տալով, որ մտադիր չէ ենթարկվել հակաքաղաքակրթությանը և ագրեսիային։
Իրեն քաղաքակիրթ աշխարհի առաջնորդ կոչող ԱՄՆ-ն ագրեսորին կանգնեցնելու փոխարեն նվաստացուցիչ մարդասիրական օգնություն է ցուցաբերում՝ ստիպելով մարդկանց սպանել միմյանց մի կտոր հացի համար։
«ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը երկուշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հետ՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում: Պատերազմի դադարեցումը չի քննարկվելու։ Բանակցությունները կկենտրոնանան պաղեստինցի խաղաղ բնակիչների զոհերի կրճատման, ժամանակավոր հրադադարի ապահովման, Գազայում պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության ավելացման վրա»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
«Փոխնախագահը կհայտնի իր մտահոգությունը Ռաֆահի 1,5 միլիոն բնակչության անվտանգության վերաբերյալ», – ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Իսրայելը եւս «ինքնապաշտպանության իրավունք ունի ՀԱՄԱՍ-ի կողմից շարունակվող ահաբեկչական սպառնալիքների պայմաններում»: Այսինքն՝ ագրեսիան «օրինական է», պարզապես չպետք է շատ զոհեր լինեն։ Հետաքրքիր է՝ ո՞վ է որոշում զոհերի ընդունելի թիվը։
«Գանցը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր քաղաքական մրցակիցն է։ Դեկտեմբերին Բայդենն ասել էր, որ Իսրայելը կորցնում է իր կողմնակիցներին Գազայի հատվածը «անխտիր» ռմբակոծելու պատճառով և կոչ արեց Նեթանյահուին փոխել քաղաքականությունը: Հարիսը և Գանցը կքննարկեն նաև պատերազմի ավարտից հետո Պաղեստինյան ինքնավարության իշխանության ներքո Գազայի հատվածը վերականգնելու ծրագրերը», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: